«Ինլայթ»-ը ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ, Կոլեժ դը Ֆրանսի ժամանակակից քաղաքական պատմության և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS) պրոֆեսոր Պիեռ Ռոզանվալոնի (Pierre Rosanvallón) «Հակաժողովրդավարություն. Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում» [*] հոդվածի հայերեն թարգմանությունը:
Նախորդ մասը՝ Անվստահության հասարակություն
Հակաժողովրդավարության երեք չափումները
Եկե՛ք նախևառաջ ուսումնասիրենք վերահսկողության իրավասությունները: Նրանց բնությունը հասկանալու և հետևելու համար` որտեղից են դրանք հայտնվել, անհրաժեշտ է հիշել, որ ազգային ինքնիշխանության գաղափարը պատմականորեն դրսևորվել է երկու տարբեր ճանապարհներով: Դրանցից առաջինը քվեարկելու իրավունքն է՝ քաղաքացիների իրավունքը՝ ընտրելու սեփական առաջնորդներին: Սա ժողովրդավարական սկզբունքի ամենաանմիջական արտահայտումն էր: Սակայն քվեարկել, օժտելով ընտրովի իշխանությանը լեգիտիմությամբ, կարելի է միայն ժամանակ առ ժամանակ, և այդ պատճառով քվեարկությունն ամրապնդվում էր ընտրովի մարմիններին ավելի պարբերաբար հսկողության ենթարկելու ցանկությամբ: Բավականին արագ պարզ դարձավ, որ ընտրական զամբյուղի սանկցիաները բավարար չեն ընտրովի ներկայացուցիչներից ընտրողներին տրված խոստումների իրագործմանը հասնելու համար: Ճիշտ է, որոշակի ժամանակ ենթադրվում էր, որ ժողովրդի ընտրյալներին կարելի է զսպել ընտրազանգվածի կողմից տրվող ցուցումների միջոցով, այսինքն՝ «իմպերատիվ մանդատի» օգնությամբ: Սակայն այս գաղափարը անհամատեղելի էր պառլամենտական բաց բանավեճերի սկզբունքի հետ, քանի որ ոչ մի քննարկում չի կարող լինել արդյունավետ, եթե նրա մասնակիցները զրկված են հակառակորդների հակափաստարկները լսելուց հետո իրենց դիրքորոշումը փոխելու իրավունքից: Այդ իսկ պատճառով, իմպերատիվ մանդատից հրաժարվեցին հօգուտ վերահսկման անուղղակի մեթոդների:
Հույսերը, որ պատգամավորների տեսակետները միշտ ամբողջությամբ պետք է համընկնեն իրենց ընտրողների կարծիքների հետ, ուտոպիստական էին, բայց ընտրազանգվածը, այնուամենայնիվ, ցանկանում էր պահպանել իր ներկայացուցիչների նկատմամբ արդյունավետ ճնշման հնարավորությունը՝ թեկուզ և ամենակոպիտ և անմիջական ձևերով: Ժողովրդավարությունները, այսպիսով, մշտապես գտնվում էին այնպիսի «հակամիջոցների» փնտրտուքների մեջ, որոնք կկարողանային շտկել իրենց ուղին և պահպանել կայունությունը: Իշխանության և հակաիշխանության այս դուալիզմը առավել վառ արտահայտվեց Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Արդեն 1789թ. շրջանառության մեջ մտավ «վերահսկողություն» տերմինը, որով անվանվում էր ինքնիշխանության հավելյալ ձևը, որը կարևոր էր կատարյալ կառավարման երաշխավորության համար՝ կոչված իրագործելու «համընդհանուր ցանկությունը»: Զգոն քաղաքացիները պետք է աչալրջորեն հետևեին կառավարության գործունեությանը: Սա համարվում էր ինստիտուցիոնալ դիսֆունկցիայի և, մասնավորապես, «ներկայացուցչության էնտրոպիայի» դեմ գլխավոր միջոց:
Ավելի ուշ՝ յակոբինյան տեռորի ժամանակներում, «վերահսկողություն» տերմինը կորցրեց դրական իմաստը. այն սկսեցին ասոցացնել հեղափոխական ակումբներում և կոմիտեներում կիրառվող բռնակալության հետ և աստիճանաբար դուրս մղեցին քաղաքական բառապաշարից: Բառը վերացավ, բայց հասկացությունը մնաց: Այս կամ այն կերպ քաղաքացիական հասարակությունը շարունակում էր ստուգել, հետաքննել, գնահատել կառավարության գործունեությունը: Արդյունքում, ժողովրդի վերահսկման արտոնությունները զգալիորեն ընդլայնվեցին:
Այն ժամանակ, երբ ժողովրդավարական ինստիտուտները երկու դարերի ընթացքում գտնվում էին համեմատական անսասանության վիճակում, վերահսկողական լիազորություններն ընդլայնվում էին և դիվերսիֆիկացվում: Ստորև ես հատուկ ուշադրություն կդարձնեմ վերահսկման երեք հիմնական միջոցների վրա՝ զգոնություն, բացահայտում և գնահատում: Դրանցից յուրաքանչյուրն օգնել է դուրս բերել լեգիտիմության գաղափարը շրջանակներից, որոնք գծագրվել են ընտրություններով: Այս ընդլայնված լեգիտիմությունը հենվում է ինչպես անհատների, այնպես էլ ռեժիմների հեղինակության վրա: Փաստացի հեղինակությունը վերածվել է այն անտեսանելի ինստիտուտներից մեկի, որոնց վրա կառուցվում է վստահությունը: Վերահսկման առաջնային միջոցներն ունեն մի շարք ընդհանուր բնութագրեր: Նախևառաջ, դրանք մշտական են, մինչդեռ ընտրությունները՝ պարբերական: Երկրորդ, դրանք կարող են իրականացնել ինչպես առանձին մարդիկ, այնպես էլ կազմակերպությունները: Երրորդ, դրանք ուժեղացնում են կառավարության գործունեության վրա ազդելու հասարակության ունակությունը: (Ջոն Ստյուարտ Միլը նշում է՝ ոչ ոք չի կարող զբաղվել ամեն ինչով միաժամանակ, բայց ցանկացածը կարող է հետևել ամենի ինչին միաժամանակ:) Թվարկված հանգամանքների շնորհիվ «վերահսկման ժողովրդավարությունը» շարունակում է ծաղկել:
Սանկցիաների և պրևենտիվ (կանխարգելիչ) միջոցառումների ոլորտում հասարակության արտոնությունները նույնպես ընդլայնվեցին, և դա ձևավորեց անվստահության երկրորդ հիմնարար ձևը՝ սահմանափակ կերպով ներկառուցված այն երևույթի մեջ, որը ես անվանում եմ հակաժողովրդավարություն: «Օրենքների ոգու մասին» աշխատության մեջ Մոնտեսքյոն սկզբունքորեն տարանջատեց գործելու կարողությունը և կանխարգելելու կարողությունը: Այս տարանջատման կարևորությունն աճում էր այն բանի հետ մեկտեղ, որ քաղաքացիները հայտնաբերում էին իմպերատիվ մանդատի անկատարությունը:
Գիտակցելով սեփական անկարողությունը իշխանություններին հստակ քայլեր ձեռնարկել կամ որոշումներ ընդունել ստիպելու հարցում՝ քաղաքացիները սկսեցին ամրապնդել իրենց ազդեցությունը՝ կառավարության նկատմամբ կիրառելով սանկցիաների նոր տարատեսակ: Աստիճանաբար ընտրությունների և իրավական ինստիտուտների «պոզիտիվ ժողովրդավարությունը» բազմակողմանիորեն լրացվեց նրանով, որը կարելի է անվանել քաղաքացիական հասարակության «բացասական սուվերենիտետ»: Նման շրջադարձի սկզբնական պատճառը զուտ տեխնիկական էր. իշխանության կողմից մտածված գործողությունների արգելափակումը հաճախ տալիս էր էական և տեսանելի արդյունքներ: Անցանկալի օրինագծի ընդունման կանխարգելմամբ պայմանավորված հաջողությունը կարող էր գնահատել յուրաքանչյուրը, մինչդեռ ցանկալի քաղաքականության իրականացմանն ուղղված ճնշման արդյունավետությունը չէր ենթարկվում նույնքան ոչ հակասական գնահատականի: Հակադարձելով կառավարական կոնկրետ որոշմանը՝ հնարավոր էր հասնել միանշանակ հաղթանակի, այն դեպքում, երբ այս կամ այն դրական գծի ընդունումը պնդելն ավելի բարդ էր: Իմպերատիվ մանդատի ժողովրդավարությունը նախատեսված է միայն ընտրողների առաջ պատգամավորական ընդհանուր պարտականությունների ամրապնդման համար, իսկ նեգատիվ ժողովրդավարությունն ուղղված է կոնկրետ արդյունքների հասնելուն:
Սոցիոլոգիական տեսանկյունից կասկած չկա, որ բացասական կոալիցիա ձևավորելն ավելի հեշտ է, քան դրական մեծամասնություն կազմակերպելը: Բացասական կոալիցիաներն ավելի հանդուրժող են ներքին հակասությունների նկատմամբ: Հենց իրենց տարբերությունով էլ բացատրվում է այն թեթևությունը, որով դրանք ստեղծվում են և երբեմն հաղթանակում: Մեծամասնությունը, որն արձագանքում է իշխանության այս կամ այն մարտահրավերին, ընդհանրապես կարիք չունի լինել ամբողջական, որպեսզի կատարի իր դերը: Նրա հզորությունն աճում է այն բանի շնորհիվ, որ ընդդիմության շարքերում, որի կարծիքը նա արտահայտում է, առաջնային նշանակություն ունի արձագանքի ինտենսիվությունը:
Փողոցային ցույցերում, ԶԼՄ-ների վրդովված հրապարակումներում, դժգոհությունների տարաբնույթ սիմվոլիկ դրսևորումերում ներգրավված է ավելին, քան ուղղակի թվաբանությունը: Սրան հակառակ, ոչ թե դեպի բողոք, այլ դեպի պոզիտիվ գործողություն կողմնորոշված մեծամասնության ձևավորումն ավելի դժվար է տրվում: Նմանատիպ մեծամասնությունը ենթադրում է կամ պասիվ կոնսենսուս, կամ դրական և համընդհանուր հավանություն: Այն չի կարելի կառուցել անորոշության կամ ոչ միանշանակության վրա, և այս առումով նման մեծամասնությունը տեսանելիորեն տարբերվում է և՛ ընտրական մեծամասնությունից, և՛ ընդդիմադիր կոալիցիայից: Այն միշտ փխրուն է և անկայուն: Փորձը ցույց է տալիս, որ անզգույշ կամ չմտածված ցանկացած հայտարարություն քաղաքական գործչի համար հանգեցնում է ձայների քանակի ավելի մեծ կորստի, քան նրան կարող է բերել ինչ-որ սկզբունքային դիրքորոշման անզիջում պաշտպանությունը: Հետևաբար, ժողովրդական ինքնիշխանությունը ներկայացնում է իրեն որպես հերքելու կարողություն՝ պարբերաբար, ընտրությունների ընթացքում և սիստեմատիկ՝ իշխանությունների որոշումների նկատմամբ պարբերական արձագանքների միջոցով: Նոր «չընդունման ժողովրդավարությունը», այսպիսով, ավելանում է նախնական «ընդունման ժողովրդավարությանը»: Ժողովրդավարությունը հենց վետոյի իրավունքն է:
Ժողովրդավարական կառավարումն այլևս չի կարելի է նկարագրել որպես բացառապես լիազորման և լեգիտիմացման ընթացակարգ: Դրա կառուցվածքը սահմանվում է նաև վետոյի բոլոր հնարավոր ձևերի մշտական առճակատմամբ, որոնք բխում են հասարակական, տնտեսական և քաղաքական տարբեր խմբերից: Իրերի նման դասավորվածությունը որոշ հետազոտողների հանգեցրեց այն հիփոթեզի, որ ներկայիս քաղաքական ռեժիմները,որպես այդպիսին, բնութագրվում են ոչ այդքան ինստիտուցիոնալ կառուցվածքով (նախագահական համակարգն ընդդեմ խորհրդարանականի, երկկուսակցական համակարգն ընդդեմ բազմակուսակցականի և այլն), որքան նրանով, թե քաղաքական գործողությունը որքան է կախված տարբեր ակտորների՝ վետոյի իրավունքը կիրառելու կարողությունից:
Հակաժողովրդավարության համակարգում երրորդ գործոնը ժողովրդի վերափոխումն է դատավորի: Դրա առավել ակնհայտ արտահայտումը դարձավ իրավունքի ներխուժումը քաղաքական գործընթացի բոլոր անկյուններ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե քաղաքացիները հույս ունեն իրավական ընթացակարգերի միջոցով ստանալ այն, ինչը նրանց չկարողացավ տրամադրել ընտրական զամբյուղը: Քաղաքականության գրավումը իրավունքով պետք է դիտարկել քաղաքացիական պահանջների և հարցումների նկատմամբ իշխանությունների դեգրադացվող արձագանքի ֆոնին: Արձագանքման նվազեցմանը զուգահեռ ավելանում է հաշվետվողականության պահանջարկը: Բախման ժողովրդավարությունը զիջում է մեղադրանքի ժողովրդավարությանը: Վերջին 20 տարիների ընթացքում քաղաքական գործընթացում դատավորների՝ արտասովոր կերպով բարձրացված դերի մասին մտորումները դարձել են անքակտելի երևույթ: Բայց այս դիտարկումը առանձնացնում է խնդրի միայն փոքր մասը. անհրաժեշտ է նաև համեմատել քվեարկության և քննադատության համապատասխան որակները:
Դատելու իրավունքին տրվող նախապատվությունն իմաստ ունի միայն դատական տիպին հատուկ որոշումների բնութագրիչների ենթատեքստում: Քաղաքական գործունեությունը դատական տիպի ստուգման ենթարկելը նշանակում է հաստատել ապացույցների, թատերականության ձևերի, վկայությանի կանոնների որոշակի ստանդարտներ: Դատողության առաջ բերումը՝ ըստ դատական ռեժիմի, աստիճանաբար սկսեց դիտարկվել որպես մետաքաղաքական ձև, որը շատ մարդկանց համար ավելի նախընտրելի է ընտրություններից, որովհետև դրա արդյունքներն առավել կոնկրետ են:
Ի սկզբանե ժողովրդավարության առաջարկած սոցիալական պայմանագիրը հասրակությունը մեկնաբանում էր որպես զուտ ընտրողի: Բայց աստիճանաբար ընտրողներին՝ որպես քաղաքական ակտորների, եկան փոխարինելու երեք հավաքական մարմիններ, որոնց մասին մենք արդեն խոսել ենք. ժողովուրդը՝ որպես վերահսկիչ, ժողովուրդը՝ որպես վետոյի կրող, ժողովուրդը՝ որպես դատավոր: Այդ պատճառով անկախությունն սկսեց կիրառվել անուղղակիորեն, այսինքն՝ ըստ կանոնների, որոնք բացակայում էին սահմանադրության մեջ: Անկախությունը, որի մասին ես խոսում եմ, միջնորդավորված է այն իմաստով, որ այն արտահայտվում է էֆֆեկտների շարքով. այն չի բխում ֆորմալ իշխանությունից և չի վերածվում ուղղակի որոշումների, որոնք կարելի կլիներ անվանել քաղաքական: Եթե մենք ցանկանում ենք հասկանալ իշխանության սոցիալական ապրոպրիացիան՝ իր ամբողջ բարդությամբ, անհրաժեշտ է հաշվի առնել երկու ձևն էլ՝ և՛ ընտրական-ներկայացուցչական ժողովրդավարությունը, և՛ միջնորդավորված լիազորությունների հակաժողովրդավարությունը: Անելով դա՝ մենք անմիջապես կտեսնենք, որ իրական և ձևականժողովրդավարությունների ավանդական հակադրությունն ավելի լայն ենթատեքստում այդքան էլ արդյունավետ չէ:
Ղեկավարման ուղղակի և ներկայացուցչական ձևերի միջև բաժանումը նույնպես կորցնում է իր արժեքը: Այս նեղ կատեգորիաները դուրս են մղվում ժողովրդավարական ակտիվության ավելի բարդ հասկացությամբ, իսկ մեզ հնարավորություն է տրվում նկարագրել պետական իշխանության քերականությունն ավելի լայն իմաստով: «Հասարակական պայմանագրի մասին» տրակտատում Ժան-Ժակ Ռուսոն արդեն փորձել էր «հարստացնել» քաղաքացիության սահմանումը: Ի ավելացում ընտրելու հասարակ իրավունքի՝ նա հերթականությամբ ներառեց դրա մեջ նաև արտահայտվելու իրավունքը, առաջարկություններ մտցնելու իրավունքը, չհամաձայնելու իրավունքը, վիճելու իրավունքը[16]: Իր դասական աշխատության մեջ Ալբերտ Հիրշմանը վերջերս նույնպես առաջարկեց հարստացնել կոլեկտիվ գործողության բառապաշարը՝ առանձնացնելով «ելք», «ձայն» և «հավատարմություն» հասկացությունները [17]: Եթե հաշվի առնենք հակաժողովրդավարության կոնցեպտը, հնարավորություն է ընձեռնվում համալրել այս շարքն այնպիսի երևույթներով, ինչպիսիք են աչալրջությունը, գնահատումը, ճնշումը՝ բացահայտման, խոչընդոտման և դատական որոշման միջոցով:
Շարունակելի ..
[*] Հատված Rosanvallon P. Counter-Democracy: Politics in an Age of Distrust. Cambridge: Cambridge University Press, 2008. գրքից, էջ՝ 1–27; տե՛ս նաև Անձեռնմխելի պաշար 2012. № 2(82). էջ՝ 264–267. [16] Գիրք. IV. Գլուխ. 1. Նույն միտքը նաև ընդգծված է «Սարից նամակների» 7-րդ մասում: [17] Hirschman A. Exit, Voice, and Loyalty: Responses to Decline in Firms, Organizations, and States. Cambridge, MA: Harvard University Press, 1970 (рус. перев.: Хиршман А.О. Выход, голос и верность: реакция на упадок фирм, организаций и государств. М.: Новое издательство, 2009).Հղումներ
Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhsibekyan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: