Շվեդական սոցիալիզմի սոցիալ-դեմոկրատական ուղին

Բնօրինակի հեղինակ՝ Kjell Östberg|1|, Tribune

1970-ականներին շվեդական Ձախ թևը  անցավ արտակարգ բարեփոխումների ալիքի, քանի որ ձգտում էր թռիչք կատարել սոցիալական ժողովրդավարությունից սոցիալիստական տնտեսության:

1970-ականներին Շվեդիան սոցիալական ապահովության համակարգ ունեցող ամենաառաջադեմ հասարակությունն էր, որ երբևէ գոյություն է ունեցել: Այդ տասնամյակում իրականացված բարեփոխումները թերևս ամենածավալունն էին։ Տաս տարիների ընթացքում հանրային սեկտորի ՀՆԱ-ի մասնաբաժինը աճեց 50 տոկոսով, իսկ մի շարք բարեփոխումներ մեծապես ուժեղացրին աշխատավարձ ստացողների դիրքերն աշխատաշուկայում: Բարեփոխումների մեծ մասը, որոնք այժմ կապվում են Շվեդական բարեկեցիկ պետության հետ` սկսած առողջության ապահովագրության համակարգից և ծնողների նպաստներից մինչև ցերեկային խնամք բոլորին, անվճար աբորտ, նախաձեռնվել կամ իրականացվել են մի քանի տարվա ընթացքում` 1970-ականների սկզբին և կեսերին, մի դարաշրջան, որը խորհրդանշվում է արմատական սոցիալ-դեմոկրատական Օլոֆ Պալմեի[2] վարչապետությամբ:

Այդ բարեփոխումները, որոնք ուղղված էին ներառական և համամարդկային բարեկեցության հասարակության ստեղծմանը` հիմնված ուժեղ պետության, պլանավորված տնտեսության և ակտիվ տնտեսական քաղաքականության խորը հավատքի վրա, բոլորը դիտվում են որպես անհրաժեշտ ուղղիչ լրացումներ ազատ շուկայի ուժերին: Էական միտումներ կային ուղղված բարեկեցության ոլորտի դեկոմոդիֆիկացիային (ապաապրանքայնացմանը)։ Համապարփակությունից բացի բարեփոխումների այս լայն ալիքի առանձնահատկությունը նաև դրա բացահայտ պետական կենտրոնացումն էր։ Սոցիալական ապահովության համակարգի բոլոր կենտրոնական բաղկացուցիչները պատկանել, ֆինանսավորվել,  և ղեկավարվել են պետության կողմից։ Բոլոր աշխատավարձ ստացողների համար ստեղծվել է պետական կենսաթոշակային միասնական համակարգ: Կենսաթոշակային ֆոնդերը, որոնք արագ աճում էին, վերահսկվում էին պետության կողմից։ Կառուցվել են միլիոնավոր բնակարաններ, որոնք հիմնականում ֆինանսավորվել են պետության կողմից երաշխավորված վարկերի միջոցով. դրանց մեծ մասը, իր հերթին, գալիս էր պետական կենսաթոշակային ֆոնդերից: Եվ մշակվեց ուժեղ, աճող սոցիալ-դեմոկրատական կողմնորոշվածությամբ բյուրոկրատիա, որը կարող էր իրականացնել բարեփոխումները:

Հանրային սեկտորը եկավ առաջնորդելու հասարակության վերափոխումը: Արդյո՞ք դա կդառնար կապիտալիզմը սոցիալիստական համակարգով փոխարինելու  գործընթացի մի մասը։

Բարեփոխումները, որոնք իրականացվում էին այս ժամանակ, իրոք այնքան հեռահար էին, որ շատերը՝ Շվեդիայում և այլ երկրներում, մտածում էին, թե որքան հեռուն են պատրաստվում  գնալ սոցիալ-դեմոկրատները: Երբ LO-ն՝ կապույտ օձիք ունեցող աշխատողների առևտրային արհմիությունը, սատարում էր Ռուդոլֆ Մայդների[3] առաջարկությանը` այսպես կոչված աշխատավարձ ստացողների ֆոնդեր տեղծելու վերաբերյալ, շատերն իրենք իրենց հարցնում էին, արդյո՞ք Շվեդիան չի գտնվում  այլ տեսակի երկիր դառնալու գործընթացում: Այդպես էր արդյո՞ք։

Նույնիսկ Ֆրանսիայի պահպանողական նախագահ Ժորժ Պոմպիդուն[4] ասում էր, որ իր իդեալական հասարակությունը նման կլինի Շվեդիային, միայն թե ավելի արևաշատ:

Սոցիալ դեմոկրատական մշակույթ

Շվեդիայի զարգացումն այս ճանապարհով ունի մի քանի պատճառ։ Այստեղ մենք կկենտրոնանանք երեք պատճառի վրա․ հետպատերազմյան տնտեսական բումը, սոցիալ-դեմոկրատների հզորությունը և հեռուն գնացող սոցիալական արմատականացումը, որը տեղի է ունեցել 1960-70-ականներին:

Շվեդիայի տնտեսությունը հիանալի սկիզբ արձանագրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ կոնֆլիկտ, որում Շվեդիան չեզոք դիրքում մնաց։ Շվեդիան օգուտ քաղեց երեք տասնամյակ տևողությամբ հետպատերազմյան բումից, այսպես կոչված, Տրենտե Գլորիուսից[5](փառահեղ երեսուն տարին՝ 1945-1975): Ինչպես նշել է պատմաբան Էրիկ Հոբսբաումը[6], միանգամայն արդարացված է նկարագրել 1950-ից մինչև 1975 թվականները որպես մի ժամանակաշրջան, որի ընթացքում «տեղի է ունեցել ամենադրամատիկ, ամենաարագ  և ամենաընդգրկուն հեղափոխությունը մարդկանց առօրյա կյանքում»։ Մի տեսակ սիմբիոզ կար կապիտալիստների՝ զանգվածային արտադրության պահանջարկի և մարդկանց՝ զանգվածային ժողովրդավարության պահանջարկի միջև։ Ֆորդիստական բարեկեցության հասարակությունները ստեղծվել են տնտեսական աճի հիմքի վրա:

Բացի այդ, բուրժուազիան այժմ պատրաստ էր ընդունել շատ ավելի ակտիվ պետության: Պետությունը պետք է ավելի ակտիվ մասնակցեր այն ենթակառուցվածքի ստեղծմանը, որից կախված էր ինչպես ժամանակակից արդյունաբերությունը, այնպես էլ բարեկեցությունը: Պետությունը նաև ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեց քաղաքացիների բարեկեցության և անվտանգության համար, առավել ևս, երբ դրանց սպառնում էին հետպատերազմյան բումից առաջացած ազդեցիկ կառուցվածքային փոփոխությունները:

Հետպատերազմյան ժամանակաշրջանի լավ կազմակերպված բարեկեցիկ պետության առաջացումը հաճախ կապվում է սոցիալական ժողովրդավարության հետ։ Բայց Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատները, Անգլիայի թորիները և ֆրանսիայի դըգոլականները նույնպես ստեղծեցին բարեկեցության համակարգեր և ընդունեցին պետության ավելի մեծ միջամտություն տնտեսության ոլորտում: Սոցիալ-դեմոկրատները, այնուամենայնիվ, նույնպես հնարավորություն ունեցան ձևակերպել այնպիսի ռազմավարություն, որը կարող էր հանգեցնել աշխատողների առավել մեծ ազատությանը  աշխատաշուկայից: Քեյնսի տեսությունները հնարավորություն տվեցին սերտ կապել բանվոր դասակարգի հետաքրքրությունները ազգային տնտեսական աճի հետ՝ համատեղելով տնտեսական պլանավորումը, լիարժեք զբաղվածությունը, բարեկեցության պետության ընդլայնումը և ռեսուրսների վերահղումը՝ շուկայի ստեղծած անհավասարություններին փոխհատուցելու համար: Անհնար է գերագնահատել սոցիալական ժողովրդավարության կարևորությունը 1970-ականների Շվեդիայի էվոլյուցիայի համար։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ավելի քան մեկ միլիոն անդամ ուներ՝ մի երկրում, որն ունի 8 միլիոն բնակիչ։ 1970-ականների սկզբին կուսակցությունը արդեն քառասուն տարի ղեկավարում էր իշխանությունը և վերահսկում էր Շվեդիայի խոշոր քաղաքների մեծ մասը: Այն ուներ հզոր երիտասարդական և կանանց կազմակերպություններ։ Առևտրային արհմիության շարժումը, մասնավորապես կապույտ փողկապով աշխատողների LO[7] միությունը կազմում էր աշխատուժի մոտ 90 տոկոսը։

Բայց սոցիալ-դեմոկրատական շարժման հզորությունը այսքանով չի սահմանափակվում։ Սոցիալ-դեմոկրատները իշխում էին քաղաքում և երկրի շրջակա վայրերում հազարավոր մարդկանց քաղաքական և սոցիալական կյանքում՝ օրորոցից մինչև գերեզման։ Երիտասարդները կարող էին հանդիպել երիտասարդական միությունում՝  SSU[8], կամ պարելու համար՝ Փիփլզ Փարկսում։ Նրանք կարող էին բնակարան գնել HSB կոոպերատիվ բնակարանային կազմակերպությունում, գնել իրենց սննդամթերքը Կոնսումում և մեքենայի վառելիքը վերալիցքավորել կոոպերատիվի OK բենզալցակայանում: Նրանք մեծ հավանականությամբ դառնում էին առևտրային միության անդամներ, որն էլ իր հերթին LO-ի կորպորատիվ անդամ էր։ Եթե ամուսնացած էին, ամուսինը կարող էր ակտիվ լինել աշխատողների կոմունայում, իսկ կինը կանանց սոցիալ–դեմոկրատական կազմակերպությունում։ Երեկոյան նրանք կարող էին մասնակցել Աշխատավորների կրթական ասոցիացիայի կողմից կազմակերպված ուսումնական շրջանակներին կամ դիտել կինոնկարներ «Ժողովրդի տանը»(Folkhemmet). Կինոնկարներ, որոնք պատրաստվել են աշխատողների շարժմանը պատկանող ստուդիաների կողմից։ Նրանք նորություններ էին ստանում կուակցության մի շարք թերթերից։ Նրանց երեխաները կարող էին մասնակցել Երիտասարդ արծիվների (Young Eagles) գործողություններին։ Այնուհետև իրենց ծերության տարիներին նրանք կարող էին միանալ PRO կենսաթոշակային կազմակերպությանը և, ի վերջո, իրենց հանգիստը գտնել աշխատավորական շարժման հուղարկավորությունների տան՝ Ֆոնուսի միջոցով: Իհարկե, ոչ բոլոր շվեդների կյանքն էր այդպիսին, բայց օրինակը ցույց է տալիս կազմակերպությունների այն ընդարձակ  ցանցը, որը ղեկավարվում էր սոցիալ-դեմոկրատական շարժման կողմից հետպատերազմյան Շվեդիայում:

Բայց շարժումն ինքնանպատակ չէր: Այն համակարգված ու հաջողությամբ օգտագործվում էր սոցիալ-դեմոկրատիային քաղաքական ազդեցություն տալու համար: Կուսակցությունը, որպես կանոն, ուներ խորհրդարանական տեղերի 45-50 տոկոսը, իսկ 1970-ականների սկզբին վարչապետի պաշտոնը նախորդ քառասուն տարիների ընթացքում շարունակաբար զբաղեցնում էր սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչը: Եվ քաղաքական կարիերա ստեղծելու համար սովորաբար անհրաժեշտ էր սկսել ներքևում, գործնական աշխատանքով, SSU երիտասարդական կազմակերպությունում կամ աշխատանքային միությունում: Կառավարության անդամների կեսը պատանի ժամանակ պատկանել էր կապույտ օձիքավորների միությանը:

Հասարակության արմատականացումը

Շվեդիայի սոցիալ-դեմոկրատիան ուներ հստակ և լայնածավալ բարեփոխումների հավակնություններ և նպատակաուղղված աշխատում էր՝ իր ծրագիրը կյանքի կոչելու նախադրյալները ստեղծելու համար: Բայց այն ռեֆորմիստական կուսակցություն էր։ Չնայած սոցիալ-դեմոկրատները ձգտում էին փոխել ուժային հարաբերությունները բանվոր դասակարգի և բուրժուազիայի միջև, նրանք չէին ցանկանում  ոչնչացնել ոչ ազատ շուկան, ոչ կապիտալիզմը: Ոչ էլ նպաստել են պետական սոցիալիզմին. Շվեդիայում պահպանողական կառավարություններն ավելի շատ են ազգայանացման գործընթացներ իրականացրել, քան սոցիալ-դեմոկրատները:

Չնայած հետպատերազմյան սոցիալ-դեմոկրատները ջանքեր էին գործադրում պետական կառավարման վերահսկողությունը ստանալու համար, նրանք նպաստում էին ուժեղ կոորպորատիվ կառույցների զարգացմանը դասակարգային համագործակցությունը ինստիտուցիոնալացնելու և դասակարգային պայքարը «կարգավորելու» նպատակով։  Ամենակարևորը կառավարության հարաբերություններն էին աշխատաշուկայի հետ։ 1938 թվականին Սալթսբադենում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԼՕ-ն և գործատուների ասոցիացիաները պարտավորվեցին խուսափել աշխատաշուկայում առկա բախումներից։ Համաձայնագիրը ինստիտուցիոնալացվել է բանակցությունների խիստ կենտրոնացված կարգով։ Համակարգը մեծ հաջողություն ունեցավ, և մինչև 1970-ականների սկիզբը Շվեդիան ամենաքիչ գործադուլներ ունեցող երկրների շարքում էր։

Սոցիալ-դեմոկրատական քաղաքականությունն այսպիսով կարողացավ տեղ գտնել կապիտալիզմի հիմնարար կառուցվածքների մեջ։ Ձախական քննադատները կարող էին սառնորեն ցավագին  հարցը տալ. «Տնտեսական բարգավաճման ժամանակ դասային փոխզիջո՞ւմն էր այն ամենը, ինչ կարող էր տալ սոցիալական ժողովրդավարությունը»:

Բայց անհրաժեշտ է երրորդ գործոն, բացի տնտեսական բարգավաճման երկար ժամանակահատվածից և սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու շարժման հզորությունից, բացատրելու համար, թե ինչ է տեղի ունեցել 1970-ականների ընթացքում: Այդ գործոնը կարճ ասած «1968» էր։

1960-ականների արմատականացումը մեծ ազդեցություն ունեցավ Շվեդիայի համար։ Ինչպես շատ այլ երկրներում, այն սկսվեց Երրորդ աշխարհի հետ երիտասարդական համերաշխությունից: Շվեդիայի ընդդիմությունը Վիետնամի պատերազմին ուժեղ էր և ազդեցիկ: Շվեդ ուսանողները միացան այլոց ցույցերին և շրջափակումներին: Այս նոր ձախականությունը նպաստեց սոցիալիզմի ավելի առաջ մղմանը օրակարգում:

Բայց կարևորն այն է, որ ի տարբերություն շատ այլ երկրների, նոր հասարակական շարժման արմատականացումը շարունակվեց և խորացավ 1970-ականների ընթացքում: Այն առաջ տանելու համար ամենակարևորը կանանց նոր շարժումն էր, որը կազմակերպել էր «Խումբ 8»-ը։ Այս խումբը վերակենդանացրեց կանանց ավանդական կազմակերպությունները և նրանց միացավ` կանանց հավասարության համար համընդհանուր բարեփոխումներ իրականացնելու պայքարում:

Միաժամանակ, բնապահպանական լայն շարժումը գրեթե հասցրեց արգելափակել Շվեդիայի միջուկային էներգիայի ընդլայնումը։  Նաև բազմաթիվ տեղական բնապահպանական խմբեր են ստեղծվել վտանգված գետերն ու անտառները պաշտպանելու և շրջակա միջավայրի ոչնչացման դեմ պայքարելու նպատակով։ Հիմա այլևս միայն երիտասարդներ չէ, որ  մասնակցում էին նոր սոցիալական շարժումներին. նրանք ընդլայնվեցին ինչպես սոցիալական, այնպես էլ տարիքային խմբերի առումով:

Որոշիչ նշանակություն ուներ այն, որ Շվեդիայի բանվոր դասակարգը նույնպես ազդված էր դարաշրջանի արմատական ոգով: Մինչև 1960-ականների վերջերը  ԼՕ արհմիությունների ֆեդերացիայի և գործատուների միջև լավ հարաբերությունները գրեթե ամբողջությամբ դադարեցրին գործադուլները Շվեդիայում։ Բայց հիմա, հինգ հազար հանքափորների կողմից տխրահռչակ գործադուլը ազդանշան տվեց գործադուլային լայն ալիքի համար, որը բացասաբար է անդրադարձել Շվեդիայի առաջատար արտահանող ընկերությունների վրա: Գործադուլները ավելի շատ էին անհանգստացնում, քան աշխատավարձը: Աշխատանքի ավելի լավ պայմանների ապահովման և աշխատավայրում ժողովրդավարության բարձրացման պահանջները հավասարապես կարևոր էին։ Եվ հիմա աշխատանքային արհմիությունները  կրկին սկսեցին խոսել սոցիալիզմի մասին։ Գործադուլները լայն աջակցություն ստացան հասարակության կողմից և նպաստեցին ժամանակների արմատական ոգու խորացմանը: Արմատականացումը հասել էր աշխատանքային դասի հիմնական խմբերին:

Շարունակվող տնտեսական աճի ակնկալիքների, սոցիալական ժողովրդավարության անսասան ուժի և ինքնավստահության ու աշխատանքային միությունների և սոցիալական նոր շարժումների կողմից սոցիալական բարեփոխումների ճնշման համադրությունը միասին նպաստեցին շվեդական պատմության մեջ աննախադեպ բարեփոխումների ալիքին:

Զարգացումը կարող է լուսաբանվել կանանց շարժման արմատականացմամբ: Կանանց շարժման երկրորդ ալիքը հսկայական ազդեցություն ունեցավ Շվեդիայում, մեծ մասամբ շնորհիվ «Խումբ 8»-ի: Միևնույն ժամանակ, քաղաքական կուսակցությունների կանանց կազմակերպությունները արմատականացվեցին: Տեղի ունեցան մի քանի հայտնի կանանց գործադուլներ, որոնք էլ հանրային կարծիքի մեջ կենտրոնական դիրքի հասցրեցին սեռերի միջև հավասարության հարցը։ Որոշիչ նշանակություն ունեցավ այն փաստը, որ կանանց տարբեր կազմակերպություններին հաջողվեց կազմակերպել ընդհանուր քաղաքական գործողություններ՝ իրենց պահանջները առաջ տանելու համար։ Երեխաների խնամքի կենտրոնների թվի ավելացումը պահանջող ցույցերին, օրինակ, մասնակցում էին ոչ միայն ձախակողմյան կազմակերպություններ, ինչպիսիք են «Խումբ 8»-ը և Լեսբիական ճակատը, այլև աշխատանքային արհմիությունները, սոցիալ-դեմոկրատական և բուրժուական կանանց ասոցիացիաները: Արդյունքը կանանց համար կարևոր մի շարք բարեփոխումներն էին՝ անվճար աբորտից մինչև բոլոր երեխաների հանրային խնամքի իրավունք: Ընդունվեց ծնողների ապահովագրության օրինագիծը, որը ծնողներին տալիս  էր իրավունք պետական ապահովագրական նախարարության կողմից վճարվող յոթամսյա արձակուրդ ստանալու։ Ծնողները կարող էին իրենք որոշել, թե ինչպես է արձակուրդը բաժանվելու մայրիկի և հայրիկի միջև:

Ապա եկավ սոցիալական ռեֆորմների մեծ ալիքը։ Կրթությունը ժողովրդավարացվեց: 1960-ականների ընթացքում սա նշանակում էր պարտադիր տարրական կրթության ինը տարի գումարած ավագ դպրոցների համակարգ, որը շուտով ընդգրկում էր գրեթե բոլոր երիտասարդներին:  Անվճար ուսուցման նյութերը և դպրոցական սնունդը օրենք էին: Երեխայի նպաստների վճարումները, որոնք տրվում էին մինչև տասնվեց տարեկան բոլոր երեխաներին, այժմ տրվում էին նաև ավագ դպրոց հաճախող երեխաներին: 1970-ականներին երեխաների նպաստավճարները կրկնապատկվեցին։ Քոլեջի և համալսարանական կրթությունը մասսայականորեն ընդլայնվեցին: Շատ քիչ բացառություններով, բոլոր համալսարանները ղեկավարվում էին պետության կողմից: Համալսարան հաճախելը անվճար էր, և ուսանողների օգնության համակարգը` պետական դրամաշնորհների և քսան տարվա ընթացքում կամ ավելի շուտ մարվող վարկերի համադրությունը, ընդունվեց բոլոր ուսանողների համար։

Միաժամանակ ներդրվել է պետպատվերով հիվանդների բուժման համակարգ, որը աշխատակիցներին երաշխավորում էր իրենց աշխատավարձի 90 տոկոսը հիվանդության դեպքում: Կազմակերպվեց առողջապահության միասնական համակարգ, որը հիմնված է հանրային տեղական առողջապահական կենտրոնների վրա: Մեկ այցի համար վճարն ի սկզբանե սահմանվել էր 7 SEK(շվեդական կրոն)՝ մոտ մեկ դոլար: Հիվանդանոցային ողջ խնամքը ծածկվում էր պետական առողջապահական ապահովագրության կողմից։ Հանրային առողջապահության համապարփակ համակարգ ապահովելու համար պետական վերահսկողության տակ էին նաև ծերանոցները և բժշկական արդյունաբերության որոշ մասը։

Վճարովի արձակուրդները երկարացվել են մինչև հինգ շաբաթ: Կենսաթոշակային տարիքը իջեցվել է վաթսունյոթից վաթսունհինգ տարեկան հասակը: Կենսաթոշակային համակարգը կազմակերպվել է այնպես, որ աշխատողներին տրամադրի իրենց լավագույն վաստակած տասնհինգ տարիների  աշխատավարձի երկու երրորդը: Տասը տարվա ընթացքում կառուցվել են մեկ միլիոն նոր բնակարանային միավորներ, այն ժամանակ, երբ Շվեդիան ուներ ութ միլիոն բնակիչ: Նոր բնակարանների մեծ մասը կառուցվել էին կոմունալ բնակարանային կազմակերպությունների կողմից և պատկանում էին նրանց: Վարձավճարի ավելի բարձր ծախսերը փոխհատուցելու համար ստեղծվեց մեծ բնակարանային դոտացիա:

Այս բարեփոխումների սոցիալական դինամիկան, զուգորդվելով արհմիությունների  միասնական աշխատավարձի քաղաքականություն ունենալու պահանջների հետ, մեծ ազդեցություն ունեցավ սոցիալական և տնտեսական տարբերությունները նվազեցնելու հարցում։ Նրանք երբեք այնքան փոքր չէին, որքան 1970-ականների վերջին:

Շվեդական հասարակության արմատականացման խորությունը, թերևս, ամենալավը կարելի է փաստել նրանով, որ նոր օրենքներն ընդունվել են մեծ քաղաքական միասնության մեջ։ Սովորաբար, բուրժուական կուսակցությունները միանում էին դրանց օգտին քվեարկելու համար, և երբեմն էլ ցանկանում էին ավելի հեռուն գնացող բարեփոխումներ անել:

Դեպի սոցիալի՞զմ

Սակայն, առավել կտրուկ զարգացումը տեղի ունեցավ, արհմիութենական շարժման շրջանակներում, առաջին հերթին՝ LO-ի: LO-ն այն կորպորատիվ համակարգի ինտեգրված մասն էր, որը գերիշխող դիրք ուներ աշխատանք-շուկա հարաբերություններում Երկրորդ աշխարհամարտից հետո։ Այսպես, այն վաղուց դեմ էր արտահայտվել աշխատանք-շուկա հարաբերություններում պետական օրենսդրության և կանոնակարգերի թելադրող լինելուն։ LO-ն ավանդաբար փոքր ոգևորություն էր ցուցաբերում սոցիալիստական ավելի ընդգծված առաջխաղացումների համար, ինչպիսիք են մասնավոր ընկերությունների ազգայնացումը: 1970-ականներին, սակայն, LO- ն ենթարկվեց կտրուկ փոփոխության, ոգեշնչված հասարակության աճող արմատականացմամբ։ Այժմ LO- ն սկսեց կասկածի տակ դնել  այն արդյունքները, որոնք ձեռք էին բերվել լիովին հենվելով գործատուների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Այդ պատճառով, LO-ն 1970-ականների սկզբին մշակեց բոլորովին նոր ռազմավարություն: Այն այժմ պահանջում էր աշխատաշուկայի ընդարձակ օրենսդրություն: Եվ Օլոֆ Պալմեի կառավարությունը ներկայացրեց մի շարք նոր օրենքներ: Դրանցից ամենակարևորը աշխատանքային անվտանգության ապահովման մասին օրենքն էր. օրենսդրություն, որը գործատուներին զրկում էր ազատորեն որոշելու, թե ով պետք է ազատվի աշխատանքից կրճատումների դեպքում: Նոր աշխատանքային միջավայրի մասին օրենքը մեծացրեց արհմիությունների կարողությունը` վտանգավոր աշխատանքային պայմանները շտկելու համար: Օրենսդրության այս ալիքի բարձրակետը 1976-ին հատուկ օրենքի ընդունումն էր, որը վերաբերում էր աշխատողների մասնակցությանը ընկերությունների որոշումների կայացման գործընթացին: Օլոֆ Պալմեն այս օրենսդրությունը ներկայացրեց որպես «ուժի և ազդեցության ամենակարևոր տարածումը, որը տեղի է ունեցել մեր երկրում համընդհանուր ընտրական իրավունքի ներդրումից ի վեր»: Սա պարզվեց, խիստ չափազանցված էր. արմատական աշխատողները շուտով սկսեցին ծաղրել օրենքի ընթացակարգերը որպես, «այն շչակը, որով գործատուները ազդանշան են տալիս նախքան աշխատողների վրա վերահսկողություն հաստատելը»:

LO-ն պահանջեց ավելին։

Աշխատավայրում սոցիալ-ժողովրդավարության առանցքային ընտրողների շրջանում դժգոհության բարձրացումը կուսակցության և LO-ի համար աճող խնդիր էր: Դրա մի ասպեկտը 70-ականների սկզբին Շվեդիայում մոլեգնող ուռճացված կորպորատիվ շահույթների վերաբերյալ բանավեճն էր: Մյուսը տնտեսական ժողովրդավարության պահանջն էր։

Ի պատասխան՝ LO-ն որոշեց հանձնաժողով ստեղծել՝ իր գլխավոր տնտեսագետ Ռուդոլֆ Մայդների գլխավորությամբ: Շվեդական մի քանի գրքեր ավելի շատ են ազդել սոցիալական բանավեճի վրա, քան այն 120 էջանոց համեստ փաստաթուղթը, որը հանձնաժողովը հրապարակել է 1975-ի աշնանը։ Տեքստի հիմնական գաղափարն այն էր, որ ամեն տարի Շվեդիայի խոշոր և միջին ձեռնարկությունների շահույթի մի մասը` բաժնետոմսերի տեսքով, պետք է փոխանցվեր արհմիությունների կողմից վերահսկվող ֆոնդերին: Փաստաթղթում ընդգրկված աղյուսակից պարզ երևում էր, որ Մեյդները ակնկալում էր, որ համակարգը աշխատողներին հնարավորություն կտա վերահսկել բաժնետոմսերի մեծամասնությունը ընկերությունների մեծ մասում մոտավորապես քսանից յոթանասունհինգ տարվա միջակայքում: Այս առաջարկը ներկայացնելիս Մեյդները մտքում ուներ երեք նպատակ. աշխատողներին բաժնեմաս տալ ընկերության շահույթներից, խոչնդոտել իշխանության և սեփականության աճող կենտրոնացմանը՝ ստեղծելով սեփականատերերի նոր խումբ, և սեփականատիրության միջոցով գտնել աշխատողի ազդեցության գործունակ ձև:

Առաջարկը մեծ ոգևորությամբ ողջունվեց LO-ի անդամների կողմից: «Հիմա մենք կստանձնենք ղեկավարությունը», ” հայտարարեց մետաղագործների միության նախագահը:

Կուսակցության ղեկավարության համար առաջարկը պարզվում է պայթյունավտանգ էր, քանի որ այն բացահայտ հակասում էր սոցիալ-ժողովրդավարության հիմնարար ռեֆորմիստական ռազմավարությանը: Առաջարկն ընդունում էր, որ սեփականության իրավունքը կենտրոնական գործոն է, և փորձ էր արվում ազդեցություն իրականացնել արհմիությունների կողմից ղեկավարվող մարմինների միջոցով, այլ ոչ թե պետության: Հարցը բարդ էր կուսակցության և Պալմեի համար։  Պալմեի սոցիալիզմի տարբերակը կոչվել է «ֆունկցիոնալ սոցիալիզմ», տեսություն, որը ձևակերպվել է երիտասարդ տպագրիչ Նիլս Կարլեբիի[9] լեգենդար աշխատությունում՝ «Սոցիալիզմը՝ ի դեմս իրականության», որը գրվել է 1926 թվականին: Կարլեբիի համար սեփականության հարցը երկրորդային կարևորություն ուներ։ Փոխարենը, աշխատանքային շարժումը պետք է կենտրոնանար շուկայի գործառույթների ձևավորման և կարգավորման վրա: Օլոֆ Պալմեն այս տեսակետի բացահայտ կողմնակիցն էր: Ժողովրդավարության խորացումը, զարգացող հանրային սեկտորը և ռեսուրսների ավելի շատ պետական պլանավորումը ու սեփականատիրական դասի ազդեցությունը նվազեցնող օրենքները  նրա պաշտպանած չափորոշիչների շարքում կարևոր բաղադրիչներն էին: Ինքնին սեփականատիրությանը նա հրաժարվեց շոշափել, կապիտալիստական շուկայական տնտեսությունը խոչընդոտ չէր ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու համար:

Աշխատավարձ ստացողների ֆոնդերի հարցը, անկասկած, դարձավ քաղաքական ամենաբարդ  խնդիրներից մեկը, որի հետ գործ ունեցավ Պալմեն, միգուցե նույնիսկ բարդագույնը: Նրանից  վեց տարվա մարտավարական մանևրում պահանջվեց, նախքան նա վերջապես կարողացավ ներկայացնել մի խառնածին տարբերակ, որը ոչ մի նմանություն չուներ նախնական առաջարկին:

Հիմա Շվեդիան նույնպես հասել էր կախարդական 1970-ականների ավարտին: Սա մի շարք պատճառներով էր պայմանավորված: Ավարտվեց հետպատերազմյան երկարատև բումը, որը փոխարինվեց կրկնվող տնտեսական ճգնաժամերով: Քեյնեսիանիզմն այլևս չէր գործում, պնդում էին տնտեսագետները, որոնք փոխարենը առաջարկում էին Ֆրիդմանի [10]նեոլիբերալ ծրագիրը:

Միջազգային արմատականացումը թափը կորցրել էր: Պորտուգալիայի 1974 թ.-ի «մեխակների հեղափոխության»[11] խոստումները երբեք չկատարվեցին, և Իրանում ժողովրդի հեղափոխությունը դարձավ մոլլաների հեղափոխությունը[12]: Սոցիալական պայքարը տապալվեց նաև Շվեդիայում: Երբ շվեդական արդյունաբերության կենտրոնական մասերին, ինչպիսիք են նավամատույցը և պողպատի արդյունաբերությունը, լուրջ վտանգ էր սպառնում, գործադուլի ակտիվությունը նվազեց: Բնապահպանական շարժման նեղ պարտությունը 1980-ին միջուկային էներգիայի  հանրային հանրաքվեում կարելի է համարել Շվեդիայի «երկար 68» -ի ավարտ:

1976-ին սոցիալ-դեմոկրատները կորցրեցին կառավարման վերահսկողությունը: Սրա պատճառն այն չէր, ինչպես այսօր պնդում են Շվեդիայում շատերը, որ բարեկեցությունը դարձել էր չափազանց լայնատարած կամ հարկերը չափազանց բարձր էին։ Ընդհակառակը. այն ժամանակ ոչ մի կուսակցություն չէր վիճարկում միասնական բարեկեցության պետությունը, և նոր բուրժուական կառավարությունը շարունակում էր հարկերը բարձրացնել: Սոցիալ-ժողովրդավարության կորուստը կարող էր լինել այն կուսակցության դեմ բողոքի քվեարկության արդյունքում, որը 44 տարի ղեկավարելուց հետո դարձել էր չափազանց ավտոկրատ: (1976-ի ընտրության կորստի ամենակարևոր պատճառը, այնուամենայնիվ, սոցիալ-դեմոկրատների աջակցությունն էր Շվեդիայի միջուկային էներգիայի ընդլայնմանը: Սա հանգեցրեց արմատական բնապահպանական շարժման հետ կոնֆլիկտի): 1982 թ.-ին, երբ կուսակցությունը վերստին ստանձնեց իշխանության վերահսկողությունը, նրա առաջնորդները արդեն ընդունել էին նեոլիբերալ քաղաքականության հիմնական սկզբունքները:

Այդ ժամանակվանից ի վեր, բարեկեցության պետությունը անընդհատաբար  թուլանում էր: Աստիճանաբար մասնավորեցվել են հանրային սեկտորի ավելի մեծ մասեր։ Կենսաթոշակային համակարգը հիմնովին վերանայվել է, և այսօր Շվեդիայում աճում է աղքատ կենսաթոշակառուների թիվը: Վաճառվել են պետական սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի մեծ հատվածներ։ Այսօր Շվեդիան եվրոպական այն երկրների շարքում է, որոնց տնտեսական և սոցիալական շահութաբաժաիններն առավել արագ  են աճում: Սա առավել նկատելի է կրթական ոլորտում աճող տարանջատման մեջ, որն ավելի ու ավելի մասնավորեցված է դարձել: Բուրժուական կառավարությունները առաջինն էին այս զարգացման մեջ, բայց սոցիալ-դեմոկրատները հետագայում ընդունել են այդ բարեփոխումները: Նրանք չեն փորձել այլընտրանքային քաղաքական հարթակներ ձեռնարկել:

Միևնույն ժամանակ, չնայած տարբեր կուսակցությունների ղեկավարների միջև քաղաքական համաձայնությանը, այս զարգացումը խորապես տարածված չէ Շվեդիայի քաղաքացիների շրջանում. դժգոհությունը տարածվում է բուրժուական կուսակցությունների հիմնական զորքերի ներսում:  Բնակչության մեծամասնությունը շարունակում է աջակցել հանրային հատվածին և պատրաստ է վճարել այն ֆինանսավորելու համար անհրաժեշտ հարկերը: Այս փաստը հաստատում է, որ 1970-ականների միասնական բարեկեցության պետությունը ներկայացնում էր Շվեդիայի բնակչության լայն շերտերի մի շարք հավաքական նվաճումներ:

Երբ աշխարհի մնացած մարդիկ Շվեդիան մատնանշում են որպես նախատիպ, նրանք նկատի ունեն այս նվաճումները, այլ ոչ թե այն սնամեջ բարեկեցիկ պետությունը, որ գոյատևում է մինչ օրս:

Հղումներ

[1]Կիլլ Օստբերգը Շվեդիայի Սադերտերնի համալսարանի պատմության պրոֆեսոր է։

[2] Շվեդ քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ։

[3] Շվեդ տնտեսագետ, «Մայդների նախագծի» հեղինակ։

[4] ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետը 1962-1968 և նախագահը 1969-1974 թվականներին։

[5] Այսպես է անվանել Ժան Ֆուրաստյեն Երկրորդ աշխարհամարտին հաջորդող երեք տասնամյակը Ֆրանսիայում։

[6] Էրիկ Հոբսբաում, բրիտանացի պատմաբան-մարքսիստ, ազգայնականության քննադատ։

[7] Շվեդական առևտրային միություն։

[8] Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական ճյուղը։

[9] Շվեդ սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչ։

[10] Ամերիկացի լիբերալ տնտեսագետ, «Նեոլիբերալիզմը և դրա հեռանկարները» աշխատության հեղինակ։

[11] Այս հեղափոխությամբ Պորտուգալիան բռնապետությունից անցում կատարեց ժողովրդավարության։

[12] 1979թ․, Միապետական կարգերի տապալում Իրանում, հոգևոր առաջնորդ Խոմեյնու գլխավորությամբ։

Թարգմանիչ՝ Նելլի Կարապետյան (Nelly Karapetyan)  © Բոլոր իրավունքները պաշտպանված են: