Հայաստանի Երրորդ Հանրապետության ղեկավարների ամանորյա շնորհավորական ուղերձները

«Ինլայթը» ներկայացնում է Հայաստանի Երրորդ Հանրապետության ղեկավարների տարբեր տարիների ամանորյա շնորհավորական ուղերձների տեքստերը:


 

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

31 դեկտեմբերի, 1994 թ.

 


Սիրելի՛ հայրենակիցներ, 

Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն։ Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով։ Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ ամեն ինչ խամրում է, դառնում չնչին ու երկրորդական։ 

Խաղաղությունը նվաճվեց արցախահայ քաջորդիների գերմարդկային սխրագործության ու սուրբարյան գնով, ղարաբաղյան պատերազմի ամենասաստիկ հանգրվանում, որը համընկավ 1993–1994 թվականների ձմռան ամիսներին։ Մայիսը բերեց անդորրություն, մայիսը կրկին Ղարաբաղի հարցը մտցրեց քաղաքական կարգավորման հունի մեջ։ Մայիսին կնքված զինադադարից հետո Արցախն այլեւս բոլոր բանակցություններում հանդես եկավ որպես հակամարտության ճանաչված կողմ՝ ըստ այդմ հնարավորություն ձեռք բերելով նաեւ դիվանագիտական ճակատում պաշտպանելու իր իրավունքները։ Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը նոր փուլ մտավ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի բուդապեշտյան գագաթնաժողովում։ Համաեւրոպական այս հեղինակավոր կազմակերպությունը փաստորեն առաջին անգամ քաղաքական որոշում կայացրեց հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու մասին։ Թեեւ առայժմ տեխնիկական առումով պարզված չեն այդ ուժերի մանդատին, քանակին ու կազմին վերաբերող հարցերը, սակայն նման կարեւոր քաղաքական որոշման առկայությունը վստահություն է ներշնչում, որ դրանք կլուծվեն մոտակա ժամանակներում, եւ այդքան թանկ գնով ձեռքբերվ ած զինադադարը վերջապես կվերածվի կայուն խաղաղության։ Զինադադարի շունչն իր բարերար ազդեցությունն ունեցավ նաեւ հանրապետության սոցիալտնտեսական իրավիճակի վրա։ 

1994 թվականը նախորդների համեմատությամբ, այս տեսակետից, փաստորեն եղավ առաջին անցնցում տարին, որի բնորոշիչներն են՝ տնտեսության աճը, դրամի կայունացումը, բյուջեի պակասորդի կրճատումը, սղաճի սանձումը, աղետի գոտում իրականացված շինարարությունը եւ այլն։ Էապես խորացավ նաեւ տնտեսական բարեփոխումների՝ սեփականաշնորհման, հարկային համակարգի կարգավորման, կառավարման մեխանիզմների կատարելագործման գործընթացը։ 

Տնտեսական կայունացման միտումները, առկա զինադադարն ու բարեփոխումների հաջող ընթացքը հիմք հանդիսացան միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ մշակելու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման 1995 թվականի համալիր ծրագիրը, որն ուղղված է առաջին հերթին մակրոտնտեսական հավասարակշռության հաստատմանը։ Ծրագրի հաջող իրականացման, համաշխարհային հանրության կողմից հատկացված վարկերի ճիշտ օգտագործման դեպքում 1996 թվականը խոստանում է դառնալ բեկումնային տարի Հայաստանի տնտեսության վերականգնման եւ նրա հետագա զարգացման տեսակետից։ Թեեւ ծրագրի իրականացման հիմնական արդյունքները սպասվում են 1996 թվականին, սակայն առաջիկա տարում արդեն մեր ժողովուրդը կզգա դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ռեալ եկամուտների աճի եւ բնակչության սոցիալապես թույլ պաշտպանված շերտերի կարիքների բավարարման առումով։ Բացի զուտ տնտեսական նպատակներից, ծրագրում լուրջ ներդրումներ են նախատեսված նաեւ առողջապահության, կրթության, մշակույթի եւ գիտության ոլորտներում։ 

Այս ամենը վստահություն է ներշնչում, որ առաջիկա 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի։ 

Առողջության, երջանկության եւ բարգավաճման ջերմագին մաղթանքով՝ շնորհավոր ձեր Նոր տարին։ 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի։

Աղբյուրը՝ Sեր-Պետրnսյան Lեւnն Ընտրանի: Ելnւյթներ, hnդվածներ, hարցազրnւյցներ. Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագաhի արխիվ, 2006. /hambardzum.am կայքի արխիվ/


 

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

31 դեկտեմբերի, 2005թ.

 


Հարգելի՛ հայրենակիցներ,

մի քանի րոպե հետո պատմություն կդառնա 2005 թվականը։ Մեր երկրի ու ժողովրդի համար այն եղավ խաղաղ, կայուն և արդյունավետ: Անցնող տարում մեզ հաջողվեց պահպանել զարգացման բարձր տեմպերը։ Մեր ձգտումն է, որ տնտեսական աճն ուղղակի և բարերար ազդեցություն ունենա մարդկանց բարեկեցության վրա։ 

2006 թվականը հռչակված է Ռուսաստանում և Ֆրանսիայում Հայաստանի տարի, ինչը մեր երկրների միջև հարաբերությունների ամենաբարձր մակարդակի վկայությունն է։

Ընդարձակվում է համագործակցությունը Իրանի հետ՝ իրագործվում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական ծրագրեր։

Երկրի կարևորագույն գրավականներից է տարեցտարի հզորացող մեր բանակը։ Արդեն ավանդական է դարձել, որ տոնական սեղանների շուրջ մենք շնոորհավորում և բարի ծառայություն ենք մաղթում մեր զինվորականներին, ովքեր այս տոնական գիշերը հսկում են երկրի սահմանները։ Խոնարհվում եմ զինված հերոսների հիշատակի առջև։

Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ հաջողություն ու երջանկություն։

Շնորհավոր Նոր Տարի։

Աղբյուրը՝ Armenian Presidents յութուբյան էջ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

31 դեկտեմբերի, 2017 թ.

 


 

Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում:

Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ: Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն: Բարեկամության և հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը:

2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել. ավելին՝ դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձե՛ր ձեռքբերումներն են: Եվ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության և հասարակության հիմքերը:

Մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքները և շահերը: Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի և շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի: Մենք հրաշալի երկիր ունենք, և պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց: Սա ևս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի: Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները:

Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր և կայացած պետական-հասարակական կառույցներով:

Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ և հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր զինված ուժերն ամրապնդելու գործին: Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում:

Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն: Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար:

Եվս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին և մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը: Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները և հյուրընկալ՝ մեր օջախները:

Եկեք միասին բաժակ բարձրացնենք և խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն և ամրություն հաղորդենք մեր ընտանիքներին: Եվ միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է: Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Աղբյուրը՝ President.am  կայքի արխիվ


 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

31 դեկտեմբերի, 2018 թ.

 


Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումների:

Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և նոր կառավարություն:

Նրանց գործունեության հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի քաղաքացուց: Քաղաքացու աջակցությունից և հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին նրա ակտիվ մասնակցությունից:

Հայաստանը իրոք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:

Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու:Կլինեն նաև դժվարություններ, հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով:

Եվ ես բոլորիս մաղթում եմ սթափություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն: Սրանք են հաջողության հասնելու բանալիները:

Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակա լինել մեր կյանքում:

Մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք: Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով:

Մենք պետք է հոգ տանենք ազգային ինքնության հիմնասյուների՝ մեր մշակույթի, կրթության, հոգևոր և ընտանեկան արժեքների մասին:Այս գործում առանցքային դեր է կատարում մեր Սուրբ Եկեղեցին: Պետք է ավելի հոգատար լինենք մեր պատմական և ազգային ժառանգության, մեր բնության, գյուղի, քաղաքի և ընդհանրապես մեր երկրի նկատմամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝ սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապ օգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի, հրշեջի, հացթուխի և տաքսու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի և մյուսների:

Հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար: Նրա՛նց, որ դեռ տուն չունեն, նրա՛նց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում: Մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար:Մաղթում եմ հոգսերի թեթևացում:

Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները:

Թո՛ղ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը:

Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետևյալ նշանաբանը. «Կարողացել են ուրիշները՝ կարող ենք նաև մենք, չի կարողացել ոչ ոքաշխարհում՝ մենք կլինենք առաջինը»:

Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, մեր ընտանիքներին՝ առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ:Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը, ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքները:

Շնորհավոր Նոր տարի:

Աղբյուրը՝ President.am  կայքի արխիվ


 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան

31 դեկտեմբերի, 2018 թ.

 


Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.

Ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, քաղաքացիական արժանապատվության, լավատեսության ու պետականության հաղթանակի տարի:

2018-ը մի տարի էր, երբ հայաստանաբնակ թե սփյուռքահայ, մեծ ու մանուկ, կին թե տղամարդ, գյուղաբնակ թե քաղաքաբնակ՝ միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ և կերտեցին մեկ ընդհանուր հաղթանակ, որն ի վերջո դարձավ ազգային միասնության մի բացառիկ նվաճում:

2018-2019 թվականների այս սահմանագծին ուզում եմ ձևակերպել, ուրեմն, այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. 2019 թվականը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան և հաղթառատ, որքան եղավ 2018 թվականը:

Եվ հարկ եմ համարում արձանագրել, որ անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը:

2019 թվականին մենք պետք է նվաճենք նոր բարձունքներ, արձանագրենք նոր հաջողություններ և առաջին հերթին մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում:

2019 թվականի մեր հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքներն ավելի ու ավելի տեսանելի դարձնելը: Բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային և պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր:

Սրանում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության առանցքային իմաստը: Երբ ժողովուրդը հավատում է իր միասնության ուժին, իր անցյալի և ապագայի ուժին: Մենք հավատում ենք մեր ամեն քաղաքացու ստեղծարար տաղանդին և 2019 թվականը պիտի դառնա հենց ստեղծարար տաղանդի հաղթանակի տարի, երբ ամեն անհատ, Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի, Հայաստան ներգաղթած ամեն մի հայ իրեն տեսնում է ոչ թե սպառողի, այլ արարողի դերում, ոչ թե հետևորդի, այլ առաջնորդի դերում, ոչ թե հարկ թաքցնողի, այլ հարկ վճարողի դերում, ոչ թե գործազուրկի, այլ աշխատողի դերում, ոչ թե աղքատի, այլ աղքատությանը հաղթողի, աղքատության հետ չհաշտվողի, աղքատությունը ստեղծարար մտքով, արդար աշխատանքով հաղթահարողի դերում:

2019 թվականը պետք է դառնա անհատական ջանքի հաղթանակի տարի, մտքի ու աշխատանքի համադրման տարի: Եվ ուրեմն, ամանորյա այս օրերին մեր տրամադրությունը պետք է նոր ուժով ու եռանդով լիցքավորի բոլորիս, նոր լավատեսությամբ և սիրով համակի մեր հայրենիքն ու ժողովրդին:

Սիրելի հայրենակիցներ,

Ամանորյա այս երեկոյին ուզում եմ առանձնահատուկ ողջույններ հղել առաջնագծում և սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր աչալուրջ հսկում են մեր ամանորյա անդորրը:

Ողջունում եմ Հայաստանի ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարության այն ծառայողներին, ովքեր ամանորյա այս րոպեներին իրենց ծառայական պարտականություններն են կատարում՝ ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունը:

Ողջունում եմ մեր այն բուժաշխատողներին, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորտի այն աշխատողներին, և ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմավորում են աշխատանքային պարտականությունները կատարելիս:

Եվ ի վերջո ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Ժպտացեք իրար, սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև Նոր տարին, ահա, եկավ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Աղբյուրը՝ www.azatutyun.am կայքի արխիվ


Նյութը պատրաստեց՝ Աստղիկ Ավագյան (Astghik Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: