Վաղուց էի մտադիր քեզ հետ մտքերս կիսել լեզվական քաղաքականության մի շարք էական, այսօր արդեն մեր ժողովրդի համար ճակատագրական դարձած հարցերի շուրջ: Մինչ այդ, սակայն, կուզենայի մի փոքր դիպված պատմել: Տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեց մասնակցել գիտաժողովի՝ նվիրված Խորհրդային Միության ժողովուրդների էթնոմշակութային զարգացմանը: Զեկուցողը, երկրում բավական հայտնի գիտնական, խոսելով Սիբիրի մեծաքանակ ժողովուրդներից մեկի մասին, նշեց, որ նրա լեզվական վարքում գերակշռում է ռուսերենը, և եթե ոմանք էլ տիրապետում են իրենց ազգային լեզվին, ապա միայն տարեցները, այսինքն՝ ազգային լեզուն արդեն դատապարտված է: Ինձ ապշեցրեց գիտնականի ակադեմիական հանգստությունը. չէ՞ որ իր գիտական հետաքրքրություններով ու կոչմամբ նա պարտավոր էր դողալ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքների համար՝ անկախ նրա քանակից կամ զարգացման մակարդակից: Դահլիճը ոչ միայն չընդդիմացավ այդ տեսակետին, այլև ընդունեց որպես միանգամայն առաջադիմական քայլ՝ նոր տիպի պատմական հանրության ստեղծման ճանապարհին: Նույն գիտաժողովում ես բավական հախուռն և, ինչպես հետո նշեցին, ոչ պատշաճ ելույթ ունեցա. վերապատմեցի նախորդ օրը «Պրավդայում» տպագրված մի հոդված, ուր խոսվում էր այն մասին, թե ինչպես միջազգային կորպորացիաների գիշատչական գործունեության հետևանքով Բրազիլիայի ջունգլիներում անհետացման եզրին է կանգնած խիստ հազվագյուտ թութակի մի տեսակ: Ծավալուն հոդվածում նկարագրվում էր թութակների այդ տեսակի յուրօրինակությունը, ինչպես նաև թվարկվում էր Բրազիլիայի և ընդհանրապես Լատինական Ամերիկայի բուսական և կենդանական աշխարհի այն ներկայացուցիչների ցուցակը, որոնք կանգնած են անհետացման եզրին: Ես, ինչ խոսք, երկու ձեռքով կողմ եմ բույսերի ու կենդանիների և, ընդհանրապես, էկոլոգիական հարցերի նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունք դաստիարակելուն, սակայն նման մոտեցման դեպքում ինձ ցավ է պատճառում և վիրավորում մեր վերաբերմունքը լեզուների՝ ինչպես մեր, այնպես էլ մնացած բոլորի հանդեպ: Ես, օրինակ, գրականության մեջ համարյա չեմ հանդիպել տագնապի այն մասին, որ ԽՍՀՄ տարածքի այս կամ այն լեզուն կանգնած է կործանման եզրին, և անհրաժեշտ են արտակարգ միջոցներ այն պահպանելու համար: Մինչդեռ խորհրդային իշխանության տարիներին երկրի տարածքում անհետացել են շուրջ 30 բնիկ լեզուներ, և այդ գործընթացն այսօր շարունակվում է:
Մանկապարտեզից, դպրոցական և բուհական ամբիոններից մեզ անընդհատ, տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ կգա այն լուսապայծառ ապագան, երբ բոլոր լեզուները կանհետանան, և մարդկությունը միալեզու կդառնա: Ընդ որում, միշտ հղվում էին այնպիսի հեղինակություններ, որոնց մտքերի հետ վիճելու համարձակություն, կամ ավելի ճիշտ՝ անխոհեմություն ունենալու դեպքում կարելի էր ոչ միայն հերետիկոսի համարում ձեռք բերել, այլև լուրջ նախապայմաններ ստեղծել քրեական օրենսգրքի մի շարք բավական տհաճ հոդվածների հետ հանգամանորեն ծանոթանալու համար: Մինչև վերջերս լեզվական և, ընդհանրապես, ազգային քաղաքականության տարբեր բարդ ու բազմաբնույթ պրոբլեմների վրա թաբու էր դրված. այդ քաղաքականությունն անվանվում էր լենինյան, և դրանով իսկ բոլոր հնարավոր հարցերի առաջն առնվում էր: Թե ինչի դա հասցրեց՝ այսօր արդեն ակնհայտ է: Որ այդ լենինյան ազգային-լեզվական քաղաքականությունն ունեցել է իր ստալինյան դժնդակ փուլը՝ նացիոնալիզմի և կոսմոպոլիտիզմի դեմ մղվող պայքարով հանդերձ, որ այն ահավոր ձևախեղման է ենթարկվել բրեժնևյան երկերեսանիության տարիներին՝ այդ մասին համարյա չէր խոսվում: Չէր խոսվում նաև, թե ազգային շրջաններում ու հանրապետություններում այդ քաղաքականությունն ինչպես են իրացրել զանազան ռաշիդովները, բոդյուլները, կունաևներն ու ալիևները:[1] Եվ այսօր միութենական հանրապետություններ կազմող մի շարք մեծաթիվ ժողովուրդների հետ միասին մեր ժողովուրդն էլ կանգնած է իր ազգային լեզուն կորցնելու իրական հեռանկարի առջև: Լիովին գիտակցում եմ, որ այս խոսքերը ոմանք կարող են գնահատել որպես կեղծ, վաղաժամ տագնապ, դրա համար էլ կցանկանայի ասածս հիմնավորել:
Լեզուն ապրում և զարգանում է այն դեպքում, երբ սպասարկում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները, ընդ որում լեզվի զարգացման գործում տարբեր ոլորտների դերը ամենևին միանշանակ չէ: Կենսական նշանակություն ունեն վարչական և պաշտոնական գրագրության, գիտության և տեխնիկայի, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներ: Եվ հենց այստեղ է, որ վերջին տարիներին մեր հանրապետության հիմնական էթնիկական հանրության լեզուն սկսել է տագնապալի արագությամբ զիջել դիրքերը: Հայոց լեզուն հալածված է գրեթե բոլոր նախարարություններից ու գերատեսչություններից, խորթ որդի է բոլոր մակարդակի կուսակցական կազմակերպությունների համար ևս: Միայն մի օրինակ: Վերջերս բախտ վիճակվեց մասնակցել հանրապետության Գերագույն խորհրդի նիստին: Ռադիոֆիկացված դահլիճում հնչող հայերեն բոլոր ելույթները թարգմանվում էին հայերեն չհասկացող երեք մարդու համար, մինչդեռ խորհրդարանում հնչող ռուսերեն ելույթներից ոչ մեկը հայերեն չթարգմանվեց: Ցավալի էր, որ պատգամավորներից ոչ մեկի մեջ այս երևույթը բողոք չէր առաջացնում, էլ չեմ խոսում այն մասին, թե որքանով բարոյական է այդ դահլիճում ամբիոն տրամադրել այն մարդկանց, ովքեր չեն տիրապետում հանրապետության հիմնական էթնիկական հանրության, ասել է թե՝ բնակչության ավելի քան իննսուն տոկոսի լեզվին: Նույն անմխիթար վիճակն է նաև գիտության բնագավառում: Հնարավոր ընդդիմախոսներիս առաջարկում եմ մտնել յուրաքանչյուր ոչ հայագիտական ինստիտուտ և ծանոթանալ, թե որ լեզվով է տարվում գրագրությունը: Ավելին: Վաղուց արդեն մենք կաթվածահար չենք լինում այնպիսի վայրենության ականատես լինելուց, երբ հայագիտական հիմնարկում, գիտական ամենաբարձր տիտղոսներ ունեցող անձինք հայ լսարանի համար ելույթ են ունենում ռուսերեն: Մշակութային բնագավառում հաղորդակցվող լեզուների փոխհարաբերության մասին ամենապերճախոս կերպով կարող է վկայել Կոմիտասի անվան երաժշտանոցը: Այս հիմնարկությունում, որն ամենայն հավանականությամբ առաջին հերթին կոչված է հայկական երաժշտության արժեքներն ուսումնասիրելու և ժողովրդականացնելու, յուրաքանչյուր երրորդ ուսանող իր կրթությունն ստանում է ոչ մայրենի լեզվով: Էհ, մնանք սպասող, որ երաժշտանոցի շրջանավարտները «Հորժամ բացվին դռներն հուսո» երգեն…
Կրթության և, մանավանդ, դպրոցական կրթության ոլորտում տիրող իրավիճակի մասին այսօր բավականաչափ խոսվում է: Կուզեի միայն նշել, որ ազգային լեզուների ձուլմանն ուղղված պետության լեզվական քաղաքականությունն առավել ակնհայտ ու անսքող հենց այս բնագավառում է երևում, ինչը բացատրվում է այդ բնագավառի բացառիկությամբ: Ամեն ինչ արվել է ռուսալեզու դպրոցների համար նախընտրելի և բացառիկ պայմաններ ստեղծելու, այդ դպրոցները վերնախավային դարձնելու համար: Ասածիս հիմնավորումը կարող է լինել թեկուզ Երևանի Չեխովի անվան ռուսալեզու դպրոցի շքեղաշուք շենքը: Ես հակված չեմ պատահական համարել նաև այն հանգամանքը, որ Երևանի ընդամենը 3 դպրոցի առջև է գետնուղի կառուցված, և այդ երեքն էլ ռուսալեզու են:
Ինչևէ, իմ խորին համոզմամբ, մեզանում վաղուց արդեն հասունացել է լեզվի մասին օրենք ընդունելու հարցը, որը հանրապետության սահմանադրության 72-րդ հոդվածը՝ պետական լեզվի մասին, վերջապես գործի կդնի: Այդ օրենքը պետք է իրավական մի հզոր լծակ ստեղծի, որը պետք է արգելք հանդիսանա և ի չիք դարձնի հանրապետությունում ընթացող լեզվական ուծացումը: Այն պետք է հայոց լեզվին վերադարձնի նրա գերապատիվ դերը հանրապետության հասարակական կյանքում և Հայաստանը դարձնի յուրօրինակ արգելանոց կամ ռեզերվացիա (այդ բառերի լավագույն իմաստով) հայոց լեզվի համար:
Օրենքը պետք է իրական երաշխիքներ ստեղծի Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրում և յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկությունում հայերենով դիմելու և հայերենով պատասխան ստանալու մասին: Սա պետք է լինի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու տարրական իրավունքը և յուրաքանչյուր ձեռնարկության պարտականությունը: Հանրապետության տարածքում ամբողջ ներքին գործավարությունը պետք է ընթանա միմիայն հայերեն, ինչը կտրուկ կբարձրացնի լեզվի հասարակական կարգավիճակը: Ինչ խոսք, գործավարության բնագավառում հայերենին վերադառնալը որոշակի դժվարությունների և ծախսերի հետ է կապված, սակայն այստեղ զուտ հաշվապահական մեթոդներով շարժվելը հանցավոր տգիտություն է:
Հայոց լեզվի մասին օրենքում պետք է շատ հստակ արձանագրվի այն պահանջը, որ հասարակական կյանքի մի շարք ոլորտներում (սպասարկման, մշակույթի, առևտրի, իրավակարգի պահպանության), ինչպես նաև խորհրդային հիմնարկներում և հասարակական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր չեն տիրապետում հանրապետության պետական լեզվին: Ամենայն հավանականությամբ պետք է մշակվի որոշակի մեխանիզմ այս պահանջի իրական, ոչ ձևական առումով գործելու համար: Այս հանգամանքը ոչ մի կերպ ճնշում համարել չի կարելի, ինչպես, օրինակ, պնդում են Մերձբալթյան հանրապետությունների ռուսալեզու բնակչության մի շարք ներկայացուցիչներ: Հանրապետության հիմնական էթնիկական հանրության լեզվին տիրապետելու պահանջն այդ աշխատողների համար պետք է դիտվի որպես մասնագիտական գիտելիքների կարևորագույն բաղկացուցիչ տարր: Ամեն ինչից բացի լեզվի իմացությունը նշանակում է կրթական ու մասնագիտական որոշակի մակարդակ, և որոշակի բնագավառներում այդ մակարդակի պարտադիր լինելը ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես մարդու իրավունքների ոտնահարում, ինչպես շատ դեպքերում մեկնաբանում են լեզվի մասին օրենքի հակառակորդները: Ինչ խոսք, հանրապետությունում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները հայոց լեզուն ուսումնասիրելու համար:
Կուզենայի վերջացնել Չինգիզ Այթմատովի խոսքերով. «Լեզվի ընտրության ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ընտրության ազատությամբ, այնպես էլ քեզ ծնող և իր ամենամեծ հարստությունը՝ մայրենի լեզուն, տվող ժողովրդի նկատմամբ ունեցած քաղաքացիական զգացումով»:
Երևան
18.07.89թ.
* Ծանոթագրությունները հեղինակինն են և նախատեսված են եղել անգլերեն թարգմանության համար։
[1] Շ. Ռ. Ռաշիդովը եղել է Ուզբեկստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը (1959-83 թթ.), Ի. Ի. Բոդյուլը ղեկավարել է Մոլդավիայի կոմկուսի կենտկոմը (1961-80 թթ.), Դ. Ա. Կունաևը 1960-62 և 1964-86 թթ. եղել է Ղազախստանի կոմունիստների ղեկավարը, իսկ Հ. Ա. Ալիևը ղեկավարել է Ադրբեջանի կոմկուսը 1969-82 թթ. (Ծ.Կ.):
Հատված Համբարձում Գալստյանի «Չգրված նամակներ» գրքից (Երևան, 2013)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ