Չինաստանը աշխարհի երկրորդ տնտեսությունն է և առաջինը լինելու համար մրցում է ԱՄՆ-ի հետ: Ստացվում է, որ կոմունիստական համակարգը, դեմոկրատականին չզիջելով, թույլ է տալիս մեծ երկրին հարստանալ, և կարելի՞ է մոռանալ մարդու իրավունքների, ազատ դատարանների և բարենպաստ բիզնես-միջավայրի մասին:
Իհարկե ոչ: Չինաստանը ունի Հոնկոնգ՝ պատուհան դեպի աշխարհ, որով անցնում է դրամային քամի՝ շունչ հաղորդելով չինական և համաշխարհային տնտեսություններին:
Արևմտյան երկրները մեծ ներդրումներ են կատարում չինական տնտեսությունում. կարում են հագուստ, հավաքում են հեռախոսներ և այլն: Չինաստանը ևս ակտիվորեն ներդնում է միջոցներ Արևմտյան երկրների տնտեսություններ՝ կառուցելով էլեկտրակայաններ, կամուրջներ և ճանապարհներ, գնում է ընկերություններ և բանկեր: Այս ամբողջ գործունեությունը իրենից ներկայացնում է տարեկան միլիարդների հասնող գործարքներ, և այդ միջոցների մեծ մասը անցնում է Հոնկոնգի միջոցով. չինական արտաքին ուղղակի ներդրումների գրեթե 60%-ը և սեփականաշնորհված կապիտալի 70%-ը:
20 տարի անց, սակայն, երբ Հոնկոնգը նորից անցավ Պեկինի տիրապետության տակ, բրիտանական նախկին տարածաշրջանի համար սկսեցին գորշ ամպեր կուտակվել. Չինաստանը գնալով ավելի շատ է ուժ գործադրում Հոնկոնգի վրա:
Դեպի աշխարհ տանող չինական պատուհանը սպառնում է փակվել, ինչը բազում խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող երկրի համար, այլև համաշխարհային տնտեսության: BBC-ի ռուսական ծառայությունը հետազոտել է, թե ինչու է Հոնկոնգը Չինաստանի համար կարևոր այնպիսին, ինչպիսին որ հիմա է:
Մի երկիր՝ երկու համակարգ
Չինաստանը նախորդ դարի վերջերին, երբ վերադարձրեց Հոնկոնգը, վերջինիս կյանքը չվերափոխեց համաձայն կոմունիստական կարգերի, այլ թողեց ամեն ինչ նույնությամբ՝ հետևելով չինական տնտեսական հրաշքի հայր Դեն Սյաոպինի թողած հորդորներին:
Հոնկոնգում գործում են ուրիշ օրենքներ, քաղաքական համակարգ, անձնագրեր և նույնիսկ լեզու: Դատական համակարգը անկախ է և գործում է անգլիականի հիմքով: Բնակիչներին թույլ է տրվել պահպանել խոսքի ազատությունը, հավատքը և հավաքներ իրականացնելու իրավունքը: Բացի այդ Հոնկոնգը համարվում է Համաշխարհային առևտրային կազմակերպության առանձին և լիիրավ անդամ, որն ունի իր արժույթը, առևտրային քաղաքականությունը և ֆինանսական կարգավորումները: Այս ամենի շնորհիվ Հոնկոնգը միավորում է միմյանցից ծայրահեղորեն տարբերվող քաղաքական համակարգերը՝ չինական կոմունիզմը և արևմտյան դեմոկրատիան: Հոնկոնգը թույլ է տալիս վերջիններիս առևտուր անել միմյանց հետ, կատարել ներդրումներ, քանի որ այստեղ գործում են կանոններ, որոնք ապահովում են մրցակցությունը, միջոցների ամբողջականությունը և պահպանումը ավելի լավ, քան դա կարող է իրականացնել Չինաստանի ազգային դատարանը կամ պոլիտբյուրոն:
Այս ամենը բավական է, որպեսզի Հոնկոնգը համարվի համաշխարհային ֆինանսական երրորդ մայրաքաղաքը Լոնդոնից և Նյու-Յորքից հետո և արդեն քառորդ դար ճանաչվի աշխարհի ամենաազատ տնտեսություն:
Heritage Foundation-ի տնտեսական ազատության վարկանիշային ցանկում Չինաստանը զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը 180 երկրի շարքում. երկու հորիզոնական ավելի ցածր ՌԴ-ից: Ավանդական առաջին հորիզոնականի համար Հոնկոնգը վաղուց մրցակցում է Սինգապուրի հետ, և վերջին տարիներին նրանց միջև եղած բացը կրճատվել է՝ հասնելով նվազագույնի:
«Առանց ամուր և անկախ դատական համակարգի Հոնկոնգը կկորցնի իր բացառիկ առավելությունները, որոնց շնորհիվ դարձել է ֆինանսական մայրաքաղաք: Ասիայում քիչ չէ քաղաքների թիվը, ուր գործում են ցածր հարկեր և կան ներդրումային բարենպաստ պայմաններ»,-նախազգուշացնում է Heritage Foundation-ի փորձագետ Թերրի Միլլերը:
«Իսկ եթե ներդրողների և նրանց սեփականության պաշտպանությունը վատթարանա, համաշխարհային բիզնեսը կսկսի տեղափոխվել Հոնկոնգից: Դա կպայթեցնի վերջինիս տնտեսությունը և կզրկի Չինաստանին Արևմուտքի հետ կապող ֆինանսական կամրջից»,-գրում է նա:
ԱՄՆ-ի հետ պատերազմի երկրորդ ճակատ
Եվ դա արդեն տեղի է ունենում. Հոնկոնգի տնտեսության վրա վատ ազդեցություն է թողնում առևտրային պատերազմը, որը սկսել է Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև եղած առևտրային դեֆիցիտը կրճատելու նպատակով: Դեֆիցիտն, ի դեպ, միայն աճել է, և պատերազմի ավարտը չի երևում:
Հոնկոնգը ուղղակիորեն չի մասնակցում այս բախմանը, քանի որ ԱՄՆ-ն վերջինիս վերաբերվում է որպես Չինաստանից անկախ տնտեսական գործընկերոջ: Բացի այն, որ Հոնկոնգը համարվում է Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ, ԱՄՆ-ի և Հոնկոնգի հարաբերությունները ամրագրված են նաև ամերիկյան հատուկ օրինագծով, որին ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն է տվել դեռևս 1992 թվականին, այսինքն՝ բրիտանական տարածքի՝ Չինաստան վերադառնալուց 5 տարի առաջ:
Այդ պատճառով Թրամփի հակաչինական տուրքը չի ազդում Հոնկոնգի վրա: Եվ ոչ միայն տուրքը, այլև ուրիշ սահմանափակումներ, ինչպիսիք են կապիտալի և տեխնոլոգիայի փոխանակումը:
Սակայն միևնույնն է Հոնկոնգը ևս տառապում է պատերազմից: Հոնկոնգով անցնող փողի հոսքը կրճատվում է. արևմտյան ընկերությունները տեղափոխում են իրենց բիզնեսը Չինաստանից ուրիշ երկրներ, կրճատում են ներդրումները, իսկ չինացիների մոտ ավելի է քչանում ազատ կապիտալը տնտեսության արգելակման և վարկավորման կրճատման պատճառով:
Եվ եթե աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկի բողոքի ցույցերով լի փողոցներով անցնեն չինական տանկերը, Հոնկոնգը կարող է վերածվել ԱՄՆ-ի հետ պատերազմի երկրորդ ճակատի:
Կոնգրեսում վաղուց քննարկվում է մի օրինագիծ, ըստ որի նախատեսվում է զրկել Հոնկոնգին բոլոր առևտրային և տնտեսական արտոնություններից: Հոնկոնգում ազատության ճնշումը կտրուկ կբարձրացնի տվյալ օրինագծի հաստատվելու հնարավորությունները: Բացի այդ կզրկի Թրամփին արդեն իսկ ներմուծած տուրքերը նվազեցնելու հնարավորությունից, որոնք հարված են հասցնում ոչ միայն Չինաստանին, այլև ԱՄՆ-ին. հանդարտեցնել բռնակալներին՝ առևտրում զիջումներ անելով, խնդրահարույց է մի երկրի համար, որը հավակնում է դառնալ ազատ աշխարհի առաջատարը։
Համաշխարհային տնտեսության համար այս ամենը վատ նորություն է։ Առևտրային կոնֆլիկտը արդեն իսկ ազդում է համաշխարհային տնտեսության վրա և որքան երկար այն շարունակվի, այնքան ավելի է հակազադելու հարստության աճին և աղքատության կրճատմանը։
Կապրի՞ արդյոք Չինաստանը առանց Հոնկոնգի
Հոնկոնգի տնտեսությունը առանց պատերազմի էլ գտնվում է ծանր վիճակում: Ժամանակին աշխարհի ամենամեծ առևտրային նավահանգիստներից մեկը Չինաստանին միանալուց հետո սկզբում իր տեղը զիջեց Շանհային, իսկ հիմա ընդհանրապես գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Չինաստանի տնտեսությունը արձանագրում է աճ, իսկ Հոնկոնգի մասնաբաժինը Չինաստանի տնտեսությունում կրճատվում է. Չինաստանին միանալիս 1990-ական թթ. Հոնկոնգի մասնաբաժինը գերազանցում էր Չինաստանի ՀՆԱ-ի ¼-ը, իսկ այժմ կազմում է ընդամենը 3%-ը:
Հոնկոնգի բնակչությունը անընդհատ իրականացնում է ցույցեր՝ դժգոհելով սահմանափակ ազատությունից: Բողոքի ցույցերը էլ ավելի են ազդում տնտեսության վրա, քանի որ վանում են զբոսաշրջիկներին և անշարժ գույքի գնորդներին, իսկ կազմակերպությունները, ենթարկվելով կառավարության ճնշումներին, փորձում են կանխել իրենց աշխատակիցների քաղաքական ակտիվությունը, ինչը հանգեցնում է գործադուլների և աշխատանքից մասսայական ազատումների:
Եթե Հոնկոնգից օգուտը գնալով քչանում է և ավելանում են խնդիրները, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները առանց այդ էլ վատ են, հարց է առաջանում, թե արդյո՞ք Չինաստանը չի որոշի օգտվել հարմար իրավիճակից և մեկընդմիշտ լուծել Հոնկոնգի խնդիրը: Դա անելու համար Չինաստանը ստիպված է լինելու խախտել միջազգային պայմանավորվածությունները: Տարածքի հանձնման ժամանակ Չինաստանը պարտավորվում էր պահպանել նրա ներքին անկախությունը մոտակա 50 տարիների ընթացքում: Անցել է 20 տարի, և Պեկինը երբևիցե գործընթացը արագացնելու ցանկություն չի հայտնել։ Բացի այդ, վերջին խորհրդի ժամանակ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը գովում էր «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը, ինչը շատերի կողմից ընկալվել է որպես ակնարկ, ըստ որի Չինաստանը պատրաստ է 2047 թվականից հետո էլ պահպանել Հոնկոնգի ավտոնոմ ռեժիմը։
Հոնկոնգի՝ որպես ֆինանսական կենտրոնի և կապիտալի տեղաբաշխման գործառույթը կարևոր է Չինաստանի տնտեսության համար, վստահ է տեղի ֆոնդային բորսայի ղեկավար Չարլզ Լին։
«Վերջին 20-30 տարիների ընթացքում Չինաստանը ներգրավում էր կապիտալ։ Սակայն ապագա 20 տարիների ընթացքում լինելու են մեծ փոփոխություններ։ Այժմ Չինաստանն էլ ունի բավականաչափ կապիտալ, և դրա արագ և ճիշտ տեղաբաշխումը դառնում է առավել ակտուալ և հրատապ խնդիր»,-ենթադրում է Լին։
Հոնկոնգի բորսան, որը համարվում է աշխարհի ամենախոշոր բորսաներից մեկը, իր դիրքերը զիջում է Շանհայի ֆոնդային բորսային, սակայն, միևնույն ժամանակ, մնում է չինական ընկերությունների համար արտասահմանյան կապիտալի ներգրավման հիմնական վայր։ Անցյալ տարի չինական կազմակերպությունները Հոնկոնգում վաճառել են 35 մլրդ դոլլար արժողությամբ բաժնետոմսեր․ մեկ ու կես անգամ ավել, քան Չինաստանում։ Եվ եթե չինական հսկա Alibaba ընկերությունը իր բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման համար ընտրել էր Նյու-Յորքը, ապա 20 մլրդ դոլլարի հասնող իր բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխումը պատրաստվում է անցկացնել Հոնկոնգի ֆոնդային բորսայում, ոչ թե Շանհայի։
Կոմունիստական երկրին ձեռնտու է ունենալ արևմտյան ֆինանսական կենտրոն։ Այնտեղ կարելի է ներգրավել առավել էժան ու մեծ քանակությամբ փող, քանի որ ռիսկերն ավելի ցածր են շնորհիվ օրենսդրական կարգավորումների և դատական համակարգի։ Բացի դրանից կան բավականին մասնագետներ ամբողջ աշխարհից, որոնք ավելի հեշտությամբ և արագորեն կգտնեն և կհամոզեն ներդրողներին գնել բաժնետոմսեր։
Բացի այդ` Հոնկոնգում բաժնեմասերի տեղաբաշխման համար բավական է ուղղակի դրանց թողարկումը գրանցել ըստ սահմանված կանոննների, իսկ Չինաստանում անհրաժեշտ է կառավարության թույլտվությունը։ Թեպետ Պեկինը պարբերաբար թուլացնում է սահմանափակումները, միևնույն է լիբերալիզացիան դեռ հեռու է։
Եվ, որն ամենակարևորն է, Հոնկոնգի միջոցով չինական կազմակերպություն ներդրած գումարը կարելի է միշտ արագ վերադարձնել, քանի որ հոնկոնգյան դոլլարը ազատ փոխարկելի արժույթ է և դրա փոխարժեքը կապված է ամերիկյան դոլլարի հետ։ Մինչդեռ յուանի փոխարժեքը վերահսկվում է չինական կառավարության կողմից, իսկ կապիտալի ետկանչը Չինաստանից խստորեն վերահսկվում է։ Դա խանգարում է յուանին դառնալ արժույթ, որով կիրականացվեն միջազգային հաշվարկներ։ Յուանով Չինաստանը հաճախակի վճարումներ է կատարում իր գործընկերներին երկկողմանի գործարքներ իրականացնելիս, սակայն ազատ շրջանառության համար անհրաժեշտ է շուկա, որը տիրապետում է ֆինանսական բոլոր գործիքներին։ Բորսայի ղեկավար Լին վստահ է, որ տվյալ դերի համար իդեալական է Հոնկոնգը։
Շուկայի զարգացումը և յուանի անցումը ազատ փոխարկելիության իրենից ենթադրում է երկար գործընթաց։ Առանց Հոնկոնգի այն ավելի շատ կերկարի՝ հեռացնելով Պեկինին ԱՄՆ-ին շրջանցելուց և դոլարին մարտահրավեր նետելուց՝ որպես միջազգային պահուստային արժույթի։
Հեղինակ՝ Աննա Մինասարյան (Anna Minasaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: