Ի՞նչ է պետք սովորեցնել երեխաներին վաղ տարիքից: Մաքրել ատամները, չստել ծնողներին, առավոտյան մարմնամարզությամբ զբաղվել, լավ սովորել: Իսկ ահա պե՞տք է, արդյոք, երեխաներին զբաղվել երաժշտութամբ։ Նախկինում այդ հարցը, կարծես թե, չէր առաջանում, իսկ հիմա այն ամենաարդիական հարցերից մեկն է մատաղ սերնդի դաստիարակության գործում։ Եթե նախկինում յուրաքանչյուրի տանը՝ քիչ, թե շատ կրթված ընտանիքում, պարտադիր կերպով դաշնամուր էր դրված կամ նույնիսկ ռոյալ, ապա վերջին տարիներին այդ պրակտիկան վերացել է: Ավելին՝ այն ընտանիքները, որտեղ գործիքներ կան, փորձում են նրանցից ազատվել, վաճառել կոպեկներով կամ նույնիսկ պարզապես նվիրել։ Հասկանալի է՝ կյանքը դարձել է դժվար, և շատերին պետք չէ երաժշտություն: Բայց, այնուամենայնիվ, պե՞տք է երաժշտական կրթություն, արդյո՞ք յուրաքանչյուր երեխա պետք է գոնե մի փոքր հասկանա լուրջ երաժշտությունից, այլ ոչ թե լսի միայն հեռախոսներում հնչող փոփ երաժշտությունը:
Երևանում այսօր գործում է 26 երաժշտական դպրոց, երկու երաժշտական ուսումնարան՝ Առնո Բաբաջանյանի անվան և Ռոմանոս Մելիքյանի անվան, և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Այնտեղ երեխաներին և դեռահասներին սովորեցնում են երաժշտություն: Բայց, ըստ մանկավարժների, շատ երեխաներ ընդունվում են միայն, այսպես կոչված, «կիրառական մասնագիտություններով»՝ կլարնետ, դհոլ, դուդուկ։ Ինչո՞վ է դա բացատրվում։ Նրանով, որ այդ գործիքները պահանջված են կենցաղում՝ հարսանիքներ, թաղումներ, ռեստորաններ։ Երեխաները, որոնք ընդունվում են «դասական» գործիքներ բաժին, հետագայում բավականին դժվար են գտնում իրենց գիտելիքների համար կիրառում: Դե, բացի ազգային սիմֆոնիկ նվագախմբից կամ օպերային թատրոնի նվագախմբից որտե՞ղ կարող է ընդունվել վալտորնիստը կամ հոբոյահարը: Իսկ այդ ուսումնական հաստատություններն այնքան դաշնակահար, ջութակահար, ֆլեյտիստ շրջանավարտ են ունենում, որ նրանցից ամբողջ նվագախմբեր են ստեղծում։ Ի՞նչ անել: Չուսուցանե՞լ երեխաներին երաժշտություն: Փակե՞լ երաժշտական դպրոցների կեսը, ուսումնարաններից մեկը և գործի դնել այլ «վիրաբուժական մեթոդներ», որոնց հիմա նոր կառավարությունն է տրամադրված։ Դրանից մեր երիտասարդությունն ավելի լա՞վը կդառնա, խելացի, ավելի ճիշտ։ Նման մի բան, ինչպիսին է վերակազմավորումը, բարեփոխումը մանկական երաժշտական դպրոցներում, որոշվել է անցկացնել Ռուսաստանում։ Հանրությանը նման հարց էր առաջադրվել. արդյո՞ք պետք չէ կրճատել երաժշտական ուսումնական հաստատությունների թիվը կամ պարզեցնել ուսուցման ծրագիրը: Այսօր ու՞մ է պետք սովորել բարդ դասական ստեղծագործություններ, ինչու՞ երեխաների գլուխները ծանրաբեռնել կոմպոզիտորների սիմֆոնիաների, կանտատների և կենսագրությունների ուսումնասիրությամբ։ Արձագանքը կանխատեսելի էր. բոլորը խելամիտ մարդիկ, էլ չենք խոսում մասնագետների մասին, դեմ արտահայտվեցին երկրում երաժշտական կրթությունը կրճատելու նախաձեռնությանը։
Սովորեցնե՞լ, թե՞ չսովորեցնել. այս է խնդիրը
Փորձաքար դարձավ այն հարցը, թե արդյո՞ք երեխային պետք է ստիպել զբաղվել երաժշտությամբ: Պետք է․ սա էր մասնագետների պատասխանը: Կասկած չկա, որ երեխան ինքը չի ցանկանա սովորել ավելորդ առարկա: Բայց ի վերջո բազմապատկման աղյուսակը երեխաները ևս սովորում են ստիպողաբար, և կարևոր չէ, թե որքան հաճախ են նրանք օգտագործում այն կյանքում: Երեխային պետք է ստիպել սովորել առնվազն սկզբնական շրջանում: Ծնողներն ասում են, չէ՞. «մինչև դասերդ չսովորես, համակարգչով չես կարող խաղալ»: Երաժշտության դեպքում էլ պետք է այդպես լինի: Եթե մարդը մանկությունից չի ընտելանում դասականին, ապա ավելի հասուն տարիքում դա շատ ավելի դժվար է անել, նրա կյանքում դա այդպես էլ հաճույքի չի վերածվում: Ելնելով այդ մտքից՝ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկոլայ Լուգանսկիի կարծիքով դասական երաժշտությունը պետք է ներդրվի սովորական հանրակրթական դպրոցներում։ Երաժշտությունը պետք է լինի ցանկացած դպրոցի ծրագրում։ Այդ դեպքում մարդկանց ավելի ստվար զանգված կգտնի իր ուրախությունը և մխիթարությունը հզոր երաժշտության մեջ: Ցավոք, այսօր մեզ մոտ այն մարդկանց տոկոսը, որոնց համար առօրյա կյանքում դասական երաժշտությունը, համերգներ, օպերա հաճախելը կարևոր են, երկու-երեք անգամ ավելի քիչ է, քան Եվրոպայում։
Եթե սովորեցնել՝ ինչու և ինչպես
Խորհրդային Միությունում ռադիոյով գոյություն ուներ, այսպես կոչված, «չորրորդ ծրագիրը»՝ երաժշտական ալիք, որով հեռարձակվում էր դասական երաժշտություն։ Դասական երաժշտությունը մշտապես հնչում էր ռադիոյով և հեռուստաեթերում։ Կոմերցիոն հարաբերությունների ի հայտ գալով (նախկինում ամեն ինչ արվում էր ժամանակակից լեզվով ասած պետպատվերով)՝ պրոդյուսերները կտրուկ կրճատեցին կամ էլ ընդհանրապես եթերից հեռացրին դասականներին՝ այն փոխարինելով փոփով՝ առավել հաճախ արևմտյան, որն ավելի շատ ունկնդիրներ էր բերում և, հետևաբար, եկամուտ։ Դադարեց «պատվաստումը», որը ողջ կյանքի ընթացքում մնում էր մարդու գիտակցության մեջ: Եվ այսօր երեխաների մեծ մասին դասականը ընդհանրապես հետաքրքիր չէ: Ընդ որում, երեխայի գիտակցության մեջ դասականների բռնի ներդրման միջոցով ոչնչի չես հասնի, ընդհակառակը, կարելի է առաջացնել մերժման արձագանք արդեն ողջ կյանքի համար։ Բայց երեխաներին պետք է տալ այդ գիտելիքները, քանի որ դա ճիշտ և անհրաժեշտ պատվաստում է: Բայց ինչու՞ երեխան պետք է ուսուցանի երաժշտություն, եթե նա երբեք երաժիշտ չի դառնալու։ Հենց այս հարցն է, որ ծնողները հաճախ տալիս են, երբ լսում են երաժշտական դպրոցի մասին: Իսկապես, հայրն ու մայրը ավելի շատ օգուտ են տեսնում սպորտով զբաղվելու մեջ՝ լինի դա կարատե, աթլետիկա, թե ֆուտբոլ։ Չէ որ այստեղ առավելություններն ավելի ակնհայտ են։ Բայց նման մոտեցումը շատ ուղղահայաց է և չի համապատասխանում իրականությանը։ Խնդիրն այն է, որ ծնողները մոռանում են հուզական զարգացման կարևորության մասին: Արդյունքում ստացվում են խելացի երեխաներ, որոնք չեն կարողանում արտահայտել զգացմունքները, որոնք չեն կարողանում խղճալ կամ կարեկցել։ Պետք է հասկանալ, որ երաժշտական դաստիարակությունը ոչ միայն մարդուն ծանոթացնում է երաժշտական արվեստին և սեր է ներշնչում երաժշտության հանդեպ, այլև բազմակողմանի զարգացնում է նրան։ Բացի այդ, երաժշտությունը սովորեցնում է սահման գտնել բարու և չարի միջև, պահպանել բնական նրբանկատությունը։
Իրական օգուտ
Այն մասին, որ բարոյական հատկանիշները ձևավորվում են երաժշտության ազդեցության ներքո, պնդում էր Պյութագորասը։ Նրա հետևորդները կարծում էին, որ երաժշտությունը նվեր է աստվածներից, որն ազնվացնում է մարդու հոգին:
Երաժշտական գործիք նվագել սովորելու համար պետք է շատ ջանք գործադրել: Բացի քրտնաջան աշխատանքից՝ պետք է կենտրոնացնել ուշադրությունը: Նույնիսկ եթե մարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո պրոֆեսիոնալ չի դարձել, նրա ձեռք բերած կենտրոնացումն ու աշխատասիրությունը կյանքում մեկ անգամ չէ, որ օգտակար կլինեն։ Լարային և ստեղնաշարային երաժշտական գործիքները մեծապես զարգացնում են մանր մոտորիկան և շարժողական համակարգը, օգնում են տարածական մտածողության զարգացմանը: Բացի այդ, երեխային անպայման պետք է ծանոթացնել ժողովրդական երաժշտությանը, որպեսզի նա հասկանա իր ժողովրդի մշակույթը։ Ավելին, ժողովրդական երգերը պատմական գիտելիքների և իմաստության իրական գանձարաններն են:
Երաժշտություն և ուղեղ
Հայտնի նեյրոլեզվաբան և նեյրոկենսաբան Տատյանա Չերնիգովսկայան իր աշխատանքներում բազմիցս ընդգծել է, որ երեխաներին պետք է սովորեցնել երաժշտություն ոչ թե քաղաքավարությունից ելնելով, այլ համընդհանուր զարգացման համար, բացի այդ՝ երաժշտությամբ զբաղվելը զարգացնում են խոսքի համար պատասխանատու ուղեղի հատվածները։ Նրա խոսքով՝ ժամանակակից նեյրոգիտությունները ակտիվորեն ուսումնասիրում են ուղեղն այն ժամանակ, երբ նրա վրա ազդում է երաժշտությունը։ Եվ պարզ է դարձել, որ երբ երաժշտությունը վաղ տարիքից մասնակցում է մարդու զարգացմանը, այն մեծապես ազդում է նեյրոնային ցանցի կառուցվածքի և որակի վրա: Ականջը լսում է, բայց ունկնդրում է ուղեղը: Երբ երեխան երաժշտություն է ուսանում, նա սովորում է ուշադրություն դարձնել մանրուքներին, տարբերել հնչյունները և դրանց տարբեր տևողությունները: Եվ հենց այս ժամանակ է ձևավորվում նեյրոնային ցանցի բարակ շերտը: Մասնագետների շրջանում կա նաև այն կարծիքը, որ սովորական հանրակրթական դպրոցում երեխան պետք է ծանոթանա ոչ միայն թվին ու տառին, այլև նոտաներին, քանի որ երաժշտությունը, հատկապես՝ դասական, մարդուն, առնվազն, ազնվացնում է։ Բացի այդ՝ երաժշտական շարքը, որը երեխան լսում է վաղ մանկությունից, հաստատվում է «ենթակեղևում»։ Երաժշտությունը ծնողների մեքենայում, երաժշտությունը հեռախոսով, համացանցում, հեռուստատեսությամբ․ այս ամենը ազդում է երեխայի զարգացման վրա: Այսօր երեխայի ականջներն ու գիտակցությունը մշտապես ճնշվում են էստրադային, ավելի ճիշտ՝ փոփ երաժշտությամբ, որը հնչում է բոլոր ճեղքերից, և նրա հետ դժվար է մրցակցել: Բայց դասական երաժշտությունը նման է թերապիայի, այն պետք է տրվի մարդկանց որպես դեղամիջոց: Դեղամիջոց, որը զգուշացնում է և բուժում բազմաթիվ հոգևոր հիվանդություններից:
Անհրաժեշտ կրթական համակարգ
Պետք է խոստովանել, որ ԽՍՀՄ-ում, իր բոլոր թերություններով և հակասություններով հանդերձ, ստեղծվել էր երաժշտական կրթության ունիկալ համակարգ, որը կրկնօրինակում էին ամբողջ աշխարհում։ Ապացույցը խոշոր մրցույթներում բազմաթիվ հաղթանակներն են՝ ոչ միայն Խորհրդային երաժիշտների, այլև ԽՍՀՄ-ում կամ գոնե խորհրդային երաժշտական կրթական մոդելով սովորող օտարերկրացիների: Եվ կա այն պահպանելու հրատապ անհրաժեշտություն։ Չնայած, իհարկե, պետք է հաշվի առնել այն փաստը, որ կրթությունը պետք է սկսվի ոչ թե դպրոցից, այլ ավելի վաղ՝ ընտանիքից։
Հեղինակ` Արմեն Մանուկյան (Armen Manukyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թարգմանիչ՝ Սաթենիկ Էվաջյան