«Ինլայթ»-ը ներկայացնում է ПостНаука-ի hոգեբանություն բաժնի Կիրիլ Խլոմովի «Սոցիալիզացիա. Ինչպես դառնալ մարդ» հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հոգեբան Կիրիլ Խլոմովը սոցիալիզացիային տեսությունների, ընտանիքի որպես սոցիալական ինստիտուտի և երեխաների սոցիալիզացիային խնդիրների մասին
Սոցիալական զարգացումը անհատի ծագման և ձևավորման անկյունաքարն է: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ մարդը գոյություն ունի միայն այլ մարդկանց հետ հարաբերությունների շրջանակում, կամ անհատը կարող է գոյություն ունենալ միայն որպես պատկերի սուբյեկտիվ անդրադարձ այլ մարդկանց մեջ: Հետևաբար, սոցիալիզացիան մարդու հոգեկան զարգացման կարևորագույն գործընթաց է: Դա հաստատվում է հետևանքներով, որոնք նկատվել են անձի սոցիալական դեպրիվացիայի դեպքում, և փորձարարական տվյալներով: Օրինակ, հայտնի են մեծահասակ և երեխա մաուգլիների դեպքեր, երբ վերջիններս մնացել են առանց շփման այլ մարդկանց հետ և մեծացել են շատ սահմանափակ միջավայրում: Հայտնի են բացասական հետևանքներ մանկատների երեխաների համար: Փորձարկումներ են արվել մարդուն մեխանիզմներով փոխարինելու, երբ ուսումնասիրվել է երեխայի զարգացումը «և նմանատիպ այլ/բազմաթիվ դեպքեր»:
Սոցիալիզացիան կարող է ներկայացվել որպես սոցիալական փորձի յուրացման գործընթաց, դրա ձեռքբերման և ինտեգրման մեթոդներ. նախ՝ ծնողների հետ փոխհարաբերությունների միջոցով, ապա՝ մյուս հարազատների և հասարակության, տարատեսակ սոցիալական ինստիտուտների, այդ սոցիալական կապերի շարունակական ընդլայնման պարագայում: Սոցիալիզացիան կարող է ներկայացվել նաև որպես արդյունք՝ մարդու մոտ ինքնագիտակցության որոշակի կառուցվածքի ձևավորման, սոցիալական ինքնության կազմավորման, տարատեսակ սոցիալական հանրույթներում ներառման, անձնական հասունության, մշակութային նորմերի իմացության և հասարակության մեջ սեփական կարիքները բավարարելու եղանակների առկայություն:
Ելենա Բելինսկայայի և Օլգա Տիխոմանդրիցկայայի նկարագրության հիման վրա (2013) անհատին սոցիալիզացիայի գործընթացը կարելի է պատկերացնել հետևյալ կերպ.
- Սոցիալական զարգացման առաջին փուլը տեղի է ունենում երեխայի սոցիալական կապերի աստիճանական ընդլայնման շնորհիվ, և այդ ընդլայնման ընթացքում ձևավորվում են անհատական մտածողության սեփական համակարգերը: Երեխան աստիճանաբար կողմնորոշվում է սոցիալական դերերի համակարգում և սոցիալական փորձի յուրացման ձևերում:
- Երկրորդ փուլում ձևավորվում են մարդու ինքնագիտակցության կառուցվածքը և դրա տարրերը, որոնք կապված են սոցիալական ինքնորոշման հետ: Այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների շնորհիվ երեխայի մոտ զարգանում է սոցիալական ինքնությունը:
«Սոցիալիզացիա» տերմինի առաջացումը
Պատմություն կա այն մասին, որ «սոցիալիզացիա» տերմինը փոխառվել է գույքային համատեքստից: Նախկինում այդպես էին անվանում հողի՝ մասնավորից հանրային օգտագործման հանձնելը: Այնուհետև «սոցիալիզացիա» տերմինը տեղափոխվեց նախ՝ սոցիոլոգիա, հետո՝ սոցիալական և ընդհանուր հոգեբանություն, անձի և զարգացման հոգեբանություն: Առաջինը, ըստ Ֆրանկլին Հենրի Գիդինգսի՝ առանցքային սոցիոլոգներից մեկի, սոցիալիզացիայի առումով հայեցակարգային դիրք զբաղեցրեցեց մեկ այլ հայտնի գերմանացի սոցիոլոգ Գեորգ Զիմելը: Սոցիալիզացիա ասելով նա հասկանում էր սոցիալական խմբերի ձևավորումը և միավորումների ձևերի զարգացումը: Ամերիկացի սոցիոլոգ Ֆրանկլին Գիդինգսը, սոցիալիզացիայի ըմբռնումը մոտեցրեց ժամանակակից պատկերացմանը, սակայն իր ըմբռնման վրա լուրջ ազդեցություն թողեց արևմտյան մշակույթին բնորոշ ինդիվիդուալիզմը (անհատապաշտությունը): Գիդինգսի սոցիալիզացիայի մասին պատկերացումը որպես սոցիոլոգիական հասկացություն ունի ավելի նեղ իմաստ ժամանակակից մեկնաբանության համեմատ. «սոցիալիզացիա» տերմինը նշանակում էր մարդու կողմից իր համար շահավետ սոցիալական կապերի հաստատումը որոշակի շրջանակի մարդկանց հետ:
19-րդ դարի սկզբից ի վեր սոցիալիզացիան զգալի ուշադրության էր արժանանում փիլիսոփայական, սոցիոլոգիական և հոգեբանական գիտական դպրոցներում: Ելենա Բելինսկայան և Օլգա Տիխոմանդրիցկայան «Սոցիալիզացիայի խնդիրները. պատմություն և արդիականություն» (2013 թ.) հրաշալի գրքում մատնանշում են տեսակետների տարբերությունը սոցիալիզացիայի դետերմինիզմի առաջնայնության և զարգացման կենսաբանական սկզբնապատճառների խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն ունեին և վերջին տարիներին հանգեցրին որոշակի համաձայնության: Դրանք Չարլզ Դարվինի, Գրենվիլ Հոլի և Առնոլդ Գեզելի բիոգենետիկ տեսություններն են; մարդաբաններ Ռուտ Բենեդիկտի, Մարգարետ Միդի և Աբրամ Քարդիների սոցիոգենետիկ տեսությունները, զարգացման համակարգի բնորոշ հատկանիշները և մարդու սոցիալիզացիան հանրությանը, մշակույթին և հասարակական միջավայրին; Չարլզ Կուլիի և Ջորջ Միդի ինտերակցիոնիստական տեսությունները, որոնք հենվում են սոցիալական փոխազդեցության միջոցով անձի սոցիալական զարգացման հիմնական շարժիչ ուժի գաղափարի վրա, երբ մարդը մնում է ակտիվ, գիտակից և գործող, այլ ոչ թե միջավայրից կամ իր ներքին կենսաբանական գործընթացներից առկախված:
Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական տեսության մեջ սոցիալիզացիան հասկացվում է որպես բնածին բնազդների կարգավորման գործընթաց՝ օգտագործելով պաշտպանական մեխանիզմներ, այդ թվում ամոթի և մեղքի միջոցով: Էրիկ Էրիկսոնի անձի զարգացման էպիգենետիկ տեսության մեջ հատկապես առանձնացվում է մարդու ինքնության դերը սոցիալիզացիայի գործընթացում: Պետեր Բլոսի հայեցակարգի մեջ, անհատականացման՝ որպես սոցիալիզացիայի գործընթացի մաս, շեշտվում է «Ես» հայեցակարգի դերը: Մարդու բարոյական զարգացման ուսումնասիրության ճանաչողական մոտեցումը հնարավորություն տվեց նկարագրել արժեքների ու էթիկայի կանոնների յուրացման մեխանիզմը հասունանալու համատեքստում: Սոցիալիզացիայի հայեցակարգի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել օպերանտ և սոցիալական ուսուցման տեսությունները՝ մարդու անհատականության զարգացումը միջավայրին վերագրելով և վարքի կանոնակարգման կարևորագույն մեխանիզմները բացահայտելով ուսուցման, ամրապնդման, ընդօրինակման և ինքնահաստատման միջոցով:
Լ.Տ. Վիգոտսկին, Է.Մ. Դուբովսկայան, Գ.Ա. Անդրեևան, Ա.Գ. Ասմոլովը, Ե.Պ. Բելինսկայան, Ի.Ս. Կոնը, Դ.Ա. Լեոնտևը և ուրիշներ, հընթացս մշակութային-պատմական տեսության և սոցիալական հոգեբանության զարգացման, գաղափարների և հետազոտությունների նշանակալի ներդրումներ են արել մարդու սոցիալական զարգացման ուսումնասիրության մեջ:
Ուրի Բրոնֆենբրենների էկոլոգիական համակարգերի տեսությունը, որն այժմ հետազոտողների կողմից օգտագործվում է կիբերսոցիալիզացիայի, բուլինգի, կիբերբուլինգի և այլ երևույթների ուսումնասիրության դեպքում, դառնում է համախմբող և մասամբ հաշտեցնող սոցիալիզացիայի էությանն առնչվող այդ տեսակետների համար:
Հայեցակարգերից յուրաքանչյուրը ունեցել և ունի իր ներդրումը սոցիալիզացիայի գործընթացի փոփոխություններում կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների, ընտանիքում երեխայի դաստիարակության պրակտիկայի փոփոխության, հասարակության մեջ երեխայի վարքագիծը կանոնակարգելու միջոցով: Օրինակ, գաղափարը, որ «վարքագծում առկա բոլոր խնդիրներն ինքնաբերաբար կլուծվեն, դա պարզապես բնականոն զարգացման փուլ է», համապատասխանում է բիոգենետիկ տեսությանը: Համոզմունքը, որ «վատ միջավայրում ձևավորվում են միայն վատ մարդիկ», արտացոլում է սոցիոգենետիկ մոտեցումը: Իրավիճակը, երբ նախադպրոցական տարիքի երեխաները ընդօրինակում են իրենց ավագ եղբայրներին ու քույրերին միմիկայով, ժեստերով և գործողություններով, սոցիալական ուսուցման տեսության արտացոլումն է և այլն:
Սոցիալիզացիայի տեսակները
Հոգեբան և քաղաքագետ Նադեժդա Ռադինան առաջարկում է առանձին ընդգծել տարիքային սոցիալիզացիան, որն իր մեջ ներառում է մշակութային նորմեր և պատկերացումներ մարդու զարգացման տարիքային նորմատիվների մասին: Օրինակ, կա ակնկալիք, որ երեխան պետք է խոսի մինչև մեկ տարեկանը, կամ պատանեկության շրջանում բողոքական վարքագիծ դրսևորի:
Կան սոցիալիզացիայի տեսակներ, որոնք տարբերակվում են տարատեսակ սոցիալական խմբերի պատկանելու և այդ խմբերում ընդգրկվելու չափանիշներով.
- Գենդերային սոցիալիզացիան ենթադրում է հարաբերակցություն և փոխառնչություն որոշակի վարքագծի համադրությամբ, որը բնորոշ է այս կամ այն գենդերին:
- Էթնիկ սոցիալիզացիան, որի խնդիրն է էթնիկ ինքնության ձևավորումը:
- Քաղաքական սոցիալիզացիան բնորոշում է իշխանության և ենթակայության առանձնահատկությունները և կողմնորոշումը սոցիալական հիերարխիաների գերիշխանության ու հնազանդության համակարգում:
- Մասնագիտական սոցիալիզացիան կապված է սեփական մասնագիտական դերի ձեռքբերման և տիրապետման հետ:
Խմբին պատկանելը կարող է կանխորոշիչ կամ ձեռքբերովի բնույթ կրել: Երկրորդ դեպքում պատկանելությունն իրականացվում է ընտրված խմբի գործունեությանը մասնակցելու միջոցով, այսինքն՝ այն կարող է սահմանվել որպես «գործունեության» սոցիալիզացիա:
Սոցիալիզացիայի ինստիտուտներ
Սոցիալիզացիայի ինստիտուտները սոցիալական խմբեր են, որոնց միջոցով փոխանցվում է սոցիալական փորձը, յուրացվում և ձևավորվում են նորմերն ու արժեքները: Սոցիալիզացիայի ինստիտուտների դասակարգումները բազմաթիվ են: Օրինակ, աշխատանքային գործունեությանը վերաբերող՝ նախաաշխատանքային ինստիտուտներ (ընտանիք, դպրոց, համալսարան), մասնագիտական (աշխատանքային կոլեկտիվ, կազմակերպություն) և հետաշխատանքային (հասարակական կազմակերպություններ): Սոցիալական նորմերի տրանսլյացիայի աղբյուրից կարելի է առանձնացնել լեզուն, մշակույթը, ԶԼՄ-ները, համացանցը, սոցիալական ցանցերը և կրոնը: Ըստ մարդու կյանքի ոլորտների` քաղաքական ինստիտուտներ (պետական մարմիններ, դատարաններ, քրեակատարողական համակարգ, իրավունքների պաշտպանության համակարգ, հասարակական կազմակերպություններ), տնտեսական ինստիտուտներր (բանկեր, գործարար ասոցիացիաներ, սեփականություն, փող, փոխանակման պայմաններ), ազգակցական և ոչ ֆորմալ շփման շրջանակի ինստիտուտներ (ընտանիք, ընկերներ), սոցիալիզացիայի մշակութային ինստիտուտներ (կրթություն, գրականություն, թատրոն, կինո, կրոն, ավանդույթներ):
Հասարակական ինստիտուտների դերը
Սոցիալական ինստիտուտները մարդուն՝ իր զարգացման ընթացքում ապահովում են նորմատիվ գործունեություն, թույլ են տալիս հասնել որոշակի համապատասխանության, որը կոչվում է սոցիալական ադապտացիա: Դրանք ապահովում են մոտիվացիոն և կոգնիտիվ գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով մարդու վրա ներազդող արտաքին վարքականոնները և սոցիալական դրույքները յուրացվում և դառնում են անհատի ներքին բնութագրերը:
Միևնույն ժամանակ, կարևոր է անձի ակտիվ դերը, «գործակալությունը»` ռազմավարության ընտրողականությունը, դերային խաղի ընտրությունը և կոնֆլիկտների լուծման մեթոդները: Օրինակ, երեխան ընտանիքում ծնողների լեզվի միջոցով ճանաչում է իր և մյուս մարդկանց կատեգորիաները, ընկալում արժեքները, իմանում սոցիալական դասերի մասին: Դպրոցում յուրացվում են հասարակական նորմերը և կանոնները, աշխատանքային հարաբերությունները, դերային սոցիալիզացիան, համագործակցության և մրցակցության նորմերը: Երեխան ուրվագծում է սեփականության, արդարության և կանոնակարգման մեթոդների գոյություն ունեցող սոցիալական նորմերը:
ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով մարդը յուրացնում է ընդհանուր, անդեմ դրույթները: Լեզվի միջոցով մարդիկ յուրացնում են հիմնարար մշակութային կոդը, որի օգնությամբ ձևավորվում են հիմնական կերպարները, որոնցով հետագայում գործում է անձը: Հայտնի է, որ ներգաղթի պայմաններում այլ լեզու և մշակույթ ուսումնասիրելուն զուգահեռ, ձևավորվում է նաև նոր ինքնություն: Երբ մարդը յուրացնում է մշակութային կոդը, նա գործում է տարբեր ուժգնություններ ունեցող մի քանի ինքնություններով:
Ընտանիքը որպես սոցիալական ինստիտուտ
Ընտանիքը սոցիալիզացիայի նշանակալի ինստիտուտ է մարդու անձի զարգացման և ձևավորման ամբողջ ընթացքում: Առաջին անգամ մարդը մտնում է ընտանիք, ընտանեկան համակարգ, և առաջին իսկ օրերից նրա զարգացմանն ուղեկցում են իր ընտանիքի անդամները: Լեզուն, առաջնային նորմերը, ուսումնական հաստատության ընտրությունը, բարձրագույն կրթության կամ այլ հետագիծի և, շատ առումներով, մասնագիտական գործունեության սահմանումը մարդն իրականացնում է ընտանիքի ազդեցության տակ կամ նրա հետ փոխազդելով:
Բայց դա չի նշանակում, որ մարդը լիովին ենթարկվում է ընտանիքին: Ինչպես ցուցադրված է եղել սոցիալական հոգեբանության տարատեսակ փորձերում, իրավիճակը, որում գտնվում է մարդը, նույնքան ազդում է իր ընտրության վրա, որքան իր արժեքները: Օրինակ, Ջոն Դարլիի և Դանիել Բաթսոնի փորձը, որում ուսանողներին, կարեկցությունը որպես առավել կարևոր արժեք առանձնացնողներ, առաջարկվել է պատրաստել և հանպատրաստից դասախոսություն կարդալ այլ ուսանողների համար: Դասախոսության ճանապարհին նրանք տեսնում էին մարդու, որի մոտ ինքնազգացողության խնդիրներ էին առաջանում: Ուսանողների երկու երրորդը նրան օգնում էին, եթե կարծում էին, որ դրա համար ժամանակ ունեն, բայց նրանց միայն 10%-ն էր օգնում, եթե կարծում էին, որ ուշանում են դասախոսությունից:
Այսպիսով, ընդհանուր սոցիալական պայմանները և առանձին իրավիճակները, որոնցում ընթանում է երեխայի զարգացումը, երբեմն ավելի կարևոր նշանակություն կարող են ունենալ, քան գաղափարները, որոնցով ծնողներն առաջնորդվում են երեխաներին դաստիարակելիս: Երեխան արագ և ավելի լավ է յուրացնում սոցիալական նորմերը և արժեքները անուղղակի փորձի միջոցով, քան դրսից տեղեկություն ստանալու միջոցով: Այսինքն՝ ընտանիքում ձեռք բերված օգնության, ապրումակցման, կարեկցանքի կամ, ընդհակառակը, դաժանության և բռնության անմիջական փորձը կարող է ավելի կարևոր նշանակություն ունենալ, քան դպրոցում կարդացվող դասախոսությունները կամ ընթերցվող գրքերը:
Դեռահասների սոցիալիզացիայի խնդիրները
Պատանեկության շրջանում սոցիալիզացիայի խնդիրը սուր է մի քանի պատճառներով: Նախ և առաջ, դեռահասը գործնականում համարվում է չափահաս մարդ ֆիզիկական և սոցիալական հնարավորություններով: Բայց իրեն դժվար է կառավարել, նա մեծահասակների կողմից խնամքի և վերահսկողության կարիք ունի, քանի որ նա կարող է վնասել ինչպես ինքն իրեն, այնպես էլ՝ իրեն շրջապատողներին: Սոցիալական ռիսկերը, ինչպիսիք են ինքնասպանությունը, զանգվածային գնդակահարությունները դպրոցներում, ծեծկռտուքները, հակաօրինական գործողունեության մեջ ներգրավվելը, կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Պատանեկության տարիքում մարդու գործողությունները պահանջում են ըմբռնում և մանրամասն ուսումնասիրություն:
Երկրորդ, պատանեկության շրջանում մարդն ընկալունակ է ամեն մի նոր բանի նկատմամբ: Պատանեկության տարիքի միջոցով հնարավոր է դառնում նկատել հասարակության նորացումը, սոցիալիզացիայի հին մեթոդները դադարում են գործել: Դեռահասների օրինակով ակնհայտ են դառնում մարդու և հասարակության միջև հարաբերությունների ճգնաժամերն ու անհամապատասխանությունները, որոնք հետագայում բերում են փոփոխություններ:
Դեռահասությանը բնորոշ կարևոր տարիքային խնդիրներն անմիջականորեն կապված են սոցիալիզացիայի հետ:
- Ինքնաճանաչման ձևավորում և «Ես» հայեցակարգի ձեռքբերումը:
- Սեփական շահերի պահպանումը և զարգացումն ու անձնական նորմերի, արժեքների բնորոշումը:
- Շփման մեջ ընտրողականության ձևավորումը և տեղեկության հետ աշխատանքը:
- Հասարակության ներսում սեփական կյանքի ուղու կողմնորոշող հետագծի ուրվագծումը:
- Երկխոսության և այլ մարդկանց գործողությունների դրդապատճառները վերլուծելու ունակությունը, խմբերում սոցիալական դերերի յուրացումը ու տարբեր մարդկանց հետ պատասխանատու և մտերիմ հարաբերությունների զարգացումը:
Սոցիալիզացիայի և դրա ինստիտուտների ժամանակակից ուսումնասիրությունները
Համացանցի և սոցիալական ցանցերի տարածումը հանգեցրել է երեխայի սոցիալիզացիայի փոփոխությանը, հեշտացրել է գիտնականների հետ շփման հնարավորությունները և միջմշակութային հետազոտությունների իրականացումը: Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստուգել նաև մարդու զարգացման, սոցիալիզացիայի մեխանիզմների, առանձին սոցիալական գործընթացների դերի և պատճառների տեսական հայեցակարգերը, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ:
Այսպիսով, հոգեբան Գալինա Սոլդատովայի ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների շնորհիվ մենք գիտենք, որ ընտանիքում երեխաները ներգրավվում են կիբերսոցիալիզացիայի մեջ, իսկ մայրերը նպաստում են դրան. չէ որ այժմ մարդը համացանցի հետ ծանոթանում է մեկից մինչև երկու տարեկան: Գալինա Սոլդատովան բնորոշում է գաջեթներում և համացանցում ընգդրկելու ամենանախընտրելին օպտիմումը, որ հայտնաբերվել են հետազոտություններում: Այդպիսով, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը դառնում է սոցիալիզացիայի կարևոր գործիք, բայց մինչև վերջ հայտնի չէ, թե ինչպես և ինչ եղանակով դա կանդրադառնա մարդու սոցիալական զարգացման վրա:
Նույն ուսումնասիրության մեջ պարզվել է, որ իրական և վիրտուալ հաղորդակցության ժամանակ զրուցակիցների սոցիալական տարածությունը դեռահասների համար միատեսակ չէ: Եթե իրական շփման դեպքում ընտանիքը շատ մոտ է գտնվում, ապա համացանցում և սոցիալական ցանցերում շփման դեպքում այն գտնվում է ամենահեռու դիրքերից մեկում: Զարգացման հետ կապված մյուս պարամետրերը նույնպես փոխվում են: Ավելի վաղ ուսումնասիրություններում ցուցադրված է, որ շփումը համացանցում այժմ մեծ նշանակություն ունի դեռահասների անհատականության զարգացման, «Ես»(-ի) կերպարի և այլնի համար: Բանավեճային հարց է դառնում ինքնության և սոցիալական նույնացման դերը՝ սոցիալիզացիայի կարևոր հիմքը: Ի՞նչ ձևաչափով է այժմ իրականացվում ինքնության ձևավորումը փոփոխվող հասարակության մեջ:
Ուսումնասիրության համար կարևոր և դժվարհասանելի են մնում ժամանակակից ընտանիքում երեխայի սոցիալիզացիայի խնդիրները, դերը, ձևերն ու գործառույթները, որոնք հասարակության մեջ փոխվել են: Այժմ փոխվում են տարիքային նորմերն ու հասարակության սպասելիքները հասուն անհատականությունից: Հարցն ավելի ու ավելի սուր է դառնում՝ ինչպիսի՞ անհատի է հասարակությունը պատրաստ ճանաչել որպես հասուն, հասունացած կամ չափահաս: Ինչպե՞ս անհատականության զարգացման նոր տարիքային նորմեր սահմանել նորմերի օրինականացված բազմազանության մեջ: Այս թեմաները մնում են սուր ոչ միայն անհատականության հոգեբանության և տարիքային հոգեբանության համար, այլ նաև հոգեբանական պրակտիկայի համար: Դեռահասների ծնողները, ուսուցիչները և հոգեբանները տագնապով պատասխան են փնտրում այն հարցին, թե ինչ ակնկալել և պահանջել դեռահասներից:
Թարգմանիչ՝ Սաթենիկ Էվաջյան (Satenik Evajyan), խմբագիր՝ Անի Առստամյան (Ani Arstamyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: