Մեծ եղբայր 2.0. Ինչպես է Չինաստանը կառուցում թվային բռնապետություն

Դառնալով Չինաստանի ղեկավարը՝ Սի Ցզինպինը սկսեց կոշտ պայքարը կաշառակերության դեմ կուսակցականների շարքերում, իսկ այժմ մտադիր է անցնել ողջ հասարակությանը: Թվային տեխնոլոգիաների և Big data-ի միջոցով համակարգը կվերլուծի տվյալներ յուրաքանչյուր քաղաքացու վերբերյալ՝  տալով նրան անհատական վարկանիշ: Բարձր վարկանիշ ունեցող օրինապաշտ քաղաքացիներին սպասվում են արտոնություններ և խրախուսանքներ, իսկ ցածր վարկանիշ ունեցողներին՝ խոչընդոտներ և օստրակիզմ: 

Ժամանակակից Չինաստանը  հաստատապես ամրապնդել է խոշոր  կրկնօրինակող մեքենայի իր կերպարը, որն ընդունակ է միայն ձևափոխել և կրկնօրինակել այլոց նվաճումները: Սակայն այժմ թվում է, ժամանակն է, որ չինացիները աշխարհին նվիրեն  սեփական գյուտը, որն իր մասշտաբներով համեմատելի է իրենց կողմից երբևէ ստեղծած թղթի, վառոդի և կողմնացույցի հետ: Չինաստանը հորինում է թվային բռնատիրություն:

Ո՞վ է գաղափարական ոգեշնչողը

Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ  գոյություն ունի վերգիտակցական բանականություն, ամենատես աչք, որը Ձեր մասին ավելի շատ գիտի, քան Դուք՝ ինքներդ: Գնահատվում է Ձեր ցանկացած արարքը, նույնիսկ չնչին զանցանքները աննկատ չեն մնում և Ձեր օգտին որպես ևս մեկ մինուս են գրանցվում: Իսկ բարի գործերը կատարելագործում են Ձեր կարման: Մարդկությունը վաղուց է մտորել այդ մասին. ցանկացած կրոնի համար կլիշե էր  կանխադրույթի առկայությունը, ըստ որի` դու կարող ես խաբել և խաբվել, սակայն երկինքն ամեն ինչն տեսնում է, և դու քո արժանին կստանաս: Աշխարհի այսպիսի պատկերը հազարավոր տարիներ գոյություն ուներ միայն հավատքի մակարդակում: Բայց այժմ` նորագույն տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո, այն դառնում է իրականություն: 21-րդ դարի ամենատես աչքը հասավ Չինաստան: Եվ նրա անունն է  սոցիալական կրեդիտային համակարգ (社会信用体系): Այս եզրույթի իմաստային ավելի հստակ թարգմանությունը «սոցիալական վստահության համակարգն» է: Այսպիսի համակարգ ստեղծելու մասին մտածել էին դեռևս երկիրը 2002-2012թթ. ղեկավարած ՉԺՀ-ի նախկին նախագահ Հու Ցզինտաոյի օրոք (胡锦涛): 2007թ. հրապարակվեցին «ՉԺՀ-ի Պետական խորհրդի գրասենյակի մի քանի նկատառումները սոցիալական կրեդիտային համակարգի ստեղծման մասին» (国务院办公厅关于社会信用体系国务院办公厅关于社会信用体系建设的若干意见): Այդ ժամանակ նախագիծը նման էր սքորինգի՝ պարտապանի վճարունակության գնահատման ընդլայնված համակարգի, որն ԱՄՆ-ում իրականացնում է FICO ըներությունը: «Օգտագործելով միջազգային փորձը՝ կատարելագործել սքորինգի համակարգը վարկավորման, հարկավճարի, պայմանագրի կատարման, արտադրանքի որակի բնագավառներում». այսպիսի խնդիր էր դրված փաստաթղթում: 

Սի Ցզինպինի (习近平) իշխանության գալուց հետո` արդեն 2014 թ., ՉԺՀ Պետական խորհուրդը ներկայացրեց նոր փաստաթուղթ՝ «Սոցիալական կրեդիտային համակարգի ստեղծման ծրագիրը (2014-2020)» (国务院关于印发社会信用体系建设规划纲要 (2014–2020年)的通知): Դրանում ծրագիրն անճանաչելիորեն փոխվեց: Ծրագրից հետևում է, որ մինչև 2020 թ. ոչ միայն յուրաքանչյուր ընկերություն, այլև մայրցամաքային Չինաստանի յուրաքանչյուր բնակիչ կհսկվի և կգնահատվի այս համակարգով իրական ժամանակի ռեժիմով: Ֆիզանձանց վստահության վարկանիշը կկցվի ներքին անձնագրին (身份证): Վարկանիշները կհրապարակվեն համացանցում՝ տվյալների կենտրոնական բազայում՝ ազատ  հասանելիությամբ:

Բարձր վարկանիշ ունեցողները կօգտվեն սոցիալական և տնտեսական տարաբնույթ արտոնություններից: Իսկ նրանք, ում վարկանիշը ցածր կլինի, կտուժեն. նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր և սահմանափակումներ՝ ողջ խստությամբ: Գլխավոր խնդիրը, որը և ուղիղ տեքստով նշված է Խորհրդի ծրագրում, այն է՝ «վստահությունն արդարացնողները բոլոր բարիքներից օգտվեն, իսկ վատնողները չկարողանան քայլ անգամ կատարել» («让守信者处处受益让失信者寸步难行»): 2016թ. դեկտեմբերի կեսին ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի (ՉԿ ԿԿ) քաղաքական բյուրոյի նիստի ժամանակ Սի Ցզինպինը հայտարարեց. «Անվստահության պակասի սուր խնդրի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ստեղծել վստահության գնահատման այնպիսի համակարգ, որը կընդգրկի ողջ հանրությունը: Անհրաժեշտ է կատարելագործել ինչպես օրինապաշտ և բարեխիղճ քաղաքացիների խրախուսման մեխանիզմները, այնպես էլ պատժի մեխանիզմները այն անձանց նկատմամբ, ովքեր  խախտում են օրենքը և կորցրել են վստահությունը, որպեսզի մարդը երբեք չհամարձակվի, ուղղակի չկարողանա վատնել վստահությունը»: Իհարկե, հստակ հայտնի չէ, թե ՉԺՀ գերագույն ղեկավարությունում ում է պատկանում նման ծրագիր ստեղծելու գաղափարը: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ համակարգը ձևափոխվեց նոր սերնդի ղեկավարների իշխանության գալուց հետո, ինչպես նաև այն ուշադրությունը, որը հատկացնում է ՉԺՀ ներկայիս նախագահը կոռուպցիայի դեմ պայքարին, կարելի է ենթադրել, որ այս սոցիալական կրեդիտային ամենատես համակարգի գաղափարական ոգեշնչողը հենց ՍԻ Ցզինպինն է: Համակարգի ստեղծման և կյանքի կոչման համար, ըստ երևույթին, պատասխանատու է ՉԺՀ Զարգացման և ռեֆորմների կոմիտեն (中华人民共和国国家发展和改革委员会): Համենայն դեպս, հենց նա է հրապարակում տարատեսակ հաշվետվություններ այն մասին, թե ինչպես է ընթանում սոցիալական կրեդիտային համակարգի ստեղծման գործը: Ընթացիկ աշխատանքը վերահսկվում է զարգացման և ռեֆորմների կոմիտեի նախագահի տեղակալ Լյան Վեյլանի (连维良) կողմից: Նա նաև  խորհրդակցություններ է անցկացնում ճյուղային տեսչությունների և ասոցիացիաների հետ, երկրի առաջին դեմքերի կողմից ստացված ցուցումներ է նրանց տալիս:

Քաղաք-հեքիաթ

Համակարգն արդեն աշխատում է պիլոտային ռեժիմով Չինաստանի մոտ երեսուն քաղաքներում: Այս գործում առաջավորներից  դարձավ Շանդուն (山东) շրջանի Ժունչեն (荣成) քաղաքը: Քաղաքի բոլոր բնակիչներին (670 հզ. մարդ) տրվում է մեկնարկային 1000 բալ  վարկանիշ: Այնուհետև կախված նրանց վարքագծից՝ վարկանիշը կա՛մ բարձրանում է, կա՛մ ընկնում: Քաղաքացու կյանքի և գործնեության մասին մասնատված տեղեկությունը մունիցիպիալ, առևտրային, իրավապահ, դատական մարմիններից փոխանցվում է միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ  մշակվում է big data տեխնոլոգիայի միջոցով, և քաղաքացու վարկանիշը համապատասխանաբար բարձրանում կամ ընկնում է: Ժունչենում միասնական տեղեկատվական կենտրոնը վերլուծում է ոչ ավել, ոչ պակաս՝ 160 հազար տարատեսակ տվյալներ 142 հաստատություններից: Ակտիվ խրախուսվում է նաև մատնության համակարգը: Քաղաքացուն, ով պատկան մարմիններին կտեղեկացնի իր հարևանի վատ գործերի մասին, հասնում է նվազագույնը հինգ բալ: Համակարգը չի նախատեսում որևէ միասնական փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինի՝ ինչ է կարելի անել, իսկ ինչ՝ չի կարելի և ինչ է սպասվում դրա համար: Հայտնի է միայն, որ եթե քո վարկանիշը բարձր է 1050 բալից, ապա դու օրինակելի քաղաքացի ես և  դրոշմվում ես 3 հատ «A» տառով: Հազար բալով հնարավոր է ստանալ «AA»: Ինը հարյուրի դեպքում՝ «B»: Եթե վարկանիշդ ընկել 849-ից ցածր, ապա դու «C» վարկանիշի կասկածելի կրող ես, և քեզ կազատեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայությունից: Իսկ նրանք, ում վարկանիշը 599 և ավելի ցածր է, չեն խուսափի անհաջողությունից: Նրանց գրանցում են «D» ենթագրությամբ սև ցուցակում, նրանք դառնում են հասարակության աքսորյալները, նրանց չեն ընդունում գրեթե ոչ մի աշխատանքի  (սև «D» մակնշմամբ նույնիսկ տաքսի ծառայությունում աշխատել չի կարելի), վարկ չեն տրամադրում, չեն վաճառում ճեպընթաց գնացքների և ինքնաթիռների տոմսեր, առանց գրավի վարձակալությամբ մեքենա և հեծանիվ չեն տալիս: Հարևաններդ փախչում են քեզնից, ինչպես կրակից, քանզի, Աստված չանի, ինչ-որ մեկը տեսնի՝ ինչպես ես շփվում D կարգի մարդու հետ. քեզ անմիջապես կմատնեն, և քո վարկանիշը նույնպես շեշտակի կընկնի: Մի քանի օրինակ ևս այն մասին, թե ինչպես են ապրում տարբեր վարկանիշներով մարդիկ Ժունչենում: Նրանց, ում վարկանիշը «AA» և բարձր է, տրամադրում են սպառողական վարկ մինչև 200 հազար յուանի չափով՝ առանց գրավի և երաշխավորների, ցածր տոկոսադրույքով: Նա, ում վարկանիշը «A» է, կարող է բուժվել հիվանդանոցում առանց գրավի, եթե բուժման արժեքը չի գերազանցում 10 հազար յուանը: «AA» և «AAA» վարկանիշների համար առանց գրավադրման գումարը կազմում է համապատասխանաբար 20 և 50 հազար յուան:  «AAA» վարկանիշով գրեթե սուրբ մարդկանց հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի մուտքից անվճար կուղեկցի կրտսեր բուժանձնակազմը, կցուցաբերի ցանկացած բուժօգնություն: Անհրաժեշտության դեպքում կտրամադրեն անվասայլակ՝ առանց գրավի, կանայք կանցնեն արգանդի վզիկի քաղցկեղի վաղ բացահայտման նպատակով բուժզննում և մամմոգրաֆիա՝ առանց նախնական գրանցման: «A+» վարկանիշով Ժունչենի առողջ բնակիչներին վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրվեն՝ առանց գրավի, ընդ որում, առաջին մեկ և կես ժամը կվարեն անվճար: Համեմատության համար՝ «C» վարկանիշ ունոցողներին հեծանիվ կտրամադրեն միայն 200 յուան գրավի դիմաց: Հարց է առաջանում. ինչպե՞ս միավորներ ձեռք բերել կամ գոնե չկորցնել դրանք: Ժունչենի իշխանություններն ասում են. -«Դա շատ պարզ է. բավական  է ապրել օրենքին համապատսխան, ժամանակին մարել վարկերը, վճարել հարկերը, հետևել երթևեկության կանոններին (յուրաքանչյուր խախտման համար վարչական տույժի հետ մեկտեղ հանվում է վարկանիշի 5 բալը), չխաթարել հասարակության բարոյական հիմքերը, և ամեն ինչ կլինի ըստ կարգի»: «Չհավաքեցի՞ր բակում քո շան հետևից, հանվում է 5 բալ: Ուղեկցեցի՞ր ծեր հարևանիդ մինչև հիվանդանոց, կստանաս 5 բալ»,- պարզաբանում է չինական «Հուանցյուվան» տեղեկատվական կենտրոնը (环球网): Սակայն երբ նախօրոք հստակորեն որոշված չէ՝ ինչ է կարելի, ինչ՝ ոչ, սկսվում է վարչական կամայականությունը: Կարող են տուժել գրեթե անմեղ մարդիկ: Պատկերացնենք իրավիճակ, երբ մարդն իր մեքենայի վրա տեղադրել է ոչ ստանդարտ անվադողեր և Ժունչենից մեկնել տաք Գուանչժոու (广州): Արագաչափի ցուցմունքները թեթևակի խեղաթյուրվում են, և ճանապարհի  ընթացքում արագության աննշան գերազանցման համար տեսախցիկները լուսանկարում են համարանիշները 15 անգամ: Իսկ կարմայից պակասեց 75 միավոր: Վերադարձին վրդովված վարորդը գնում է դեղատուն՝ հանգստացնող հաբ գնելու: Վճարում է կատարում բջջային հավելվածի միջոցով, որը փոխանցում է գնումների մասին տվյալները անհրաժեշտ մարմիններին: Համակարգը գնահատում է նրան որպես հոգեպես անհավասարակշիռ և դարձյալ իջեցնում վարկանիշը: Արդյունքում օրինակելի հայրենասերը և հասարակական կյանքի ակտիվ մասնակիցն այլևս չի կարող նույնիսկ տաքսու վարորդ լինել:

Ինչպե՞ս է աշխատում համակարգը

Իրավաբանական անձանց համար խաղի կանոնները ավելի հստակ են ձևակերպված: Ստուգվում է ընկերությունների գործունեության համապատասխանությունը իրավական, բնապահպանական նորմերին, զննվում են աշխատանքային պայմանները և անվտանգությունը, ֆինանսական հաշվետողականությունը: Եթե ոչ մի խախտում չկա, ապա  ընկերությանը շնորհվում է բարձր վարկանիշ, և նա օգտվում է հարկային արտոնություններից, վարկավորման շահավետ պայմաններից, նրա նկատմամբ պարզեցվում են վարչական ընթացակարգերը՝ «փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթի ընդունման» սկզբունքով (容缺受理): Սա նշանակում է, որ եթե որևէ ատյան դիմելիս  ընկերությունը ներկայացրել է փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ, ապա նրա դիմումն այնուամենայնիվ ընդունվում է, իսկ պակասող փաստաթղթերը պարզապես կարելի է հետո հասցնել կամ էլ նույնիսկ ուղարկել դրանց սկանավորված տարբերակը: Նրանց համար, ում վարկանիշը ցածր է, սահմանվում են բարձր տոկոսադրույքով վարկեր, բարձր դրույքաչափով հարկեր, արժեթղթերի էմիսիայի արգելք, ներդրում կատարելու արգելք այն  ընկերություններում, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բիրժայում, ինչպես նաև պետական թույլտվություն ստանալու անհրաժեշտություն նույնիսկ այն ճյուղերում ներդրում կատարելու համար, որոնց հասանելիությունը ընդհանուր առմամբ ոչ մի կերպ չի սահմանափակվում: Բայց թե ինչպես կգործի հասարակական վստահության գնահատման համակարգը ֆիզիկական անձանց դեպքում, մինչ այժմ հանելուկ է մնում: Ի՞նչ է այսօրվա դրությամբ հայտնի. մարդու մասին տվյալները մի կողմից կհավաքագրվեն բոլոր հնարավոր  պետական կառուցվածքներից, իրավապահ և մունիցիպալ մարմիններից: Մյուս կողմից, դա նշված է Պետական խորհրդի ծրագրում, տվյալները կհավաքագրվեն ութ մասնավոր ընկերություններ: Այնուհետև տվյալների հսկայական զանգվածը կներմուծվի վարկային տեղեկատվության համաչինական միասնական հարթակ (全国信用信息共享平台), որն, ի դեպ, արդեն գործում է: Այն կմշակի տեղեկատվության այդ զանգվածը և կձևավորի վարկանիշ: Ընկերությունների վարկանիշները հնարավոր կլինի դիտել ընկերությունների համար հանրային վարկային տեղեկատվության ազգային տեղեկատվական համակարգում (全家企业信用信息公示系统), իսկ ֆիզիկական անձանց մասին տվյալները՝ Credit China տեղեկատվական պորտալում(信用中国网): Տվյալներ հավաքագրող ութ մասնավոր ընկերություններից առաջին երկուսը Alibaba-ն (阿里巴巴集团) և Tencent-ն (腾讯) են: Թե ինչու են հենց այս ընկերություններն ընտրվել, պարզ է: Tencent-ը WeChat (微信) մեսսենջերի սեփականատերն է, որից օգտվում է 500 մլն. մարդ: Alibaba-ն համացանցային առևտրի  խոշորագույն հարթակներից է, որից օգտվում է 448 մլն. չինացի, իսկ վաճառքի ծավալը կազմում է 23 մլրդ դոլար: Ընդ որում, և՛ Alibaba-ն, և՛ Tencent-ը ակտիվորեն յուրացնում են ֆինանսատեխնիկական ինդուստրիան. այս երկու ընկերությունների՝ Alipay-ի(支付宝) և WeChatPay-ի (微信支付) բջջային վճարման ծառայությունները կազմում են Չինաստանում  բջջային վճարումների շուկայի 90%-ը, որոնց ծավալը հասնում է 5.5 տրլն. դոլարի: Ինչպիսի՞ ինֆորմացիա կարող են հավաքագրել այդ ընկերությունները. ամենաարժեքավոր: Բջջային հավելվածների շուկան տրամադրում է գրեթե անսահմանափակ հնարավորություններ: Հայտնի է, թե ինչ ես դու գնում, որտեղից ես գնում: Գեոլոկացիայի միջոցով հնարավոր է հետևել՝ որ ժամին որտեղ եք լինում: Հնարավոր է գնահատել քո իրական եկամուտը, հետաքրքրությունների ոլորտը, հետևել՝ ում հետ եք շփվում և ինչ եք քննարկում, ինչ եք կարդում: Ինչպիսի հրապարակումներ ես կատարում սոցիալական ցանցերում, և ինչ կոնտենտ է   քեզ դուր գալիս: Alibaba-ն, որին պատկանում է ոչ միայն Alipay հարթակը, այլև Weibo (微博) միկրոբլոգների չինական խոշորագույն սերվիսի 31%-ը՝ 340 մլն. օգտատերով, չինացիների մասին, թերևս, ավելի շատ բան գիտի, քան Պետական անվտանգության նախարարությունը (中华人民共和国国家安全部): Ի դեպ, Alibaba-ն արդեն գործարկել է սեփական վարկանշային ծառայությունը՝ Sesame Credit (芝麻信用管理有限公司): Թե ինչ ալգորիթմով է հաշվարկվում վարկանիշը, ընկերությունը գաղտնի է պահում: Հայտնի է միայն, որ վարկանիշի վրա ազդում է այն, թե արդյոք իրական անուն եք նշել սոցիալական ցանցերում հաշիվ գրանցելիս, ինչ եք գրում, կարդում և անգամ այն, թե ովքեր կան Ձեր ընկերների ցուցակում: Եթե Ձեր ընկերների ցանկում ցածր վարկանիշ ունեցող մարդիկ են, Ձեր վարկանիշը նույնպես ընկնում է: Այնպես որ, ավելի լավ է չառնչվել անվստահելի անձանց հետ: Sesame Credit-ի տեխնիկական գծով տնօրեն Լի Ինյունի (李颖赟) խոստովանության համաձայն՝ վարկանիշի վրա ազդում են նաև գնումները: Համացանցում լայնորեն տարածվեց նրա՝ Caixin (财新) հրատարակչությանը տված հարցազրույցից մի մեջբերում, որտեղ Լի Ինյունը հայտարարեց, որ «նրանք, ովքեր օրական 10 ժամ համակարգչային խաղեր են խաղում, կհամարվեն անվստահելի, իսկ նրանք, ովքեր պարբերաբար տակաշոր են գնում, հավանաբար, պատասխանատու ծնողներ են, և նրանց վարկանիշը կաճի»: Այս թեման լայնորեն քննարկվեց Թվիթթերի անալոգ Weibo (微博) միկրոբլոգների չինական սերվիսի օգտատերերի շրջանում: Նրանք նույնիսկ փորձեցին մշակել վարկանիշների բարձրացման սեփական ռազմավարությունը: Այսպես, օրինակ, բլոգերները պնդում են, որ եթե Ձեր Alipay հաշվեհամարին պահեք 1000 յուանից ավելի գումար, առնվազն երեքից հինգ օրը մեկ անգամ կատարեք մանր գնումներ, օգտվեք բարեկեցության և «p2p» վարկերի, օրինակ՝ Zhaocaibao-ի (招财宝) կառավարման սպասարկումներից, ապա Ձեր վարկանիշը  զգալիորեն կաճի: Այսպիսով, կա տարբերակ, որ սպառողականությունը կարող է լինել վստահելիության ամենաէական գործոններից մեկը:

 Գաղտնի հսկողության տակ

Ընկերությունում շեշտում են, որ Sesame Credit-ը պիլոտային նախագիծ է՝ զուտ կամավորական բնույթով: Սակայն, առաջինը, օգտատերերին ակտիվորեն դրդում են տրամադրել անձնական տվյալներ, գայթակղում են վարկանիշով՝ խաղալով ամենավեհ զգացմունքների հետ. օրինակ՝ սիրո: Tinder-ին համանման չինական «Բայհե» (百合网) ծանոթությունների ծառայությունը միայնակ սրտերին խոստանում է նրանց էջերը որոնումների արդյունքներում բարձրացնել առաջնային տողեր, հաճախ լուսաբանել նրանց անձնական էջերը գլխավոր էջում, եթե նրանք բարձր վարկանիշ ունեն Sesame Credit-ում:

Երկրորդ, շատերն անգամ չգիտեն, որ մեքենան արդեն աշխատում է իրենց դեմ, և նրանք վաղուց են գաղտնի հսկողության տակ: Վերցնենք, օրինակ, Չինաստանում մեծաքանակ տարածում գտած «շեյրինգ» ծառայությունները (կարճաժամկետ վարձակալություն): Ամբողջ աշխարհում հիմնականում գոյություն ունի շեյրինգի երկու տեսակ՝ ավտոմեքենայի և հեծանվի: Չինաստանում հնարավոր է վարձակալությամբ վերցնել թե՛ հեծանիվներ, թե՛  անձրևանոցներ, թե՛ հեռախոսների լիցքավորման սարքեր, թե՛ բասկետբոլի գնդակներ: Վարձակալության այսպիսի բիզնես մոդելը կարող է ծայրահեղ անարդյունավետ թվալ: Հեծանվի վարձակալությունը Ofo (ofo小黄车) հեծանիվների վարձակալության ամենախոշոր սերվիսներից մեկում կարժենա ընդամենը մեկուկես յուան՝ մեկ ժամի դիմաց, բասկետբոլի գնդակը Zhulegeqiu (猪了个球)-ում կարելի վերցնել խաղալու համար 1 յուանով՝ մեկ ժամի դիմաց, նույնքան արժեն  Molisan (魔力伞) անձրևանոցները: Սովորաբար այս բոլոր իրերը գեոլոկացիան հաղորդող և գողությունից պաշտպանող սարքերով համալրված չեն: Զարմանալի չէ, որ շատ ֆիրմաներ գրեթե միանգամից սնանկանում են: Օրինակ՝ Wukong Bicycle (悟空单车)-ը Չունցինայում (重庆) ստիպված էր դադարեցնել գործունեությունը, քանի որ  ընկերության հեծանիվների 90%-ը գողացան:

Սակայն միգուցե խնդիրը բոլորովին այլ է: Վարձակալվող ապրանքը տրվում է բջջային հատուկ հավելվածի միջոցով: Հետևաբար օգտատիրոջ տվյալները, միևնույն է,  ընկերության ձեռքում են: Եվ անազնիվ գողերի վերաբերյալ, որոնք, թվում է, անպատիժ կերպով բասկետբոլի գնդակ կամ անձրևանոց են ձեռք բերել, անձնական նյութեր են նախապատրաստվում: Եվ մինչև 2020թ., երբ համակարգը կաշխատի ողջ հզորությամբ, ամենատես աչքը պատասխան կպահանջի հին զանցանքների համար:

Իսկ  դատավորներն  ովքե՞ր են 

Համակարգին ուղղված անգամ զուտ իրավաբանական հարցերի պակաս չկա: Օրինակ՝ որքանո՞վ է իրավաչափ ընկերությունների կողմից այցելուների անձնական տվյալների օգտագործումը երրորդ կողմի համար, որը տվյալ դեպքում պետությունն է: Արևմտյան տեխնոլոգիական  ընկերություններն, իհարկե, նույնպես երբեմն օգտագործում են անձնական տվյալները սեփական շահերի համար: Բայց այդ դեպքում նրանք ստիպված են պատասխան տալ օրենքի առաջ: Օրինակ՝ վերջերս Google-ի ռուսաստանյան ներկայացուցչությունը դատարանի վճռով տուգանվեց՝ էլեկտրոնային հաղորդագրությունները կարդալու համար: Եկատերինբուրգի բնակիչը հայց ներկայացրեց ընդդեմ Google-ի այն բանից հետո, երբ  նկատեց, որ փոստային ծառայության մեջ նրան առաջարկված համատեքստային գովազդը ընտրված էր իր էլեկտրոնային փոստը կարդալուց հետո: Դատարանը որոշեց, որ Google-ը խախտել է քաղաքացու անձնական գաղտնիքի և գաղտնի նամակագրության իրավունքը: Իսկ Չինաստանում Alibaba և Tencent-ը բացեիբաց հայտարարում են պետական կառույցների հետ համագործակցության և վարկանիշների ստեղծման համար անձնական տվյալների օգտագործման մասին: Հարց երկրորդ. ինչպիսի՞ խրախուսանքներ կամ պատժամիջոցներ են  սպասվում բարձր կամ ցածր վարկանիշով անձանց: Պաշտոնական փաստաթղթերը հստակ պատասխան չեն տալիս: 

«Սոցիալական կրեդիտային համակարգի ստեղծման արագացման համար վստահության բարձր վարկանիշ ունեցող անձանց խրախուսանքի և վստահությունը կորցրած անձանց պատժի մեխանիզմների  կայացման և կատարելագործման մասին ՉԺՀ-ի պետական խորհրդի առաջնորդող հանձնարարականները» (国务院关于建立完善守信联合激励和失信联合惩戒制度加快推进社会诚信建设的指导意见) պարունակում են բավականին անորոշ ձևակերպումներ: Բարձր վարկանիշ ունեցողներին խոստանում են «փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթի ընդունման» վերոնշյալ համակարգը, «կանաչ լույս բոլոր տեսակի վարչական ընթացակարգերում», ինչպես նաև լուրջ աջակցություն և արտոնություններ կրթության, աշխատանքի տեղավորման, բիզնեսի հիմնման, սոցիալական երաշխիքների հարցերում: Նրանց, ում վարկանիշը ցածր է, ընդհակառակը, սպառնում են բոլոր հնարավոր վարչական խոչընդոտները, անշարժ գույքի, ինքնաթիռի, ճեպընթաց գնացքների տոմսերի գնման, սահման հատելու, հյուրանոցների լյուքս դասի համարներում ապրելու սահմանափակումներ: Քանի դեռ պետական մակարդակով հստակ սահմաններ չեն մշակվել, յուրաքանչյուր շրջանում կգործեն սեփական կանոնները, որոնք կսահամանափակվեն միայն տեղական իշխանությունների երևակայությամբ: Արդեն հիմա Պեկինում խստորեն պատժում են երկաթուղային տոմսերի վերավաճառքի համար, Ցզյանսու  (江苏) նահանգում՝ ծնողներին բավականաչափ հաճախ տեսության չգնալու համար (ընդ որում, ոչ մի տեղ գրված չէ, թե ինչքան հաճախ է պետք տեսության գնալ  ծնողներին), Շանհայում՝ նախկին ամունսությունը թաքցնելու կամ մեքենայի մեջ անհիմն կերպով կլաքսոն (ազդանշան արձակող սարք) օգտագործելու համար, Շենչժենում (深圳)` չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար: Եվ, վերջապես, ամենակարևոր հարցը. իսկ ո՞վ է դատավորը: Ո՞վ է որոշում՝ ինչ է կարելի, իսկ ինչ՝ ոչ: Ինչ հիմքով են մասնավոր ընկերությունները վարկանիշներ հաշվարկում: Որքանո՞վ է հավաստի համակարգը: Իսկ եթե համացանցում անձնական հաշիվները ջարդեն, տվյալները գողացվեն կամ ոչ իրավաչափորեն շտկվեն, ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար: Հնարավոր է՝ գերհամակարգիչ Sesame Credit-ը խափանվել է, և վարկանիշը սխալ է հաշվարկվել: Իսկ չէ՞ որ այդ տվյալների հիման վրա մարդկանց ճակատագրեր են կործանվում, կոնկրետ դատական վճիռներ են կայացվում: 2015թ. ավարտին ՉԺՀ-ի Բարձրագույն դատարանը, հիմնվելով Sesame Credit-ի տվյալների վրա, Պետական խորհրդի ցուցումներում հիշատակված պատժամիջոցներ է կիրառել 5300 մարդու նկատմամբ: Այս տարվա հունիսի վերջին  նման մարդկանց թիվն արդեն 7,3 մլն էր:

Չինական երազանքի հասարակությունը

Չինական իշխանությունների կարծիքով՝ ՉԺՀ-ի տնտեսության  սրընթաց աճի պայմաններում, որտեղ կարևոր դեր է խաղում վարկավորումը (կրեդիտային համակարգը), սքորինգային համակարգի անհրաժեշտությունն ակնհայտ է գոնե տնտեսական դրդապատճառներով:  Թեպետ սոցիալական և քաղաքական գործոններն իշխանությունների համար ոչ պակաս կարևոր են: Չինացի հայտնի քաղաքագետ Դեն Յույվենն այսպես է գրել ՉԺՀ-ում ժամանակակից իրավիճակի մասին. «Հասարակությունը, որտեղ էթիկայի սահմանները մշտապես աղավաղվում են, տեղի է ունենում անձի անկում, չկա նույնիսկ տարրական զսպվածություն. ի՞նչ  առաքինություն, ի՞նչ պատվազրկություն, երբ ողջ ազգը ղեկավարվում է բացառապես շահերով, այդպիսի հասարակությունը դեգրադացվում է մինչև գոյության համար պայքարի մակարդակ, մինչև անասնական մակարդակ»: Իշխանություններին մոտ կանգնած մի շարք մտավորականների կարծիքով` հասարակությունը, որտեղ  ազնիվ մարդը համարվում է անհաջողակ, որտեղ մշտապես կեղծվում են սննդամթերքները և այլ ապրանքները, որտեղ հանդիպում են նույնիսկ նվիրաբերություններ հավաքող կեղծ հոգևորականներ, որտեղ բոլոր մակարդակներում ծաղկում է կաշառակերությունը, որտեղ ֆինանսական մեքենայությունները դարձել են կյանքի օրենք, անհապաղ կանոնակարգման, բարոյականության վերականգնման կարիք ունի: Այլապես վտանգվում է հասարակական կայունությունը և ի վերջո  կուսակցության իշխանությունը: Սի Ցզինպինը դա շատ լավ է հասկանում: Նա սկսեց կուսակցության շարքերում կաշառակերների դեմ կոշտ պայքարից, իսկ այժմ մտադիր է անցնել ողջ հանրությանը: Նպատակը հայտարարվել էր արդեն 2012թ.՝ Սիին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելուց անմիջապես հետո. Չինական երազանքի մարմնավորում(中国梦): Իսկ ի՞նչ է չինական երազանքը, ինչպիսի՞ն պետք է լինի ներդաշնակ հանրությունը: Այս հարցերի պատասխանները չինական ղեկավարությունը, ինչպես երևում է, փնտրում է պատմական փորձի մեջ:

Մոտավորապես Ք.ա. 4 00 թ. չինացի մեծն հեղափոխական Շան Յանը (中国梦) հրամայեց ժողովրդին բաժանվել 5-10-ական ընտանեկան խմբերի: Նրանք պարտավոր էին հետևել մեկը մյուսին և կոլեկտիվ պատասխանատվություն կրել հանցագործությունների համար: Ըստ օրենքի՝ տների դռների վրա պետք է փակցված լինեին ցուցանակներ՝ ընտանիքի շնչաքանակի ցուցակով: Յուրաքանչյուր մարդու մեկնման և ժամանման մասին  համքարապետը զեկուցում էր իր ղեկավարությանը: Այս համակարգը կոչվում էր «բաոցզյա» (保甲): Շան Յանի հետևորդների՝ լեգիստների (法家), որոնք հանդես էին գալիս հօգուտ խրախուսանքների և պատժամիջոցների կոշտ համակարգի միջոցով հասարակությանը ղեկավարելուն, և կոնֆուցիականների(儒家), որոնք պայքարում էին կրթության և իշխանությունը գլխավորածների անձնական օրինակով ժողովրդի մեջ էթիկայի կանոնների դաստիարակման համար, միջև երկու հազար տարուց ավելի ձգվող վեճերը դարձան չինական  կառավարչական մտքի զարգացման գլխավոր խթանիչներից մեկը: Փորձառական Ժունչենի իշխանությունները որոշեցին կիրառել հազարմյակներով փորձված մեթոդները սոցիալական կրեդիտի նոր համակարգում: Միայն քաղաքի ողջ բնակչությունը բաժանված է ոչ թե 5-10-ական, այլ 400 ընտանիքներից դաշինքների: Սակայն նրանք նույնպես պետք է հետևեն միմյանց: Բացի այդ, նշանակվում են հատուկ հսկիչներ՝ պատասխանատու յուրաքանչյուր խմբի համար, որոնք պարբերաբար ստուգում են, հավաքում են վատ պահվածքի լուսա- և տեսանկարահանված ապացույցներ և ուղարկում են դրանք անհրաժեշտ մարմիններին: Սոցիալական վերահսկողության նման մեխանիզմների քաղաքական ազդեցությունը Չինաստանում նկարագրված է վաղուց: Դեռևս Ք. ա. II-I դդ. ապրած Չ չինական պատմագրության դասական Սիմա Ցյանը (司马迁)՝ Պոլիբիոսի կրտսեր ժամանակակիցը, գրել է, որ բաոցզյան իր շրջանաձև երաշխավորությամբ և փոխադարձ հսկողությամբ իշխանության կողմից հաճախ կիրառվում էր ընդդիմադիրների դեմ պայքարի և բնակչությունից հարկեր կորզելու նպատակով: Իհարկե, պաշտոնական փաստաթղթերում հիշատակվում է, որ իշխանությունը պետք է դառնա սոցիալական կրեդիտային նոր համակարգի շարժիչ ուժ և նմանակման լավ օրինակ: Սակայն հստակ միջոցները և փորձնական նախագծերը տարածվում են միայն ստորին մակարդակի կուսակցական պաշտոնյաների վրա: Օրինակ՝  Սինչուան (中共四川省委党校) շրջանում ՉԿ կուսակցության կոմիտեին կից կուսակցական դպրոցը վերջերս ՉԺՀ Էլեկտրոնիկայի և տեխնոլոգիայի համալսարանի (电子科技大学) հետ ստորագրեց ստորին մակարդակի պաշտոնյաների համար վարկանիշների և վստահության գնահատման համակարգի ստեղծման մասին համաձայնագիր: Համակարգը կոչվում է «կարմիր խելացի ամպ» (智慧红云): Big data-ի և  արհեստական բանականության օգնությամբ համակարգը յուրաքանչյուր պաշտոնյայի մասին կվերլուծի այնպիսի տվյալներ, ինչպիսիք են կուսակցական ժողովներին հաճախելիությունը, կրթությունը, ընտանեկան կարգավիճակը: Համակարգը կհամեմատի պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների  եկամուտների վերաբերյալ տվյալները ձեռքբերված անշարժ գույքի և թանկարժեք իրերի մասին տվյալների հետ: Այս տվյալների, ինչպես նաև սոցիալական ցանցերում պաշտոնյայի ակտիվության վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա կգնահատվի պաշտոնյայի քաղաքական վստահելիության աստիճանը: Նշվում է, որ նման կերպով հնարավոր է ավելի արդյունավետորեն կանխատեսել պաշտոնյայի վարվելակերպը, գնահատել նրա բարոյական կերպարը, բացահայտել պոտենցիալ  կոռուպցիոներներին: Իսկ ո՞վ կսահմանափակի բարձրագույն իշխանությանը: Asan քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Կորեայի Հանրապետություն) սոցիալական կրեդիտային համակարգն անվանել է «Ջորջ Օրուելի սարսափը»: Ժամանակը ցույց կտա՝ կվերածվի՞ արդյոք սոցիալական կրեդիտային համակարգը նախադեպը չունեցող 21-րդ դարի թվային բռնատիրության, ամենատես «Մեծ եղբոր», որն անդադար հետևում է քեզ: Պարզ չէ նաև՝ կլինի՞ արդյոք վերահսկողություն կամ սահմանափակումներ «Մեծ եղբոր» նկատմամբ: Չինաստանի բնակիչների համար դեռևս լիովին տրամաբանական է Ջորջ Օրուելի խորհուրդը «1984» գրքից. «Եթե ուզում ես գաղտնիք պահել, ապա պահիր այն նաև ինքդ քեզնից»:


Թարգմանիչ՝ Անահիտ Ասատրյան (Anahit Asatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: