«Ինլայթ»-ը ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ, Կոլեժ դը Ֆրանսի ժամանակակից քաղաքական պատմության և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS) պրոֆեսոր Պիեռ Ռոզանվալոնի (Pierre Rosanvallón) «Հակաժողովրդավարություն. Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում» [*] հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նախորդ մասը՝ Հակաժողովրդավարության երեք չափումները
Առասպել պասիվ քաղաքացու մասին

Եթե առաջնորդվել հակաժողովրդավարության հեռանկարով, ապա քաղաքական մասնակցության մասին հարցը ի հայտ է գալիս նոր լույսի ներքո: «Ժողովրդավարական հիասթափության» ծանոթ մոտիվը անհրաժեշտ է վերաիմաստավորել: Անկասկած, քաղաքական ինստիտուտների հանդեպ քաղաքացիների վստահության բոլոր ցուցիչները ցուցադրում են տեսանելի անկում [18]: Ընտրություններին չմասնակցող քաղաքացիների ավելացող թիվը հիասթափության մեկ այլ բացահայտ նշան է [19]: Սակայն նման ցուցիչները պետք է մեկնաբանել մեծ զգուշավորությամբ [20]: Դրանք գնահատելիս պետք է հաշվի առնել այն փոփոխությունները, որոնք վերջին ժամանակներում վերափոխեցին քաղաքացիական հասարակությունը:

Ներկայիս քաղաքագետները բավականին ակտիվ փնտրում են մասնակցության ոչ ստանդարտ ձևերը, որոնք կկարողանային արձանագրել աճ՝ չնայած ընտրական ակտիվության անկմանը: Մասնավորապես, գործադուլներին և ցույցերին մասնակցող, պետիցիաների տակ ստորագրություն դնող, այլ ճանապարհներով սոցիալական համերաշխություն արտահայտող մարդկանց թիվը խոսում է այն մասին, որ մեր ժամանակաշրջանին հատուկ չէ քաղաքական անտարբերությունը, իսկ մարդիկ ամենևին չեն փակվում իրենց մասնավոր տարածքում [21]:

Քաղաքացիականությունն անկման մեջ չէ, այն, ավելի շուտ, փոխել է իր բնույթը: Մեր աչքի առաջ տեղի ունեցավ քաղաքական արտահայտման սպեկտորի, ձևերի և նպատակների միաժամանակյա դիվերսիֆիկացիա: Քաղաքական կուսակցությունների արժեզրկման հետ գլուխ բարձրացրին ազդման բոլոր հնարավոր խմբերը: Րոպեական խնդիրների լուծման համար ad hoc սկզբունքով ստեղծվող կազմակերպությունների տարածմանը զուգահեռ ինստիտուտները, որոնք պատասխանատու են ներկայացուցչության և հասարակական գործարքների համար, կորցնում են իրենց երբեմնի հզորությունը: Քվեարկելուց զատ, քաղաքացիները դժգոհություններն ու մտահոգություններն արտահայտելու նոր միջոցներ են գտել: Ընտրությունների մասնակցության ցածր մակարդակը և վստահության անկնման երևույթը պետք է դիտարկել ավելի լայն ենթատեքստում՝ հաշվի առնելով ժողովրդավարական ակտիվության այս նոր ձևերը:

Իհարկե, քվեարկությունը շարունակում է մնալ քաղաքացիության առավել ակնհայտ ինստիտուցիոնալ արտահայտումը: Այն միշտ եղել է քաղաքական մասնակցության և քաղաքացիական իրավահավասարության խորհրդանիշ: Սակայն մասնակցության գաղափարը բարդ է: Այն ենթադրում է քաղաքական ոլորտի հետ ժողովրդի համագործակցության երեք հարթության առկայություն՝ արտահայտում, ներգրավում և միջամտություն:

Արտահայտման ժողովրդավարությունը ենթադրում է, որ հասարակությունն ունի ձայն, որ հավաքական կարծիքը կարող է արտահայտվել, որ կարող է ձևակերպվել իշխանության և նրա գործողության քննադատական գնահատականը, որ կառավարությանը կարող են պահանջներ ներկայացվել: Ներգրավման ժողովրդավարությունը ենթադրում է միջոցների ամբողջություն, որոնց օգնությամբ քաղաքացիները միավորվում են համատեղ գործողությունների, ընդհանուր բարօրության համար: Միջամտության ժողովրդավարությունը ներառում է հավաքական գործողությունների բոլոր տեսակները, որոնց միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

Ժողովրդավարությունը պտտվում է քաղաքական ակտիվության այս երեք ձևերի շուրջ: Ընտրություններն առանձին են դիտարկվում, քանի որ դրանք համատեղում են քաղաքացիական կեցության տարբեր մոդուսները միմյանց հետ: Քվեարկությունը, անխոս, քաղաքական մասնկացության կենտրոնացված արտահայտումն է, քաղաքական ակտիվության առավել կազմակերպված և տեսանելի ձևը: Ընտրական մասնակցության ոսկե դարաշրջանում քվեարկության այդ համապարփակ և ինտեգրող ասպեկտն անանջատ էր նրա «իդենտիֆիկացնող» ասպեկտից. այդ ժամանակ ընտրատեղամաս գնալը ոչ այնքան անհատական գերադասությունների արտահայտումն էր, որքան որոշակի խմբավորման անդամակցության հաստատումը[22]: Քվեարկության այս առանձնահատկությունն ընդգծվել է անհամար հեղինակների կողմից՝ Անդրե Զիգֆրիդից սկսած մինչև 1960-ականների քաղաքական սոցիոլոգներ:

Ժողովրդավարությունն ինքնին երկար ժամանակ ասոցացվում էր համընդհանուր ընտրական իրավունքի համար մղվող պայքարի հետ՝ հանդես գալով որպես դրա և՛ միջոց, և՛ գլխավոր խորհրադնիշ: Ժողովրդավարության վերջին վերափոխումները պետք է մեկնաբանել հենց այս լույսի ներքո: Չնայած նրան, որ ընտրական ժողովրդավարությունը, անկասկած, ենթարկվել է էրոզիայի, ժողովրդավարական արտահայտումը, ներգրավումը և միջամտությունը զարգացել և ուժ են հավաքել: Հետևաբար, «պասիվ քաղաքացու» գաղափարը շատ դեպքերում ուղղակի առասպել է [23]: Քաղաքական ակտիվության տրանսֆորմացիան, ինչի մասին ես մտորում եմ այստեղ, դիտարկվել է շատ գիտնականների և քաղաքական ակտիվիստների կողմից: Սակայն տեսաբանները փոքր-ինչ ուշացել են այս բոլոր փոփոխությունների մեկնության հետ: Դրա վառ օրինակը կարող է լինել դրանք նկարագրելու համար օգտագործվող տերմինաբանության անհստակությունը: Վերջին տասնամյակում, օրինակ, քաղաքագետները շատ էին գրում քաղաքականության «ոչ ավանդական» ձևերի ի հայտ գալու, նոր «բողոքական քաղաքականության», «քաղաքացիական քաղաքացիության» մասին (վերջին եզրույթով անվանում են քաղաքական միջամտության և արձագանքման ցանկացած նորարարական ձևերը):

Այս փոփոխությունների մեջ անմիջականորեն ներգրավված քաղաքական ակտիվիստները նույնպես ընդունեցին նոր բառապաշարը. նրանց առօրյա ” խոսակցական բառապաշարում հայտնվեցին այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են՝ «անհանգստացած ձախեր», «ոչ կառավարական քաղաքականություն» [24] և «ենթարկվողների քաղաքականություն» [25]: «Հակաիշխանություն» (антидемократия) և «կոնտրիշխանություն» (այս աշխատության մեջ խոսվող՝ контрдемократия) եզրույթները նույնպես ստացան լայն գործածություն[26]: Եվ, վերջապես, շատ ակտիվիստներ փորձում են վերաիմաստավորել Միշել Ֆուկոյի տեսական ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են իշխելու (governmentality) մեխանիզմներին:

Հակաժողովրդավարության հասկացությունը պետք է ուսումնասիրել այս շարքում: Այն, իմիջայլոց, ի վիճակի է ապահովել մասնատված տերմինաբանությանը ընդհանուր լեզվով և գաղափարական ամբողջականությամբ՝ այդպիսով առաջարկելով քաղաքականության և ժողովրդավարության ընդհանուր տեսության կոնտեքստում ժամանակակից ժողովրդավարության վերափոխումների ամբողջ զանազանության նկարագրման համակարգ:

Շարունակելի ..

Հղումներ

[*] Հատված Rosanvallon P. Counter-Democracy: Politics in an Age of Distrust. Cambridge: Cambridge University Press, 2008. գրքից, էջ՝ 1–27; տե՛ս նաև Անձեռնմխելի պաշար 2012. № 2(82). էջ՝ 264–267.

[18] Տե՛ս Dogan M. (Ed.). Political Mistrust and the Discrediting of Politicians. Leyden; Boston: Brill, 2005.

[19] Տե՛ս օրինակ, հետևյալ աշխատություններում հավաքված տվյալները. Capdevielle J. Démocratie: La Panne. Paris: Textuel, 2005; Franklin M.N. et al. Voter Turnout and the Dynamics of Electoral Competition in Established Democracies since 1945. Cambridge: Cambridge University Press, 2004.

[20] Ընտրություններին մասնակցելուց խուսափելու ցուցանիշները պետք է դիտարկվեն երկարաժամկետ հեռանկարում, քանի որ դրանք կարող են տարբերվել կախված ընտրությունների բնույթից:Օրինակ, հեղափոխական տարիներին Ֆրանսիայում ընտրություններին մասնակցության ցուցանիշը անկայուն էր: Ժուլ Միշլեն նշում է, որ 1790 թ. ընտրություններին մեծ թվով մասնակցությունից հետո, 1791 թ. ընտրողները հիմնականում «գերադասեցին մնալ տանը»: Առանցքային դեր այստեղ խաղում է, այսպես կոչված, «ընտրական ընդհատումը»: Ֆրանսիական դեպքի մասին տե՛ս.: Héran F. Voter toujours… ou jamais // Cautrès В., Mayer N. (Eds.). Le Nouveau Désordre electoral: Les Leçons du 21 avril 2002 // Insee Primière. 2003. № 877; Clanché F. La participation electoral au printemps 2002: De plus en plus de votants intermittents // Ibid. Քաղաքագետները նույնպես առանձնացնում են նրանց, ովքեր ձեռնպահ են մնում՝ «մնալով խաղի մեջ», և նրանց, ովքեր ձեռնպահ եմ մնում՝ «դուրս գալով խաղից»:

[21] Այս խնդրին նվիրված գրականությունը բավականին շատ է: Օրինակ՝ Norris P. Democratic Phoenix: Reinventing Political Activism. Cambridge: Cambridge University Press, 2002; Perrineau P. (Ed.). L’Engagement politique: déclin ou mutation? Paris: Presses de la Fondation Nationale des Sciences, 1994; Arnaud L., Guionnet Chr. (Eds.). Les Frontières du politique: Enquête sur les processus de politisation et dépolitisation. Rennes: Presses Universitaires de Rennes, 2005.

[22] 1960-ականներին քաղաքագետները հայտարարեցին այսպես կոչված «միչիգանյան պարադիգմայի» մասին (այսպես անվանված այն համալսարանի անունով, որի հիման վրա իրականացվում էին ուսումնասիրությունները), որի համաձայն ընտրողները իրենց ընտրությունը կատարում էն ոչ թե իրենց քաղաքական մինիմալ իմացությունների հիմքի վրա, այլ ելնելով նախասիրություններից և հակումներից, որոնք ձեռք են բերել ավելի վաղ տարիներին:

[23] Այստեղ տեղին է ընդգծել, որ այսօր քաղաքացիները շատ ջանք են գործադրում իրենց տեղեկացնելու համար: Տե՛ս տվյալները, որոնք բերված են աշխատությունում՝ Schweisguth É. La dépolitisation en question // Grunberg G., Mayer N., Sniderman P. La Démocratie à l’épreuve. Paris: Presses de Sciences-Po, 2002. P. 56–57.

[24] Տե՛ս օրինակ, ֆրանսիական ամսագրերը «Multitudes» և «Vacarme».

[25] Տե՛ս Chatterjee P. The Politics of the Governed. New York: Columbia University Press, 2004.

[26] Տե՛ս Benasayag M., Sztulwark D. Du contre-pouvoir: De la subjectivité contestataire à la construction de contre-pouvoirs. Paris: La Découverte, 2002; Holloway J. Change the World Without Taking Power. London: Pluto Press, 2002.

Բնօրինակի հեղինակ՝ Андрей Захаров, Перспективы

Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhsibekyan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: