Լաուրա Ծաբեթը գովելի է համարում խնդիրները նախապես՝ արմատից լուծելու հիմունքներին վերադառնալը:
Բոլոր աշակերտներից մեծ ակնկալիքներ ունենալը արդյունավետ ուսուցման բանալին է:
Սա թերևս առաջին և կարևոր քայլն է, որ այս մասնագիտությունն ընտրող յուրաքանչյուր ուսուցիչ կարող է սովորել: Սա ստանդարտ թեմա է, որին պետք է անդրադառնալ յուրաքանչյուր դասընթացի, թրեյնինգի ժամանակ:
Ամենաարդյունավետն այն ուսուցիչների աշխատանքն է, ովքեր սովորել են երեխաների հետ շփվելու ընթացքում ուշադրություն դարձնել մանրուքներին:
Եթե ուսուցիչները աշակերտներից դասարանում լավ պահվածքի մեծ սպասումներ չունեն և հաշվի չեն առնում նրանց, ապա ինչպե՞ս կարող են ակնկալել, որ նրանք կհասնեն իրենց ամբողջական պոտենցիալին:
Այնուամենայնիվ, ցածր ակնկալիքների մշակույթը աշակերտներին անգիտակցաբար սովորեցնում է, որ տնօրինությունը հաշվի չի առնում և չի գնահատում իրենց ուսուցումը:
Վարքագիծ. Հստակություն և հետևողականություն
Հստակ և հետևողական առօրյան՝ ներկառուցված և ամրապնդված առաջին օրվանից, պարտավորեցնում է աշակերտներին վստահաբար իմանալ, որ իրենք ունեն ուսուցիչ, ով գիտի իր անելիքները և ով նպատակ ունի դասարանում ուսուցման համար բարենպաստ և հնարավորինս լավ միջավայր ապահովել։
Մանրուքների մասին մտածելը կարող է մանրախնդրության տպավորություն թողնել, բայց նույնիսկ ամենափոքր օրինախախտումների կամ իրավախախտումների հանդեպ վաղ փուլում հատկացված ուշադրությունը կարող է նվազագույնի հասցնել պահվածքի հետ կապված խնդիրները և առավելագույնի հասցնել սովորելու հնարավորությունները:
Ահա փոքր թվացող 4 խորհուրդ, որոնք կարող են մեծ փոփոխություններ առաջ բերել և օգնել դասարանում մեծ ակնկալիքների մշակույթի ստեղծմանը:
1.Գրիչները ցած
Գուցե տարօրինակ թվա, բայց առաջին իսկ օրվանից աշակերտներին սա սովորեցնելը և դրան հետևելը ազդանշան է, որ ուսուցիչը լավ գիտի իր անելիքները:
Պարզ, քաղաքավարի հրամանը՝ «Գրիչները ցած, շնորհակալություն», որն ասվում է, երբ ուսուցիչը սկսում է խոսել, և կրկնվում է ամեն անգամ, երբ ցրված վիճակ է տիրում (թակել, նետել, գրիչը ջանասիրաբար մասերի բաժանել` նորից վերականգնելու մտադրությամբ և այլն), այն է, ինչ անհրաժեշտ է:
Աշակերտները չպետք է իմանան դրա կարևորության մասին: Նրանցից կարող է 5 կամ 6 դաս պահանջվել, որպեսզի հասկանան, որ նրանք չպետք է ձեռք տան գրիչներին և պետք է լսեն ուսուցչին: Արժե սա նախապես ուսումնասիրել:
2․Սկսել նորից
Ամենալավ խորհուրդը այն ուսուցիչներին, որոնց շարունակ ընդհատում են, երբ նրանք խոսում են, կրկին սկսելն է: Սկսել նորից՝ ամեն անգամ ընդհատվելուց հետո: Ամեն անգամ:
Սովորողների մեծ մասն ընդհատում է ոչ դիտավորյալ` կա՛մ հուզմունքից, չափից դուրս վստահ լինելուց, կա՛մ էլ որովհետև սահմանները նրանց համար պարզ չեն: (Որոշ աշակերտներ խանգարում են, քանի որ ցանկանում են ընդհատել դասը. այդ դեպքում նրանք պետք է դասից հեռացվեն կամ պատժվեն):
Եթե ամեն անգամ ընդհատվելուց հետո նորից սկսես, աշակերտներն անուղղակի կերպով կհասկանան, որ ուսուցիչներին պետք է լսել: Այն նաև ամրապնդում է ուսուցչի ասածի կարևորությունը. եթե ուսուցիչները ցանկանում են կրկնել դա, ուրեմն այն կարևոր է իրենց ուսուցման համար:
Ի՞նչ հետևություններ պետք է անել, եթե ուսուցիչները սկսեն նույն նախադասությունը 5-րդ անգամ փչացած ձայնագրության նման հնչեցնել: Մանրուքներին ուշադրություն դարձնելը ավելի քիչ խնդիրների կտանի:
3․Մարտահրավեր նետել աննշան անկարգապահությանը
Բոլոր աշակերտները պետք է լավ պահվածք ցուցաբերեն, բոլոր ուսուցիչները պետք է դա ակնկալեն, և այն պետք է մշտական բնույթ կրի: Սա նշանակում է, որ վարվելակերպի չնչին խախտումները մտածված կերպով անտեսելը տարբերակ չէ: Վերջիվերջո, եթե աշակերտները խախտում են դպրոցի կանոնները թեկուզ չնչին կերպով, միևնույն է, պետք է հետևել դպրոցական վարքագծի քաղաքականությանը: Օրինակ՝ խոսակցական անպարկեշտ լեզուն անտեսելը, «չարաճճի» երեխային մի կողմում պահելը խոսում է թուլության մասին: Եթե սխալի հնարավորություն կա, աշակերտները կնկատեն դա և կօգտագործեն ուսուցիչների դեմ` պոտենցիալ կերպով հանգեցնելով ավելի մեծ խնդիրների:
Ուսուցիչները պետք է զգոն և հետևողական լինեն փոքր օրինախախտումները պատժելիս: Վարքագծի քաղաքականությանը հետևելը նշանակում է, որ աշակերտները գիտեն, թե ինչին պետք է սպասել, երբ սխալ են գործում։ Սա օգնում է դասարանում վարքագծի «ստատուս քվո» չդառնալուն: Հարկ եղած դեպքում այն հեշտացնում է ծրագիրը համակարգողների կամ ծնողների հետ քննարկումները:
4․Մաքուր պահել դասարանը
Ուսուցիչները պետք է հիշեն, որ դասարանները ուսուցման համար նախատեսված տարածքներ են, ոչ թե դեռահասների հավաքատեղի: Առաջին օրվանից աշակերտներին պետք է հասկացնել, որ դասարանը նրանց տարածքն է, և այն պետք է հարգեն ու մաքուր պահեն։
Մաքուր դասարանում դասն ավելի արդյունավետ է. ավելի քիչ գրքեր, գրիչներ և հանձնարարություններ կկորչեն, հետևաբար ավելի քիչ կընդհատվի դասը: Այս հարցի շուրջ արժե նախօրոք մտածել:
Ուսուցիչները պետք է աշակերտներին ցույց տան, թե որտեղ են պահվում գրքերը, ինչպես են դասավորված սեղաններն ու աթոռները և հասկացնեն, որ ոչ թե ուսուցչի, այլ նրանց պարտականությունն է դրանք պահել այնպես, ինչպես կան:
Եթե հնարավոր է, աշակերտների ընդմիջումը և ճաշը կազմակերպեք դասարանից դուրս, որպեսզի վստահ լինեք, որ դասարանը չի կեղտոտվի:
Հիշե՛ք՝ մանրուքներին ուշադրություն դարձնելը կարող է աննշան թվալ, բայց աշակերտների այն գիտակցումը, որ ուսուցիչներն ի սկզբանե իրենցից մեծ ակնկալիքներ ունեն, հիմք կդնի առավել լավ վարքագծի և հետագայում ուսուցման համար ավելի առողջ միջավայրի:
Արագ ընթերցանության համար` 6 խորհուրդ դպրոցում վարքագիծը բարելավելու համար
Լսելու համար՝ Վարգաքիծ. Խրախուսանքները ճիշտ կիրառելու արվեստը
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին՝ Ինչպես վարել սովորելը ինձ դարձրեց ավելի լավ ուսուցիչ
Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցել նաև Կրթություն խորագրի մյուս նյութերը