Տեղեկագրություն /7/
Ադրբեջանաբնակ հայերի վիճակի մասին նոյեմբերի երեսունի երեկոյան յոթի դրությամբ
Կիրովաբադ – դրությունը մնում է լարված։ Ադրբեջանցիները հայկական թաղամասում այրում են իրենց իսկ տները․ պրովոկացիոն նպատակներով։ Նրանք այրում են նաեւ հայերի տների իրերը, բնակեցնելով այնտեղ ադրբեջանցիներին։
Դրությունը սրվել է, տեղի է ունեցել եւս մեկ ընդհարում զորքերի եւ ազերիների միջեւ, որի հետեւանքով զոհվել է 2 զինվոր։ Եկեղեցում կենտրոնացված տեղի հայ բնակչությունը գումարել է միտինգ, որով դիմել է Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի Կիրովաբադի հայ եւ ռուս բնակչությանը պաշտպանելու համար։ Երեխաներին էվակուացնելու համար ուղարկված ինքնաթիռներին չի հաջողվում կապ հաստատել բնակչության հետ։
Գետաբեկ – դրությունը լարված է։ Հայ բնակչությունը ադրբեջանցիների սպառնալիքի տակ մոտ 100 մեքենայով տեղափոխվել է Կարմիր։ Ադրբեջանի մեքենաները այժմ պատանդ են վերցրել Օրջոնիկիձեում, մինչեւ որ Գետաբեկից չտեղափոխվեն հայերի իրերը։
Չարդախլու – Բադաքենդ – գյուղերից 29.11.88 թ․ երեկոյան դուրս են բերվել կանայք, երեխաները եւ ծերերը՝ 70 մեքենայով, 50 զինվորի ուղեկցությամբ։ Այստեղ ընդհարումներ չեն եղել, սակայն կապը գյուղերի միջեւ կտրված է։ Անջատված են լույսը, էլեկտրականությունը, հեռախոսը։
Օրդուբադ – Շրջանից Եղեգնաձոր են հասել մի խումբ փախստականներ։
Բաքու – Այստեղից Հայաստան են ժամանում Բաքվի հայ փախստականների նորանոր խմբեր, որոնք գալիս են ոչ միայն Բաքվից, այլեւ Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի այլ քաղաքներից։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ