Ինչպես է Ֆինլանդիան պայքարում կեղծ լուրերի դեմ՝ սկսած տարրական դպրոցից
Տեղեկատվական պատերազմի առաջնագծում գտնվող երկիրը սովորեցնում է բոլորին՝ դպրոցական աշակերտներից մինչև քաղաքական գործիչներ, թե ինչպես կարելի է տարբերակել անվստահելի տեղեկատվությունը:
Ըստ Կարի Կիվինենի` այս գործընթացը կարելի է սկսել երեխաների վաղ տարիքից: Իրականում այն պարտադիր է. «Հեքիաթները լավ միջոց են: Օգտագործեք խորամանկ աղվեսին, որը միշտ իր խորամանկ բառերով մոլորեցնում է կենդանիներին: Այն քաղաքական գործչին որոշակիորեն բնորոշ այդքան էլ վատ փոխաբերություն չէ, այդպես չէ՞»:
Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ժողովրդավարական պետություններին թվում է, թե իրենց չեն սպառնում կեղծ տեղեկատվության անվերահսկելի հարձակումները, Ֆինլանդիան, որը վերջերս գնահատվել է որպես Եվրոպայի ամենակայուն պետություն՝ կեղծ լուրերի դիմակայության առումով, վերջիններիս դեմ պայքարին բավական լուրջ է վերաբերում՝ սկսելով այն տարրական դպրոցում ուսուցանելուց:
Միջնակարգ դպրոցներում, ինչպիսին է Հելսինկիի պետական քոլեջը, որտեղ Կիվինենը ավագ ուսուցիչ է, բազմապլան տեղեկատվական գրագիտությունը և ուժեղ քննադատական մտածողությունը դարձել են ազգային ուսումնական ծրագրի հիմնական, միջառարկայական բաղադրիչ, որը ներդրվել է 2016 թվականին:
Մաթեմատիկայի դասընթացների ժամանակ Կիվինենի սաները սովորում են, թե որքան հեշտ է վիճակագրության մեջ ստելը: Արվեստում նրանք տեսնում են, թե ինչպես կարելի է շահարկել պատկերների իմաստը: Պատմության ժամին նրանք վերլուծում են նշանավոր քարոզչական արշավները, իսկ ֆիններենի ուսուցիչները նրանց հետ աշխատում են բազմաթիվ եղանակներով, որոնց միջոցով ի ցույց են դնում, թե բառերն ինչպես կարող են օգտագործվել շփոթության, մոլորության և խաբելու նպատակով:
«Նպատակն ակտիվ, պատասխանատու քաղաքացիներ և ընտրողներ ձևավորելն է»,-ասում է Կիվինենը,-Քննադատական մտածողությունը, փաստերի ստուգումը, դրանց մեկնաբանումը և գնահատումը շատ կարևոր են. մենք այն դարձրել ենք մեր բոլոր առարկաների դասավանդման հիմնական բաղադրիչը»:
Ուսումնական ծրագիրը Ֆինլանդիայի կառավարության մշակած եզակի, լայնածավալ ռազմավարության մի մասն է, որը մշակվել էր 2014 թվականից հետո, երբ երկիրն առաջին անգամ իր ռուս հարևանի կողմից թիրախավորվեց կեղծ լուրերով, ու կառավարությունը գիտակցեց, որ այն տեղափոխվել է հետփաստական դարաշրջան:
Ֆինլանդիայի արդյունքները բավականին հաջող են որոշ չափանիշներով. դրանք գլխավորում են եվրոպական 35 երկրների կեղծ լուրերի նկատմամբ դիմադրությունը չափող տարեկան ինդեքսը: Ծրագրի նպատակն է ապահովել կեղծ տեղեկատվության բացահայտումը՝ աշակերտից մինչև քաղաքական գործիչ, և դրա դեմ պայքարում իրենց մասնակցությունն ունենալու կարողություն ստեղծել:
«Սա (կեղծ լուրերը) անդրադառնում է բոլորիս վրա»,-ասում է Ջուսի Թիվանեն՝ վարչապետի աշխատակազմի հաղորդակցության գլխավոր պատասխանատուն,-«այն թիրախավորում է ֆիննական հասարակությունը: Դրա նպատակն է քայքայել մեր արժեքները և նորմերը, հասարակությունը համախմբող հաստատությունների վստահությունը»:
Ինչպես ասում է Թիվանեն՝ Ֆինլանդիան, որը Ռուսաստանից անկախություն հռչակեց 1917-ին, գտնվում է տեղեկատվական պատերազմում, որը զգալիորեն արագացել է Մոսկվայի՝ Ղրիմը բռնակցելուց և հինգ տարի առաջ Ուկրաինիայի արևելքում ապստամբներին աջակցելուց հետո:
Քարոզարշավների մեծ մասը, որոնք ծայրահեղ աջերի աջակցության ներքո են, ըստ ազգի առաջին և «այլընտրանքային» ֆիննական լրատվական կայքերի և սոցիալական լրատվամիջոցների՝ կենտրոնանում են ԵՄ-ի վրա հարձակումները, ներգաղթի հարցերը շեշտադրելու և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության շուրջ քննարկումներին ազդելու փորձին վրա:
Դիմադրությունը դիտվում է գրեթե որպես քաղաքացիական պաշտպանության խնդիր, Ֆինլանդիայի անվտանգության համապարփակ քաղաքականության կարևորագույն բաղադրիչ: «Մենք փոքր երկիր ենք՝ սակավ ռեսուրսներով, և հույս ունենք, որ բոլորը կնպաստեն հասարակության հավաքական պաշտպանությանը»,-նշում է Թիվանեն:
30 հոգուց բաղկացած բարձր մակարդակի հանձնաժողով ունեցոզ ծրագիրը ներկայացնում է 20 տարբեր մարմիններ՝ կառավարական նախարարություններից մինչև սոցիալական ապահովության կազմակերպություններ և ոստիկանություն, հետախուզական և անվտանգության ծառայություններ։ Այն անցած երեք տարվա ընթացքում վերապատրաստել է հազարավոր քաղաքացիական ծառայողների, լրագրողների, ուսուցիչների և գրադարանավարների:
«Սա իրազեկման մակարդակի բարձրացման լայնածավալ և համակարգված փորձ է»,-ասում է պաշտպանության նախարարի ավագ գիտաշխատող Սառա Խանտունեն, -«Կառավարությունն, իհարկե, պատասխանատու է որոշակի գումարի համար, բայց, ի վերջո, անհատը պարտավոր է ծրագրակազմը ինքը տեղադրել, ինչպես որ տեղադրում է իր համակարգչում վիրուսների պաշտպանության համակարգը»:
Կիվինենին, ով Ֆինլանդիա է վերադարձել միջազգային կրթության ոլորտի կարիերայից հետո՝ ղեկավարելու Հելսինկիում գտնվող ֆրանս-ֆիննական դպրոցը և առաջադրելու տեղեկատվական գրագիտության ծրագիրը, կարծում է, որ տեղեկատվության հուսալիության մասին մտածելու և դա վերլուծելու համար տարիքային շեմ չկա:
«Երեխաներն այսօր չեն ընթերցում թերթեր կամ հեռուստատեսային նորություններ դիտում, ինչը նորմալ է այստեղ»,-ասում է նա,-«նրանք նորություններ չեն փնտրում, նրանք առնչվում են նորությունների WhatsApp-ում, YouTube-ում, Instagram-ում, Snapchat-ում… կամ, ավելի ճիշտ, ալգորիթմն է նրանց համար ընտրում լուրերը: Նրանք պետք է կարողանան քննադատաբար մոտենալ դրան։ Բայց ոչ ցինիկ կերպով. մենք չենք ցանկանում, որ նրանք մտածեն, որ բոլորը ստում են, բայց նրանք պետք է կարողանան քննադատաբար մոտենալ»:
Կեղծ լուրը, ասում է Կիվինենը, այնքան էլ լավ տերմին չէ՝ հատկապես երեխաների համար: Շատ ավելի կիրառական են երեք հստակ կատեգորիաներ՝ ապատեղեկատվություն կամ «թյուրիմացություն», ապատեղեկատվություն կամ «սուտ» և «կեղծիք/խաբեություն», որոնք կեղծ են և միտումնավոր տարածվում են խաբեության համար, և ապատեղեկատվություն կամ «բամբասանք», որը գուցե ճիշտ է, բայց վնաս պատճառելու նպատակ ունի:
«Նույնիսկ բավականին փոքր երեխաները կարող են դա հասկանալ»,-նշում է նա,-«նրանք սիրում են դետեկտիվներ լինել: Եթե նրանց հանձնարարեք հարցումներ իրականանցնեն իրական լրագրողների ու քաղաքական գործիչների հետ՝ թե նրանց համար ինչն է կարևոր, կեղծ բանավեճեր կամ դպրոցական ընտրություններ կազմակերպել և անցկացնել, ապա խնդրեք նրանց գրել ճշգրիտ և կեղծ զեկույցներ դրանց վերաբերյալ, ադյ դեպքում արդեն ժողովրդավարությունը և դրան սպառնացող վտանգները կսկսեն ինչ-որ բան նշանակել նրանց համար»:
Նա ցանկանում է, որ իր աշակերտներն այնպիսի հարցադրումներ բարձրացնեն, ինչպիսիք են՝
- ո՞վ է տարածել այս տեղեկատվությունը և ինչու՞ է տարածել,
- որտե՞ղ է այն հրապարակվել,
- ի՞նչ է ասում այն իրականում,
- ո՞ւմ է դա ուղղված,
- ինչի՞ վրա է դա հիմնված,
- կա՞ն ապացույցներ դրա համար, թե՞ սա պարզապես ինչ-որ մեկի կարծիքն է,
- արդյո՞ք դա ստուգված տեղեկություն է կամ հաստատված է ինչ-որ մի տեղ:
Ճաշից առաջ դասարանում հավաքված կես տասնյակ աշակերտների վկայությանբ արված այս արտահայտությունը ասվածի ապացույցն էր՝ «Դուք միշտ պետք է ստուգեք փաստերը և փաստագրեք: Թիվ 1 կանոնը` ոչ Վիքիպեդիային. միշտ առկա են երեք կամ չորս տարբեր և հուսալի աղբյուրներ»,-ասում է 18-ամյա Մաթիլդան,-«մենք սա սովորում ենք հիմնական բոլոր առարկաների շրջանակներում»:
16-ամյա Լիլան ասում է, որ ինքը հարցաքննել է տեղի քաղաքական գործիչներին տեղական ռադիոկայանի ուղիղ եթերի ժամանակ: 17-ամյա Ալեքսանդրն ասում է, որ շատ բան է սովորել կեղծ լրատվական արշավ մշակելու ընթացքում: Հարցին, թե ինչով են կեղծ լուրերը նշանակալից, նա պատասխանել է. «Դրանց արդյունքում դուք հայտնվում եք սխալ համարի ավտոբուսում և հանդիպում քվեարկողների, ովքեր հավատում են դրան»: 16-ամյա Պրիան ասում է, որ կրթությունը «դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է»: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր ոք կարող է որևէ բան հրապարակել: Կառավարությունը շատ բան չի կարող անել, երբ նրանք բախվում են այնպիսի խոշոր միջազգային ընկերությունների, ինչպիսիք են Google-ը կամ Facebook-ը, և եթե նա չափազանց շատ է միջամտում, համարվում է գրաքննություն: Այնպես որ՝ այո՛, կրթությունն պայքարի ամենաարդյունավետ միջոցն է»:
Շարունակական կրթության մի մասը տրամադրվում է նաև ՀԿ-ների կողմից: Բացի փաստերի ստուգման արդյունավետ ծառայությունից օգտվելուց՝ «Ֆակտաբաարի»-ն («Փաստ Բար»), որը մեկնարկվել է 2014 թվականի Եվրոպական ընտրություններին և որը վարում է լրագրողների և հետազոտողների կամավոր անձնակազմը, թողարկում է ընտրողների գրագիտության հանրաճանաչ հավաքակազմ՝ դպրոցների և ավելի լայն հասարակության համար:
«Ըստ էության՝ մենք նպատակ ունենք մարդկանց տալ սեփական գործիքները»,-ասում է դրա հիմնադիր Միկկո Սալոն՝ ԵՄ-ի կեղծ լուրերի գծով անկախ, բարձր մակարդակի փորձագիտական խմբի անդամը: «Խոսքն այն մասին է, որ պետք է փորձել պատվաստումներ կատարել խնդիրների դեմ, այլ ոչ թե մարդկանց ասել, թե ինչն է ճիշտ և սխալ. այն հեշտությամբ կարող է հանգեցնել բևեռացման»:
Անցյալ տարվա ապրիլին՝ Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կառավարությունը շատ հեռու գնաց՝ պատրաստելով գովազդային արշավ, որը նախազգուշացնում էր ընտրողներին կեղծ լուրերի հավանականության մասին հետևյալ լոզունգով. «Ֆինլանդիան ունի լավագույն ընտրություններն աշխարհում: Մտածեք, թե ինչու»:
Նույն կերպ Mediametka-ն մշակում և գործում էր ԶԼՄ-ների գրագիտության գործիքներով` սկսած 1950-ականների սկզբի ավելի անմեղ օրերից, երբ վերջինիս հիմնադիրներն առաջնորդվում էին այն հիմնական մտավախությամբ, թե կոմիքսները որքան կարող են վնասել ֆինն երեխաներին:
«Հասարակական կազմակերպությունը, որը մասամբ ֆինանսավորվում է Մշակույթի նախարարության կողմից, ներկայումս ֆիննական ստեղծարար ստարտափների հետ կազմակերպում է еd-tech հաքաթոններ՝ դպրոցների և երիտասարդական խմբերի համար «բովանդակալից նյութեր» մշակելու նպատակով»,-նշում է գործադիր տնօրեն Մերի Սեյստոլան:
«Մենք աշխատում ենք նկարների, տեսանյութերի, տեքստերի, թվային բովանդակության հետ: Հանձնարարում ենք մեր ուսանողներին ստեղծել իրենց սեփականը, բացահայտել տարատեսակ ապակողմնորոշիչ լուրեր»,-ասում է Սեիստոլան: Քարոզչությունից մինչև խաբեություն, սատիրայից մինչև դավադրության տեսություն, կեղծ գիտությունից մինչև կուսակցական զեկույց, իրադարձություններից նկարագրող պատմություններ, իրադարձություններ, որոնք պարզապես փաստերի ոչ դիտավորյալ սխալների արդյունքում են առաջացել:
Ֆինլանդիան ունի որոշակի առավելություն տեղեկատվական գրագիտության ոլորտում` հետևողականորեն գտնվելով մամուլի ազատության, թափանցիկության, կրթության և սոցիալական արդարության միջազգային ցուցանիշների վերնամասում: Ֆինն աշակերտներն ունեն ընթերցանության ամենաբարձր PISA (Միջազգային ուսանողների գնահատման ծրագիր) միավորը ԵՄ-ում:
«Ազգային ինստիտուտների, լրատվամիջոցների նկատմամբ և ընդհանուր առմամբ հասարակության վստահության մակարդակը ավելի բարձր է հյուսիսային, քան շատ այլ երկրներում»,-ասում է Faktabaari-ի Սալոն,-«բայց սա նշանակում է, որ մենք պետք է առավել զգոն լինենք, որպեսզի պատրաստվենք հաջորդ փուլին, քանի որ կորցնելու ավելի շատ բան ունենք»:
Թարգմանիչ՝ Մարիամ Բադալյան (Mariam Badalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև՝ Ի՞նչ կմտածեր Միշել Ֆուկոն սոցցանցերի, կեղծ լուրերի և հետճշմարիտ (Post Truth) աշխարհի մասին