Օգոստոսի 1, 2019
Ֆեդերալ պահուստն իջեցրեց իր հիմնական տոկոսադրույքը 25 տոկոսային կետով, որն առաջին կրճատումն էր ֆինանսական ճգնաժամից հետո, բայց հիասթափեցրեց ներդրողներին՝ այս քայլն անվանելով ոչ թե ավելի ագրեսիվ դրամավարկային մեղմացման ցիկլի սկիզբ, այլ «միջշրջափուլային ճշգրտում»: Միակողմանի կրճատումը, որը անակնկալ չէր տնտեսագետների և ներդրողների համար, պայմանավորված էր նրա առանցքային պաշտոնյաների աճող մտավախությամբ՝ կապված համաշխարհային տնտեսության թուլության և առևտրային սաստկացմամբ պայմանավորված «անորոշությամբ»:
Կենտրոնական բանկի Դաշնային բաց շուկայական կոմիտեն (Federal Open Market Committee) հայտնել է, որ պատրաստ է «պատշաճ կերպով աջակցել ընդլայնմանը»՝ ակնարկելով հետագայում տոկոսադրույքների կրճատումների մասին, և զուգակցելով այս քայլը Ֆեդռեզերվի հաշվեկշռում կրճատման որոշմանը, որը կայացվել էր նախատեսվածից երկու ամիս շուտ։
Այդուհանդերձ, ասուլիսին Ֆեդռեզերվի նախագահ Ջեյ Փաուելի մեկնաբանությունները վախեցրել են ներդրողներին՝ ասելով, որ «FOMC»-ը ավելի զգուշավոր կլինի մեղմացման մեջ, քան սպասվում է: Ֆեդռեզերվի հանդիպումից առաջ շուկաներն ակնկալում էին մինչև 2019 թվականի ավարտը տոկոսադրույքների թվով երեք իջեցում:
Հինգշաբթի օրը ասիական բաժնետոմսերը հիմնականում ցածր էին: Առևտրի սկզբում հոնկոնգյան «Hang Seng», Շանհայի չինական «CSI 300» ինդեքսները և Շենժենում ցուցակված բաժնետոմսերը նվազել էին մոտ 0.5%-ով:
«Մենք դա, ըստ էության, ընկալում ենք որպես միջշրջափուլային ճշգրտում»,-ասել է Փաուելը՝ հավելելով, որ Ֆեդռեզերվի պատմության մեջ դա տեղի է ունեցել ավելի վաղ: «Ես դա հակադրում եմ սկզբի հետ, օրինակ՝ կրճատման երկար ցիկլի սկիզբի: Սա այն չէ, ինչ մենք հիմա տեսնում ենք: Սա հիմա մեր տեսակետը կամ հեռանկարը չէ»:
Արձագանքելով Կենտրոնական բանկի ագրեսիվ տոնին՝ «FOMC»-ի երկու անդամ անհամաձայնություն հայտնեցին: Կանզաս նահանգի Ֆեդռեզերվի նախագահ Էսթեր Ջորջը և Բոստոնյան Ֆեդռեզերվից Էրիկ Ռոզենգրենը ասում են, որ նրանք ավելի շուտ տոկոսադրույքները կպահպանեն կայուն, քան ցածր վիճակում:
ԱՄՆ-ում S&P 500 բաժնետոմսեր անկում են ապրել Փաուելի նկատառումների ժամանակ՝ առևտրային օրվա ընթացքում նվազելով 1.1%, իսկ ԱՄՆ դոլարը մյուս արժույթների համեմատ աճելով 0.4%-ով:
ԱՄՆ գանձապետարանի պարտատոմսերը դժվարությամբ փորձեցին «կարդալ» Ֆեդռեզերվի հայտարարության և մամլո ասուլիսի խառը ազդանշանները, սակայն Փաուելի խոսքից հետո եկամտի կորը կրկին հակադարձվեց: ԱՄՆ գանձապետարանի երկամյա պարտատոմսերի եկամտաբերությունը 6.5 բազային կետով բարձր էր 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունից՝ արտացոլելով այն հոռետեսությունը, որ Ֆեդռեզերվը կշարունակի աջակցել ԱՄՆ տնտեսությանը: Վերջին 50 տարվա ընթացքում ԱՄՆ-ում հակադարձ եկամտաբերության կորը նախորդել է յուրաքանչյուր անկմանը:
«FOMC»-ն իջեցրել է դաշնային ֆոնդերի տոկոսադրույքի նպատակային միջակայքը մինչև 2-2.25%, իսկ ուղեկցող հայտարարության մեջ նշվում է, որ պահպանվում է ակնկալիքը հետագա խթանման համար: «Քանի որ հանձնաժողովը քննարկում է նպատակային միջակայքի հետագա ուղին դաշնային ֆոնդերի տոկոսադրույքի համար, այն կշարունակի վերահսկել մուտքային տեղեկատվության ազդեցությունը տնտեսական հեռանկարների վրա և համապատասխանաբար կգործի ընդլայնումը պահպանելու համար»:
Փաուելը, ակնարկելով ևս մեկ տոկոսադրույքի սպասվելիք իջեցումը, հավանաբար չի ցանկացել ավելի շատ երաշխիքներ տրամադրել:
«Նրանք չեն կանխատեսում, թե ինչ են պատրաստվում անել այս պահից,-ասաց Բլեյքլիի խորհրդատվական խմբի ղեկավարներից Փիթեր Բուկվարը:-Ամեն ինչ պարզ է, սակայն սեպտեմբերյան հանդիպումից վեց շաբաթ առաջ նրանք ուզում էին իրենք իրենց ընտրության հնարավորություն տալ: Եթե տվյալները վատթարանան, կնվազեցնեն, բայց եթե ամեն ինչ մնա նույնը, նրանք կարող են գնալ ցանկացած ուղղությամբ»:
«Pimco»-ի ամերիկացի տնտեսագետ Թիֆանի Ուայլդինգն ասում է, որ մամուլի ասուլիսում ընդգծված էր Փաուելի խնդիրը՝ համաձայնության չեկած հանձնաժողովի համար հետագա քայլերի որոշակիացման հարցում: «Այսօր փոխզիջում կար»,-ասաց նա:
Հունիսի սկզբից ի վեր Ֆեդռեզերվի պաշտոնյաները մատնանշել են տոկոսադրույքների կրճատումը՝ համաշխարհային տնտեսական ցնցումներից ԱՄՆ տնտեսության համար որոշ պաշտպանություն ապահովելու համար: Չնայած գործազրկությունը մնում է ռեկորդային ցածր մակարդակում, իսկ սպառումը եղել է զգալիորեն կայուն, նրանք անհանգստացած են այլ տվյալներով, այն է՝ երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ի աճի դանդաղ ընթացքով, թույլ ներդրումներով և «համառորեն» ցածր գնաճով, որոնք ցածր են Ֆեդռեզերվի 2 տոկոսանոց թիրախից:
25 տոկոսային կետով տոկոսադրույքների կրճատումը հիասթափեցրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը բարձրաձայն պնդում էր, որ Ֆեդռեզերվն առավել ագրեսիվ պետք է իջեցնի տոկոսադրույքները՝ այս շաբաթվա հանդիպմանն ընդառաջ: Չորեքշաբթի ուշ երեկոյան Twitter-ում նախագահն ասել է. «Շուկան ուզում էր Ջեյ Փաուելից և Ֆեդերալ ռեզերվից լսել, որ սա երկարատև և ագրեսիվ տոկոսադրույքների իջեցման ցիկլի սկիզբն է, որը համընթաց կլինի Չինաստանի, Եվրամիության և աշխարհի այլ երկրների հետ: Ինչպես միշտ՝ Փաուելը մեզ հիասթափեցրեց»:
Փաուելի տոկոսադրույքների հետագա իջեցման հետ կապված որոշումը նշանակալի շրջադարձ է` համեմատած անցած տարվա պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում վարած քաղաքականության խստացման հետ:
2018 թվականի վերջին շուկայում դանդաղեցման և անկման նշանների ֆոնին նա դադարեցրեց խստացնող դրամավարկային քաղաքականությունը և, ի վերջո, մեղմացրեց այն բանից հետո, երբ մայիսին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցություններ սկսվեցին, իսկ Թրամփն սպառնաց Մեքսիկային ներմուծման սակագների կտրուկ աճով:
Ֆեդռեզերվի հաշվեկշռի կրճատումը նպատակ ուներ պարտատոմսերի գնումների մի քանի փուլերից հետո ԱՄՆ կենտրոնական բանկի ակտիվները մոտեցնել նախաճգնաժամային մակարդակին, բայց այն կավարտվի օգոստոսի 1-ին, և ոչ սեպտեմբերի վերջին:
Չորեքշաբթի օրը Ֆեդռեզերվը նաև նշել է, որ իջեցնելու է այն տոկոսադրույքը, որը վճարում է բանկերին՝ իրենց ավելցուկային պահուստները կենտրոնական բանկում պահելու համար (2.35%-ից մինչև 2.10%), ինչը ևս մեկ քայլ է՝ ուղղված վարկավորման մեղմացմանը և տնտեսության մեջ փող ներդնելուն:
Այս փուլում Ֆեդռեզերվի պաշտոնյաները ԱՄՆ-ի տնտեսության մեջ չեն ակնկալում ավելի խորը անկում, որը կպահանջի շատ ավելի մեծ մեղմացում: «Աշխատանքի շուկան շարունակում է մնալ ուժեղ և․․․ տնտեսական ակտիվությունն աճել է միջին տեմպերով»,-ասվում է FOMC-ի հաղորդագրության մեջ:
Անցյալ ամիս Ֆեդռեզերվի պաշտոնյաների հրապարակած միջին աճի վերաբերյալ (մեդիանային աճ, median projection) կանխատեսումը ենթադրում էր 2019 թվականին 2.1% աճ, 2020-ին՝ 2%, իսկ 2021-ին՝ 1.8%: ԱՄՀ-ի՝ այս ամիս հրապարակած վերջին կանխատեսումից պարզվեց, որ սա ավելի բարենպաստ է: ԱՄՆ-ում այս տարի սպասվում է 2․6% աճ, չնայած ենթադրվում է, որ 2020 թվականին արտադրությունը կդանդաղի մինչև 1․9%:
Թարգմանիչ՝ Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: