Օրերս համացանցում լայնամասշտաբ քննարկման է ենթարկվում Ամուլսարը հանքի վերածելու հարցը, որի համատեքստում պարբերաբար հղումներ են կատարվում միջազգային իրավական տարբեր ակտերի: Հանրային և մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, փորձագետները, քաղաքացիներն իրենց տեսակետները շարադրելիս չեն շրջանցում «միջազգային արբիտրաժի» թեման ևս: Մասնավորապես՝ մի մասը կարծում է, որ Ամուլսարը հանքի չվերածելու պարագայում առասպելական հրեշի նմանվող «միջազգային դատարանը» խլելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները:
Սույն նյութի շրջանակներում խնդիր չունենալով վերլուծելու Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ անդրադարձ կկատարենք բազմիցս մեջբերվող և որպես «միջազգային արբիտրաժ» հիշատակվող մարմնին՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (հետայսու նաև՝ ՆՎԿՄԿ, Կենտրոն), դրա գործառույթներին, նշանակությանը:
Ինչ է ՆՎԿՄԿ-ն
Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց աշխարհի տարբեր վայրերում գտնվող պետությունները, անձինք ստացան ավելի հեշտ հաղորդակցվելու հնարավորություն: Անէացող սահմանների այս շրջանում անխուսափելի է նաև տնտեսական առաջխաղացումը, որը, ի թիվս այլնի, ենթադրում է օտարերկրյա ներդրողների գործունեություն մեկ այլ պետության տարածքում: Թեպետ անզեն աչքով պայմանական պատնեշների հարաբերական վերացումը և հասանելիության ընդլայնումը կարելի է որակել իբրև դրական երևույթ, ներդրողների և պետությունների միջև բախումները, ճնշումները և հակասությունները, իհարկե, անխուսափելի են:
ՆՎԿՄԿ-ն անկախ և ապաքաղաքական մարմին է, որի հիմնական նպատակն է օտարերկրյա ներդրողների և պետության միջև ծագած վեճերի լուծումը: Կենտրոնի հիմնադիր փաստաթուղթը ՆՎԿՄԿ կոնվենցիան էր, որն ուժի մեջ մտավ 1966 թվականին, և այժմ դրան անդամակցում է 153 պետություն: Այս թիվը փաստում է այն հանգամանքը, որ ՆՎԿՄԿ-ն հեղինակություն է վայելում աշխարհի տարբեր ծայրերում և ունի նշյալ ոլորտի վեճերի կարգավորման ասպարեզում բազմաբովանդակ փորձ:
Ներդրող-պետություն վեճի կարգավորումը, ինչպես արդեն հասկանալի է եզրույթից, միջոցների, եղանակների ամբողջություն է, որի նպատակն է հաշտեցնել պետությանը և ներդրողին: Երկու կողմերը նախապես համաձայնում են վեճի կարգավորման այս ընթացակարգին: Պետությունն, օրինակ, իր համաձայնությունը կարող է հայտնել ինչպես միջազգային պայմանագրերին անդամակցելով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ կամ ներդրողի հետ կնքած պայմանագրով: ՆՎԿՄԿ-ն այս համատեքստում երկու կողմերին տրամադրում է վեճի կարգավորման ընթացակարգեր ու կառուցակարգեր:
Յուրաքանչյուր պարագայում, երբ վեճի կարգավորումը թևակոխում է ՆՎԿՄԿ կարգավորման փուլ, հիմնականում ձևավորվում է արբիտրների եռանձնյա կազմ, որն էլ ստանձնում են է կարգավորման պարտականությունը: Որպես կանոն՝ արբիտրներից մեկն ընտրվում է պետության, մյուսը՝ ներդրողի և երրորդը` կողմերի համաձայնությամբ: Թեկնածությունների շուրջ համաձայնության չգալու պարագայում ՆՎԿՄԿ-ն կարող է նշանակել իր թեկնածուին:
Ինչու է ներդրող-պետություն վեճի կարգավորման համար ընտրվում հենց ՆՎԿՄԿ կարգավորման տարբերակը
ՆՎԿՄԿ-ն ի սկզբանե ձևավորվել է հենց ներդրումային իրավահարաբերություններին առնչվող վեճերի կարգավորման համար: Այսինքն՝ Կենտրոնը մասնագիտացած է հենց այս բնույթի հարաբերություններում: Ավելին՝ այն իրավակարգավորումները, որոնցով առաջնորդվում է ՆՎԿՄԿ-ն, նպատակ են հետապնդում բալանսավորելու պետության և ներդրողի շահերը: Մեկ այլ պատճառ է նաև Կենտրոնի հասանելիությունը ոչ միայն խոշոր, այլև առավել փոքր ներդրողների համար: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՆՎԿՄԿ որոշումները պարտադիր են մասնակից բոլոր կողմերի համար:
ՆՎԿՄԿ ընթացակարգը. հակիրճ բնութագիր
Կոնկրետ գործը ՆՎԿՄԿ-ում ներկայացնելու համար առաջին քայլը Կենտրոնի գլխավոր քարտուղարին դիմելն է՝ ներկայացնելով վեճի նշանակալի իրավական և փաստական հանգամանքները: Եթե գործը դուրս չէ ՆՎԿՄԿ ընդդատությունից, այն կանցնի հաջորդ փուլեր:
Արբիտրների կազմը ձևավորելուց հետո սկսվում են նախնական լսումները: Գործընթացը հիմնականում ընթանում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր փուլով: Կա նաև հնարավորություն նիստերն անցկացնելու հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:
Վերջին տարիների ընթացքում ՆՎԿՄԿ-ն ընդլայնել է իր կողմից քննվող գործերի շրջանակը, այնուամենայնիվ կարելի է պնդել, որ ավանդաբար Կենտրոնում քննվող գործերի մեծ մասը վերաբերում է նավթի, գազի կամ, օրինակ, հանքարդյունաբերությամբ զբաղվող ներդրողներին և պետություններին: Քննվող գործերի մեծ մասում վեճն առաջանում էր զարգացող երկրներում, թեպետ վերջին տարիներին այս գիծը ևս ենթարկվում է փոփոխությունների:
Այսպիսով՝ ՆՎԿՄԿ-ն միջազգայնորեն լայն հեղինակություն վայելող կենտրոն է, որը մասնագիտանում է ներդրումային իրավահարաբերություններում և այդ ոլորտում վեճերի կարգավորմամբ: Այն ապաքաղաքական և անկախ մարմին է և չի կարող նախապատվություն տալ կողմերից որևէ մեկին: Արբիտրների կազմը ևս կախված է վեճի երկու կողմերի կամարտահայտությունից: Կենտրոնը նպատակ չունի ավտոմատ կերպով պաշտպանելու ներդրողի կամ պետության շահերը: Այն անկողմնակալ, բարձր հեղինակություն վայելող և արհեստավարժ իրավաբաններին իբրև արբիտրներ ընդգրկած Կենտրոն է:
Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան (Lusine Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: