Պրահայի գարունը

Պրահայի գարունը: Ինպես էին չեխերն այրում խորհրդային տանկերը

1968 թ. օգոստոսի 21-ին խորհրդային զորքերը մտան Պրահա, որպեսզի վերջ դնեն լիբերալիզացիայի այն կարճ շրջանին, որն անվանում էին Պրահայի գարուն: Օկուպացիայի ընթացքում, որին մասնակցեցին շուրջ 500 հազար զինվոր, զոհվեց Չեխոսլովակիայի 108 քաղաքացի և շուրջ 500-ը վիրավորվեց: Ներխուժումը դադարեցրեց Ալեքսանդր Դուբչեկի գլխավորած կառավարության կողմից իրականացվող տնտեսական և քաղաքական բարեփոխումները և հիմք դրեց այսպես կոչված «բրեժնևյան դոկտրինին», համաձայն որի՝ ԽՍՀՄ-ն իրավունք ուներ միջամտելու տիրող իրավիճակին այն երկրներում, որտեղ կոմունիստական ռեժիմը վտանգի տակ էր: 

Գլխավոր իրադարձությունները տեղի էին ունենում Պրահայում: Խորհրդային զորքերը մտան ամբողջովին անզեն քաղաք: Քաղաք բերվեցին տասնյակ տանկեր, զրահամեքենաներ, մինչև ատամները զինված զինվորներ: Զինվորները վստահ էին, որ իրենց ծաղիկներով էին դիմավորելու, քանի որ քաղտեղեկացվածության դասընթացներին բացատրում էին, որ նրանք գնում են փրկելու չեխերին ֆաշիստներից (ինչպես տեսնում եք՝  50 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել. ուղեղները շարունակում են լվանալ նույն պատճառներով): 

Խորհրդային զորքերը գիշերը ժամը 2-ին վայրէջք կատարեցին Ռուզինե օդանավակայանում, իսկ արդեն 5:30-ին ամբողջ Պրահան շրջափակված էր զավթիչների կողմից: Օդանավակայանի գրավումը տեղի ունեցավ խաբուսիկ մանևրի միջոցով. օդանավակայանին մոտեցող խորհրդային ուղևորափոխադրող ինքնաթիռը խնդրել էր վթարային վայրէջք կատարել ինքնաթիռում ենթադրյալ անսարքության պատճառով: Թույլտվությունից և վայրէջքից հետո ինքնաթիռի դեսանտը գրավեց օդանավակայանի դիսպետչերական աշտարակը և ապահովեց դեսանտային ինքնաթիռների վայրէջքը:

01

Վացլավյան հրապարակը

09

Խորհրդային զինվորները ցնցված էին՝ իմանալով, թե ինչու են նրանց ուղարկել: Այդ պատճառով ավելի ուշ նրանց տարան անտառներ, որպեսզի նրանք չկարողանան խոսել տեղացիների հետ:

01 09

Արդեն օգոստոսի 21-ի առավոտյան սպանվեց մի քանի երիտասարդ ընտանիք, զրահամեքենան անցավ մի կնոջ ոտքի վրայով: Չեխերը շտապեցին պաշտպանել չեխական ռադիոյի շենքը և այնտեղ բարիկադներ կառուցել: Անկանոն հրաձգություն սկսվեց: 

Վիրավորների թիվն աճում էր: Խորհրդային զորքերին ուղարկեցին բարիկադներն ապամոնտաժելու: Գործի անցան տանկերը: 

Հավաքված մարդկանց ամբոխը գոռում էր. «Օկուպանտնե՛ր, չքվե՛ք տուն: Դուք գործում եք ֆաշիստների պես: Մա՛հ ֆաշիստներին: Խփի՛ր ֆաշիստներին»: Ոմանք փորձում էին զինաթափել զինվորներին և խլել նրանց զենքերը: Բարիկադներն ապամոնտաժել չհաջողվեց: Տեխնիկան ուղղեցին այնպես, որ շրջանցեն նեղ փողոցները: Բոլոր կողմերից զինվորների ուղղությամբ սկսեցին հարվածել քարերով, ապակիով, շշերով: Դրան ի պատասխան՝ վերջինները սկսեցին կրակել և արդյունքում գրավեցին ռադիոյի շենքը: 

Ականատես. «Մարդիկ սկսեցին բարձրանալ տանկերի վրա, երկաթե շյուղերով կոտրել լուսավորող սարքերն ու վառելիքով բաքերը: Տանկերը վառվեցին, և անձնակազմը, այս ամենը տեսնելով, թեքվեց կողային փողոց՝  դրանք թողնելով այնտեղ: Մարդիկ սկսեցին երգել պետական հիմնը»: 

04

Երիտասարդ տղան բարձրացել է T-54-ի վրա՝ ռադիոյի շենքից ոչ հեռու

05

Ցուցարարը՝ արյունոտված դրոշով

04 05

Կեսօրին զինծառայողների նյարդերը տեղի տվեցին, և նրանք մահացու կրակ բացեցին բոլոր զենքերից: Քաղաքի տարբեր մասերում արդեն այրվում էին տանկեր: Սա անսպասելի էր խորհրդային զինյալների համար: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Պրահայի անզեն բնակչությունը ուղղակի կայրի տանկերը, ընդ որում՝ այդքան հմտորեն

06
07
06 07

Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները հայտնեցին, որ «հակահեղափոխական հաղորդումները Ռադիոյի տնից դադարեցվել են»: Շենք ներխուժած խորհրդային զինվորները ոչնչացրին հաղորդող սարքերը, տաղավարների սարքավորումը, թալանեցին աշխատակիցների անձնական իրերը: 

08

Խորհրդային զինվորները նայում են Ռադիոյի Տան պատուհաններից:

02

Ահա այսպիսի շոկի մեջ էին խորհրդային զինվորները, որոնք հասկանում էին, որ նրանց ուղարկել էին ճնշելու ոչ թե «ֆաշիստներին», այլ խաղաղ բնակչությանը:

08 02

Այս գործողությունների հետևանքով զոհվեց խորհրդային բանակի 11 զինծառայող (այդ թվում՝ մեկ սպա), վիրավորվեց 87-ը (այդ թվում՝ 19 սպա): ԽՍՀՄ-ի տեխնիկայի կորուստների ճշգրիտ չափը հայտնի չէ: Միայն 38-րդ բանակի զորամասերում Սլովակիայի և Հյուսիսային Մորավիայի տարածքում առաջին երեք օրերին այրվեց 7 տանկ և զրահամեքենա: 

Այդ ժամանակ Մոսկվայում Կարմիր հրապարակ դուրս եկավ յոթ մարդ: Նրանք բողոքում էին Չեխոսլովակիա զորքերի ներխուժման դեմ: Մի քանի րոպեի ընթացքում ցուցարարներին կալանավորեցին Կարմիր հրապարակում պարեկային ծառայություն իրականացնող Պետանվտանգության կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները, ծեծի ենթարկեցին և  տարան բաժին: Արդյունքում նրանց մի մասին ուղարկեցին հոգեբուժարան, իսկ մյուս մասին՝ բանտարկեցին ու աքսորեցին: 

1969 թ. ուսանողներ Յան Պալախն ու Յան Զայիցը մեկ ամսվա տարբերությամբ Պրահայում ինքնահրկիզվեցին՝ որպես խորհրդային զորքերի օկուպացիայի դեմ բողոքի նշան: 

Արդյունքում Չեխոսլովակիաում, խորհրդային զորքեր մտցնելու հետևանքով, ընդհատվեց քաղաքական և տնտեսական բարեփոխումների ընթացքը: Բոլոր բարեփոխումներ իրականացնողները հեռացվեցին պաշտոններից: Երկրում սկսեցին ճնշումները: Մշակութային էլիտան և տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին երկիրը: Խորհրդային զորքերն այնտեղ մնացին մինչև 1991 թ.:

Բնօրինակի հեղինակ՝ Беларусь головного мозга


Թարգմանիչ՝ Անահիտ Ասատրյան (Anahit Asatryan) © Բոլոր իրավուքները պաշտպանված են