Հարցազրույց |  Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում

[«Ինլայթ»-ի հետազոտող Հեղինե Ալեքսանյանի հարցազրույցը սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի փորձագետ, «Համայնքային զարգացում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի ղեկավար Սուրեն Մխիթարյանի հետ: (14.08.2019)]

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) արդեն հասանելի է Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը, որում ոչ միայն տրված է  սոցիալական ձեռնարկատիրության[1] սահմանումը, այլև անդրադարձ է կատարվում ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին, խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին:

Առհասարակ, այս ոլորտի մասին Հայաստանում սկսեցին խոսել վերջին տարիների ընթացքում:   Սկզբնական շրջանում այդ ձեռնարկությունները լիարժեքորեն չէին կայանում և դրամաշնորհի ավարտից հետո փակվում էին, ուստի շատերն այն «լրջորեն» չէին ընկալում և չէին հավատում, որ սոցիալական ձեռնարկատիրությունը (այսուհետ՝ ՍՁ) կարող է աշխատել Հայաստանում: Այսօր, սակայն, գործող օրինակների առկայությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ներուժ ունի ՍՁ-ն տարբեր ոլորտների զարգացման և հատկապես համայնքային զարգացմանը նպաստելու տեսանկյունից:  Սոցիալական խնդիրների լուծումը դադարել է լինել բացառապես պետության «գործը»: Ներկայումս ՍՁ-ն շատ հաճախ որոշակիորեն իր վրա է վերցնում պետության բեռը, ուստի պետք է ճանաչված լինի պետության կողմից։  Աշխարհի մի շարք երկրներում վաղուց ՍՁ-ն «հատուկ կարգավիճակ» ունի, իսկ թե ինչ խնդիրներ է այն լուծում և զարգացման ինչ հեռանկարներ ունի Հայաստանում, որոնք են ոլորտում առկա մարտահրավերները, ինչպիսին է մինչ այժմ ձևավորված փորձը՝ հատկապես ՍՁ կրթության համատեքստում, ինչու է հասունացել սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգի անհրաժեշտությունը և ինչ խնդիրներ այն կարող է լուծել, դեռևս հստակ ուրվագծելի չէ: Հենց այս հարցերի շուրջ էլ զրուցել ենք ոլորտի փորձագետ, վերապատրաստող, «Համայնքային զարգացում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի ղեկավար Սուրեն Մխիթարյանի հետ:

Այսօր աշխարհում գնալով ավելի մեծ տարածում է ստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը և ուսուցումը. հասանելի են բազմաթիվ ուղեցույցներ, դասընթացներ, ֆինանսավորման աղբյուրներ, ինչից անմասն չի մնում նաև Հայաստանը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գլխավոր «ավելացված արժեքը», որը ստեղծում է սոցիալական ձեռնարկատիրությունը և «ստիպում է» մտածել ՍՁ կրթության և դրա ինստիտուցիոնալիզացման մասին:

Խոսելով սոցիալական ձեռնարկատիրության դերի ու արժեքի մասին՝ պետք է ուշադրություն դարձնենք դրա ազդեցությանը թե՛ անհատի, թե՛ երկրի, և թե՛ հասարակության մակարդակում։ Չնայած այս պարագայում տարանջատում եմ, բայց պետք չէ մոռանալ, որ թե՛ համայնքը, թե՛ հասարակությունը, թե՛ երկիրը նախևառաջ մարդկանց համախումբ են։

Ավելի շատ ցանկանալ ուրիշների համար և քիչ մեզ համար, սահմանափակել մեր եսակենտրոնությունը և դրական ազդեցություն ունենալ. սրանցից է կազմված մարդկային բնույթի կատարելությունը:

Բայց եկեք նախ անդրադառնանք ավանդական ձեռնարկատիրությանը։ Դարեր շարունակ սեփականատիրոջ համար բիզնեսի հիմնական շարժիչ ուժն անձնական մոտիվացիան է և շահույթի ստացումը։ Հասկանալու համար, թե ինչու է այդպես  գնանք դեպի ակունքներ: Ադամ Սմիթը, որը համարվում է տնտեսագիտության և կապիտալիզմի «հայրը», շատ էր շեշտադրում սեփական շահի գործոնը, սակայն նրա հիմնական դրույթն այն էր, որ եթե ցանկացած մարդ հասարակության մեջ մտածի ինքն իր շահի մասին, և այդպես անի յուրաքանչյուր անհատ, ապա հասարակությունը կզարգանա և կբարգավաճի։ Սակայն բիզնես ոլորտը հիմնականում կենտրոնացավ այս դրույթի սխալ ընկալման վրա և կարելի է ասել՝ շեղվեց իր հիմնական նպատակից, քանի որ նույն Ադամ Սմիթը հավասարաչափ, բացի սեփական շահից, կարևորում էր նաև դեպի այլոց ուղղված լինելու կարևորությունը։ Այս համատեքստում տեղին է հիշել նրա ասույթներից մեկը․ «Ավելի շատ ցանկանալ ուրիշների համար և քիչ մեզ համար, սահմանափակել մեր եսակենտրոնությունը և դրական ազդեցություն ունենալ. սրանցից է կազմված մարդկային բնույթի կատարելությունը»։

Կարծում եմ՝ սա բնական է, քանի որ այդպիսին է մարդկային բնույթը. մենք ցանկանում ենք, որ լավ լինի ոչ միայն մեր, այլև մյուսների համար։ Հենց այդ պատճառով էլ  պատմության մեջ կան այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Գանդին, Մայր Թերեզան, Լինկոլնը, որոնք ոգեշնչման վառ օրինակ են ծառայում։

Եվ հենց այս ամենի գիտակցումն է թույլ տալիս հասկանալ, թե որն է սոցիալական ձեռնարկատիրության դերը: Այս պարագայում մարդը նախ ձեռք է բերում բավականաչափ կարողություններ ու գիտելիքներ, որպեսզի զբաղվի ձեռնարկատիրությամբ, ստեղծի, արարի, այլ ոչ թե սեփական կենսագոյությունը ապահովելու համար մտածի միայն այլոց մոտ աշխատելու մասին։ Սակայն բացի այս ասպեկտից՝ մարդը հավասարաչափ և նույնիսկ ավելի շատ մտածում է այնպիսի գործունեության մասին, որը կարող է օգտակար լինել այլ մարդկանց համար ևս՝ նրանց կյանքը դարձնելով առավել բարեկեցիկ։ Անհատի տեսանկյունից հիմնական հարցն այն է, թե ինչպես կարելի է ծառայել մարդկանց և դա անել ձեռնարկատիրության միջոցով։

Իսկ եթե նայենք հասարակության, երկրի տեսանկյունից, պետք է ուշադրություն դարձնենք առկա հիմնախնդիրներին (սոցիալական, բնապահպանական և այլն): Թեև առանձին կազմակերպություններ, միջազգային դոնորական համայնքը, պետությունը փորձում են որոշակի առումով լուծել այդ խնդիրները, միևնույն է տեսնում ենք, որ դա չի իրականացվում արդյունավետ կերպով. շատ խնդիրներ բաց են մնում կամ արդյունավետ չեն լուծվում։ Եվ հենց այստեղ է զգացվում սոցիալական ձեռնարկատիրության դերն ու կարևորությունը, քանի որ սոցիալական ձեռնարկատերերը փորձում են այդ խնդիրներից մեկի շուրջ այնպիսի ձեռնարկություն կառուցել, որը կլուծի և՛ այդ խնդիրը, և՛ շահույթ կապահովի, և՛ կայուն կերպով կզարգանա։ Հասկանալով այս ներուժը՝ շատ պետություններ, ազգային և միջազգային կազմակերպություններ սկսեցին աջակցել ոլորտին, քանի որ այստեղ կատարվող ներդրումները շատ ավելի մեծ արդյունք են ունենում երկարաժամկետ կտրվածքում՝ չսահմանափակվելով կարճաժամկետ ծրագրերով։

Խոսելով Հայաստանում ՍՁ կրթության մասին՝ պետք է անդրադարձ կատարել մեր կրթական համակարգում ՍՁ կրթության ներկայացվածությանը և ձևաչափերին: Որո՞նք են այն հիմնական աղբյուրները, որոնց շնորհիվ մեր համաքաղաքացիները ծանոթանում են սոցիալական ձեռնարկատիրության գաղափարին առհասարակ:

Հաշվի առնելով, որ ամեն դեպքում ոլորտը նոր է, կրթություն ապահովելը հիմնական ասպեկտներից մեկն է: Դա հիմնականում ապահովվում է ոչ ֆորմալ կրթության դաշտում, այսինքն՝ տարբեր հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, այդ թվում՝ մեր կազմակերպությունը («Համայնքային զարգացում սոցիալական ձեռներեցության միջոցով»), իրականացնում են ուսուցողական ծրագրեր, որի շրջանակներում մարդիկ  ծանոթանում են սոցիալական ձեռնարկատիրության գաղափարին, հասկանում՝ ինչպես կարող են դրանով զբաղվել: Այստեղ պետք է առանձնացնել երկու ասպեկտ: Առաջինը կապված է բիզնես մտածելակերպի, գործիքների, պլանավորման, մարքեթինգի և այլ բաղադրիչների հետ, իսկ երկրորդ ասպեկտն արդեն սոցիալական մտածելակերպն է: Սա ենթադրում է նաև մտածելակերպի փոփոխություն, ցանկություն մեր ընկերների, բարեկամների, համայնքի, երկրի համար ինչ-որ օգտակար բան անելու այնպես,  որ դա լինի մեր գլխավոր մոտիվացիան: Այսինքն՝ բալանսի մեջ պետք է լինի թե՛ մեր գումար աշխատելը, թե՛ ուրիշներին ծառայելը, այլ ոչ թե մեկն ավել կամ մեկը պակաս, քանի որ սոցիալական ձեռնարկատիրությունը այդ երկուսի բալանսի մեջ է:

Բայց պարզ է, որ այն ֆորմալ կրթական դաշտում էլ ինչ-որ կերպ պետք է զարգանար: Բնականաբար մենք ունենք ուսումնական ծրագրեր ձեռնարկատիրության ուղղվածությամբ, որոնք տարբեր համալսարաններ ապահովում են ՀՀ-ում, բայց հիմնականում դրանք կենտրոնացած են ավանդական բիզնես պատկերացումների վրա: Վերջին տարիներին փորձ եղավ ձեռնարկատիրական կրթություն ապահովել սկսած դպրոցներից: Խոսքը Junior Achievement of Armenia (Հայաստանի պատանեկան նվաճումներ) ծրագրի մասին է, որը սկսեց պիլոտային ծրագրեր անել ձեռնարկատիրական ուղղվածությամբ, և որոշակի փուլից սկսած այն պարտադիր առարկա դարձավ տարբեր դասարանների  համար: Սակայն այստեղ սոցիալական ձեռնարկատիրությանը շատ փոքր անդրադարձ է կատարված:

Մեկ այլ օրինակ է «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան», որը ևս մի փոքր պիլոտային ծրագիր իրականացրեց: Կազմակերպությունը մշակեց մոդուլներ, որը նախատեսում էր մեկ կիսամյակի ընթացքում ստեղծել ՍՁ լաբորատորիաներ 9 տարբեր ուսումնական հաստատություններում՝ 3 դպրոց, 3 քոլեջ ու միջին մասնագիտական հաստատություններ և 3 բուհ: Դա առաջին քայլերից մեկն էր, որի հաջողությունից կախված էին լինելու նաև հետագա փորձերը: Այդ պիլոտային ծրագիրը թույլ կտար հասկանալ, թե ինչպես կարելի է սոցիալական ձեռներեցության ուսուցումը ներդնել կրթական համակարգում՝ որպես առանձին առարկա՞, թե՞ որպես մեկ այլ առարկայի մաս, կամ անհրաժեշտ է այն սկսել դպրոցակա՞ն համակարգից, թե՞ բուհական: Բացի դրանից՝ շատ կարևոր է հաշվի առնել նաև առցանց կրթական համակարգի զարգացումը: Մեր թիմը (խոսքը Community Development Through Social Entrepreneurship-ի մասին է)  «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ ստեղծել է ՍՁ-ի առցանց ուսուցման հարթակ, որտեղ այս պահին շուրջ 600-700 մարդ է ընդգրկված ՀՀ տարբեր համայնքներից: Սա բավական լավ նախագիծ է, քանի որ հասանելի է այն մարդկանց, որոնք հնարավորություն չունեն մասնակցելու դասընթացներին. ի վերջո դրանցում մասնակիցների թիվը սահմանափակ է: Այս համատեքստում նման հարթակի առկայությունը լավ հնարավորություն է առցանց տարբերակով հայերենով ծանոթանալու թե՛ սոցիալական ձեռնարկատիրության  գաղափարին, թե  բոլոր վերապատրաստման փուլերին, որոնք սովորաբար անցնում են նույն դասընթացների մասնակիցները: Հարթակում հասանելի են տարբեր տեսադասեր, ընթերցանության նյութեր, որոնք մշակված են ոլորտի լավագույն մասնագետների կողմից և ծածկում են սոցիալական ձեռնարկատիրության բոլոր ասպեկտները՝ սկսած գաղափարի մշակումից, մարքեթինգից մինչև իրավաբանական ասպեկտ և գումարի հայթայթման աղբյուրներ: Գրանցումը հարթակում հիմնականում կատարվում է մեր կամ «ԿԱԶԱ»  հիմնադրամի կողմից: Կայքը կոչվում է elearning.kasa.am:

Կա նաև կուրս, որը մշակել ենք հենց դասընթացավարների վերապատրաստման համար: Այդ բոլոր նյութերը այս պահին լիովին հասանելի են, և բոլոր ցանկացողները կարող են գրանցվել հարթակում:

Դասընթացներից խոսելիս չեմ կարող չհարցնել նաև դրանց բովանդակային կողմի մասին:  Սոցիալական ձեռնարկատիրության դասընթացների թվում կան շատերը, որտեղ թվում է, թե ամեն ինչ լավ է բացատրված, բերված են օրինակներ միջազգային փորձից, որոնք, սակայն, համահունչ չեն Հայաստանի սոցիալ-մշակութային կոնտեքստին: Արդյո՞ք ձեր դասընթացներում օգտագործվում են ՀՀ-ից ինչ-որ օրինակներ:

Իրականում շատ կարևոր նկատառում է, քանի որ խնդիրը հենց դրանում է: Շատ անգամ, երբ Հայաստանում դեռ չկային բավական թվով օրինակներ, բերվում էին օրինակներ տարբեր երկրներից, անգամ Հնդկաստանից, Բանգլադեշից, որտեղ ևս ՍՁ-ն զարգացման փուլում է, բայց խնդիրը, միևնույն, է մնում էր. շատերն ասում էին, որ այն, ինչ անում են այնտեղ, հնարավոր չէ մեզ մոտ: Մի քանի տարի առաջ՝ 2015 թվականի հոկտեմբերին, երբ սկսեցինք մեր ծրագիրը, որը կոչվում է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով», մեր նպատակը հենց դա էր: Մենք հասկանում էինք, որ եթե ցանկանում ենք, որ ոլորտը զարգանա, ամենակարևորը հենց այդ օրինակներն ունենալն է ոչ միայն Երևանում, այլև մնացած համայնքներում, քանի որ եթե այնտեղ հնարավոր դառնային նման օրինակները, ապա ոլորտն ավելի արագ կզարգանար: Ծրագրի շրջանակներում օգնել ենք շատերին: Օգնել ասելով՝ նկատի ունեմ սկսած թիմի վերապատրաստումից, գաղափարի մշակումից մինչև իրականացում, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրում: Դրամաշնորհներ էինք տրամադրում միջինում 7000 եվրոյի չափով: Արդյունքում 10 ձեռնարկատերերի գաղափարի համար դրամաշնորհներ տրամադրեցինք: Սկզբնական փուլում ծրագրի մասնակիցների թիվը շուրջ 260-ն է եղել, որոնցից վերապատրաստումների և փորձագիտական աշխատանքների ընթացքում առանձնացրել են 10-ին:

Օրինակ, կառանձնացնեմ «Սարերի բարիքը», որը գտնվում է Վարդենիկում: Նրանք սարերից հավաքում և վաճառում են տարբեր խոտաբույսեր, ավելուկ, թեյեր, մոտ 17 տեսակի ծաղկաբույսեր: Հետաքրքիրն այն է, որ ստեղծվելուց 2  ամիս անց իրենց մոտ արդեն 70 ընտանիք գումար էր աշխատում և համեմատաբար շատ՝ գյուղական համայնքի համար: Այն ժամանակ ձեռնարկությունն  անգամ  արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին իր մատուցած ծառայությունների համար: Սա բավականին հետաքրքիր փորձ է, որը ներկայումս էլ գործում է և զարգացման լայն հնարավորություններ ունի: Օրինակ` այս պահին ընդամենը 1-2 ռեստորանային ցանց գրեթե ամբողջությամբ գնում է իրենց ապրանքը, որն ունի մեծ պահանջարկ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և այլ երկրներում: Նրանցից տոննաներով ապրանք են ակնկալում, մինչդեռ այդքան չի արտադրվում: Հիմա փորձ է արվում այս ամենում ընդգրկել նաև այլ համայքներ և մեծացնել վաճառքի ծավալները:

Նմանատիպ օրինակները շատ կարևոր են և ցույց են տալիս, որ Հայաստանում ևս կարելի է զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ:

Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտը, ինչպես և բիզնես ձեռնարկատիրությունը, կարգավորվում է ոլորտին առնչվող պետական կառավարման տարբեր մարմինների կողմից՝ երկրի գործող օրենսդրությանը համապատասխան: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կարգավորվում ոլորտը ՀՀ օրենսդրությամբ և ինչպե՞ս կարող են պետությունն ու հասարակությունը աջակցել ՍՁ զարգացմանը:

Դեռևս չկա կարգավորման որևէ համակարգ, չկա օրենք կամ որևէ փաստաթուղթ, որը կկարգավորի  Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտը Հայաստանում: Այդ պատճառով այն՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն, կարգավորվում է համապատասխան ոլորտը կարգավորող օրենքներով, այսինքն գործում է որպես Ա/Ձ, ՍՊԸ և այլն: Ներկայումս այն կարող է հատուկ լինել նաև հասարակական կազմակերպություններին, քանի որ մոտ 2 տարի առաջ համապատասխան օրենքի փոփոխությունից հետո հասարակական կազմակերպություններին ևս հնարավորություն տրվեց միանգամից ձեռնարկատիրական գործունեություն ծավալել: Սա նշանակում է, որ ՀԿ-ն, որը նախկինում պետք է առանձին ՍՊԸ ստեղծեր և դրա միջոցով որոշակի բիզնես-գործունեություն ծավալեր, այժմ կարող է միանգամից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Եթե շատ անկեղծ լինենք, դա այնքան էլ նշանակալի փոփոխություն չէ, բայց որոշակի հոգեբանական աջակցություն է ենթադրում այն մարդկանց համար, որոնք նման ցանկություն ունեն:

Վերջերս Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ համատեղ ստեղծեցինք աշխատանքային խումբ, որտեղ մշակեցինք ՍՁ ոլորտի մասին նախնական հայեցակարգ: Այն պետք է արդեն շրջանառության մեջ մտներ, այսինքն որոշակի պետական մարմնի կողմից ներկայացվեր կառավարությանը, ապա մտներ Ազգային ժողով և անցներ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը: Պրոցեսն արդեն ընթացքի մեջ էր, բայց կանգ առավ հեղափոխության պատճառով և հիմա սկսվել է նորից։ Արդյունքում գոնե կունենանք հայեցակարգ, և պետությունը կճանաչի ՍՁ ոլորտը Հայաստանում ու կընդգծի դրա կարևորությունը: Ոլորտը կարգավորող օրենքի ընդունման համար որպես մասնագետ կարող եմ ասել, որ վաղ է, քանի որ ոլորտը նախ պետք է ինքնակարգավորվի, մի փոքր ավելի զարգանա՝ մինչև որոշակի օրենքի կարիք լինի:

Հիմա պատկերացնենք, որ ես պոտենցիալ սոցիալական ձեռնարկատեր եմ և մինչ առաջին քայլերս անելը ցանկանում եմ ինձ համար մի քանի հարց հստակեցնել ձեր օգնությամբ: Առաջինը՝ որո՞նք են սոցիալական ձեռներեցություն սկսելու համար անհրաժեշտ առանցքային քայլերը:

Ցանկացած կազմակերպության պարագայում ամենակարևորը մարդիկ են, որոնք այդ ամենը ձեռնարկում են, ուստի չենք կարող շրջանցել ՍՁ-ի անմիջական կապը սոցիալական ձեռնարկատիրոջ հետ:

Մի փոքր ինֆորմացիա տամ. մի քանի ամիս առաջ գործընկերներով ստեղծեցինք փոքր՝ մոտ 70 էջանոց  ձեռնարկ, որը կոչվում է «Մեթոդական ձեռնարկ, թե ինչպես ստեղծել սոցիալական ձեռնարկություն»: Դրանում ներկայացվում է, թե ինչպես կարող է մարդը քայլ առ քայլ հասնել դրան: Կան նաև QR կոդեր, որոնց միջոցով ընթերցողը կարող է հղումներով գնալ դեպի ավելի մեծ ինֆորմացիայի աղբյուրներ: Եթե փորձենք գլոբալ առումով մի քանի մասի բաժանել այդ ճանապարհը, ապա իմ կարծիքով առաջին քայլը ինքնազարգացումն է, մարդը պետք է ինքն իր վրա աշխատի, քանի որ ստեղծված ՍՁ-ն առաջին հերթին կապված է հենց սոցիալական ձեռնարկատիրոջ հետ: Օրինակ բերեմ մենեջմենթից, որտեղ կազմակերպություն տերմինը նշանակում է  2 կամ ավելի մարդկանց համախումբ, որոնք միավորվել են որոշակի նպատակի շուրջ: Ցանկացած կազմակերպության պարագայում ամենակարևորը մարդիկ են, որոնք այդ ամենը ձեռնարկում են, ուստի չենք կարող շրջանցել ՍՁ-ի անմիջական կապը սոցիալական ձեռնարկատիրոջ հետ:

Այսպիսով՝ ինքնավերլուծությունը պետք է լինի անհատի առաջին քայլերից մեկը: Պետք է հասկանալ, թե ինչու ենք ցանկանում լինել սոցիալական ձեռնարկատեր, հստակեցնել գլխավոր նպատակը: Օրինակ՝ մեր սահմանման մեջ, որը նաև ներկայացրել ենք հայեցակարգում, ՍՁ-ն առաջին հերթին բիզնես գործունեություն է և ենթադրում է, որ մարդն ինքը պետք է գումար աշխատի, ինչ-որ բան արտադրի, ծառայություն մատուցի և դրա դիմաց հաճախորդից գումար ստանա: 2-րդ կետով հստակեցնում ենք, որ դա պետք է ուղղված լինի որոշակի սոցիալական խնդրի լուծմանը: Այսինքն՝ ամբողջ բիզնես մոդելի հիմքում այդ խնդրի լուծումն է, և եթե անգամ վատագույն դեպքում կազմակերպությունը որևէ շահույթ չի ունենում, միայն իր գոյությամբ բազմաթիվ խնդիրներ է լուծում համայնքում և երկրում:  3-րդ կետով, որը շատերի մոտ թերահավատություն էր առաջացնում, նշվում է, որ ՍՁ-ն, բնականաբար, պետք է շահույթ ունենա, բայց այդ շահույթի 50 տոկոսից ավելին սոցիալական ձեռնարկատերը հատկացնելու է որոշակի սոցիալական խնդրի լուծմանը: Ընդ որում՝ դա կարող է ուղղված լինել նաև ձեռնարկության գործունեության ազդեցության ընդլայնմանը այլ համայնքներում կամ պարզապես ներդրում լինել համայնքում դպրոցի վերանորոգման կամ երեխաների կրթության մեջ:

Ինքնակրթությունը նաև թույլ կտա հասկանալ, թե որոնք են մարդու ուժեղ կողմերն ու բացահայտել տաղանդները, իսկ ցանկացած մարդ ունի տաղանդ, որի կարիքն ունեն նաև ուրիշները:

Այս քայլի կարևորությունը ընդգծելու համար բերեմ մեկ օրինակ: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք տեսնելով, որ ՍՁ ոլորտը զարգանում է, տրամադրվում են դրամաշնորհներ, որոշում են իրենք էլ զբաղվել դրանով, իրենց կազմակերպությունները վերածում են ՍՁ-ի, որպեսզի կարողանան իրենք էլ գրանտ ստանալ: Ներկայումս նման օրինակները շատ են, բայց մարդը պետք է հստակ հասկանա, թե ինչ է ուզում այս ոլորտից:  Հենց այս հանգամանքն էլ փոխում  է ամեն ինչ:

Պետք է խոսեմ նաև մի քանի այլ գործոնների մասին: Բնական է, որ մարդու համար դժվար է միայնակ ինչ-որ բան անել, և այս տեսանկյունից թիմը առանցքային գործոններից մեկն է ՍՁ-ում:  Թիմը պետք է նվազագույնը նույն ուղու վրա լինի, ինչ և սոցիալական ձեռնարկատերը՝ նույն մոտիվացիայով և մտածելակերպով:

Հաջորդ կարևոր գործոնը գաղափարն է: Գաղափարի մշակման հիմնական առանցքը դառնում է խնդիրը, որն ամենաշատն է մեզ հուզում` կրթություն, առողջապահություն և այլն: Սկսում ենք խնդրին առավել խորքային նայել, հասկանալ դրա պատճառները և մտածել որոշակի բիզնես գաղափարի մասին, որը թույլ կտա ոչ միայն լուծել այդ խնդիրը, այլև որոշակի ապրանք/ծառայություն մատուցել, գումար աշխատել և ինքնուրույն դառնալ: Բնականաբար սրանից հետո դեռ շատ քայլեր կան․ սկսվում է ավանդական բիզնես գործընթաց՝ բիզնեսի պլանավորում, ֆինանսների հայթայթում և այլն:

Որո՞նք են Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման գլխավոր խոչընդոտները: Ի տարբերություն սովորական բիզնեսի` սոցիալական ձեռնարկությունn ի՞նչ լրացուցիչ հաշվարկներ է պահանջում:

Առաջինը` շատ կարևոր է, որպեսզի պետությունը ճանաչի ոլորտը: Այդ պարագայում ոլորտը լրիվ այլ զարգացում կունենա ինչպես ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որտեղ բավական մեծ աջակցություն է տրամադրվում ՍՁ-ին: Բնական է, որ այդ պարագայում մարդիկ լրիվ այլ կերպ կնայեն ոլորտին և կցանկանան զբաղվել դրանով:

Ընդհանրապես ձեռնարկատիրությամբ զբաղվելու որոշակի խնդիր կա Հայաստանում: Հատկապես մինչև վերջերս շատ էին կարծրատիպերն այն մասին, որ որոշ մարդիկ իրենց են վերցնելու բիզնեսի որոշակի մաս, կամ հարկային մարմինները խոչընդոտելու են իրենց գործունեությանը:  Չեմ ասի, որ նման բաներ առհասարակ չկային, բայց դա հիմնականում չէր վերաբերում փոքր ու միջին բիզնեսին: Եթե ամեն ինչ արվում է գրագետ և օրենքի սահմաններում, հարկայինը չէր կարող գալ և «ինչ-որ բան ասել» բիզնեսին: Ցանկանում եմ ասել, որ նման մտքերն ավելի շատ կարծատիպ են, քան իրականություն և չնայած, որ բիզնեսն իր մեջ ռիսկեր պարունակում է, բայց այս պարագայում ամեն ինչ ավելի շատ գրագետ անելու խնդիր է: Բիզնեսը ենթարկվում է որոշակի հստակ կանոնների, և դրանց հետևելու պարագայում հերթականությամբ կարող ենք առաջ գնալ: Կարծում եմ, որ առաջին խնդիրն ընդհանրապես սկսելն է, իսկ դրա համար նախ կարծրատիպերից պետք է ազատվել, քանի որ իրական դաշտում հնարավոր է` դրանք գոյություն չունենան: Դրանք կարող են գալ որոշակի վատ օրինակից, որը մենք տեսել ենք և որը ընդհանրացնում ենք՝ ասելով, որ ամբողջ Հայաստանում է այդպես:  Կարծում եմ՝ Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու գլխավոր խոչընդոտը սա է:

Երկրորդը՝ համապատասխան կրթություն ունենալն է, ինչը քչացնում է ռիսկերի թիվը և բարձրացնում հաջողության հասնելու մակարդակը: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ՍՁ-ն սովորական ձեռնարկատիրությունից մի փոքր տարբերվում է: Երբ սոցիալական ձեռնարկատերը եկամուտ է ունենում, այս դեպքում անվանենք հասույթ, բնական է, որ դրանից հանում է բոլոր ծախսերը՝ աշխատավարձ, վարձակալության վճար և այլն, և այդ բոլոր ծախսերից հետո մնացած գումարը նոր կազմում է նրա շահույթը, որի մեծ մասը ուղղվում է կոնկրետ սոցիալական խնդրի լուծմանը: Այս դեպքում ռիսկը մի փոքր ավելի մեծ է: Օրինակ, եթե սոցիալական ձեռնարկությունն ունի ներդրման կարիք, բնականաբար ձեռնարկատերը ստիպված է լինելու այդ գումարը ներդնել ոչ թե սոցիալական խնդրի լուծման վրա, այլ այդ փուլում, ինչպես և ցանկացած բիզնես, ներդնել իր զարգացման մեջ: Հակառակ դեպքում ՍՁ-ն կհայտնվի մրցակցային տեսանկյունից մի փոքր անհավասար դիրքում: Ուստի պետք է փնտրել միջոցներ առաջնային խնդիրների լուծման համար, իսկ ցանկացած խնդիր ունի լուծում:

Ընդհանուր առմամբ, եթե ազատվենք կարծրատիպերից և ձեռք բերենք համապատասխան կրթություն, գտնենք մարդկանց, որոնք գրագետ ամեն ինչ կանեն (իրավաբանություն, հաշվապահություն), բնականաբար ձեռնարկությունը ինքնըստինքյան կզարգանա:

Որո՞նք են սոցիալական ձեռնարկատերերի կողմից կատարվող հիմնական սխալները,  որոնց հանդեպ դուք դասընթացների ժամանակ փորձում եք զգուշավորություն ձևավորել:

Միանգամից մի քանի բան է մտքիս գալիս:  Կան մարդիկ, որոնք վերապատրաստման գալիս են հստակ գիտակցումով, թե ինչու են ցանկանում զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ, բայց կան նաև մարդիկ, որոնք դեռ չգիտեն, թե ինչ են ուզում ստանալ դասընթացից: Այդ դեպքում գործն ավելի դժվար  է դառնում, ավելի շատ ժամանակ ենք ծախսում, որպեսզի հասկանանք այդ մարդու գալու մոտիվացիան: Ճիշտ է, դա առաջին փուլն է միայն, բայց բավականին շատ ժամանակ է տանում: Շատ հաճախ մարդիկ գալիս են` հստակ չգիտակցելով, թե ինչու են եկել և հասկանում են, որ սա մի բան է, որն իրենց պետք չէ, ինքն իրականում չի ցանկանում դրանով զբաղվել, և արդյունքում թե՛ մեր և թե՛ իր համար ժամանակի սխալ ներդրում է լինում: Իսկ եթե մարդն իսկապես ցանկանում է սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել, ապա այստեղ ուշադրության ենք հրավիրում մի քանի ասպեկտի վրա: Ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ՝ շատ կարևոր է ունենալ լավ թիմ: Շատերը կարծում են, որ թիմային աշխատանքը մեր մշակույթին հատուկ չէ, որ մենք թիմային խաղացող չենք, և բերում են մեր ֆուտբոլային ակումբների օրինակը: Սակայն սրանք ևս կարծրատիպեր են, և հնարավոր է դրանք կոտրել:

Նույն ֆուտբոլի ասպարեզում մենք ունեցել ենք Արարատ-73, որը խորհրդային տարիներին չեմպիոն է եղել: Այսինքն՝ մենք կարող ենք աշխատել թիմով: Դա հանգեցնում է նրան, որ թեկուզ այս պահին ունենք ՍՁ-ի շատ լավ օրինակներ, որտեղ ընդամենը մեկ հոգի է իրականում աշխատում: Սովորաբար այդ մարդը հենց սոցիալական ձեռնարկատերն է, որը օրական 20 ժամ աշխատում է, բայց այդպես երկար ժամանակ հնարավոր չէ  դիմանալ: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք մի օրինակ, երբ մարդը ինքը ցանում է, ինքը հավաքում է, արտադրում է, փաթեթավորում, գնում վաճառում է, վերապատրաստման է մասնակցում, բայց դա աբսուրդ է։ Չեմ ասի, որ անհնար է, բայց արդյունավետ չէ, քանի որ ինչքան էլ մարդը մոտիվացիա ունենա, իր առողջությունը վաղ թե ուշ փչացնելու է: Դասընթացների ժամանակ մենք օգնում ենք հասկանալ, թե որտեղից կարելի է թիմ հավաքել:

Մյուս խնդիրը գաղափարն է: Մարդիկ շատ հաճախ գալիս են ստանդարտ գաղափարներով, օրինակ՝ ջերմոց հիմնել, անասնապահությամբ զբաղվել, կանանց կենտրոն հիմնել, որտեղ կարի արտադրամաս կլինի: Մենք կարող ենք 200-300 հայտադիմում ստանալ, որոնց մեծ մասն իրար շատ նման գաղափարներ են: Դրանք վատ չեն, բայց գրեթե բոլորն այդ ուղղությամբ են գնում: Այստեղ կարևոր է  հասկանալ, որ ՍՁ-ի պարագայում կարևոր է սոցիալական նորարարություն կոչվածը, այսինքն պետք է գտնել խնդրի լուծման նոր տարբերակ: Եթե այդ խնդիրը մինչև հիմա լուծված չէ, նշանակում է, որ ներկայիս լուծման տարբերակները լավ չեն գործում կամ որևէ պատճառով սխալ են աշխատել: Վերապատրաստումների ժամանակ մենք օգնում ենք, որ մարդիկ հետաքրքիր գաղափարներ մշակեն:

Շատերը կարծում են, որ թիմային աշխատանքը մեր մշակույթին հատուկ չէ, որ մենք թիմային խաղացող չենք, և բերում են մեր ֆուտբոլային ակումբների օրինակը: Սակայն սրանք ևս կարծրատիպեր են, և հնարավոր է դրանք կոտրել:

Չեմ ցանկանում անդրադառնալ իրավաբանական կողմին, քանի որ այն շատ հեշտ է լուծվում, երբ ներգրավվում են համապատասխան մասնագետներ, որոնք լավ ծանոթ են հարկային դաշտին, գիտեն՝ ինչպես պետք է գրանցվել և այլն:

Մյուս խնդիրը հատուկ է, թե՛ սկսնակներին և թե՛ արդեն գործող սոցիալական ձեռնարկատիրություններին: Երբեմն մարդիկ շատ հետաքրքիր գաղափար են ունենում, լավ թիմ և թվում է, թե ամեն ինչ կարգին է, բայց նրանց չի հաջողվում վաճառել իրենց արտադրանքը: Այստեղից հետևում է, որ մյուս կարևոր ասպեկտը վաճառքն ու մարքեթինգն է: Լինում են դեպքեր, երբ մարդիկ գալիս են, որոշում են, որ, օրինակ, այսպիսի բան կարելի է անել․ դա նրանց հետաքրքիր է թվում, բայց իրենք չեն խոսում իրենց հաճախորդների հետ, չեն խորհրդակցում՝ արդյոք նրանց պետք է իրենց արտադրանքը: Մինչդեռ հնարավոր է՝ հաճախորդները շատ կարևոր խորհուրդներ տան, նշեն, թե ապրանքի ինչպիսի հատկանիշների կարիք ունեն և առաջարկեն փոխել ապրանքի ձևը: Այսինքն՝ այստեղ կարևոր է գաղափարի վալիդացիա կոչվածը կամ գաղափարի թեստավորումը: Արդյունքում հասկանում ենք, թե ինչպես կարելի է լավացնել արտադրանքը: Հետաքրքիր է, որ մարդիկ շատ հաճախ չգիտեն էլ, թե ով է իրենց հաճախորդը, նշում են, որ աշխատում են ողջ հասարակության համար, բայց դա իրականում այդպես չէ: Թե՛ բիզնեսի և թե՛ ՍՁ-ի պարագայում մարդը պետք է հասկանա, թե ում է վաճառում իր ապրանքը, օրինակ՝ 25 տարեկան երիտասարդների, որոնք աշխատում են IT ոլորտում, ստանում են 300 հազար դրամից բարձր աշխատավարձ և հետաքրքրվում են, օրինակ, պարերով: Այս դեպքում, երբ ունենք հաճախորդի հստակ նկարագիր, նշանակում է՝ գիտենք, թե ում կարելի է առաջարկել մեր ապրանքը: Սա գործում է հատկապես սկսնակ բիզնեսի պարագայում, երբ անհրաժեշտ է շատ փոքր թիրախային խումբ վերցնել:

Իսկ ինչպե՞ս եք  տեսնում, առհասարակ, սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հեռանկարները Հայաստանում, ի՞նչ իրավիճակ ու դինամիկա ունենք ՀՀ-ում:

Ներկայումս ոլորտը շատ ավելի է զարգանում: Նախկինում արվող առաջին ծրագրերը փորձնական էին լինում, իսկ երբ հաջողության որոշակի օրինակներ եղան իրական դաշտում, գնալով ավելի շատ մարդիկ ներգրավվեցին այս ոլորտում: Արդյունքում ավելի շատ ներդրումներ են գալիս, ավելի շատ կազմակերպություններ են դրանով զբաղվում, ավելի շատ մարդիկ են դրանով հետաքրքրված, և սա, բնականաբար, դրական միտում է: Բայց մի կողմից էլ պետք է մի փոքր զգույշ լինել, քանի որ ներդրումների մեծ թիվը բերում է նրան, որ տարբեր կազմակերպություններ  սկսում են մտածել՝ ինչպես փոխել իրենց բիզնես գաղափարը, դրամաշնորհ ստանալ ու  օգտագործել այն իրենց նպատակների համար:

 Ավելին՝ հաճախ տեսնում ենք, որ տարբեր ՍՁ-ների միջև որոշակի մրցակցություն կա, և դա, բնականաբար, լավ միտում չէ, քանի որ նպատակը հենց համախմբումն է և միասին ինչ-որ բան անելը:

Նույնը վերաբերում է նաև ՀԿ-ներին, որոնց առաջնային նպատակը սոցիալական ձեռնարկատիրությունը չէ, բայց նման հնարավորությունների առկայությունը փորձում են օգտագործել և մտնել այդ դաշտ: Այսինքն՝ այստեղ ևս կան բավական մեծ ռիսկեր: Իրականում սա բավական լուրջ խնդիր է ոչ միայն ոլորտի, այլև հենց այդ կազմակերպությունների համար, քանի որ նրանք զբաղվում են մի բանով, որն իրենց հետաքրքիր չէ, մինչդեռ կարող էին այդ ժամանակն ու ռեսուրսը ներդնել մեկ այլ ոլորտում, որտեղ ավելի շատ արդյունքի կհասնեին, իսկ դաշտն էլ բալանսի մեջ կմնար:

Երկրորդ խնդիրն այն է, որ  2 և ավելի կազմակերպություն, որոնք կենտրոնացած են նույն սոցիալական խնդրի լուծման վրա, համագործակցելու փոխարեն միմյանցից առանձին են գործում, ինչը նվազ արդյունավետ է: Ավելին՝ հաճախ տեսնում ենք, որ տարբեր ՍՁ-ների միջև որոշակի մրցակցություն կա, և դա, բնականաբար, լավ միտում չէ, քանի որ նպատակը հենց համախմբումն է և միասին ինչ-որ բան անելը: Այս խնդիրը ևս որոշկիորեն դրամաշնորհների և հնարավորությունների մեծաքանակությունից է: Արդյունքում հարց է առաջանում՝ արդյո՞ք անհրաժեշտ են դրամաշնորհները: Սա հիպոթեզ է՝ միգուցե ճիշտ եմ, միգուցե՝ ոչ:  Մեր փորձերը հաճախ են ցույց տվել, որ դրանք կարող են ավելի շատ թուլացնել ՍՁ-ներին, քան օգնել: Այն մարդու համար, որըշն իսկապես ցանկանում է հստակ խնդիր լուծել, գումարը պարզապես ռեսուրս է, իսկ նրանք, ովքեր մտնում են դաշտ հանուն գումարի, նախ զբաղվում են մի բանով, որն իրենց պետք չէ՝ թեկուզ այդ փուլում՝ վնասելով դաշտին: Իհարկե կա ասոցիացիա, որը փորձում է որոշակիորեն համախմբել ՍՁ ներկայացուցիչներին, բայց միևնույն է կան կազմակերպություններ, որոնք, օրինակ, նույն բանով են զբաղվում, բայց իրար հետ չեն համագործակցում, կամ, որ ավելի վատ է, չգիտեն միմյանց մասին: Այսպիսով՝ այդ հաղորդակցությունը կազմակերպելն ու բոլորին ընդհանուր դաշտ բերելը ևս լուրջ խնդիր է:

Եվ վերջում՝ եթե կարողանայիք 2 խորհուրդ տալ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում գործելու ցանկություն ունեցող մարդկանց, որո՞նք կլինեին դրանք:

Առհասարակ ինձ համար ամենակարևորը մոտիվացիան է: Յուրաքանչյուր մարդ, որը ցանկանում է զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ, նախ պետք է մտածի, թե որն է իր իրական մոտիվացիան ոչ միայն տվյալ ոլորտում, այլև կյանքում:  Այս հարցադրումը օգնում է հասկանալ՝ պետք է այդ ոլորտով զբաղվել, թե ոչ: Ճիշտ է, սոցիալական ձեռնարկատիրությունը շատ լավ բան է, բայց առաջին հերթին այն պարզապես գործիք է: Ինձ համար կարևոր է, որ մարդը զբաղվի մի գործով, որը սիրում, իմաստավորում է, և որն իրեն երջանկացնում է: Այդ որոշման կայացումն ամենակարևորն է. ամեն ինչ սկսվում է հենց այդ կետից:

Երկրորդ խորհուրդս բխում է առաջինից: Երբ մարդը հասկացավ՝ ինչ է ուզում անել, պետք է պարզապես սկսի անել: Սկսելն ամենադժվարն է: Կան մարդիկ, որոնք կարող են տարիներով ժամանակ ծախսել, գնալ վերապատրաստումների, առցանց ուսուցումներ անցնել, թիմ հավաքել, շատ հարցեր քննարկել թիմի ներսում, բայց արդյունքում ոչ մի քայլ չձեռնարկել: Կարծում եմ, որ փոքր քայլերի ազդեցությունը շատ կարևոր է, որպեսզի մարդը սկսի ինչ-որ բան անել: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքներից մեկում՝ «1000 մղոն ճանապարհորդությունն անգամ սկսվում է մեկ քայլից»: Այսինքն՝ պետք է սկսել այն հնարավորություններով՝ ռեսուրսներով, ֆինանսներով, գործընկերներով, թիմով, որոնք հասանելի են այս պահին: Շատ անգամ մենք մտածում ենք, որ ռեսուրսներ չունենք, բայց դա այդպես չէ:

Երբ մարդը հասկացավ՝ ինչ է ուզում անել, պետք է պարզապես սկսի անել: Սկսելն ամենադժվարն է:

Օրինակ՝ հաճախ մեր դասընթացների ժամանակ մի վարժանք ենք տալիս մասնակիցներին՝ քարտեզագրել 10 մարդու, որոնք կարող են 100 դոլլար նվիրել իրենց գաղափարի համար կամ 10 մարդու, որոնք կարող են իրենց 1-2 տարով 2000-3000 դոլլար անտոկոս վարկ տրամադրել կամ մարդու, որը կարող է անվճար գրասենյակ տրամադրել, անվճար հաշվապահություն վարել և այլն: Այսինքն՝ փորձում ենք այնպես անել, որ մարդը հասկանա, թե միայն իր շրջապատում ինչքան մարդիկ կան, որ իրենց հմտություններով կարող են օգնել այդ փուլում որևէ բանի հասնել:

Այս երկուսն են հիմնականում՝ հասկանալ, թե ինչ ենք ուզում անել և սկսել անել: Հետաքրքիր է, որ նույն ներդրողները կամ տարբեր ՀԿ-ներ, երբ տեսնում են, որ մարդը սկսել է ինչ-որ հետաքրքիր գաղափար իրագործել, որը բավականին մեծ օգուտ է տալիս, իրենք ևս ցանկանում են մաս կազմել և օգնել այդ գաղափարի իրականացմանը: Ամեն ինչ սկսվում է անելուց, այլ ոչ թե հակառակը: Չպետք է սպասել հնարավորությանը, պետք է ստեղծել այն և սկսել աշխատել:

Հղումներ

[1] Սոցիալական ձեռնարկատիրությունը կազմակերպության մի տեսակ է, որի ստեղծման նպատակն է լուծել սոցիալական որևէ խնդիր` տվյալ խնդրի լուծման մասշտաբները ընդլայնելու և կայունությունն ապահովելու համար, հաճախ նորարարական լուծումների միջոցով, ստեղծելով լրացուցիչ եկամուտ և նույնիսկ շահույթ (Տես՝ Սոցիալական Ձեռնարկատիրություն: Աշխարհը վերափոխող ձեռնարկությունների ստեղծման և զարգացման ձեռնարկ, Երևան, 2016 թ. էջ 3)

Հեղինակ՝ Հեղինե Ալեքսանյան (Hegnine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: