Այսօր գրավյուրան հաճախ ընկալվում է որպես հին, արդեն մոռացվող արվեստի տեսակ: Նման ասոցիացիաները հնարավոր է որոշակիորեն  պայմանավորել նրանով, որ երկար ժամանակ՝ մինչև լուսանկարի գյուտը, գրավյուրան մեծապես կատարել է և՛ լուսանկարի, և՛ հեռուստատեսության, և՛ կինոյի դեր: Դրա շնորհիվ են մեզ հասել բազմաթիվ պատմական տեղեկություններ, և հենց այդ փաստագրական բնույթի «պատճառով» էլ արվեստի այս տեսակն ասոցացնում ենք հնության հետ: Նպատակ չունենալով, սակայն, անդրադառնալ գրավյուրային որպես փաստագրական նյութի`դիտարկելու ենք գրավյուրան որպես գրաֆիկական արվեստի տեսակ: Որպես այդպիսին` այն ընդգրկում է գրեթե բոլոր տպագրական տեխնիկաները՝ սկսած փայտի կամ մետաղի վրա արված դասական գրավյուրայից մինչև տպագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ձևավորված եղանակներ, ինչպիսին է, օրինակ, լազերային տպագրությունը:

Գրավյուրային տեխնիկաները բազմաթիվ են՝ քսիլոգրաֆիա, մեցցո-տինտո, օֆորտը` իր տարբեր տարատեսակներով (լավիսը, ակվատինտա և այլն), լիթոգրաֆիա, խրոմոլիթոգրաֆիա, լինոգրավյուրա:

Այս տեխնիկաներին ավելի մանրամասն փորձենք անդրադառնալ` հայտնի խորհրդային նկարիչ Պավել Ալեքսանդրովիչ Շիլինգովսկու (1881-1942) ստեղծագործական ուղին ուսումնասիրելով: Գրաֆիկայի մեծ վարպետը ժամանակակից և նեոդասական ուղղության ներկայացուցիչ է և աշխատել է գրավյուրայի մի շարք տեխնիկաներով: Նա նշանակալից ավանդ է ունեցել Համառուսական գեղարվեստի ակադեմիայի Գրաֆիկայի ֆակուլտետի հիմնադրման գործում:  Անդրադառնալով Շիլինգովսկու ստեղծագործական ուղուն՝ պետք է նշել, որ նա հիմնականում աշխատել է օֆորտի տեխնիկայով [1]:

Նրա վաղ գործերի թվում են (1914) այդ տեխնիկայով արված երկու գլուխգործոցներ` ստեղծված աստվածաշնչյան թեմայով՝ «Փախուստ Եգիպտոս» և «Լոթը դուստրերի հետ»: Այս տեխնիկայի բարդությունը և միաժամանակ գրավչությունը կայանում է նրանում, որ անգամ վարպետի համար հնարավոր չէ կանխատեսել վերջնարդյունքը:

«Լոթը դուստրերի հետ»                                                                                                  «Փախուստ Եգիպտոս»

Հետագայում Շիլինգովսկին սկսում է նաև աշխատել քսիլոգրաֆիայի[2], լիթոգրաֆիայի և լինոգրավյուրայի տեխնիկաներով: 1917 թվականին նկարիչը ստեղծում է իր առաջին գործը փայտի վրա: Նրա առաջին քսիլոգրաֆիան կոչվում էր «Լեռնային բնապատկերը ծառերով»: Դրանում դեռևս զգացվում էր փորձի և հմտության պակասը, բայց արդեն իսկ հաջորդ գրաֆիկայում նա զարմացնում է բոլորին նոր տեխնիկային տիրապետման իր հմտություններով:

«Արևելյան քաղաք»

1920-ականներին գրաֆիկական արվեստում լայն տարածում են ստանում էքսլիբրիսները կամ գրքապիտակները: Դրանց բարդությունը և միաժամանակ հետաքրքրությունը գրավյուրայի վարպետների համար կապված էր գրքի փոքր մակերեսի վրա արտահայտիչ և հստակ կոմպոզիցիա ստեղծելու հետ: Այս ամենից հետ չի մնում նաև Շիլինգովսկին: Նրա գրքապիտակներից շատերը մտնում են 20-րդ դարի էքսլիբրիսների ոսկե ֆոնդի մեջ: Դրանցից որոշներն անգամ կապված են Հայաստանի հետ:

Մասնավորապես, Շիլինգովսկին ունի երկու գրքապիտակ, որոնք նախատեսված են Արտաշես Կարինյանի[3] համար:Դրանցից յուրաքանչյուրը լավագույնս արտահայտում է վարպետի ստեղծագործական որոնումների առարկան: Առաջին գրքապիտակը՝ կամարով և փլատակներով, երկրի ճարտարապետության հանդեպ Շիլինգովսկու հետաքրքրության մասին վկայությունն է: Իսկ երկրորդի դեպքում հստակ նշմարվում է նկարչի սերը Հայաստանի բնության և կենցաղի հանդեպ:

Շիլինգովսկու ստեղծագործական կարողությունների լայն սահմանների մասին  են վկայում նաև անտիկ հեղինակների գրքերի հետ նրա ունիկալ աշխատանքները. մասնավորապես լեգենդար «Ոդիսականի», որտեղ հեղինակը պահպանել է կերամիկայի վրա սև պատկերներ նկարելու հին հունական ավանդույթը: Վարպետը պոեմին նվիրված  ավելի քան 50 գրավյուրա է հեղինակել, որոնք վաղուց համարվում են 20-րդ դարի գրքի վրա արված լավագույն աշխատանքերից:    

Քիչ չեն Շիլինգովսկու «գանձարանում» բնապատկերային շարքերը՝ արված տպագրական գրաֆիկայի ամենատարածված եղանակներից մեկով՝ լիթոգրաֆիայով: Այստեղ առանձնանում են «Պուշկինյան վայրեր», «Նոր Հայաստան» շարքերը:  

Երևան («Նոր Հայաստան» ալբոմից) (1928)

Վերջում չենք կարող չանդրադառնալ Շիլինգովսկու սիրելի քաղաքին՝ Պետերբուրգին, որին նվիրված է նկարչի վերջին ստեղծագործական շարքը՝ «Պաշարված քաղաքը» (1941-1942), որտեղ և նա մահացել է սովից շրջափակման տարիներին (նկարչի հուղարկավորության  մասին գրել է Անդրեյ Բարտաշևիչը իր՝ Շրջափակման մասին օրագրում):      

«Պաշարված քաղաքը» շարքից, 4-րդ էջ 1941-1942

 

Հղումներ

[1] Օֆորտը մետաղի վրա փորագրելու ամենահայտնի եղանակներից մեկն է:

[2] Քսիլոգրաֆիան կամ փայտափորագրությունը գրաֆիկական փորագրությունն է ծառի փայտի վրա:

[3] Խորհրդային կուսակցական ու պետական գործիչ, գրականագետ, պատմաբան:

Գրականություն

  1. Бакуменко «Маг безупречно вырезанных линий» (о художнике П.А. Шиллинговском)
  2. «Прошлый Век». Галерея искусства XX века. Шиллинговский П.А.
    https://pv-gallery.com/author/85833/Shillingovskiy-P-A4
  3. ГРАВЮРЫ ПАВЛА ШИЛЛИНГОВСКОГО
    https://archi.ru/events/7680
  4. Русский музей. Гравюра
    http://www.rusmuseum.ru/collections/engraving/?sphrase_id=163809
  5. Особенно гравюра. Из цикла «Искусство видеть»
    https://www.youtube.com/watch?v=cIvUWDjs28E


Հեղինակ՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: