Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հայտարարությունը
Հայրենակիցներ,
Նոյեմբերի 18-ին հանրապետությունում սկսված համազգային գործադուլի հիմնական պահանջներից մեկը Ադրբեջանի տարածքում ապրող հայ բնակչության կյանքը ապահովության երաշխիքն էր։ Սակայն ԽՍՀՄ կառավարությունը մինչեւ օրս անհաղորդ է մնացել բռնությունների, հալածանքների, ջարդի եւ բռնագաղթի ենթարկվող հայ ժողովրդի այդ մեծ հատվածի տառապանքների հանդեպ։ Հանրապետության մայրաքաղաքն ու տարբեր շրջանները օրեցօր լցվում են իրենց օջախներից վտարված հազարավոր հայ գաղթականներով։
Բաքվից, Կիրովաբադից, Շամխորից, Դաշքեսանից, Նախիջեւանից հայ բնակչությունը ամեն ժամ օգնության խնդրանքով դիմում է Երեւանին ու Մոսկվային, սակայն Հայաստանի իրավազուրկ կառավարությունը անկարող է որեւէ վճռական քայլ ձեռնարկել, իսկ Մոսկվան խրախուսող չեզոքությամբ ազատ է արձակել Ադրբեջանի կառավարության ու ամբոխի ձեռքերը։ Նման քաղաքականությունը, ինչպես նաեւ Ադրբեջանից փախստականների մեծ հոսքը, ճշմարտացի ինֆորմացիայի բացակայության պայմաններում, հող ստեղծեցին, որպեսզի ազգամիջյան ընդհարումներ առաջանան նաեւ Հայաստանի տարածքում։
Միանգամայն հասկանալի է, թե ում թողտվությամբ են կազմակետպվում բազմահազարանոց ցույցերն ու միտինգները Բաքվում, ուր պարետային ժամ է մտցված։ Իսկ Երեւանում անհիմն կերպով հաստատված պարետային ժամը կիրառվում է անհարկի խստությամբ, որը նվազագույնի է հասցրել ադրբեջանաբնակ հայությանն օգնելու՝ Հայաստանի առանց այդ էլ սուղ հնարավորթյունները։
Կենտրոնական կառավարությունը փոխանակ արդարացիորեն լուծելու Արցախի հարցը, որը Ադրբեջանում ապրող հայության կյանքի ապահովության ամենահուսալի երաշխիքը կլիներ եւ որով կկանխվեր հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմը, հանցավոր թողտվությամբ, կողմնակալ վերաբերմունքով գրգռում է ադրբեջանական կողմին եւ առաջացնում է նորանոր ընդհարումներ։
Ժողովրդավարության ու ազատության շունչը զգացած հայ ժողովրդին այլեւս ոչ մի ուժ ետ չի կարող պահել իր արդար պայքարից, մանավանդ, որ Մայր Հայրենիքն այսօր Արցախի ժողովրդի միակ հենարանն է։
Արդարացի պահանջներով համընդհանուր գործադուլը Հայաստանում շարունակվում է։
Մինչեւ այժմ այդ պահանջներից ոչ մեկը չի բավարարվել։
Իրադրությունը Ադրբեջանում պայթունավտանգ է։ Բաքվում ամեն րոպե սպասվում են ընդհարումներ։ Օրեցօր ավելանում է փախստականների թիվը Ադրբեջանի տարբեր շրջաններից։ Փաստորեն խաղաղ պայմաններում կատարվում է կազմակերպված, իր ծավալներով աննախադեպ բռնի տեղահանություն, այն, ինչը 1915-20 թթ․ իրականացրեց Թուրքիան Արեւմտյան Հայաստանում, պատերազմական իրավիճակում։
Հայաստանում փաստական իշխանությունը տնօրինող զինվորականությունը ապօրինի գործողություններով վիրավորում է մայրաքաղաքի բնակիչների արժանապատվությունը, ստեղծելով ժողովրդի ու զորքի ընդհարման իրական վտանգ։
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատները, հասարակայնության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել քաղաքի պարետի եւ նրա տեղակալների հետ, ներկայացնելով բնակչության բողոքները զորքի անօրինականությունների մասին։ Միաժամանակ նրանք զինվորական իշխանություններին հավաստիացրել են, որ եթե զինվորները չխախտեն օրինականությունը, չոտնահարեն քաղաքացիների իրավունքները, բնակչությունը կխուսափի զորքի հետ անհարկի շփումներից եւ հանդես կբերի զսպվածություն։
Քաղաքում իրադրությունը հստակ պատկերացնելու եւ պարետին այդ մասին տեղյակ պահելու համար ցանկալի է, որ մայրաքաղաքի բնակիչները կոմիտեին ամեն օր տեղեկություններ ներկայացնեն տեղի ունեցած միջադեպերի մասին։
Երեւանում եւ հանրապետության բոլոր շրջաններում գործադուլը շարունակվում է։
Հետագա գործողությունների մասին Կոմիտեն կտեղեկացնի շաբաթ օրը, միտինգի կամ գրավոր ինֆորմացիայի միջոցով։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե
29.11.88
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ