Որոնք են պլաստիկի տեսակները, ինչպես տարբերել և որտեղ գտնել տարբերանշաները 
Պատմական ակնարկ

Պլաստիկն առաջին անգամ հասարակությանն է ներկայացվել 1862թ-ին անգլիացի գիտնական Ալեքսանդր Պարկեսի կողմից: Ապրանքանիշը կոչվել է «Պարկեսին» (Parkesine), սակայն այն ի սկզբանե ամբողջովին սինթետիկ նյութերից  պատրաստված չի եղել և փոխարինել է փղոսկրին ու եղջյուրներին: Չնայած այս նյութը նորույթ էր՝ այնուհանդերձ այն կոմերցիոն մեծ հաջողություններ չի գրանցել:

Պլաստիկը, որը մենք այսօր կիրառում ենք, ստեղծվել է գերմանացի գիտնական Հերման Շտաուդինգերի կողմից 1920 թվականին:  Նա բացահայտել է պոլիմերներն[i] ու դրանց զանազան դրսևորումները և այդ բացահայտման համար 1953թ-ին ստացել Նոբելյան մրցանակ: Ժամանակին համընթաց ավելացան պոլիմերային խառնուրդները՝ դառնալով պլաստիկի առանձին տեսակներ, իսկ քանի որ պլաստիկը աղբավայր նետելը կամ այրելը լուծում չէ (ամբողջովին չի այրվում, իսկ այրվելիս քիմիական նյութերն արտանետվում են օդ և այլն),  անհրաժեշտություն առաջացավ այն տեսակավորելու և վերամշակելու: Պլաստիկի արդյունաբերության հասարակությունը (ՊԱՀ) (ներկայում՝ Պլաստիկի արդյունաբերության ասոցիացիա) 1988թ-ին առաջ բերեց պլաստիկի դասակարգման համակարգ՝ սպառողներին ու վերամշակողներին հնարավորություն ընձեռելով տարանջատել պլաստիկի տեսակները: Արտադրողները յուրաքանչյուր պլաստիկե ապրանքի վրա՝ սովորաբար հատակամասում, մակնշում են ՊԱՀ կոդը կամ թիվը: 

Պլաստիկի տեսակները, հատկությունները, տարբերանշաններն ու առօրյա կիրառությունը

Ստորև կծանոթանանք պլաստիկի տեսակներին, դրանց հատկություններին և մեր առօրյայում գործածվող  պլաստիկե իրերին։ 

  1. Պոլիէթիլեն տերեֆտալատը (PET) մակնշվում է 1 թվով: Այն երբեմն ներծծում է իր մեջ պարունակվող սննդի կամ խմիչքի վատ կամ լավ հոտը, ինչպես նաև համը: Պլաստիկի այս տեսակից պատրաստված տարաներն ու իրերը սովորաբար վերամշակվում են: Պոլիէթիլեն տերեֆտալատը կամ PET-ը, ինչպես ընդունված է միջազգային տերմինաբանությամբ, օգտագործում են տարատեսակ կենցաղային իրերի՝ ըմպելիքների, դեղորայքի շշերի, պարանների, հագուստի և գորգի մանրաթելերի արտադրության մեջ:

 

Պլաստիկի տեսակը Ընդհանուր հատկությունները Տարածված կիրառումը
Պոլիէթիլեն տերեֆտալատ (PET) Ջրակայուն,

ջերմակայուն,

կոշտ,

չլուծվող

Հանքային ջրի, գազավորված ըմպելիքների և գարեջրի շշեր,

սննդի կոշտ փաթեթավորումներ,

զովացուցիչ ըմպելիքների և ջրի շշեր,

հագուստի և գորգերի համար նախատեսված մանրաթել,

շամպունի և բերանի լվացման հեղուկների որոշ շշեր

 

  1. Բարձր խտության պոլիէթիլենից (HDP) պատրաստված ապրանքները մակնշվում են 2 թվով: Դրանք սովորաբար շատ ապահով են: Իրենց մեջ պարունակվող սննդի կամ խմիչքի մեջ քիմիկատների արտանետման որևէ դեպք դեռևս չի գրանցվել: Բարձր խտության պոլիէթիլենից կամ HDP-ից պատրաստված իրերն ու տարաները սովորաբար վերամշակելի են: Բարձր խտության պոլիէթիլենից են պատրաստվում կաթնամթերքի տարաները, ավտոմեքենաների յուղանյութերի տարաները, հեղուկ օճառների և շամպունների շշերը, մաքրող և գունաթափող միջոցների տարաները: Ապահով չԷ բարձր խտության պոլիէթիլենից պատրաստված տարան սննդի համար վերաօգտագործելը, եթե այն ի սկզբանե  սննդի համար նախատեսված չի եղել:
Պլաստիկի տեսակը Ընդհանուր հատկությունները Տարածված կիրառումը
Բարձր խտության պոլիէթիլեն (HDP) Գերազանց ջրադիմացկունություն,

բարձր ջերմադիմացկունություն,

կոշտ, կիսաճկուն կամ  ամուր,

երբեմն փափուկ, մոմանման մակերես,

կարող է գազի ներհոսք թույլ տալ,

որոշ դեպքերում դիպչելիս մակերեսին կարող են կնճիռներ  առաջանալ,

գունանյութերով պատրաստված շշերը նաև դիմակայում են ճնշմանը

Մաքրող, սպիտակեցնող և գունաթափող միջոցների շշեր,

խորտիկների փաթեթավորումներ և շիլայի թափանցիկ պլաստիկե փաթեթավորումներ,

կաթի և ոչ գազավորված ըմպելիքի շշեր,

խաղալիքներ, դույլեր, խողովակներ, պլաստիկե արկղեր, ծաղկամաններ,

աղբամաններ

 

  1. Պոլիվինիլ քլորիդը (PVC) մակնշվում է 3 թվով և երբեմն վերամշակվում է: Այն օգտագործվում է բոլոր տեսակի խողովակների և սալիկների, ինչպես նաև սանտեխնիկական խողովակների արտադրության մեջ: 
Պլաստիկի տեսակը Ընդհանուր հատկությունները Տարածված կիրառումը
Պոլիվինիլ քլորիդ (PVC) Կոշտ և կարծր (պլաստիկացվածության դեպքում՝ ճկուն),

քիմիական նյութերի հանդեպ դիմակայուն,

երկարաժամկետ կայունություն,

կայուն էլեկտրական հատկանիշներ,

գազի նկատմամբ դիմակայուն

Բանկային քարտեր,

սննդի փաթեթավորումներ, 

սննդի տարաներ,

պատուհանների և դռների շրջանակներ, 

ջրատար խողովակներ և կցամասեր,

արհեստական կաշվից ապրանքներ

 

  1. Ցածր խտության պոլիէթիլենը (LDP) մակնշվում է 4 թվով և երբեմն նույնպես վերամշակվում է: Այն և՛ դիմացկուն է, և՛ ճկուն: Դրանից են պատրաստվում սննդի կպչուն փաթեթավորումները, ճզմվող շշերն ու մթերային տոպրակները: 
Պլաստիկի տեսակը Ընդհանուր հատկությունները Տարածված կիրառումը
Ցածր խտության պոլիէթիլեն (LDP) Կոպիտ, երբեմն ճկուն,

կարող է լինել կպչուն կամ մոմանման մակերեսով,

փափուկ, հեշտ խազվող,

ցածր հալման կետ,

ստաբիլ էլեկտրական հատկություններ,

խոնավությանը ուժեղ դիմակայություն

Աղբի, գնումների հաստ տոպրակներ,

փաթեթավորման ժապավեններ,

ճկվող շշեր, 

ոռոգման խողովակներ,

որոշ շշերի կափարիչներ

 

  1.   Պոլիպրոպիլենը (PP) մակնշվում է 5 թվով և հազվադեպ է վերամշակվում: PP-ն ամուր է և սովորաբար ունակ է դիմակայելու բարձր ջերմաստիճանին: Դրանից են պատրաստվում խոհանոցային սպասքը, յոգուրտի տարաները և այլն: Պլաստիկե շշերի կափարիչները ևս հաճախ պոլիպրոպիլենից են պատրաստվում:
Պլաստիկի տեսակը Ընդհանուր հատկությունները Տարածված կիրառումը
Պոլիպրոպիլեն (PP) Գերազանց դիմակայություն քիմիական նյութերին,

բարձր հալման կետ,

կոշտ, բայց ճկվող,

երբեմն մոմանման կամ կպչուն մակերես,

կիսաթափանցիկ,

ամուր

Շշի կափարիչների մեծ մասը, 

Կետչուպի, յոգուրտի և սիրոպի տարաներ,

չիպսերի, քաղցրաբլիթների փաթեթավորումները (կամ տոպրակները),  

պլաստիկե արկղերը, ծաղկամանները, ձողիկները,

մանրաթելեր գորգերի, բրեզենտի համար և այլն

 

 

  1.   Պոլիստիրենը (PS) մակնշվում է 6 թվով և սովորաբար դժվարությամբ է վերամշակվում: Դրանից են պատրաստվում սննդի պլաստիկե փափուկ տարաները, պլաստիկ սպասքը և այլն:
Պլաստիկի տեսակը Ընդհանուր հատկությունները Տարածված կիրառումը
Պոլիստիրեն (PS) Ապակենման մակերես,

կարծր կամ ներսում պղպջակներ ունեցող,

կոշտ,

յուղից կամ լուծիչներից ազդեցության ենթարկվող

Ձվի տուփեր,

արագ սննդի կետերում տրամադրվող սկուտեղներ, բաժակներ

վիդեո-կասետներ, 

մեկանգամյա օգտագործման սպասք,

կախիչներ,

շուտ կոտրվող ցածրորակ խաղալիքներ

 

  1. Թիվ 7-ը (OTHER/ԱՅԼ) կիրառում են այլ տեսակի պլաստիկի դեպքում, որը չի պատկանում վերոնշյալ վեց ենթախմբերին: Պոլիկարբոնատն ու պոլիլակտիդը պատկանում են հենց այս խմբին: Այս տեսակի պլաստիկը դժվար վերամշակելի է: Պոլիկարբոնատը (PC) սովորաբար օգտագործում են սկավառակներ, մանուկների համար շշեր և նմանատիպ իրեր պատրաստելու համար:
Պլաստիկի տեսակը Ընդհանուր հատկությունները Տարածված կիրառումը
Այլ (OTHER) Կան պոլիմերներ, որոնք լայն կիրառություն ունեն հատկապես ինժեներիայի ոլորտում: Դրանք նշում են 7 թվով և ԱՅԼ (OTHER) գրառումով կամ եռանկյունով և 7-19 թվերով:

 

Նեյլոն (PA),

ակրիլոնիտրիլային բուտադիենային ստիրեն (ABS),

պոլիկարբոնատ (PC),

շերտավոր կամ բազմահիմք խառը պոլիմերներ

 

Աղբի աճող քանակի և պլաստիկի շարունակական արտադրության պայմաններում հույժ կարևոր է աղբի տեսակավորմանը տիրապետելը և վերամշակելը:

Հղումներ

[i] Պոլիմերը նավթային հիմք է, որից ստացվում է պլաստիկը: Ավելին՝ https://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=669:  


Հեղինակ՝ Մարինե Օհանջանյան (Marine Ohanjanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցնել նաև GreEnlight նախաձեռնության մյուս նյութերը