Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության վերլուծաբան Անահիտ Կարապետյանի հետ
Ինչպե՞ս եք իմացել «Ինլայթ» հասարակական կազմակերպության մասին։
Կազմակերպության մասին իմացել եմ մոտ երկու տարի առաջ։ Ես կամավորական աշխատանք էի փնտրում, ուզում էի ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել, երբ Facebook սոցիալական ցանցում տեսա, որ կամավորներ են փնտրում։ Կայքը, հիմնական պահանջները մի քիչ ուսումնասիրեցի ու դիմեցի։
Այժմ սովորում եք ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետում։ Ինչու՞ որոշեցիք որպես վերլուծաբան միանալ թիմին։
Երբ միացա թիմին՝ երկրորդ կուրսում էի, միշտ մտածել եմ, որ քիչ թե շատ վերլուծական կարողություններ ունեմ, ու մասնագիտությանս հետ կապված էլ (Թյուրքագետ եմ)։ Վերլուծական կարողություններ զարգացնելը ու հոդվածներ գրելը շատ օգտակար կլինեին։ Ի սկզբանե որոշել էի, որ հոդվածներս ավելի շատ Թուրքիային են վերաբերելու։ Երևի ավելի շատ պայմանավորված է եղել հենց մասնագիտական ուղղվածությամբ վերլուծական աշխատանքներ գրելու ցանկությամբ։
Ի՞նչ եք կարծում, ո՞րն է վերլուծաբանի առաջնային խնդիրը մեր օրերում։
Կարծում եմ՝ կարևոր է արդիական, հետաքրքիր, խնդրահարույց հարցերի բարձրացումը, ճիշտ հարթակ ընտրելը ու դիտարկումների, քննադատությունների առջև բաց լինելը։
Առաքելությունը պիտի լինի հասարակությանը կարևոր իմպուլսներ փոխանցելը։
Որո՞նք են Ձեր աշխատանքի հիմնական դժվարությունները։
Երևի հետաքրքիր, ոչ ժամանակավրեպ թեմաները որսալը։
«Գերխնդիր ունենալով հանրային շահի սպասարկումը՝ մենք մեկնարկում ենք ազատական գաղափարներից»։ Ինչպե՞ս եք ընկալում Ինլայթի տվյալ գաղափարը։
«Ինլայթ»-ը հանրային հետազոտական հարթակ է։ Նրա նպատակը կաղապարներից դուրս, ազատ խոսքի տարածումն է՝ նպատակ ունենալով կարևոր խնդիրների բարձրացումը, քաղաքացիական հասարակության ձևավորմանն օժանդակելը, ոչ ուղղակի ձևով երկրի կառավարման մեջ իր լուման ունենալը, կարևոր հարցերը հանրային դիսկուրս նետելը ու համարձակվել մտածելը։
Եվ, վերջին հարցը. որքանո՞վ է Ձեզ համար օգտակար և կարևոր հենց այս կազմակերպությունում աշխատելիս ձեռք բերած փորձառությունը։
Իրականում «Ինլայթ»-ը ինձ բավական շատ բան է տվել. սկսած վերլուծական աշխատանքներ գրելու հմտություններից, մշտապես կենդանի ու ակտիվ լիքը մարդկանց հետ շփվելու հաճույքից, մտքերդ արտահայտելու հարթակից մինչև քեզ մի պահ այսքան խելացի ու կայացած մարդկանց շրջանում «դեբիլիկ» զգալուց ու իրենցով մոտիվացվելուց։ Ինլայթում տեսել եմ իրենց գործին մինչև վերջ նվիրված, անխոնջ աշխատող լավ ընկերներ, առողջ բանավեճեր, հայկական իրականության մեջ նոր, օգտակար, հեղափոխող բան ստեղծելու մեծ ցանկություն ու կամք։
Հարցազրույցը վարեց Աննա Մանուկյանը