Պայքար Չինաստանում բռնկված Կորոնավիրուսի տարածման դեմ

Կիրակի օրը Չինաստանի Ուհան քաղաքում շտապօգնությունը օգնում է հիվանդին։ Ֆրանսպրես գործակալություն։
Համաճարակները կանխելու ժամանակը հիմա է, և երկրները փորձում են պահը չկորցնել:

29-30 հունվարի 2020

Չինաստանի Ուհան քաղաքից տուն եկած ավստրալացիները կարանտինացվելու են կղզում երկու շաբաթ շարունակ։ Ուհանից տարհանված ամերիկացիները նույնպես «ժամանակավոր բնակություն են հաստատելու» Կալիֆոռնիայի ավիաբազայում: Իսկ Հարավային Կորեայում ոստիկանությանը լիազորել են ձերբակալել այն մարդկանց, որոնք հրաժարվում են կարանտինացվելուց։ 

Չինաստանի սահմաններից դուրս գտնվող երկրները պետք է համաճարակը շուտափույթ  կանխեն, քանի դեռ դեպքերը շատ քիչ են, և հնարավոր է այն մեկուսացնել։ Նրանք փորձում են պահը չկորցնել և պաշտպանվել կորոնավիրուսի բռնկումից։ Այն հասել է Չինաստանի յուրաքանչյուր նահանգ՝ վարակելով ավելի քան 7,700 և սպանելով 170 մարդու։ 

Մի քանի տասնյակից ավելի պետություններ, ներառյալ Միացյալ Նահանգները, մեկուսացնում են հիվանդներին և վերահսկում նրանց կոնտակտները, ինչպես նաև զննում են Չինաստանից եկած ճանապարհորդներին և պահանջում մարդկանցից հետաձգել ուղևորությունները դեպի Չինաստան։

Բայց վիրուսի տարածումը հնարավո՞ր է արդյոք կանխել, թե՞ ոչ, կախված է դեռևս անհայտ գործոններից, օրինակ՝ դրա վարակիչ լինելու աստիճանից, վիրուսի տարածումը սկսելու գործընթացից։ 

Մոտ 1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանը երկրի վրա ամենախիտ բնակեցված երկիրն է: Վերջինս ծայրահեղ միջոցներ է ձեռնարկել հիվանդությունը դադարեցնելու համար, որը առաջին անգամ հայտնաբերվել է դեկտեմբերին՝ 11 միլիոն բնակիչ ունեցող Ուհան քաղաքում: Կառավարությունը դադարեցրել է այդ քաղաքի և շրջակա քաղաքների ելումուտը՝ փաստացի տեղում փակելով տասնյակ միլիոնավոր մարդկանց:

«Այն փաստը, որ մինչ օրս Չինաստանի սահմաններից դուրս այս հիվանդության միայն 68 դեպք ենք տեսել, իսկ մահվան դեպքեր չեն գրանցվել, մեծ մասամբ համաճարակի տարածումը կանխելու՝ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի շնորհիվ է»,- Չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար բժիշկ Տեդրոս Ադհանոմ Գեբրեուսիսը։

Բայց համաճարակը լայնորեն տարածվել է Չինաստանի տարբեր հատվածներում, և քանի որ երկրի քաղաքացիները անընդհատ ճանապարհորդում են, հատկապես «լուսնային նոր տարվա» տոնակատարության առթիվ, մնացած երկրները անընդհատ կարող են առնչվել համաճարակի  նոր դեպքերի հետ։ 

Կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց մարդ և նույնիսկ դեպքեր են գրանցվել մի շարք երկրներում այն մարդկանց մոտ, որոնք Չինաստան չեն այցելել։ Նշելով այդ դեպքերը՝ Դոկտոր Տեդրոսն ասաց, որ հետագա գլոբալ տարածումը մեկն էր այն պատճառներից, որի համար նա հինգշաբթի օրը գումարել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնաժողովի նիստ, որպեսզի որոշեն` անվանել համաճարակը միջազգային մակարդակի առողջության պահպանման արտակարգ իրավիճակ, թե ոչ։ Կոմիտեն անցած շաբաթ երկու անգամ հանդիպում է ունեցել, սակայն երկընտրանքի առաջ էր արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցում՝ ասելով, որ չունի բավարար տեղեկատվություն՝ որևէ որոշում կայացնելու համար։ 

«Կարծում եմ ամեն ինչ գնալով վատթարանում է, դեպի լավը գնալու փոխարեն»,- Այս մասին ասում է ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուերը՝ երեքշաբթի օրը Ամերիկայի ասոցիացիայի բժշկական ամսագրում (JAMA) հրապարակված փոդքասթում։ 

Չորեքշաբթի օրը Ուհան քաղաքից ամերիկացիներ տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Մարտի Օդային ռեզերվների բազա Ռիվերսայդում, Կալիֆոռնիա։ Նկարը՝ Մեթ Հերթման, ֆրանսպրես գործակալություն։
Նկարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներն են. ձախից՝ խոսնակ Տարիկ Յասարևիչը, գլխավոր տնօրեն՝ բժիշկ Տեդրոս Ադհանոմ Գեբրեուսիսը, առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը և հիվանդությունների ու կենդանաբանական այգիների ղեկավար Մարիա վան Կերխովենը՝ չորեքշաբթի օրը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նկարը՝ Ֆաբրիս Կոֆֆրինի/ֆրանսպրես գործակալություն։

Ըստ բժիշկ Ֆաուերի՝ եթե Չինաստանը ինչ-որ ձևով կարողանա կանխել համաճարակի բռնկումը, և եթե մնացյալերկրներ կարողանան կանխարգելել վերջինիս անընդհատ փոխանցումը, հնարավոր կլինի վերջ տալ բռնկմանը, ճիշտ այնպես, ինչպես 2003թ-ին SARS-ի (ծայրահեղ սուր շնչառական համախտանիշ) համաճարակի պատճառ դարձած կորոնավիրուսը վերացվեց։

«Բայց իրավիճակը իսկապես ծանր կլինի, եթե այն առավել տարածվի, ապա անշուշտ SARS-ի նման չի վերացվի»,- ասաց նա՝ հավելելով, որ հաջորդ 4 կամ 5 շաբաթը վճռական են լինելու։ Այն կամ կհասնի իր գագաթնակետին և կվերացվի, կամ կտարածվի՝ վերածվելով համաշխարհային համաճարակի»։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների նախկին տնօրեն բժիշկ Թոմաս Ռ. Ֆրիդենը հարցազրույցում նշել է, որ մի քանի օրից պարզ կդառնա՝ արդյոք բռնկումը կդադարի, թե ոչ։ 

«Համայնքում առնչվում ենք հիվանդության լայնատարած փոխանցման կամ տասնյակ հազարավոր վարակների հետ, բայց դրանց վերահսկումը չեմ տեսնում»,- ասաց բժիշկ Ֆրիդենը,- «Մյուս կողմից, եթե որպես օրինակ դիտարկենք SARS-ը, որի դեպքում անհավատալի ջանքերով հնարավոր եղավ մեկուսացնել մարդկանց և խափանել տարածումը, ապա այս դեպքում իրավիճակը առավել զսպված է»։

Մտահոգիչ է նաև այն փաստը, որ վարակը կարող է կործանիչ լինել Աֆրիկայի համար, որտեղ ուսումնասիրվում են հնարավոր դեպքերը 

«Մենք շատ ենք մտահոգվում Աֆրիկայի համար, քանի որ համաճարակների դեմ պայքարող ամենաքիչ պատրաստված քաղաքները գտնվում են հենց Աֆրիկայում»,- ասաց բժիշկ Ֆրիդենը՝ հավելելով, որ այնտեղ վարակը գտնելու և դադարեցնելու համակարգերը ավելի թույլ են, քան այլ տեղերում։

Եթե համաճարակի դադարեցման համար ձեռնարկված ջանքերը ձախողվեն, պետական առողջապահության մարմինները կենտրոնանալու են դրա «մեղմացման» վրա` փորձելով նվազագույնի հասցնել մարդկանց և համայնքներին պատճառվող վնասը։ 

«Չինաստանում անհանգիստ դրություն է»,- Չորեքշաբթի օրը տված հարցազրույցում ասել է Իմունիզացիայի և շնչառական հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն բժիշկ Նենսի Մեսոնյեն: «Թվում է՝ Չինաստանն ավելի շատ փորձում է մեղմացման ռազմավարություն վարել, քան վերահսկման»։ Նա նշում է, որ Միացյալ Նահանգները դեռ հնարավորություն ունի խուսափելու Չինաստանի ճակատագրից: 

«Մենք դեռ հինգ դեպք ունենք, և կարող ենք հաստատուն միջոցներ ձեռնարկել դրանց շուրջ», ” ասաց դոկտոր Մեսոնյեն: ” «Մենք փորձում ենք կանգնեցնել համաճարակը և հույս ունենք, որ դրա դադարեցման վերաբերյալ ավելի շատ բան կուսումնասիրենք»։ 

Այդ հինգ հիվանդները հարյուրավոր կոնտակտներ ունեն։ Ոմանք ստուգվում են հասկանալու համար վիրուսակիր են, թե ոչ, իսկ արդյունքները ուսումնասիրողներին հնարավորություն կտան հասկանալու՝ ինչպես է հիվանդությունը փոխանցվում։ Հիվանդության կանխարգելման և վերահսկման կենտրոնը նաև վերահսկում է ավելի քան 100 «ստուգվող հիվանդների», քանի որ Ուհան այցելածներից շատերը կամ հիվանդների հետ շփում ունեցողները հազ կամ ջերմություն ունեն։

Բայց եթե հիվանդության դեպքերի քանակն աճի երկրաչափական պրոգրեսիայով, դժվար կլինի շարունակել համաձայնեցված փորձերը,- ասաց պրն․ Մեսյոները։ Հիվանդության կանխարգելման և վերահսկման կենտրոնը արդեն իսկ ձևավորում է այն մոտեցումը, որ պետք է մեղմացման ռազմավարություն մշակվի, ինչը նշանակում է դպրոցների փակում, հասարակական հավաքույթների կանխում և հիվանդանոցներին օգնության նախապատրաստում:

Չորեքշաբթի օրը Ինդոնեզիայի Բանդա Աչե քաղաքում հիվանդանոցի աշխատակիցները հետազոտում են Չինաստանից վերադարձած ուսանողին՝ կորոնավիրուսի նշաններ հայտնաբերելու համար: Նկարը՝ Քաիդեր Մահյուդդին, ֆրանսպրես գործակալություն։
Անցյալ շաբաթ ճանապարհորդները անցան Պեկինի արևմտյան երկաթուղային կայարանը, քանի որ Չինաստանի կառավարությունը սպառնում է կարանտինային ջանքեր գործադրել։ Մինչ օրս կորոնավիրուսը հայտնվել է Չինաստանի բոլոր 30 նահանգներում: Նկարը՝ Նիկոլաս Ասֆուրի, Ֆրանսպրես գործակալություն։

Միակ անհանգստացնող խնդիրն այն է, թե արդյո՞ք վարակակիր մարդիկ կարող են տարածել վիրուսը, նախքան հիվանդանալը։ Չինաստանի առողջապահության ներկայացուցիչները կարծում են, որ նման փոխանցում տեղի ունեցել է: Եթե դա հաճախ տեղի ունենա, հնարավոր է ավելի բարդացնի հիվանդության կանխարգելումը։ 

Պատճառն այն է, որ բռնկումները դադարեցնելու առաջին քայլը ավանդաբար եղել է հիվանդ մարդկանց հայտնաբերելը, այնուհետև դադարեցնել ուրիշներին վարակելը՝ սովորաբար մեկուսացնելով նրանց: Բայց այդ մոտեցումը նույնպես չի աշխատի, եթե որևէ ախտանիշ չունեցող մարդիկ արդեն փոխանցում են հիվանդությունը։ 

Ամերիկայի միացյալ նահագների առողջապահության ներկայացուցիչներն նշել են, որ Չինաստանից որևէ տվյալ չեն ստացել՝ այդ պնդումը հաստատելու համար, ոչ էլ որևէ ապացույց են գտել, որ առանց ախտանիշների մարդիկ տարածել են հիվանդությունը Միացյալ Նահանգներում: Միացյալ Նահանգներում գտնվող հինգ հիվանդները այցելել էին Ուհան, և մինչ այժմ նրանց կոնտակտներից ոչ մեկը չի հիվանդացել կամ փորձարկվել վիրուսի համար:

Բժիշկ Ֆոսին նշում է, որ վիրուսը տարածվում է  է այն մարդկանց կողմից, որոնք ունեն փռշտոց, հազ, ինչի պատճառով էլ վարակը տարածվում է շրջակայքում, այլ ոչ թե այն մարդկանց կողմից, որոնք չունեն ախտանիշներ, նույնիսկ եթե նրանցից ոմանք կարող են տարածել վարակը։ Բժիշկ Ֆրիդենն ասում է, որ եթե ասիմպտոմատիկ մարդիկ իսկապես վիրուս են փոխանցում, ապա վարակված հիվանդները, ամենայն հավանականությամբ, շատ ավելին են տարածում։

Ըստ հետազոտողների՝ մրսած կամ գրիպով հիվանդ մարդիկ կարող են տարածել վարակներ, հիվանդանալուց մեկ կամ երկու օր առաջ, բայց թե հիվանդության բռնկման մեջ որքան մեծ դեր է խաղում դա, հայտնի չէ։

Ամեն դեպքում, գրիպը ամեն տարի տարածվում է ամբողջ աշխարհում՝ վարակելով տասնյակ միլիոնավոր մարդկանց։ 

Նոր կորոնավիրուսի տարածումը սկսում է նմանվել սեզոնային գրիպի, ” ասում է Մինեսոտայի համալսարանի վարակիչ հիվանդությունների հետազոտման և քաղաքականության կենտրոնի տնօրեն, բժիշկ Մայքլ Թ. Օստերհոլմը:

«Կարծում եմ, որ մենք պետք է վերանայենք մեր կիրառած մոդելը, և կարծում եմ, որ իսկապես վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում ավելի ենք մոտեցել գրիպի մոդելին»,- ասաց բժիշկ Օստերհոլմը։- «Առանց պատվաստանյութի փորձելով համայնքներում դադարեցնել գրիպը, նման է քամին դադարեցնելու փորձերին։ Չգիտեմ, թե ինչպես կարող ենք դա իրականացնել»։ 

Նա հավելեց, որ մեր օգտին գործող միակ բանն այն է, որ դա SARS-ի և MERS-ի (Միջին արևելքի շնչառական համախտանիշ) նման ծանր հիվանդություն չէ»։

Առողջապահության ազգային կազմակերպությունը չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում ասաց, որ Ուհանի՝ կորոնավիրուսով վարակված հիվանդների շրջանում, մոտ 20 տոկոսը լուրջ հիվանդ է, իսկ մնացածի մոտ ավելի մեղմ է արտահայտվել։ Մինչ այժմ մահացության մակարդակը մոտավորապես 2% է, բայց դա դեռ հստակ չէ։ The New England Journal of Medicine-ում չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն՝ մահացողները հիմնականում տարեց մարդիկ են, որոնք արդեն իսկ ունեն տարբեր հիվանություններ։ Չինաստանում առաջին 425 հիվանդների միջին տարիքը 59-ն էր, որոնց կեսից մի փոքր ավելին տղամարդիկ էին:

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունները մահացու են․ SARS-ի հետևանքով մահացությունը կազմեց 10%, իսկ MERS-ի հետևանքով՝ 35%:

Բայց եթե նոր վիրուսը էլ ավելի տարածվի և 2 տոկոս մահացության մակարդակը շարունակվի, ապա մահացության թիվը կարող է  զգալիորեն ավելանալ: Սեզոնային գրիպը, որի մահացության մակարդակը ցածր է 0,1 տոկոսով, ամեն տարի սպանում է ավելի քան կես միլիոն մարդու ամբողջ աշխարհում: Ըստ Հիվանդության կանխարգելման և վերահսկման կենտրոնի գնահատականների՝ ԱՄՆ-ում առնվազն 8.200 մարդ մահացել է  գրիպի այս սեզոնի ընթացքում:

Բնօրինակի հեղինակ՝ Roni Caryn Rabin, The New York Times


Թարգմանիչ՝  Ռուզաննա Բարակոզյան  (Ruzanna Barakozyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: