Անկախությունը այն է, երբ որ ամեն ինչ քեզանից է կախված, որոշողը դու ես
Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը
Մարինե՛, ուզում եմ զրույցը սկսենք մինչև 88-ը եղած տրամադրություններին անդրադառնալով. ի՞նչ մթնոլորտ էր, ի՞նչ տրամադրություններ էին, արդյո՞ք նկատվում կամ զգացվում էր, որ ինչ-որ բան է փոխվելու:
Ես դպրոց եւ համալսարան եմ գնացել Սովետական Միության վերջին՝ բրեժնեւյան շրջանում։ Ոչ ոք չէր հավատում արդեն պաշտոնական գաղափարախոսությանը, բոլորը պարզ տեսնում էին արդեն սուտը, բայց միեւնույն ժամանակ՝ Սովետական Միությունը թվում էր հավերժ։ Սա դժվար բացատրելի հոգեբանական երեւույթ ա, իմ համար էլ ա զարմանալի՝ ինչո՞ւ էր Սովետական Միությունը հավերժ թվում, երբ որ իրականում շատ արագ փուլ եկավ (փակագծի մեջ ասեմ, որ էս փաստի հիշողությունը, որ Սովետը հավերժ էր թվում, բայց շատ արագ փուլ եկավ, ինձ դարձնում ա լավատես. ես գիտեմ որ ներկա Հայասստանում էլ շատ բաներ, որ դժվար փոփոխելի են թվում, իրականում շատ արագ կփոխվեն): Երեւի հոգեբանական էս պատրանքի պատճառը էն էր, որ բրեժնեւյան տարիներին Սովետական Միությունում, էդ թվում` Սովետական Հայաստանում, ոչինչ չէր կատարվում։ Բոլոր իրադարձությունները կա՛մ ուրիշ երկրներում էին, հեռուստացույցի էկրանին (քաղաքական եւ սոցիալական պայքար, գործադուլներ, հանրահավաքներ, իշխանափոխություն), կա՛մ էլ Սովետական Միության անցյալում էին մնացել (հեղափոխություն, քաղաքացիական կռիվ, 37 թիվ, պատերազմ)։ Հետո հանկարծ Բրեժնեւը մեռավ։ Ոչ ոք Բրեժնեւին չսպանեց, տարիքով էր արդեն եւ բնական մահով մեռավ, բայց էս մահը իրադարձություն էր արդեն եւ հետագա՝ արդեն լուրջ քաղաքական իրադարձությունների համար տեղ բացեց։ Բրեժնեւից հետո ՍՄԿԿ առաջին քարտուղար դարձան նախ Անդրոպովը, որը վատառողջ էր եւ շուտով մահացավ, հետո Չեռնենկոն, որը դարձյալ վատառողջ էր եւ դարձյալ շատ արագ մահացավ։ Ու վերջապես 1985-ին առաջին քարտուղար դարձավ Գորբաչովը եւ սկսեց հայտնի վերափոխումները, որ պատմության մեջ մտան որպես պերեստրոյկա։ Պերեստրոյկան նախ վերաբերում էր միայն տնտեսությանը (օրինականացվեց մասնավոր ձեռնարկատիրությունը հանձին կոոպերատիվների), հետո՝ 1987-ից, հասավ նաեւ մամուլ՝ որպես гласность, եւ միջազգային հարաբերություններ՝ որպես «նոր մտածողություն»։ 1987-ը, ի դեպ, էն տարին ա, երբ որ առաջին անգամ տպագրվեցին իմ բանաստեղծությունները «Գարուն» ամսագրում։ Էսօրվա պես հիշում եմ` գնացել էի «Գարուն»՝ բանաստեղծություններիս շարվածքը սրբագրելու, մտա «Գարունի» հետ նույն շենքում գտնվող «Պիոներ» ամսագրի խմբագրություն եւ բանավեճի մեջ մտա հայ ժողովրդի «հարմարվող» լինել-չլինելու թեմայով։ Զրուցակիցներս պնդում էին, թե հայ ժողովուրդը հարմարվող ա, հեղափոխական ոգի չունի, դրա համար էլ մոսկովյան մամուլն ու ամսագրերը լիքն են ժամանակին արգելված գրականությամբ, իսկ հայ գրողները արգելված բաներ չունեն, որ դարակներից հանեն, եւ ընդհանրապես՝ Երեւանում պերեստրոյկան չի զգացվում։ Ես հակառակը հաստատող «իրեղեն ապացույց» չունեի, բայց համոզված էի, որ զրուցակիցներս սխալ են, որ հայ ժողովուրդը հեղափոխական ոգու պակաս չունի։ Իրեղեն ապացույցները հայտնվեցին ընդամենը մի քանի ամիս հետո՝ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։
Իսկ այդ շրջանում՝ նախքան 88-ը, ազգային-քաղաքական հարցեր չէի՞ն քննարկվում, նկատի ունեմ ցեղասպանության, Նախիջևանի, Ղարաբաղի, անգամ անկախության հարցերը:
Քննարկվում էին, իհարկե, Սովետական Հայաստանում այլախոհությունը հիմնականում հենց ազգային հարցերի հետ էր կապվում։ Ես չեմ հիշում այլախոհություն, որի հիմքում սովետական բուն համակարգի կամ գաղափարախոսության քննադատությունը լիներ, էդպիսին կարելի ա համարել երեւի միայն Հրանտ Մաթեւոսյանի գրականությունը, ընդ որում՝ Հրանտը սովետական համակարգը քննադատում էր պահպանողականության դիրքերից, փաստորեն սովետական մոդեռնացումն էր քննադատում ըստ էության։ Բայց ես երեւի շեղվեցի, սա բարդ խոսակցություն ա։
Ես դպրոցական էի, երբ որ Սովետական Միությունում փորձ արվեց ռուսերենը հանրապետություններում դարձնել հիմնական պետական լեզու։ Մոսկվան անակնկալի եկավ՝ հանրապետություններում հանդիպելով անակնկալ ուժեղ դիմադրության, եւ ի վերջո ստիպված եղավ հրաժարվել նման մտադրությունից։ Ահագին ժամանակ ա անցել, բոլոր մանրամասները չեմ հիշում, բայց հիշում եմ, որ մեր դասարանցիների մի փոքր խմբով ուզում էինք ցույց կազմակերպել դրա դեմ, մեր դպրոցի բակում կարծեմ, էն էլ իմացանք, որ Մոսկվան հրաժարվել ա իրա մտադրությունից։
Ի դեպ, մեր դպրոցից խոսեցի, ասեմ, որ մեր «Փոսի» դպրոցը Ծիծեռնակաբերդին բավական մոտ ա, ապրիլի 24-ը սովետական ժամանակներում աշխատանքային օր էր, այսինքն՝ դասի պետք ա գնայինք, բայց մենք էդ օրը միշտ դասերից փախնում էինք ու մեր դպրոցը Ծիծեռնակաբերդի բարձունքից բաժանող ձորը ոտքով հաղթահարելով հասնում էինք Եղեռնի հուշարձան։
Ինչ վերաբերում ա Ղարաբաղին, հիշում եմ, որ 88-ից մեկ-երկու տարի առաջ խոսում էին ստորագրահավաքի մասին՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով, Սերո Խանզադյանի անունն եմ հիշում դրա հետ կապված, գուցե Խանզադյանը իր անունից առանձին նամակ էր գրել Մոսկվա կամ գուցե հանդիպել էր բարձրաստիճան մեկի հետ Մոսկայում եւ հանձնել ընդհանուր ստորագրություններով նամակը. մանրամասները արդեն չեմ հիշում։ Բայց էս ամեն ինչով հանդերձ, Ղարաբաղյան շարժումը, այսինքն որ մարդիկ դուրս կգային հազար-հազարներով, կհեղեղեին փողոց ու հրապարակ, լրիվ անսպասելի էր, իհարկե, նույնիսկ ինձ համար էր անսպասելի, հակառակ որ ես, ոնց որ վերեւում ասեցի, հավատում էի հայաստանցիների հեղափոխական ոգուն։
Փաստորեն Շարժումը անգամ Ձեզ համար անսպասելի սկսեց: Այդ անսպասելի սկիզբը ի՞նչ մտքեր, զգացողություններ ու հույսեր առաջացրեց:
Իմ տեսած առաջին հանրահավաքը Ղարաբաղի հետ կապված չէր, բնապահպանական հանրահավաք էր։ Ես նախօրոք տեղյակ չէի դրա մասին, ուղղակի անցնում էի Օպերայի մոտով, հանկարծ տեսնեմ մարդիկ են հավաքված, պաստառներ կան ձեռքներին։ Անսովոր զգացողություն էր, կինո լիներ ոնց որ։ Ընդ որում՝ մարդիկ շատ չէին, միայն աստիճաններին էին կանգնած ու դրա վերեւի մասում, որ հետո հարթակ պետք ա կոչվեր, բայց մեկ ա՝ երազ լիներ ոնց որ, քանի որ պաստառ բռնած մարդկանց ես մենակ հեռուստացույցով էի տեսել՝ հեռու երկրների մասին պատմող կադրերում։ Ես իմ երազային էդ զգացողությունը հստակ հիշում եմ, բայց պատմածիս հստակ ժամանակը լավ չեմ հիշում, կա՛մ 87-ի վերջը պետք ա լիներ, կա՛մ արդեն 1988-ի սկիզբը։ Էդ փոքրիկ ցույցը տենց երազային դրվագ էլ մնաց, արդեն մոռանում էի դրա մասին, մեկ էլ, արդեն 88-ի փետրվարին, լսեցի, որ ցույցեր են քաղաքում։ Մամաս հեռախոսով մեկի հետ խոսում էր, խոսեց, վերջացրեց, ասեց. «Մարինե, գիտե՞ս, որ քաղաքում ցույցեր են, Ղարաբաղի համար»։ Դուրս եկա պատշգամբ, նայում եմ քաղաքին, մութ ա արդեն, մտածում եմ՝ վաղը կիջնեմ քաղաք, կհասկանամ` ինչ ա կատարվում։ Մեկ էլ ձայն եմ լսում, տարօրինակ աղմուկ։ Ականջներս սրում եմ՝ «Ղա-րա-բաղ, Ղա-րա-բաղ»։ Մտածում եմ՝ երեւակայությանս խաղն ա, ինձ ա թվում, ո՞նց կարող ա մարդիկ նենց գոռան, որ ձայնը Երեւանի կենտրոնից հասնի վերեւ՝ Արաբկիրում գտնվող մեր շենքի պատշգամբ։ Առավոտյան իջնում եմ քաղաք, ու հասկանում եմ, որ չէ, չէր թվում, իրական էր էդ ձայնը՝ ամբողջ Բաղրամյանը լցված ա մարդկանցով, ու մարդիկ վանկարկում են՝ «Ղա-րա-բաղ, Ղա-րա-բաղ», «Մի-ա-ցում, Մի-ա-ցում»։ Հիմիկվա նախագահական պալատը էն ժամանակ Գերագույն խորհրդի շենքն էր. քանի որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհուրդը արտահերթ նստաշրջան էր արել եւ դիմել էր Հայաստանի Գերագույն խորհրդին՝ Ղարաբաղն իր կազմի մեջ ընդունելու խնդրանքով, հայաստանցիներն էլ հավաքվել էին Գերագույն խորհրդի շենքի առաջ՝ պահանջելով դրական արձագանք։ Լիքն էր նաեւ Օպերայի հրապարակը, որն ավելի ուշ պետք ա կոչվեր Ազատության հրապարակ։ Ոչ միայն բուն հրապարակն էր լիքը, այլեւ մարդկային հորձանքը, չտեղավորվելով հրապարակում, հորդում էր մի կողմից դեպի Կարապի լիճ, մյուս կողմից դեպի Մաշտոցի պողոտա եւ Բաղրամյան։ 88-ի շարժման մեջ շատ ցնցող կողմեր կային, բայց ամենացնցողը հենց սա էր երեւի՝ շշմելու բազմամարդությունը, որն ակնհայտ էր հենց առաջին օրվանից եւ պահպանվեց մինչեւ վերջ։ Երեւանն ու ամբողջ Հայաստանը էն ժամանակ մի քիչ ավելի բազմամարդ էին, քան էսօր, բայց մեկ ա՝ Հայաստանը նույն փոքրիկ երկիրն էր, որի բնակչությունը չորս միլիոնի չէր հասնում։ Եւ նման փոքրիկ երկրում կայացավ ողջ Սովետական Միության մեջ ամենազանգվածային շարժումը՝ ամենազանգվածայինը ոչ միայն հարաբերական, այլ նաեւ բացարձակ թվերով։ Ես հստակ հիշում եմ 88-ի զգացողությունը, որը, վստահ եմ, միայն իմը չէր. «Մի՞թե էսքան շատ ենք մենք։ Ու մի՞թե էսքան ուժեղ ենք»։
Իսկ ըստ Ձեզ՝ ո՞րն էր այդ բազմամարդության պատճառը, ի՞նչը այդքան շատ մարդու միանգամից հանեց փողոց: Խնդիրը միայն Ղարաբա՞ղն էր, թե՞ դա ինչ-որ առումով առիթ էր տարիների ընթացքում կուտակված բողոքը արտահայտելու համար:
Ես չէի ասի՝ Ղարաբաղը առիթ էր ընդամենը, ես կասեի՝ Ղարաբաղի հարցը էն զգայուն կետն էր, որտեղից բողոքի իմպուլսը տարածվեց հանրության ողջ մարմնով մեկ։ Արդեն ասեցի, որ հենց նույն ժամանակ նաեւ բնապահպանական հարցն էր սրվել, ցույցեր եղան, բայց էկոլոգիայի հարցը ողջ հանրությանը ոտքի հանելու ներուժ չուներ։ 88-ին կային, գործում էին նաեւ անկախականները, սամիզդատով թերթեր էին տպում-բաժանում, բայց անկախականներն էլ Օպերայի հրապարակը լցնել չէին կարող։ Ամբողջ ժողովրդին էդ ժամանակ ոտքի հանել կարող էր միայն Ղարաբաղի հարցը կամ համանման՝ պահանջատիրական մեկ ուրիշ հարց, օրինակ՝ 1915-ի եւ հողերը պահանջելու հարցը (1965-ին նման բան արդեն եղել էր, ու էդ ժամանակների համար 1965-ի ցույցերը նույնպես աննախադեպ էին):
88-ի շարժումը հենց որպես պահանջատիրական շարժում սկսվեց՝ Մոսկվայից պահանջում էին, որ պերեստրոյկայի շրջանակներում Ղարաբաղի հարցը Կենտրոնում լուծեն՝ անցյալում թույլ տված սխալը ուղղեն (Կավբյուրոյի որոշում, Ստալին, եւ այլն)։ Դրա համար ամենասկզբի օրերին Օպերայի հրապարակում էս տեսակ կարգախոս կար՝ «Լենին, պարտիա, Գորբաչով, Ստալին, Բերիա, Լիգաչով»։ Այսինքն` շարժումն ամենասկզբում Մոսկվայի դեմ չէր ուղղված բնավ։ Բայց էս «իդիլիան» երկար չտեւեց։ Կենտրոնական լրատվամիջոցները՝ «Վրեմյա», «Պրավդա» եւ այլն, էնքան խայտառակ ձեւով արձագանքեցին եւեւանյան ցույցերին՝ բազմահազար խաղաղ ցուցարարներին որակելով որպես «մի բուռ ծայրահեղականներ», որ շատ արագ նշածս եւ համանման կարգախոսները վերացան, փոխարենը Օպերայում հայտնվեց «Պրավդայի» դագաղը, որը ցուցարարները հանդիսավորապես հողին հանձնեցին՝ Մոսկվայից ունեցած իրենց ակնկալիքների հետ միասին։
Մարինե, Ձեր պատմածը արդեն անկախության գիտակցության ձևավորման մասին է խոսում, ինչին անդրադառնում եք նաև Ձեր հոդվածներից մեկում՝ նշելով, որ անկախությունը սեփական որոշումներ կայացնելու կարողությունն է, ինչին հայաստանցին հասավ Ղարաբաղյան շարժման ընթացքում և շնորհիվ, իսկ 1991-ին դա փաստորեն ստացավ դե յուրե ձևակերպում: Ի՞նչ եք կարծում՝ հետագայում ի՞նչ փոխակերպումների ենթարկվեց այդ գիտակցությունը և ինչու՞:
Նախ՝ անկախության մասին։ Այո, չնայած 88-ի շարժումը բնավ չէր սկսվել որպես անկախական կամ հեղափոխական շարժում, բայց էդ շարժման ընթացքում հեղափոխական փոփոխություն տեղի ունեցավ հայաստանցու գիտակցության մեջ։ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը միանգամայն տեղավորվում էր սովետական օրենսդրության շրջանակներում, եւ կարծում եմ՝ փողոց դուրս եկածների մի զգալի մասն ամենասկզբում կարծում էր, որ եթե էսքան բան արվել ա, բանը հասել ա ԼՂՀ նստաշրջանի, ուրեմն կազմակերպիչները մի բան գիտեն, ուրեմն Մոսկվայից երեւի համապատասխան խոստում ա եղել, Կենտրոնից հարցը կլուծեն, իրանք էլ գոհ ու երջանիկ կգնան տուն։ Բայց էս ակնկալվող հեփի էնդը տեղի չունեցավ, տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Կենտկոմի պաշտոնական խոսափողերը՝ «Պրավդա»-ն եւ «Վրեմյա»-ն, Երեւանի ցուցարաներին պիտակավորեցին որպես «էքստրեմիստներ»։ Ուրեմն ի՞նչ անել։ Ընդունել, որ ակնկալիքները սխալ են եղել եւ տո՞ւն գնալ։ Հնարավոր էր նման տարբերակ, Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը, օրինակ, որ գնացել Մոսկվայում հանդիպել էին Գորբաչովի հետ, ժողովրդին հենց դա էին համոզում՝ մենք մեզանից կախվածը արեցինք, բայց Գորբաչովը բացատրեց, որ սահմանները փոխել հնարավոր չի, գնացեք տուն։ Բայց ոչ, մարդիկ տուն չգնացին, ձեւավորվեց Ղարաբաղ կոմիտեն, որի առաջնորդությամբ ցույցերը վերաճեցին համաժողովրդական շարժման։ Բացի կենտրոնական Ղարաբաղ կոմիտեից՝ հայտնի 11 հոգուց, տեղերում՝ գործարաններում, հիմնարկներում, բնակավայրերում, կային, ստեղծվում էին տեղական Ղարաբաղ կոմիտեներ։ Հիմնական հարցն, իհարկե, Ղարաբաղն էր, բայց ցույցերի ժամանակ շոշափվում էին բազում ուրիշ հարցեր՝ բոլոր հարցերը, որոնք սովետական գրաքննության կողմից արգելված էին եղել, արդեն հնչում էին նախ հարթակից, հետո կամաց-կամաց թափանցում էին մամուլ։ Երբ որ Սովետական Միությունը քանդվեց, եւ Հայաստանն անկախացավ, Ղարաբաղյան շարժման ծոցից արդեն ծնվել էին էն քաղաքական գործիչները, որոնք անկախ Հայաստանի ղեկն էին իրանց ձեռքը վերցնելու, եւ կային արդեն էն տղաները, որ պատերազմն էին հաղթելու՝ ընթացքում չեղած տեղից բանակ ձեւավորելով։
Հիմա գամ հարցի երկրորդ մասին՝ թե ինչ կատարվեց հետո։ Հետո կատարվեց էն, որ էս հիանալի սկիզբը ոչ միայն համարժեք շարունակություն չունեցավ, այլեւ էսօր շատերի կողմից մոռացված ա, ավելին՝ հաճախ անճանաչելիորեն աղավաղված։ 88-ի հետ կապը կորել ա, ժառանգականությունը կորել ա։ Սա շատ տխուր իրողություն ա, եւ սրա հետեւանքները շատ ծանր են, հոգեբանական էն ծանր վիճակը, որ կա Հայաստանում, հենց դրա արդյունքն ա՝ խոշոր հաշվով։
Հայաստանը անկախացավ, Շարժման տղաները՝ համընդհանուր ոգեւորության ալիքի վրա, եկան իշխանության։ Հետո ի՞նչ եղավ էդ ոգեւորության հետ։ Մարե՞ց։ Չարյաց փոքրագույնը կլիներ, եթե պարզապես մարեր։ Էդ հսկա ոգեւորության հսկա էներգիան, մի մեծագույն մասով, ակնկալիքների չարդարացման արդյունքում, հանկարծ փոխվեց ատելության։ Եւ ատելությունը միֆեր ծնեց, միֆեր դավադրությունների, սրիկաների, չարքերի մասին։ Հայաստանի ներկա Հանրապետության ծնունդը միֆականացված ա, ընդ որում՝ միֆականացված ա ոչ թե հերոսականի, այլ դավադրապաշտության գույներով, եւ սա թույն ա՝ դրված միջին հայաստանցու գիտակցության մեջ։ 2008-ի շարժումը, մի պահ թվում էր, մաքրեց էդ թույնը, բայց 2008-ի շարժումը, ցավոք, պարտվեց, եւ շատ բան նորից վերադարձավ նախկին վիճակին։
Իսկ ի՞նչ է պետք, որ հայաստանցին նորից վերադառնա իր անկախ գիտակցությանը. նոր շարժու՞մ, թե՞ հնարավոր է ինչ-որ այլ տարբերակ ևս:
Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ես ակնկալում եմ նոր կոնսոլիդացիա եւ նոր վերելք։ Հույս կա, որ հնարավոր լինի նոր շարժում սկսել։ Բայց նախկին պարտության դառը փորձն ունենալով՝ ես ոչ միայն ավելի զգուշավոր եմ դարձել լավատեսական կանխատեսումներ անելիս, այլ նաեւ հասկացել եմ, որ չի կարելի ամբողջ հույսը միայն քաղաքական շարժման հետ կապել։ Զանգվածային շարժումների ժամանակ նպատակահարմարությունը պահանջում ա, որ ասես՝ ոտքի կանգնեք, էս ա ու վերջ, սրանից ա մեր երկրի ճակատագիրը կախված, եթե ձախողվեցինք, Հայաստանը կործանվելու ա։ Դրա քաղաքական տրամաբանությունը հասկանալի ա, դա պետք ա, որ շատ մարդ ոտքի կանգնի, որ մարդիկ ավելի վճռական տրամադրվեն, ու հաղթանակի հավանականությունը մեծանա, բայց երբ որ քաղաքական հաղթանակը չի գալիս, էս դեպքում դուրս ա գալիս՝ ամեն ինչ վերջացավ, մարդիկ հուսալքվում են, մտածում են վերջ, իրանցից արդեն ոչինչ կախված չի, ու շատերը թողնում են Հայաստանից գնում։
Անկախությունը, այո, էն ա, երբ որ ամեն ինչ քեզանից ա կախված, դու ես որոշում։ Ես ինքս գրող եմ, ու չնայած գրական կառույցները Հայաստանում քանդուքարափ վիճակում են, ես փնտրել ու գտել եմ այլընտրանքային ճանապարհներ՝ կայանալու որպես գրող, երբեք չունենալով ու երբեք չփնտրելով որեւէ պաշտոնական կառույցի աջակցությունը։ Կարծում եմ` գրականությունը միակ ասպարեզը չի, որտեղ դա հնարավոր ա։ Բարեբախտաբար, էսօր Հայաստանի դռները բաց են աշխարհի առաջ, ու մանավանդ հաղորդակցության էսօրվա միջոցների պայմաններում, երբ որ տեղեկատվությունը սահմաններ չի ճանաչում, կարելի ա լինել ժամանակակից արվեստագետ, ժամանակակից գիտնական, ժամանակակից մանկավարժ (թվարկումը կարելի ա շարունակել)՝ անգամ էսօրվա պայմաններում, երբ որ չունենք էն զարգացած Հայաստանը, որը կուզենայինք ունենալ։ Ասածս էն չի, իհարկե, թե սրանով ինքնաբերաբար կլուծվեն նաեւ Հայաստանի քաղաքական խնդիրները, ոչ, ինքնաբերաբար չեն լուծվի, իսկ առանց քաղաքական խնդիրների լուծման, մենք երբեք չենք ունենա էն Հայաստանը, որն արժանի ա մեզ։ Բայց ես վստահ եմ, եթե Հայաստանում շատանան իրանց բնագավառում կայացած եւ դրանով իսկ՝ անկախ ու ինքնավստահ մարդիկ, հնարավորինս շատ ասպարեզներում, դրա արդյունքում կարող ա փոխվել հոգեբանական մթնոլորտը երկրում, էն իմաստով որ մարդիկ զգան՝ իրանցն ա երկիրը, ոչ թե իրանցը պետք ա լինի, այլ հենց իրանցն ա, ու երբ որ էդ վստահությունը ունենան, ավելի հեշտ կլինի դա ապացուցելը՝ արդեն քաղաքական քայլերով։
88-ին փողոց էր դուրս եկել հասարակության մեծամասնությունը, սակայն կար նաև փոքրամասնություն, որ կա՛մ չեզոք էր, կա՛մ դեմ էր Շարժմանը: Հաճախ ընդհանուր պատկերի հիման վրա մոռացության է տրվում հասարակության այս հատվածը: Ի՞նչ եք կարծում՝ հետագայում հասարակության նշածս մասը, հատկապես նրանք, որ դեմ էին Շարժմանը, ի՞նչ դեր ունեցան Շարժման ու ՀՀ անկախության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու գործում:
Իմ գրադարակի մոռացված մի անկյունում կա հին մի կասետ՝ հեռուստացույցից արված ձայնագրությամբ, որտեղ մարդիկ հերթով ելույթ են ունենում՝ դատապարտելով Ղարաբաղյան շարժումը։ Հաստատ հիշում եմ, որ մանկավարժներ կային դրանց մեջ, դեպուտատներ, կարծեմ հայտնի մտավորականներ նաեւ, բանվորներ էլ կլինեին երեւի՝ էն ժամանակ հաղորդումներում միշտ բանվորներ էին լինում։ Մի երկուսը անկեղծ էին գուցե դեմ խոսում, բայց ավելի մեծ մասը դատապարտում էին, որովհետեւ ասել էին՝ պետք ա դատապարտել։ Եթե ճիշտ եմ հիշում՝ 1988-ի փետրվարին ա արված էդ ձայնագրությունը, մամուլն ու հեռուստատեսությունը լրիվ սովետական վիճակներում էին՝ մարդիկ տանը կամ փողոցում մի բան էին խոսում, թերթի էջերից կամ հեռուստացույցի էկրանից՝ լրիվ ուրիշ բան, դա սովորական բան էր, ոչ ոքի չէր զարմացնում։ Իմ սեփական շրջապատում (որն էն ժամանակ առանձնապես մեծ ու բազմազան չէր իհարկե) ես չեմ հիշում մարդկանց, որոնք դեմ լինեին, դեմ արտահայտվեին շարժմանը։ Միայն մի տղայի եմ հիշում, կանգնած էր Օպերայի հարթակի մոտերքը, բազմության մեջ, ու ջղայնացած ասում էր. «Էս ի՞նչ արեցիք, մեր համար նորմալ ապրում էինք, ինչո՞ւ ամեն ինչ խառնեցիք իրար»։ Էնքան եզակի դեպք էր դա Օպերայի հրապարակում, որ մարդիկ միայն զարմացած նայում էին էդ տղային, չէին էլ ջղայնացել առանձնապես, ինչքան հիշում եմ։ Բայց դա եզակի դեպք էր՝ հրապարակի համար, իսկ ամբողջ հասարակության մեջ շարժումից դժգոհներ իհարկե կային, կլինեին, չէին կարող չլինել, բայց բարձրաձայն չէին արտահայտվում հիմնականում (մամուլն ու հեռուստատեսությունը, արդեն ասեցի, լրիվ ուրիշ պատմություն էր, զուգահեռ իրականություն)։
Դժգոհները բարձրաձայն չէին արտահայտվում, քանի դեռ ոգեւորությունը շարժումով ուժեղ էր, դեռ վայրէջք չեր ապրել։ Մեծ ոգեւորությունը ենթադրում ա մեծ ակնկալիքներ։ Ընդ որում՝ էդ ակնկալիքները մենակ Ղարաբաղի հետ չէին կապված, այլ նաեւ Հայաստանի ստեղծվող անկախ պետության։ Ցավոք, 88-ից ընդամենը մի քանի տարի հետո՝ հայաստանցիների մի մեծ մասը արդեն ոչ թե ոգեւորված, այլ հիասթափված էր, էն զգացողությունն ուներ, որ ակնկալիքները չեն արդարացել, որ նոր ստեղծված Հայաստանում ինքը չի կարողանում ազատ, ապահով ու երջանիկ լինել։ Հենց էդ ժամանակ էլ հին դժգոհները հասկացան, որ եկել ա վերջապես բարձրաձայն արտահայտվելու՝ ողբալու եւ անիծելու իրանց ժամանակը։ Հիասթափության, ողբի ու անեծքի միախառնումը հոգեբանական մի քարկապ ստեղծեց, որը գնալով պնդացավ ու չի քանդված մինչեւ էսօր։ Որոշի՞չ էր արդյոք էս քարկապի մեջ երկրորդ բաղադրիչը՝ հին դժգոհողների ակտիվանալն ու ագրեսիվանալը։ Դժվարանում եմ նման բան պնդել։ Իմ կարծիքով որոշիչը, այնուամենայնիվ, ոգեւորվածների հիասթափվելն էր։ Բայց էստեղ գալիս ա երկրորդ հարցը՝ իսկ անխուսափեելի՞ էր ոգեւորվածների հիասթափվելը։ Դժվար հարց ա, մանավանդ, ասում են, պատմությունը եթե-ներ չի ընդունում (եթե էս ու էս բանը չարվեր, կամ ուրիշ՝ ավելի լավ ձեւով արվեր, եւ այլն): Երբ որ վերհիշում եմ անկախության առաջին տարիները, ինձ մեկ-մեկ թվում ա, թե շարժման տղաներից ոմանք, անսահման ոգեւորության եւ սիրո ալիքի վրա գալով իշխանության, հետո տեսնելով ոգեւորության մարումն ու սիրո փոխվելը ատելության, գուցե դա համարում էին հոգեբանական տխուր, բայց անխուսափելի ֆենոմեն, դրա համար էլ փորձ չէին անում մարդկանց բացատրել, թե ինչ ա կատարվում, ինչու ակնկալիքները չեն արդարանում։ Մեկ-մեկ էլ մտքովս անցնում ա, թե ոմանք, հակառակը, բնավ ծանոթ չէին մարդկային հոգեբանության նշված ֆենոմենին, դրա համար էլ խռովեցին ու նեղացան ժողովրդից։ Միով բանիվ՝ հանգույցը քարկապվեց ու մինչեւ հիմա քարկապված էլ մնում ա։
Քանի որ քարկապված վիճակի ու դրանից դուրս գալու հնարավոր տարբերակների մասին արդեն խոսեցինք, զրույցի ավարտին ուզում եմ հարցնել՝ կա՞ն 88-ի հետ կապված հատուկ հիշողություններ, պատմություններ, որոնք խիստ բնութագրական են Շարժման համար:
Երեւի հիշատակեմ կուսակցական տոմսերը պատռելու տեսարանը։ Ցավոք, ժամանակը ճշգրիտ չեմ հիշում, բայց իհարկե շարժման ամենասկզբում չէր, ամենասկզբում անհնար էր պատկերացնել նման բան, Սովետական Միությունում մարդիկ մեծ կաշառքներ էին տալիս, որ կուսակցական դառնային, կուսակցական լինելը լավ աշխատանք, լավ պաշտոն ունենալու երաշխիք էր, կուսակցությունն էլ մեկն էր իհարկե՝ կոմունիստականը։ Բայց շարժումը շատ արագ թե՛ ինքը փոխվեց, թե՛ փոխեց իրավիճակը Հայաստանում, եւ ահա եկավ ընդամենը մի քանի ամիս առաջ անպատկերացնելի էդ օրը, երբ որ Օպերայի հրապարակում կանգնած՝ ես տեսա ոնց են մարդիկ հերթով մոտենում հարթակի բարձրախոսին եւ բոլորի աչքի առաջ պատռում իրանց կուսակցական տոմսերը։ Եթե ճիշտ եմ հիշում՝ գործադուլների շրջանն էր դա, եւ տոմս պատռողները հենց գործադուլավորներն էին։ Էս երկուսը՝ կուսակցական տոմս պատռելն ու գործադուլ անելը ցույց էին տալիս, որ մարդիկ արդեն չեն վախենում սովետական իշխանություններից, որ փաստացի իշխանությունն արդեն պատկանում ա շարժմանը՝ Ղարաբաղ կոմիտեին։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ