Ակադեմիկոս ԱՆԴՐԵՅ ՍԱԽԱՐՈՎԻ հիշատակին

Հին Հռոմում յուրաքանչյուր մարտից առաջ գլադիատորները  խոնարհվում էին կայսերական օթյակի առջև և հղում էին ավանդական ողջույնը. «Ողջու՜յն կեսար, մահվան գնացողները ողջունում են քեզ»: Այս սահմռկեցուցիչ ողջույնը երևի շատ-շատերի ուղեղում էր պտտվում ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի այն օրը, որը հետագայում լրագրողների կողմից դիպուկ կերպով մկրտվեց որպես «աֆղանցիների օր»: Այդ օրը մահվան վայրից վերադարձած, հաշմված մի խումբ երիտասարդներ ողջունում էին իրենց ահավոր մի գլադիատորական մարտի ուղարկած կենդանի ու մեռած կեսարներին: Խոնարհվում էին և ողջունում, որովհետև լուսե հայացքով պապիկի բերանով բարձրաձայն խոսելու իրավունք էր ստացել չբռնադատված խիղճը, որն ահեղ դատաստանի պես հաշիվ էր պահանջում բոլոր կեսարներից՝ ինը տարի տևած մարդակերական խնջույքի համար:

Իմ լավ, լուսաչք պապիկ…

Խե՜ղճ գլադիատորներ: Դուք չեք սիրում կեսարներին: Դուք էլ ինձ նման կամ, ո՞վ գիտե, ավելի շատ ատում եք նրանց, բայց ձեզ իսկ խոստովանել չեք կարող: Որովհետև դրանից հետո կավե կժի նման ջարդվում է այն գեղեցիկ հեքիաթը, թե հրի ու ջրի միջով դուք անցել եք բարին փրկելու, անմեղ մանչուկի ու նրա սևաչ մայրիկի արտասուքը սրբելու համար: Այնինչ, վայրի մի ցասումով դուք սպանել ու խողխողել եք ձեր բախտակցին ու եղբորը՝ միայն այն բանի համար, որ նա չէր ուզում քո կեսարի գլադիատորը դառնալ: Ու հիմա էլ նույն ցասումով դուք պատրաստ եք խողխողել լուսաչք պապիկին, և հիմա էլ բոլոր մեծ ու փոքր կեսարներն են հոտնկայս ողջունում քեզ…

Իմ լավ, լուսաչք պապիկ…

Որքան կուզեի կողքիդ լինել, նեցուկ կանգնել քեզ, բռնել սրբապատկեր քարկոծող ձեռքերը, գոցել աստվածանարգ բերանները: Մինչդեռ էլի դու կարողացար անգամ այս պահին նեցուկ կանգնել ինձ ու ընկերներիս, ի լուր աշխարհի հայտարարել մեր դատի արդարության մասին…

Հիշու՞մ ես, պապիկ: Տարիներ առաջ քստմնելի մի չարագործության՝ տասնյակ անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների վայրենի սպանության մեջ կեսարներն ու նրանց անմռունչ կամակատարները մեղադրում, գանակոծում և քարկոծում էին մեր երեք եղբայրներին: Ես ևս՝ 17-ամյա տհաս մի մանչուկ, «անմեղ մի զայրույթով» պատրաստ էի մի քար էլ ինքս նետել, երբ հանկարծ լսվեց առաքելական քո ձայնը. «Զատիկյանը և նրա ընկերներն անմեղ են»: Եվ ամեն ինչ իր տեղն ընկավ. մարդիկ հասկացան, որ արյունոտ խնջույքի համար հերթական զոհ են հոշոտել:

Իմ լավ, լուսաչք պապիկ: Իմ անուշ, ամեն ինչ հասկացող ու ներող պապիկ…

Մի նեղացիր գլադիատորներից: Նրանք չգիտեն, որ մարդակերական վերջին խնջույքն սկսելիս դու առաջինը քո արդար ձայնը բարձրացրիր և, ո՞վ գիտե, եթե ես և իմ նմանները չվախենային ու իրենց ձայնը միացնեին, գուցե թե կարողանայինք կանխել ահավոր չարագործությունը: Մենք վախեցանք, իսկ կեսարները քեզ չներեցին: Ներիր, պապիկ: Ներիր և գլադիատորներին, որովհետև նրանք «ստրուկ են և այն պատճառով, որ պոեզիա են տեսնում նյութական ուժի և փառք՝ ժողովուրդներին սարսափեցնող խրտվիլակ լինելու մեջ»:

Իմ լավ, լուսաչք պապիկ…

[մայիս, 1989 թ.]


Հատված Համբարձում Գալստյանի «Չգրված նամակներ» գրքից (Երևան, 2013)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ