Կրկեսի գազանիկների նման հանել են ասպարեզ, ում ուզում շաքարով խաբում են, ում չեն ուզում՝ դաղում են մտրակով։ Մտրակի ու շաքարի լիրբ քաղաքականությամբ մեզ հանում են իրար դեմ։ Մենք էլ էս խաղերը կարծես թե հասկանում, բայց շարունակում ենք ջուր լցնել սատանայի ջրաղացին։ Հայաստանում ինտերֆրոնտ ստեղծել չկարողացան. զինված ջոկատների հակասություններից են փորձում օգտվել։ Գաղջ մի մթնոլորտ են ստեղծել, որի մեջ հրաշալիորեն սունկերի նման աճեցնում են նորանոր «գեներալներ»։ Ու թե այսպես շարունակվի եւս մեկ-երկու ամիս, Հայաստանը թերևս վերածվի համատարած շտաբների, ուր զինվորներ չկան, կան «գեներալներ» եւ «ծառայողական» մեքենաներ, եւ յուրաքանչյուր «գեներալ» գոռում է «միասնություն» եւ հանուն միասնության սպառնում է զինաթափել մյուսին։ Ու հարցնող էլ չկա՝ էդ ինչքա՞ն զենք ունեք, որ զինթափում եք մեկմեկու․․․ Աշխարհն իր ունեցածը թաքցնելով չի պրծնում, մենք մեր չունեցածը ուզում ենք կոխել աշխարհի աչքը։ Մոսկովյան թղթակիցը լրջորեն հարցնում էր․ «Հայոց 140 հազարանոց բանակը չի՞ պատրաստվում հարձակվել Թուրքիայի վրա»․․․
Չգիտեի՝ իր միամտության վրա ծիծաղեմ, թե մեր սնապարծության վրա լամ։ Մի բաժակ ջրում փոթորիկներ բարձրացնելու մեր էս տղայականությունը կարող է մեր տունը քանդել, տղե՛րք։ Մենք, որ մի զույգ երկփողանի հրացանով տարի ու կես Արցախ ու սահման պաշտպանեցինք, ու ոչ ոք այդ մասին բարձրաձայն չխոսեց, ոչ մեկս հերոսի կեցվածք չընդունեց, որովհետեւ արածներս ամենակենսական՝ շնչելու, հաց ուտելու նման բան էր. մեր շնչած օդի համար ումի՞ց էինք հաշիվ պահանջելու: Մեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հանկարծ չգնահատված հերոսի դիմակ հագանք․ «Մենք ազգի համար արյուն ենք թափում, իսկ դուք․․․»։
Ոչ մի վայրկյան չմտածեք, թե դաշտերում ու գործարաններում աշխատող մեր ախպերները, որ այսօր զինվորական հագուստով ու զենքով քաղաքում չեն շրջում, օրհասի պահին մեզանից վատ են կռվելու, կամ իրենց արած գործը մերինից քիչ կարեւոր է։ Կասկած չունենաք։ Ուտող-խմողներն ու սեւ մեքենաներով պտտվողնե՞րը․․․ Է, միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել․ յուրաքանչյուր ազգ ունեցել է իր համար արյուն թափողներ եւ արյուն ծծողներ, ու էն ազգերն են գոյատեւել, ում համար արյուն չխնայողները բազում են եղել։ Եւ եթե այսօր, այնուամենայնիվ, մենք ենք արյուն չխնայողները, բերեք մեր խաչը սուսուփուս, արժանապատվորեն տանենք։ Թե չէ դուրսպրծուկները կուրծք ծեծելով աշխարհին տիրում են, թե չէ գարաժներում ու հիվանդանոցներում էլ մեքենա չմնաց․․․ Թե չէ մեր ժողովուրդը սկսել է մեզանից վախենալ, հասկանո՞ւմ եք, թե ուր ենք հասել, տղերք, ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵԶԱՆԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ Է։ Անեկդոտ էլ կա․ մայրը լացող երեխային սաստում է՝ սուս, թե չէ ֆիդայիներին կկանչեմ․․․ Գիտե՞ք, թե սրա վերջն ինչ է լինելու, հասկանո՞ւմ եք, թե իրավապահ մարմինների միտումնավոր անգործությունը ինչին է ուղղված, ըմբռնո՞ւմ եք, թե մայիսի 27-ի օրը ինչ հրաշքով Երեւանում պարետային ժամ չմտցրին․․․
Հրաշք չկա, մանրակրկիտ մշակված ծրագիր է․ սպասում են մենք իրար միս ուտենք, մեր ու ժողովրդի մեջ հակասությունը այնքան խորանա-խորացնեն, որ կարմիր բանակի շռնդալից երթը Երեւանում դիտվի որպես փրկություն։ Ու մայիսի 28-ը չեկած՝ նոյեմբերի 29-ը երկրորդ անգամ պայթի մեր գլխին։ Ու մեղավորը մենք ենք լինելու, լավ հիշեք, եթե հաջողվեց մեր վերընթաց քաղաքական պայքարը վերածել քաղաքացիականի ու զենք խառնվեց էդ գործին, պատմությունն ու ժողովուրդը մեզ չեն ներելու։ Մեզ, որ պայքարի ելանք ամենասուրբ ցանկություններով։
Մայիսի 27-ը ընդամենը նախերգանք էր։ Հարցնում են, թե ով էր մեղավոր այդ օրվա համար․․․ Ես էի մեղավոր, որ էդ հրաշալի տղերքին չկարողացա կողքիս պահել։ Դուք էիք մեղավոր, որ ասում էիք՝ ոչ մի քաղաքական կազմակերպություն իրավունք չունի զինված ջոկատ ունենալ։ Չէ, ճիշտ էիք ասում, զինված ուժերը մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելու դաժան փորձը մենք արդեն ունենք։ Բայց էդ հրաշալի տղերքը, մեզանից կտրվելով, մնացին բոլորովին անտեր, որովհետեւ պետական, հայկական զորամիավորումներ չունենք, որովհետեւ մեր երկրի մեջ իշխանություն չունենք, իր ասածի, խոսքի տեր ղեկավար չունենք, որովհետեւ հայկական վերջին բանակը Կարսում ղուկասյանների ձեռքով կազմալուծվեց, դարձավ փալաս, որովհետեւ էս գործին դեռ էն գլխից գեներալ Պասկեւիչն էր խառնված, որովհետեւ ոչ պետական կառուցվածքում մեր ջոկատների միավորումը դատապարտվեց ձախողման՝ բազմաենթակայության եւ ձեւավորման տարերային բնույթի պատճառով․․․ Ու էդ հրաշալի տղերքը մնացին բոլորովին անտեր ու անկառավարելի, որովհետեւ մյուսներին էլ չմիացան, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանն ու Աշոտ Մանուչարյանը եթե ջոկատներին հրամայելու իրավունք չունեն, այդ իրավունքն առավել եւս չունեն Վազգեն Սարգսյանն ու Ռազմիկ Վասիլյանն ու մյուսները։ Ճիշտ չէ՞․․․ Ամեն բան ճիշտ է ու զարմանալիորեն ամեն բան սխալ։ Ամեն ինչ խառնվել է իրար, երրորդ դասարանի կրթությամբ որեւէ դուրսպրծուկ մեկ ավտոմատով ու չորս դանակով կարող է ազգի ճակատագրի հետ կատակներ անել․․․
Մայիսի 27-ին մենք ճաշակեցինք մեր որբության հերթական դառը-լեղի պտուղները եւ ավելի ենք թունավորվելու, եթե դասեր չքաղենք։ Հիշեք, թե միաժամանակ քանի հրաման էր պտտվում Նուբարաշենի սպանդանոցում․ մեկս հրամայում էր ճանապարհները փակել, մյուսներս՝ բացել, մեկս հրամայում էր հեռանալ, մեկելներս՝ դիրքավորվել, սպասել․․․ Է, հետո՞, մենք մեր ձեռքը հո կրակը չենք ընկել․․․ Առանձին-առանձին բոլորս էլ նույն բանն ենք ասում․ հարկավոր է միավորվել, ղեկավարվել մեկ կենտրոնից, բայց հավաքվում ենք իրար գլխի եւ ոչինչ չի ստացվում։ Վերջին 3-4 ամիսների ընթացքում ունեցածներս ուժերն ու էներգիան ու նյարդերը ծախսել ենք անձնական հարաբերությունների ճշտման ու «ռազբիրատների» վրա։
Բոլորս բոլորիս սկսել ենք կասկածել. տղե՛րք, սա ամենասարսափելին է։ Կասկածի ցեցը մեզ ներսից կուտի։ Հրեշավոր կասկածն ու անհանդուրժողականությունը սրտներումս վաղը ո՞նց ենք մեկմեկու թիկունք ապահովելու։ Միասնությունից խոսելով՝ հոգնեցինք, Նժդեհ ցիտելով՝ հոգնեցինք, ու բան դուրս չեկավ։ Ու այնքան ժամանակ բան դուրս չի գա, մինչեւ չհասկանանք, որ «ամեն մի ամբիցիա դեւալվացնում է շարժումը», որ մեզանից ոչ մեկը գեներալ ու զորավար չէ, էդ անտեր գործն, ախր, ուսում, փորձ ու տաղանդ է պահանջում, որ ֆիդայական ցաքուցրիվ պայքարը կործանարար հետեւանքներով է հղի, որ մեր միասնությունը, հասկանանք վերջապես, հնարավոր է միայն պետական կառուցվածքում՝ տվյալ դեպքում Հայաստանի պառլամենտի Պաշտպանության խորհրդի հովանու տակ։ Այն, ինչի մասին ընդամենը 5-6 ամիս առաջ միայն երազել կարող էինք։ Հապաղելու իրավունք չունենք։ Շտապենք, քանի դեռ մութ ուժերը մեզ իրար դեմ չեն հանել, քանի դեռ ժողովուրդը, այնուամենայնիվ, հավատում է մեզ։
Նորագավիթի ճանապարհին կարկանդակներ էին վաճառում։ Մի խումբ կանայք էին։ Ես փողն իրենց էի տալիս, իրենք՝ ինձ։ «Ֆիդայիններից, ― ասում էին, ― փող չենք առնում։ Լա՞վ է, որ դուք մեզ համար գնում եք կրակի բերան»։ Վերջը համոզեցի, ասաց՝ «Լավ, մտնեմ տուն, տասնոցդ մանրեմ գամ»։ Եկավ, նեղացած տեսքով, կարկանդակի մանրը վերադարձրեց՝ «Լավ չես անում, ― ասաց, ― հաշվենք իմ տղեն էր կերել»։ Հետո լիմոնադ էի առնում, մանրը գրպանիցս հանեցի, ինչ տեսնեմ․․․ երեք հատ երեքանոց, ռուբլիանոցն էլ մեջը․․․ Ընկերս ասաց՝ «Եթե մեր ժողովուրդը մեզ դեռ էսքան սիրում է, ամեն բան կորած չէ»։
Ես ասում եմ՝ ցավը տանեմ մեր ժողովրդի, ծով համբերություն ունի, ապրող ու ապրեցնող ժողովուրդ է, արժանի լինենք իրեն։
Ես ասում եմ՝ դավաճանություն է ժողովրդին ներշնչել, թե ինքը փոքր է ու անզոր։ Երեք միլիոն, թե երեք հարյուր միլիոն՝ օրհասի պահին պայքարողը շատ-շատ մեկ միլիոնն է։ Իսկ մեկ միլիոն անձնուրաց պայքարող էս ազգն իր միջից կարող է հանել։ Ապացուցված բան է։
Մի բան է միայն անհրաժեշտ․ սնապարծության ու արկածախնդրության փոխարեն՝ լրջմտություն եւ պատասխանատվություն։ Որպեսզի դուրսպրծուկները կուրծք ծեծելու ասպարեզ չունենան։ Որպեսզի ինքապաշտպանության գործը չվերածվի ինքնասպանության։ Էս գործը պետական մոտեցում է պահանջում եւ ենթադրում է պետականություն։ Պահը չկորցնենք, հապաղելը հանցագործություն է տղերք։
Վազգեն Սարգսյան
Երկրապահ միավորումների կենտրոնական շտաբի պետ
Հայք N 19, 17 հունիսի 1990
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ