Կրթության ոլորտը նախընտրական ծրագրերում

Կրթությունը գերառաջնահերթություն է հասարակության, պետության համար: Կրթությունը միշտ միտված է ապագային: Նախընտրական ծրագրերը ևս ապագայամետ իրողություններն պետք է որ լինեն:

Արդ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը առաջադրված բոլոր 9 կուսակցությունների և 2 դաշինքների ներկայացրած նախընտրական ծրագրերից առանձնացրել է կրթությանն առնչվող կետերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

Կրթության համակարգը մեր կարևորագույն մարտահրավերն է։ Այն պահանջում է էական բարեփոխումներ, յուրաքանչյուր ուսանողի և աշակերտի լիարժեք ներգրավում ուսման բոլոր գործընթացներում։ Հայաստանի Հանրապետությունում այժմ առաջնային է մարդկային կապիտալի զարգացումը, որ ենթադրում է ծախսային և ներդրումային առաջնահերթությունների որոշակի վերանայում։

«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

 

 

Կրթությունն անհատի, հասարակության և պետության շահերից բխող գործընթաց է՝ ուղղված ազգային և համամարդկային արժեքների ու գիտելիքների փոխանցմանը սերունդներին և դրանք կրող, հայրենիքի ու մարդկության համար պատասխանատու, ազատ, ստեղծագործող, բարոյական,նախաձեռնող անհատի և քաղաքացու ձևավորմանը, որն իր հերթին միտված է ապահովելու հանրության սոցիալական առաջընթացը:

Կրթության հիմնական առաքելությունն է.

  • ապահովել յուրաքանչյուր անհատի ազատ, կայուն և շարունակական զարգացման համար առավելագույն նպաստավոր պայմաններ և հավասար հնարավորություններ,
  • դաստիարակության և ուսուցման միջոցով նպաստել մարդու մտավոր, հուզական և կամային կարողությունների ներդաշնակ զարգացմանը,
  • սերունդներին փոխանցել մարդկության փորձն ու մշակութային ժառանգությունը, որոնք  հիմք են հանդիսանում հասուն մարդու և արժանապատիվ քաղաքացու ձևավորման ու զարգացման համար։

Որակյալ կրթության ապահովման սկզբունքները

  • Պետության և հասարակության զարգացման նպատակով պետությունն ապահովում է կրթության և գիտության համար բյուջեի առնվազն 4,5%-ի չափով ֆինանսավորում,
  • պետությունը դիտարկում է կրթության ու գիտության զարգացումը որպես հասարակության և պետության զարգացման հիմնական խթան ու շարժիչ ուժ, ուստի դրանց զարգացումը հանդիսանում է ազգային անվտանգության հայեցակարգի մաս,
  • պետությունն ապահովում է ուսումնական հաստատության ապաքաղաքականացված և ինքնավար լինելը` ծրագրի որոշման, մեթոդաբանության ձևակերպման, կրթական պրոցեսի կառավարման և սեփական հայեցողությամբ հաստատության բյուջեն տնօրինելու տեսանկյունից,
  • ուսումնական հաստատության բյուջեն և ծախսերը կառավարվում են բաց և թափանցիկ սկզբունքներով, որոնց ապահովումը թերանալու պարագայում սահմանվում է պատասխանատվություն,
  • պետությունը երաշխավորում է կրթության համակարգի ներառականությունը, բոլորի համար հավասար հնարավորությունները։

Հանրակրթություն

Կրթությունը նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր` ձևավորել անհատ, որը կունենա բարոյական՝ ճշմարիտի, գեղեցիկի և բարու վրա հիմնված իդեալներ, և որն ունակ կլինի  գործնական քայլերի՝ հանուն այդ իդեալների կյանքի կոչման ու պահպանման:

Գիտության սրընթաց զարգացման ու տեղեկատվական հոսքերի արագության պայմաններում գիտական պատկերացումների և տեխնոլոգիաների անընդհատ նորացումը առաջ է բերում դրա մեջ ազատ կողմնորոշվելու խնդիր: Այն լուծվում է ոչ թե գիտելիքների քանակական կուտակման միջոցով, այլ որակապես՝ համապատասխան ընդունակությունների զարգացման միջոցով:

Ժամանակակից կրթության խնդիրն է յուրաքանչյուր անհատի մոտ ձևավորել անծանոթ իրավիճակում կողմնորոշվելու, ինքնուրույն ու անկաշկանդ գործելու ընդունակություն, որի դրսևորումներն են․

  • քննարկան մտագործունեության օգնությամբ դատողությունների ձևավորումն ու որոշումների ընդունումը,
  • մշակութային ճանաչման ու ճաշակի ձևավորման արդյունքում աշխարհի գեղագիտական ընկալումն ու վերապրումը,
  • կամային ընդունակությունների և ստեղծագործական երևակայության զարգացման միջոցով սեփական նախաձեռնությունների հետևողական իրագործումը:

Կրթության բովանդակությունը և մեթոդաբանությունը միտված է հիմնվել ազատության սկզբունքի վրա և ձևավորվել ազատ ստեղծագործական մթնոլորտում՝ կաշկանդված չլինելով ամենօրյա գործունեությունը թելադրող և վերահսկող ծրագրերից, ուսումնական պլաններից, դասագրքերից ու տեսուչներից:

Կրթության չափորոշիչները, ծրագիրը, ուսումնական պլանը և դասագիրքը, ինչպես և դասավանդման մեթոդները, դասի, մեկ ուսումնական օրվա, շաբաթվա, տարվա և ամբողջ դասապրոցեսի կազմակերպումը պետք է հիմնվեն երեխայակենտրոնության սկզբունքի վրա և համապատասխանեն երեխայի՝ առողջ և ներդաշնակ ձևավորման պահանջին:

Կրթությունը պետք է հիմնվի նաև հավասար հնարավորությունների սկզբունքի վրա և կախված չլինի ծնողի նյութական հնարավորություններից ու երեխայի ընդունակություններից:

Մանկավարժի ստեղծագործական ազատությունը, ուսումնական ծրագրերի և դասավանդման մեթոդների երեխայակենտրոնությունը  և երեխաների՝ ծնողների աշխարհայացքին համապատասխանող որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունները հանդիսանում են ժամանակակից կրթահամակարգի ձևավորման երեք կարևորագույն սկզբունքները:

Կրթության «Ոսկե եռանկյուն» ԵՐԵԽԱ – ԾՆՈՂ – ՈՒՍՈՒՑԻՉ

Որտեղ երեխան պաշտպանված է՝

  • նյութական կամ այլ պատճառներով որակյալ կրթությունից զրկվելու վտանգից,
  • որևէ խտրականությունից՝ առողջական, սոցիալական, ազգային, կրոնական կամ այլ,
  • այնպիսի կրթական միջավայրում հայտնվելու հնարավորությունից, որտեղ նրա հոգեկան և ֆիզիկական առողջությունը կարող է լինել վտանգված։

Որտեղ երեխան ունի՝

  • որակյալ, ժամանակակից աշխարհի պահանջներին ու արդի չափանիշներին բավարարող կրթություն ստանալու իրավունք ու բարեկեցիկ կենսապայմաններ ստեղծելու համար բավարար հմտություններ ու անձնային հատկանիշներ զարգացնելու հնարավորություններ,
  • ինքնադրսևորվելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայր,
  • անվճար սնունդ 1-4-րդ դասարաններում (հետագայում անվճար սնունդով պետք է ապահովված լինեն բոլոր երեխաները),
  • իր ունակություններին ու հետաքրքրություններին համապատասխան առարկայական, սպորտային ու մշակութային առանձին ուղղություններով զարգանալու համար արտադպրոցական անվճար խմբակներ հաճախելու իրավունք,
  • կրթության համար պետությունից ստացվող ֆինանսավորում՝ անկախ դպրոցի պետական կամ մասնավոր կարգավիճակից։

Որտեղ ծնողը պաշտպանված է՝

  • դրամահավաքներից,
  • երեխային կրկնուսույցի մոտ տանելուց,
  • երեխայի հետ կամ փոխարեն դաս անելուց,
  • քաղաքական կամ որևէ այլ տեսակի պարտադրանքներից՝ պայմանավորված երեխայի տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու փաստի հետ։

Որտեղ ծնողն ունի՝

  • կրթական հաստատության կառավարմանը մասնակցելու իրավունք և հնարավորություն,
  • իրավունք՝ պետությունից ակնկալելու իր երեխայի համար որակյալ կրթության և անձնային զարգացման համար առողջ միջավայրի ու հնարավորությունների ապահովում,
  • երեխային մինչև ժամը 18:00 դպրոցում թողնելու իրավունք և հնարավորություն,
  • իր երեխայի համար սեփական պատկերացումներին համապատասխան ուսումնական հաստատություն ընտրելու հնարավորություն և պետական ֆինանսավորում՝ անկախ դպրոցի կարգավիճակից։

Որտեղ ուսուցիչը պաշտպանված է՝

  • վերադասի ճնշումներից ու թելադրանքից,
  • քաղաքական, կրոնական և այլ կողմնակի ազդեցություններից։

Որտեղ ուսուցիչն ունի՝

  • սոցիալական երաշխիքներ և արժանապատիվ աշխատավարձ ստանալու իրավունք,
  • 7 տարին մեկ ֆինանսավորվող ակադեմիական արձակուրդ,
  • ստեղծագործական ազատություն՝ երեխաների անհատական կարիքներին համապատասխան մոտեցումների և մեթոդների ընտրության հարցում,
  • դպրոցի կառավարմանը ուղղակիորեն մասնակցելու իրավունք։

Եւ վերջապես, ուսումնական հաստատությունը պաշտպանված է՝

  • քաղաքական կամ որևէ այլ տեսակի ճնշումներից,
  • պաշտոնեական կամայականություններից,
  • քաղաքական և կրոնական քարոզչությունից։

Ուսումնական հաստատությունն ունի՝

  • ինքնավարություն, սեփական կարգավիճակը և կառավարման ձևը որոշելու իրավունք,
  • ստեղծագործական ազատություն՝ իր տեսակը, մանկավարժական ուղղվածությունը և մեթոդները որոշելու հարցում,
  • պետական ֆինանսավորում՝ անկախ կարգավիճակից,
  • գյուղերում կրթական, մշակութային և համայնքային կենտրոն լինելու համար անհրաժեշտ պետական օժանդակություն,
  • սեփական ուժերով մանկավարժներ վերապատրաստելու իրավունք։

Նախնական եւ միջին մասնագիտական կրթություն

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունեն մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Դրա ապահովումն ու մատչելիությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից են:

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման քաղաքականությունն ուղղված է անհատի ինքնության գիտակցմանն ու արժևորմանը նպաստող որակների զարգացմանը, աշխատաշուկայում մրցունակ մասնագետի պատրաստմանը, համամարդկային արժեքների վրա խարսխված, թափանցիկ, հաշվետու և ժողովրդավարական կրթական համակարգի զարգացմանը, անհատական արժեքների ձևավորման համար օրինակ հանդիսանալուն և նպաստավոր միջավայր դառնալուն:

Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումային լայնածավալ ծրագրերի իրականացման պայմաններում համապատասխան կադրերի ապահովումը, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացումը նոր խնդիրներ ու պահանջներ են առաջադրում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում: Տարեցտարի մեծանում է հատկապես նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պահանջարկը` մասնավորապես ծառայությունների մատուցման, սոցիալական և տնտեսական ոլորտներում:

Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացումը պայմանավորված է հետևյալ գործոններով․

  • երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միտումներով,
  • աշխարհում տեղի ունեցող գիտատեխնիկական արագընթաց փոփոխություններով,
  • աշխատաշուկայի պահանջարկի ձևավորվամբ,
  • գյուղական համայնքների երիտասարդության համար կրթության մատչելիության ապահովմամբ,
  • կարողությունների և ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:

ՄԿՈՒ ոլորտի կարևորագույն խնդիրներից է կրթության որակի բարձրացումը՝ ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը՝ քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար պայմաններում:

ՄԿՈՒ ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն են,

  • բացառիկ նվաճումներին միտված ծրագրերը խրախուսող ներդրումային քաղաքականության մշակում,
  • բարեփոխումներն առաջնորդելու կարողությունների հզորացում,
  • հանրությանն անմիջական հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում,
  • կրթության բովանդակության և չափորոշիչների բարելավում,
  • դասավանդող կադրերի և կառավարման աշխատակազմի կարողությունների հզորացում,
  • համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ,
  • միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնում,
  • կրթական ծրագրերի համապատասխանեցում սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին,
  • ուսուցման կարճաժամկետ ծրագրերի մշակում և ներդրում,
  • մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնակցություն մեծահասակների կրթության կազմակերպման ու իրականացման գործում:

ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության լիարժեք ձևավորումը, գործատուների ներգրավումը և ակտիվ մասնակցությունը համակարգի կառավարման աշխատանքներում կնպաստի այդ ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը և զարգացմանը, մասնավորապես՝ արագ արձագանքելու զարգացող տնտեսության որոշ ճյուղերի պահանջներին:

Անհրաժեշտ են նաև արդյունավետ միջազգային համագործակցության զարգացման մեխանիզմներ` այլ երկրների նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ կապ հաստատելու նպատակով: Նման համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել և բարելավել ձեռք բերված արդյունքները` դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար ՄԿՈՒ մատչելիության աստիճանի շարունակական բարձրացում:

Մեծահասակների կրթություն

Մենք գտնում ենք, որ մեծահասակների կրթությունը հիմնարար պայման է ժողովրդավարությունը զարգացնելու, կենսունակ քաղաքացիական հասարակության բարեկեցությունը ապահովելու և առաջընթացը ակտիվացնելու, ինչպես նաև քննադատական մտածողությանն ու հզորացմանը աջակցելու համար: Անհրաժեշտ է դիտարկել և պետության դրական պարտավորություն սահմանել մեծահասակների համար կայուն կրթական բազամազանության ապահովումը, այդ թվում՝ տարրական հմտությունից մինչև լեզվի ուսուցում, մշակութային և ժամանցային դասընթացից մինչև մասնագիտական ուսուցում, ընտանեկան կրթությունից մինչև առողջապահություն: Մեծահասակաների կրթության գործընթացում անհրաժեշտ է մեկտեղել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի առավելությունները՝ տալով նոր հնարավորություններ, ուղի հարթելով զարգացման և ինքնակրթման համար, օգնելով մեծահասակներին/ծնողներին/ երեխաների հետ շփումներում, ակտիվացնելով մարդկանց քաղաքացիական մասնակցությունը, ստեղծագործական ու մշակութային ակտիվությունը։

Մեծահասակների կրթության ապահովումը նպատակ ունի նպաստելու համընդհանուր բարեկեցությանը՝ օրինակ՝ վաղ տարիքում չստացած կրթության պակասը լրացնելով, որը կարող է էապես նպաստել և ակտիվացնել մեծահասակների հանրային ներգրավվածությունը հասարակական կյանքի, որոշումների կայացման գործընթացում: Պետությունը պետք է սահմանի, խթանի և հետամուտ լինի ցկյանս ուսումնառության մեխանիզմների ապահովմանը, շարունակական բարելավմանը և զարգացմանը։

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

Կրթական պետական պատվեր ձևավորելիս առաջնորդվել տնտեսության արդի և հեռանկարային կարիքներով։ 

Բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն։

ԻՄ ՔԱՅԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

 

 

Ներառական, մրցունակ կրթական համակարգ եւ զարգացած գիտություն 

Մեզ համար գերակա նպատակ ենք սահմանելու կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: 

Դպրոցները դառնալու են համայնքային զարգացման կենտրոններ` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին եւ ծառայությունների ցանցի ընդլայնմանը: Կրթօջախները Հայաստանում լինելու են ազատ ստեղծագործման կենտրոններ: Այստեղ է ծնվելու եւ զարգանալու իրավական եւ տնտեսական ոլորտը նորարարությամբ լցնող ուժը: 

Կրթության ոլորտի մեր տեսլականը միտված է պատասխանելու հետեւյալ հարցերին` ի՞նչ գիտելիք, հմտություններ եւ անձնային հատկանիշներ են անհրաժեշտ առաջիկա տասնամյակներում հաջողակ լինելու եւ դրանք իրացնելու համար, եւ ինչպե՞ս կարող է պետությունը բարեփոխել կրթական համակարգը, որպեսզի նպաստի այդ հմտությունների եւ կարողությունների ձեւավորմանը:

Կրթության եւ գիտության պետական ֆինանսավորումը սերտորեն կապակցելու ենք պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին: 

Մեզ համար առանցքային են սովորողների ճանաչողական, անձնային եւ միջանձնային հմտությունների զարգացումը, ուսուցիչների կարողությունների զարգացումը եւ մասնագիտության հեղինակության բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաեւ  կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: 

Մասնավորապես`

  1. ապահովելու ենք նախադպրոցական կրթության որակի եւ հասանելիության բարձրացում` կարեւորելով վաղ մանկության զարգացման դերը անհատի սոցիալ-մշակութային ինքնության ձեւավորման գործում: Այս ուղղությամբ համայնքային իշխանությունների հետ համագործակցության միջոցով բարելավելու ենք նախադպրոցական կրթական հաստատությունների պայմանները, միջազգային լավագույն փորձի եւ բացահայտված կարիքների հիման վրա մշակելու ենք ուսումնական ծրագիր եւ գիտամեթոդական ուղեցույց: Քայլեր ենք ձեռնարկելու նախադպրոցական կրթությունը կրթական ֆորմալ համակարգի պարտադիր բաղադրիչ դարձնելու ուղղությամբ: Մեր թիրախն է մինչեւ 2023 թվականը ապահովել 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ի ներգրավումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
  2. կրթության ոլորտի առաջնահերթություն ենք սահմանելու հանրակրթության զարգացումը, որը ծառայելու է անձնային զարգացմանը, սոցիալական ինտեգրմանը, ակտիվ եւ պատասխանատու քաղաքացու ձեւավորմանը եւ աշխատաշուկայում հեշտորեն ինտեգրվելու նպատակի քաղաքացին պետք է դառնա սովորական երեւույթ մեր իրականության համար: Մեծ ուշադրություն ենք դարձնելու քաղաքացիական, ֆինանսական ու ձեռնարկատիրական կրթությանը եւ մեդիագրագիտության զարգացմանը: Ոլորտի զարգացումը գնահատելու համար Հայաստանը ներառելու ենք «The Programme for International Student Assessment» վարկանիշում: 
  3. մեր ուշադրության թիրախում է լինելու ուսուցիչների մասնագիտական գիտելիքի եւ հմտությունների պարբերական զարգացումը եւ ուսուցչի մասնագիտության հեղինակության բարձրացումը: Մշակելու ենք մանկավարժական կրթության, ինչպես նաեւ ուսուցիչների վերապատրաստման նոր ձեւաչափեր եւ այդ դասընթացների արդյունավետության գնահատման ու վերապատրաստված ուսուցիչների խրախուսման մեխանիզմներ: Ապահովելու ենք ուսուցչի աշխատավարձի աստիճանական բարձրացում եւ մի շարք արտոնությունների տրամադրում` այդ թվում ընդլայնելով սոցիալական փաթեթներով առաջարկվող ծառայությունները: Մեր թիրախն է ուսուցչի մասնագիտության պահանջարկի եւ հեղինակության մեծացումը հանրապետությունում:
  4. բարձրացնելու ենք նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների որակը եւ ընդլայնելու ենք դրանց մարզային ընդգրկումը` ուշադրություն դարձնելով մարզի գերակայություններին եւ տնտեսական մասնագիտացմանը: Մասնավորի հետ համագործակցությամբ՝ մշակելու ենք դուալ կրթության ներդրման ձեւաչափեր:
  5. բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու հատկապես համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը եւ բուհերը գիտության ու նորարարության կենտրոն դարձնելուն, որտեղ կկարեւորվի բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները եւ բուհի` հասարակական եւ գիտական արժեք ստեղծելու մանդատը: Համալսարաններին պատվիրակելու ենք պետության համար առաջնահերթ համարվող մի շարք հետազոտությունների իրականացումը, ինչը նաեւ տանելու է համալսարանների գիտահետազոտական կարողությունների զարգացմանը: Վերանայելու ենք բուհերին տրամադրվող ֆինանսական միջոցների կառուցվածքը եւ թիրախայնությունը` մշակելով ֆինանսավորման մրցակցային մոդել եւ արդյունքում մեծացնելով պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Մեծացնելու ենք ուսանողների շարժունակությունը եւ ապահովելու ենք բարձրագույն կրթության ոլորտում անցումը երրորդ աստիճանին (PhD): Բարձրագույն կրթության հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ ձեռնարկելու ենք միջոցառումներ, որոնք բարձրացնելու են ուսանողների համար ֆինանսների հասանելիությունը պետության համար առաջնահերթ ոլորտներում: Ոլորտի զարգացումը գնահատելու ենք ինչպես միջազգային ուսանողների թվաքանակի ավելացմամբ, այնպես էլ բուհերն ավարտած ուսանողների` աշխատաշուկայում ինտեգրմամբ: 
  6. կրթության եւ գիտության զարգացումը անմիջականորեն շաղկապելու ենք պետության զարգացման ռազմավարական նպատակների հետ: Մեզ համար թիրախային է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Խնդրի լուծման համար առաջին հերթին ուսումնասիրելու ենք աշխատաշուկայի զարգացման միտումները` ըստ այդմ փորձելով համադրել առաջարկն ու պահանջարկը` լուծելով գերկրթվածության եւ թերզբաղվածության խնդիրը: Այդ նպատակով միջին դպրոցում ներդնելու ենք մասնագիտական կողմնորոշման մոդուլներ, խմբակներ, իսկ 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպելու ենք երկշաբաթյա մասնագիտական պրակտիկա, ինչպես նաեւ ավարտական դասարաններում տրամադրելու ենք ամբողջական տեղեկատվություն առկա մասնագիտությունների պահանջարկի, կարիերայի զարգացման հնարավորությունների, աշխատավարձի մասին` ապահովելով աշակերտների տեղեկացված որոշումների կայացումը: Կրթության եւ գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձեւավորման հրամայականը պահանջում է թիրախավորել գիտության զարգացումը, գիտության ոլորտում տասնամյակներով կուտակված հիմնախնդիրների լուծումը, համակարգային բարեփոխումների իրականացումը եւ վերջնարդյունքում՝ ազգային ինովացիոն համակարգի զարգացման նախադրյալների ձեւավորումը: Գիտության զարգացման ուղղությամբ առաջարկում ենք հետեւյալ բարեփոխումները. 1. աջակցելու ենք Հայաստանի համար գերակա ճանաչված գիտական ուղղություններում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների իրականացմանը: 2. իրականացնելու ենք գիտության համակարգի կառուցվածքային բարեփոխում` անցում կատարելով գիտական գործունեության կազմակերպման արդիական, առավել ճկուն եւ ինտեգրացիոն ակտիվություն ենթադրող մոդելներին: 3. մշակելու եւ ներդնելու ենք շահադրդման եւ սոցիալական երաշխիքների ճկուն համակարգ, ինչը կնպաստի հանրային հարաբերություններում գիտական գործունեության հեղինակության բարձրացմանը, գիտական հաստատություններում երիտասարդ կադրերի ներհոսքին, կզսպի գիտական կադրերի արտահոսքը: 4. սերտացնելու ենք կրթություն-գիտություն-տնտեսություն կապը: Այս երեք ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար նոր ձեւաչափեր ենք կիրառելու, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության եւ այլ սկզբունքների ակտիվ կիրառության հիման վրա: 5. աջակցելու ենք գիտական արդյունքի առեւտրայնացմանը` միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող ինստիտուցիոնալ միավորների ձեւավորման միջոցով: 6. զարգացնելու ենք վենչուրային ձեռնարկատիրությունը, վենչուրային հիմնադրամների գործունեությունը` նաեւ դրանց ձեւավորման սկզբնական շրջանում պետության համամասնակցության գործիքի կիրառմամբ:
  7. ապահովելու ենք գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման ծավալների շարունակական ավելացում, նախադրյալներ ենք ստեղծելու գիտական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար: 
  8. քայլեր ենք ձեռնարկելու տարածաշրջանային եւ միջազգային գիտական համագործակցության ակտիվացման ուղղությամբ: 

Վերոնշյալ նպատակներին հասնելու համար նախատեսում ենք կրթության եւ գիտության պետական ֆինանսավորման բարձրացում, ինչպես նաեւ մասնավոր միջոցների ներգավում:

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

Կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսավորման ավելացում՝ ՀՆԱ նվազագույնը 5 տոկոսի չափով։

 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիտարկում է կրթության ոլորտը որպես մարդկային կապիտալի զարգացման և երկրի երկարաժամկետ կայուն զարգացման համար առանցքային նախապայման:

Զարգացած, որակյալ, արդյունավետ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող, ապագային միտված ազգային կրթական համակարգ ունենալը մեր կարևորագուն նպատակներից մեկն է:

Կարևոր ենք համարում հանրակրթության որակի և աշխարհագրական մատչելիության բարձրացումը, վերջինիս բովանդակության և ծրագրերի վերանայումը, նոր սերնդի դասագրքերի ներդրումը, կրթական գործընթացի վերանայումը, ստեղծագործական և վերլուծական մտածողության ձևավորման և զարգացման նպաստումը, ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնումը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակի շարունակական բարձրացումը և ՀՀ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցումը, բարձրագույն կրթության որակի, արդյունավետության և հասանելիության բարձրացումը, կրթական ծրագրերում հետազոտական ու նորարական բաղադրիչների զարգացումը, կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը, առանձին ոլորտներում (օրինակ` բնագիտական, ինժեներական և այլն) գիտակրթական կլաստերների ձևավորումը` բուհ-գիտահետոզատական ինստիտուտ-գործատու ֆորմատով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերոհիշյալ առաջնահերթությունների իրագործման նպատակով իր քաղաքական ծրագրում նախատեսում է հետևյալը՝

  • Ապահովել տնտեսության և կրթության/գիտության միջև սերտ փոխգործակցությունը՝ հարկային արտոնություններ տրամադրելով բուհերի հետազոտական-նորարական նախաձեռնություններում ներդրում կատարող ձեռնարկություններին
  • Բարձրագույն կրթության արտահանման կենտրոնի ստեղծում,
  • Կրթության բոլոր մակարդակներում ձևավորել  կրթական բովանդակության ժամանակակից միտումներին համահունչ մոտեցումներ՝ ապահովելով անցում հիշողության վրա հիմնված ուսումնառությունից դեպի վերլուծական մտածողություն և ինքնաուսուցման կարողություններ, կիրառական հմտություններ,
  • Ապահովել կրթության համադրելիությունը և որակավորումների միջազգային փոխճանաչումը,
  • Կրթության բոլոր մակարդակներում ներդնել նյութական և մարդկային ռեսուրսների ծախսարդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմներ,
  • Ստեղծել տարբերակված կրթական հնարավորություն՝ ըստ ուսումնառողի մասնագիտական աճի նախասիրության և ընդունակության,
  • Նվազեցնել պետության մասնակցությունը կրթական հաստատությունների կառավարմանը՝ երաշխավորելով կրթական և գիտական գործունեության, ռեսուրսների տնօրինման ավելի բարձր մակարդակի ինքնուրույնություն,
  • Ներդնել բուհերի հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմներ, պետական ֆինանսավորումը տրամադրել ոչ թե ըստ ուսումնառողների թվի, այլև կատարողական ցուցանիշների՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով,
  • Կրթության բովանդակությունը նախանշել երեք առաջնահերթությունների թիրախավորմամբ՝ մասնագիտական կրթություն, անձի ներդաշնակ զարգացում (արժեքահեն կրթություն/դաստիարակություն) և բարձր քաղաքացիական գիտակցություն,
  • Իրականացնել կրթության ոլորտում ներգրավված կադրերի շարունակական վերապատրաստում, զարգացման խրախուսում, շրջափուլային գնահատում, տարբերակված վարձատրության մեխանիզմների ներդրում՝ ըստ որակավորման/գիտամեթոդական արդյունքի,
  • Կարևորել փոխանցելի հմտությունների (հաղորդակցության և թիմային աշխատանքի հմտություններ, լեզվական կարողություններ, ՏՀՏ գրագիտություն և այլն) ձևավորումը, ինչպես նաև՝ ինքնուրույն գործունեության, ստեղծարարության և ձեռներեցության կարողությունների ձևավորումը կրթական շրջափուլերի ավարտին,
  • Աշխատանքներ տանել բարձրագույն կրթական հաստատություններին կից  ինկուբատորներ, ստարտափների աջակցության կենտրոններ հիմնելու՝ շրջանավարտների ձեռներեցությունը խթանելու ուղղությամբ,
  • Վերանայել բարձրագույն կրթական հաստատությունների առաջնային գործառույթները՝ խթանելով գիտահետազոտական արդյունքի ստեղծումը,
  • Երկրի զարգացման ռազմավարությանը և համաչափ տարածքային զարգացման առաջնահերթություններին համահունչ նախաձեռնել բարձրագույն կրթական հաստատությունների վերաբաշխման գործընթաց՝ ըստ մարզերի,
  • Ներդնել շրջափուլային մշտադիտարկման և որակի գնահատման մեխանիզմներ կրթական բոլոր մակարդակներում,
  • Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրի միջոցով,
  • Մտավոր սեփականության նոր օգտակար մոդելների, ապրանքային նշանների գրանցում առևտրային համաշխարհային հարթակներում և ԱՄՆ պատենտային բյուրոյում,
  • Նախադպրոցական հաստատությունների  ֆինանսավորման աճ պետական և համայնքային  բյուջեներից կատարվող հատկացումների միջոցով,
  • Ուսումնամեթոդական նյութերի և երաշխավորությունների մշակում` գործատուների ներկայացուցիչների  ներգրավմամբ,
  • Օտարերկրյա  առաջատար բուհերի  հետ փոխանակման և վերապատրաստման ծրագրերի  ծավալների ընդլայնում, ուսանողներին և բուհերին  նպատակային կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրում,
  • Որակավորումների ազգային համակարգի համադրելիության ապահովում Որակավորումների եվրոպական շրջանակին,
  • Մասսայական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ֆիզիկական դաստիարակման, մասսայական սպորտի ենթակառուցվածքների համակարգի զարգացում,
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հաստատությունների ինֆորմացիոն բանկի և ռեեստրի ստեղծում,
  • Կրթության համակարգի՝ որպես  սոցիալական զարգացման գործիքների միասնության բարելավում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով սոցիալական բոլոր խավերի համար  կրթության ծառայությունների հասանելիությանը և ներառականությանը,
  • Խթանել մասնավոր ինովացիոն արտասահմանյան բիզնեսի ներգրավումը գիտության ոլորտ՝ արդյունքների համապատասխան արտոնագրմամբ,
  • Բարձրացնել գիտական արդյունքի առևտրայնացման  և տեխնիկական կիրառման մակարդակը,
  • Հիմնարար գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման պետական  ծրագիր ներդնում,
  • Բոլոր մանկավարժների համար սահմանել անհրաժեշտ նվազագույն շեմ մաթեմատիկա, անգլերեն և համակարգչային հմտություններ առարկաներից. այս նպատակով դպրոցական բազայի հիման վրա ստեղծել մանկավարժների վերապատրաստման կենտրոններ և բոլորին հասցնել այդ մակարդակին,
  • Մանկավարժների աշխատավարձերը կտրուկ բարձրացնել՝ խթանելով լավագույն կադրերի հոսքը դեպի դպրոցներ,
  • Դպրոցների շենքային պայմանների նվազագույն ընդունելի շեմ սահմանել և առաջիկա հինգ տարում վերանորոգել բոլոր այն դպրոցները, որոնք չեն համապատասխանում սահմանված պայմաններին,
  • Դպրոցների նյութատեխնիկական և լաբորատոր պայմանների նվազագույն շեմ սահմանել և առաջիկա հինգ տարում համալրել բոլոր այն դպրոցները, որոնք չեն համապատասխանում սահմանված պայմաններին։

«ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

ՔԺՎԿ-ն կրթության ոլորտում նույնպես կարեւորում է արժեքային համակարգը: Շեշտը դրվում է քրիստոնեական, ազգային արժեհամակարգի վրա: Կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Սուքիասյանի փոխանցմամբ՝ իրենց մոտեցումն այն է, որ երկրի տնտեսությունն ու կրթությունը պիտի փոխկապակցված լինեն: Այդ դեպքում հնարավոր կլինի խոսել, թե ինչպիսի կրթություն է մեզ պետք: Կուսակցությունում անհասկանալի են համարում նաեւ 12-ամյա կրթական համակարգը:

«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

Կրթության և տեղեկատվության մատչելիության ապահովում, քանի որ միայն կրթված ու տեղեկացված քաղաքացին կարող է կատարել գիտակցված ընտրություն և դրանով իսկ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։

Ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների ու ԲՈՒՀ-երի, ինչպես նաև դրանց ուսխորհուրդների ու կառավարման մարմինների ապաքաղաքականացում, ապակուսակցականացում և ինքնակառավարման ապահովում։ Սա ենթադրում է ոչ միայն օրենսդրական մի շարք փոփոխություններ, այլև ֆինանսական ինքուրույնության ապահովում, որը կբացառի պետական միջամտությունը ԲՈՒՀ-երի ներքին գործերին։ Պետք է բացառվի պետական պաշտոնյաների ընդգրկումը ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ու մարմիններում։ Անհրաժեշտ է վերանայել դպրոցների կառավարման ու ինքնակառավարման մեխանիզմները՝ ընդլայնելով դպրոցների ինքնուրույնությունը և ծնողական համայնքի վերահսկողական գործառույթները։ Պետք է բացառել դպրոցների և մանկավարժների ներգրավումը ընտրական ու քաղաքական գործընթացներին։ Պետք է էականորեն բարձրացվի մանկավարժների աշխատավարձը։

Կրթությունը հռչակվելու է տնտեսության գերակա ճյուղ` որակյալ ու մատչելի միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթություն ապահովելու հաշվին արտերկրյա ուսանողների հոսք ապահովելու միջոցով։ Տնտեսության այս ճյուղն ունի մեծագույն ներուժ՝ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը նպաստելու առումով, հատկապես ֆինանսական միջոցների ներհոսքի, անշարժ գույքի շուկայի ու սպառողական ապրանքների վաճառքի տեսանկյունից։

ՄԵՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՆԵՐԿԱ ԵՎ ԱՆՀՈԳ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

Դեպի ապագան կողմնորոշված կրթության քաղաքականության ուղենիշեր
Բարձրագույն կրթություն
Բարեփոխումներ՝ բուհերի ինստիտուցիոնալ և ներքին կառավարման մակարդակներում: Անհրաժեշտ է հիմնովին փոխել բուհերի ռեսուրսների կառավարման (մարդկային, տնտեսական, ֆինանսական և այլն) և ներքին ժողովրդավարության ապահովման կառուցակարգերը: Բուհերը որպես իրենց առաքելություն պետք է հռչակեն կրթությունը, ուսուցումը, վերապատրաստումը և գիտական ու հետազոտական գործունեությունը՝ այդ գործընթացներում հաշվի առնելով էթիկայի, ինքնավարության, պատասխանատվության և բուհից հանրային ակնկալիքների արժեվորման մոտեցումները:

Բարեփոխումներ՝ գիտելիքի ստեղծման ու ձևավորման գործընթացում: Նոր դարաշրջանն այլևս պահանջում է բարձրագույն կրթության համակարգում միջդիսցիպլինար և տրանս-դիսցիպլինար մոտեցումների լայնորեն կիրառում: Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել գիտելիքի ձևավորման ոչ գիտական ձևերի կիրառման հնարավորությունները: Բացի այդ, վաղուց արդեն անհրաժեշտություն է դարձել կրթական համակարգում ուսանողների կողմից ընտրվող առարկաների ցանկի ընդլայնումը, որը հնարավորություն կտա պահանջարկ չունեցող անդեմ, ունիվերսալ մասնագետների փոխարեն պատրաստել նպատակային եզակի մասնագետներ: Ուստի, բուհական մասնագիտացումները պետք է լիարժեք համապատասխան 21-րդ դարի աշխատաշուկային՝ բովանդակությամբ և դասավանդման մեթոդաբանությամբ, ինչպես նաև ապահովեն շրջանավարտների շարժունակություն և միջազգային աշխատաշուկաներում մրցունակ լինելու իրական հնարավորություն:

Կրթական մոդելի բարեփոխում: Անհրաժեշտ է բուհերում ներդնել նոր դասավանդման և ուսուցման մեթոդներ՝ ուղղված քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմանը՝ ըստ անհրաժեշտության ինտեգրելով դրանք դասավանդման ավանդական մեթոդների հետ: Սա պահանջում է մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ դասախոսների պրոֆեսիոնալիզմի բարձրացում և որակյալ դասապրոցեսի ապահովում, ուսումնասկան նյութերի և աղբյուրների էաական փոփոխում, չպահանջված առարկաների, ՛՛մեռած՛՛ կամ անարդյունավետ առարկաների վերանայում կամ վերացում ուսումնական ծրագրերից: Անհրաժեշտ է նաև ուսանողի պատասխանատու և ակտիվ ներգրավում դասապրոցեսին, ուսանող-դասախոս հարաբերությունների՝ ուղղահայացից դեպի հորիզոնականին անցումը, քանի որ կայուն զարգացող բարձրագույն կրթական համակարգի կառուցումն առավել արագ և արդյունավետ է համատեղ ջանքերով և մասնակցային սկզբունքով: Բարձրագույն կրթությունը և ուսուցումը պետք է լինի առավել ակտիվ, կապված իրական կյանքի հետ և ծրագրված/նախագծված լինի ուսանողների հետ՝ նրանց յուրահատուկ պահանջմունքների և ակնկալիքների հաշվառմամբ:

Բարեփոխումներ՝ ուղղված տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ներուժի լիարժեք օգտագործմանը՝ գիտելիքների ձևավորման և տարածման մեջ: Նման փոփոխությունների նպատակն է ստեղծել ՛՛թվային իմաստություն՛՛:

Բարեփոխումներ՝ հանուն սոցիալական պատասխանատվության և գիտելիքի փոխանցման:Բարձրագույն կրթական հաստատության դերը պետք է նկատելի և սպասելի լինի հասարակության համար: Նրանց առաջարկած հետազոտությունները պետք է ունենան սոցիալական լայն պահանջարկ, իսկ դրանց արդյունքները՝ փոխանցվեն հասարակությանը՝ գիտելիքի փոխանցման արդյունավետ մեխանիզմների միջոցով:

Մաթեմատիկայի, բնագիտության, ինժեներիայի, տեխնոլոգիական ոլորտների կայուն և առաջադեմ գիտելիքների ամրապնդում և այդ ոլորոտում պահանջված կրթություն: Այսօրվա աշխատուժի շուկայի հսկայական պահանջարկն է, քանի որ սովորական մեխանիկական և գործավարական աշխատանքը ավտոմատացվում է, ավելի ու ավելի շատ աշխատատեղեր պահանջում են բարձր մակարդակի հմտություններ, որոնք ներառում են քննադատական մտածողության, խնդիրների լուծման, գաղափարները ներկայացնելու ունակությանն ու արդյունավետ համագործակցության հմտություններ, որոնք մեծապես ձևավորվում են այս ոլորտների կրթությամբ:

Շարունակական կրթության արդյունավետ համակարգի ստեղծում և զարգացում: Արագորեն զարգացող աշխարհում այլևս փաստ է, որ մասնագիտական կրթություն ստանալը սահմանափակված չէ անձի կյանքի որոշակի ժամանակահատվածով. ֆորմալ կրթությունը ներկայումս միտված է ողջ կյանքի ընթացքում մարդկանց վերապատրաստելու նպատակին: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ նախադրյալներ այս ուղղությամբ կրթական համակարգը բարելավելու համար:

Գիտական հետազոտությունների ծավալի մեծացում և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնում։  Նախատեսել միջոցներ պետական բյուջեից, որոնք ուղղված կլինեն ոլորտային հետազոտությունների իրականացման վրա։

Դասախոսների աշխատավարձերի բարձրացում՝ առաջարկելով բուհերին վերանայել և բարեփոխել բուջետային պլանավորման և ֆինանսական մոդելները:

Հանրակրթություն և միջին մասնագիտական կրթություն
Ուսուցչին արժանապատիվ աշխատավարձ:
Միջին մասնագիտական կրթության դերի վերահաստատում և միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատուժի պահանջարկի ավելացում աշխատաշուկայում։ Միջին մասնագիտական կրթությունը դարձնել բավարար որակյալ, ինչը հնարավորություն կտա այս ոլորտի շրջանավարտ մասնագետներով ձևավորված շերտը դարձնել պահանջված աշխատաշուկայում։
Մարզերում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնում՝ մարզի տնտեսական զարգացման հեռանկարին համապատասխան:

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

Կրթության ոլորտում անվճար մանկապարտեզների ցանցի ձևավորում ՀՀ մարզերում և համայնքներում: Ուսումնարանների, քոլեջների համակարգի զարգացում, բուհերում ընդունելության քննությունների վերացում, սոցիալապես անապահով ընտանիքների համար անվճար կրթության երաշխավորման մեխանիզմների սահմանում, պետպատվերի փոխարեն այդ անձանց գումարային կրթական սերտեֆիկատների տրամադրում:

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

Քայլեր ձեռնարկել կրթության համակարգը 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին համապատասխանեցնելու համար:

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

Բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն ցանկություն և համապատասխան գիտելիքներ, պետք է պետության կողմից   ստանան անհրաժեշտ աջակցություն՝ երկարատև վարկերի և դրամաշնորհների տեսքով բարձրակարգ ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը սկսելու կամ շարունակելու համար:

Ուսումն ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում նրանք կարող են մարել իրենց պարտքը: Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: Բուհական համակարգում պետք է արմատապես փոփոխել ընդունելության քննությունների կարգը՝ բացառելով ցածրամակարդակ  կրթական ծառայությունների տրամադրումը մեր երիտասարդ քաղաքացիներին: