Երկրի հիմնական օրենքում նախագահի առաջարկած փոփոխությունների շուրջ բանավեճը փորձագիտական հանրությանը բաժանել է երկու մասի: Մի մասն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում սահմանադրական բարեփոխումները, իսկ մյուսները՝ հակառակը. կարծում են, որ դրանք չի կարելի լեգիտիմ համարել: Սակայն բոլորը համակարծիք են մի հարցում. ինչ տեսանկյունից էլ որ նայես նախագծին՝ միևնույն է բազում հարցեր կան: Այն մասին, թե ինչն է հաջողված թվում բարեփոխումների մեջ, իսկ ինչն է, այնուամենայնիվ, անհանգստացնում՝ քաղաքագետ, ԿՀԾ ( ПРИСП) կենտրոնի փորձագետ Արսենի Բելենկին զրուցել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և տեղական ինքնակառավարման իրավունքի ամբիոնի վարիչի և սահմանադրական բարեփոխումները քննարկելու համար նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խմբի անդամի՝ Սուրեն Ավագյանի հետ:
Ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է կապված նախագահի կողմից առաջարկված Հիմնական օրենքում փոփոխությունների հապճեպ ընթացքը: Եվ ինչո՞ւ են աշխատանքային խմբում փորձագետ-սահմանադրագետներն այդքան քիչ:
Գիտե՞ք՝ ըստ էության` ես պատասխան չունեմ ո՛չ առաջին, և ո՛չ էլ երկրորդ հարցերին: Ավելի լավ է հարցրեք նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում այս ամբողջ գործընթացի համար և կազմել են աշխատանքային խմբի ցանկը: Քանի որ եթե իսկապես պետք լիներ արագ, սակայն խորապես և բազմակողմանի քննարկել առաջարկված բարեփոխումները, ապա մեզ, հավանաբար, ամեն օր կհավաքեին Հանրային պալատում, և մենք այնտեղ կմնայինք առավոտից երեկո: Իսկ այժմ մենք հավաքվում ենք շաբաթական երկու անգամ և աշխատում ենք մի քանի ժամ, ոչ ավելի:
Այնուամենայնիվ, ինչքանո՞վ է հաջողվում ձեր խմբին արդյունավետ աշխատել:
Ով ցանկանում է ելույթ ունենալ, թույլ են տալիս: Հարցերի և ելույթների հաջորդականությունը մի կողմից որոշում են աշխատանքային խմբի երեք համանախագահները: Սակայն, եթե թույլ տան, հնարավոր է հարց տալ նաև օրակարգից դուրս: Նախագահի նախաձեռնությունը քննարկելուն համընթաց` մենք նաև գնահատական ենք տալիս քաղաքացիներից ստացված առաջարկություններին, որոնք ալիքի պես ուղարկվում են Հանրային պալատի ենթակայությամբ ստեղծված հատուկ կայք: Դեռ ընթացքի մեջ է: Չնայած կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրը հոգու խորքում մտածում է, որ մեր ամբողջ աշխատանքը ձևական բնույթ է կրում: Հնարավոր է՝ նման զգացողություն քաղաքացիներն էլ ունեցան, երբ տեսան այդ խմբի անձնակազմին, որում ներկայացված են, իհարկե, արժանի մարդիկ, սակայն՝ հեռու սահմանադրական իրավունքից:
Միջազգային և ներպետական իրավունք
Ի՞նչ եք կարծում, ընդհանուր առմամբ Պուտինի կողմից առաջարկված բարեփոխումները չե՞ն հանգեցնի Ռուսաստանում սահմանադրական կարգի իրական փոփոխությունների, ինչը, հետևաբար, նշանակում է հիմնովին նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտություն:
Սահմանադրական կարգի հիմունքները սահմանված են առաջին գլխում, և դրան ոչ ոք ձեռք չի տալիս: Հարցն ավելի հստակ կլիներ այսպես. արդյոք չի՞ ստացվում, որ այլ գլուխներում նախատեսված փոփոխություններից հետո սահմանադրական կարգն անուղղակիորեն կփոփոխվի: Եվ այստեղ ես կպատասխանեի՝ ոչ: Ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում այն փոփոխությունները, որոնք առաջարկել է նախագահը: Մասնավորապես՝ հաջողված եմ համարում այն, թե ինչպես է լուծվում ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքին վերաբերող փոխհարաբերությունները: Մենք դեռ վաղուց էինք ասում, որ Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասը Ռուսաստանի համար կեղծ իրավիճակ է ստեղծում: Եվ ըստ այդմ` օրենսդրական պրակտիկայի համար նախագահի առաջարկության մեջ հեղափոխական ոչինչ չկա, քանի որ 2014-2016 թթ. Սահմանադրական դատարանը դիրքորոշում արտահայտեց այդ հարցի վերաբերյալ, և դա արտացոլված է Սահմանադրական դատարանի մասին օրենքում: Բացի այդ` կա նաև մեկ այլ օրենք՝ ընդունված 1995 թ., որտեղ նույնպես ասված է, որ միջազգային պայմանագրերը չպետք է հակասեն ՌԴ Սահմանադրությանը: Ի դեպ` նույնպիսի սկզբունքներ գործում են, օրինակ, Գերմանիայում, ԱՄՆ-ում:
Սահմանադրական հակասություններ
Կա՞ն արդյոք բարեփոխումներ, որոնք Ձեզ մոտ անհանգստություն են առաջացնում:
Այո՛, կարծում եմ՝ քննարկելու կարիք կա իշխանության ճյուղերի միջև փոխհարաբերությունների կառուցման նախագծի շրջանակներում: Այստեղ որպես սահմանադրագետ` ես հարց ունեմ: Մասնավորապես` եթե կառավարության ղեկավարին և անդամներին հաստատում է Պետական Դուման, իսկ նախագահը՝ նշանակում նրանց, առաջանում է իրավական բախում: Քանի որ հաստատումն իմպերատիվ որոշում է, ինչպես նաև նշանակումը կրկին իմպերատիվ որոշում է: Այստեղ պետք է լուրջ մտածել՝ ինչպես վերացնել բախումը այդ փոփոխության մեջ ներառված ճգնաժամային ներուժը վերացնելու համար: Ավելին, եթե որոշվել է ձևափոխել խորհրդարանի ստորին պալատի և կառավարության միջև փոխգործակցության ամբողջ համակարգը, կարելի էր նաև ազատվել Սահմանադրության 6-րդ գլխի 117-րդ հոդվածով առաջացող ավելորդ բարդություններից: Այժմ Պետական Դուման կարող է անվստահություն հայտնել միայն կառավարությանն ամբողջությամբ: Հարց է առաջանում. եթե պատգամավորները պահանջներ ունեն միայն մեկ կոնկրետ նախարարին, ինչու՞ ամբողջ կառավարությունից հրաժարական պահանջել:
Շատ փորձագետներ նշել են, որ իշխանության նոր մարմնի ներդնումը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքին:
Այո՛, ինչ-որ առումով այդ գնահատականը գոյության իրավունք ունի: Սակայն քանի դեռ մենք համարյա ոչինչ չգիտենք այդ Պետական Խորհրդի մասին, ոչինչ չկա քննադատելու: Դեռևս Պետական Խորհուրդը կրկնօրինակում է նախագահի գործառույթները, և նման բան ըստ Սահմանադրության չպետք է լինի: Այնպես որ սպասում ենք այդ հարցի պարզաբանմանը: Մյուս կողմից այսպիսի մարմինը պոտենցիալ առումով կարող է ամրապնդել մեր պետականության միատարրության սկզբունքը՝ ավելի ամուր կցելով Դաշնության սուբյեկտները: Եվ սա, իմ կարծիքով, ճիշտ նախաձեռնություն է:
Ինչպե՞ս եք գնահատում բարեփոխումները, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանին:
Ես՝ որպես սահմանադրագետ, իհարկե չեմ հասկանում՝ ինչու էր պետք կրճատել Սահմանադրական դատավորների թիվը՝ 18-ից հասցնելով 11: Դժվարանում եմ այս որոշման համար ռացիոնալ բացատրություն գտնել, քանի որ ես գիտեմ նրանց աշխատանքի իրական ծավալը, իսկ նոր լիազորություններով դա ավելի կմեծանա: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի՝ օրենքի նախագծերը նախագահի խնդրանքով գնահատելու իրավունքին, ապա դա գործնականում նոր չէ: Որոշ երկրներում արդարադատության մարմինները այդ կերպ ստուգում են բուն նախագծերը, այսինքն այն բանից հետո, երբ դրանք ընդունվում են խորհրդարանի կողմից, սակայն մինչ դրանց նախագահի կողմից ստորագրվելը:
Հանրային իշխանություն և ինչու քվեարկել
Չի՞ կարելի արդյոք ասել, որ սահմանադրական բարեփոխումը, որը թույլ է տալիս տեղական ինքնակառավարումը ներառել «հանրային իշխանության միասնական համակարգի մեջ», հակասում է Սահմանադրության 1-ին գլխի 12-րդ հոդվածին, որտեղ հատուկ ընդգծվում է նրանց անկախությունն ու ինքնավարությունը:
Ո՛չ, իմ կարծիքով չի հակասում: 1995-1996 թթ. Սահմանադրական դատարանին վիճակվեց դիտարկել տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների ուժը: Եվ այդ ժամանակ ասվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները մտնում են «հանրային իշխանության միասնական համակարգի մեջ»: Եվ այդ հասկացությունը, որը հուշեցին գիտնականները և որին հավանություն տվեցին ՍԴ դատավորները, կյանքի կոչվեց: Ի՞նչ է հանրային իշխանությունը: Առաջին հերթին պետական, այնուհետև՝ տեղական ինքնակառավարման իշխանություն: Ես կավելացնեմ նաև երրորդ ձևը՝ հանրային իշխանությունը, քանի որ գոյություն ունեն հասարակական կառույցներ, որոնք ընդունում են որոշումներ, որոնք էլ իրենց հերթին որոշակի ուժ են ներկայացնում: Օրինակ՝ կուսակցությունները ընդունում են իրենց կանոնադրությունները, որոնց հետագայում պետք է հետևի յուրաքանչյուրն, ով միանում է դրան: Հետևաբար այս հարցում հեղափոխական ոչինչ չկա: Ուղղակի որոշ բաներ վերցրել են իրական փորձից և ամրագրել Սահմանադրությունում:
Շատ իրավաբաններ գրում էին ընթացակարգային խախտումների կամ նվազագույնի՝ անորոշությունների մասին, որոնք ուղեկցում են Սահմանադրության մեջ բարեփոխումներ իրականացնելու գործընթացը: Այսպես, օրինակ, համաձայն «ՌԴ Սահմանադրության մեջ բարեփոխումներ ընդունելու և դրանց ուժի մեջ մտնելու մասին» դաշնային օրենքի և Սահմանադրության 9-րդ գլխի` հնարավորություն չկա որևէ սահմանադրական հանձնաժողով ստեղծելու, ճիշտ այնպես, ինչպես «հավանությամբ» համաժողովրդական քվեարկություն անցկացնելու համար: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
Շատ լավ հարց է: Այդպիսի խնդիր իսկապես կա: Բանն այն է, որ ժողովրդական քվեարկությունը, որը պատրաստվում են անցկացնել օրինագծի ընդունման համար, չի կարելի անվանել ո՛չ հանրաքվե, ո՛չ ընտրություններ: Դա հենց ժողովրդական քվեարկություն է՝ «հավանություն տալ/մերժել» սկզբունքով: Եվ հետևաբար հարց է ծագում. իսկ մենք ունե՞նք արդյոք քվեարկություն անցկացնելու ֆորմալ իրավունք: Սահմանադրության 136-րդ հոդվածը, որը նախատեսում է բարեփոխումների ընթացակարգը, չի նախատեսում այդպիսի անհրաժեշտություն: Բայց ասել, որ այն արգելում է դա, չենք կարող: Իհարկե, այստեղ ծագում է այլ հարց. ի՞նչ անել, եթե չստացվի ստանալ համաժողովրդական աջակցություն: Պատասխանում են. այդ դեպքում բարեփոխումները, հավանաբար, չեն ընդունվի: Հավանաբար հենց նախագծում կնախատեսեն, որ այդ օրենքն ուժի մեջ է մտնում միայն հաջորդող քվեարկության անցկացումից հետո, որը տեղի կունենա այսինչ օրը: Այլ հարց է, որ անձամբ ինձ չի թվում, որ ժողովուրդը դեմ կքվեարկի:
Բոլորը միանգամից հիշեցին «Սահմանադիր ժողովի մասին» այդպես էլ չընդունված դաշնային օրենքը:
Ինձ համար դա շատ ցավոտ հարց է: Ես՝ որպես Սահմանադրական իրավունքի դասախոս, պնդել և պնդում եմ, որ եթե Սահմանադրության մեջ կա օրենք, ապա այն պետք է ընդունել: Իսկ Սահմանադիր ժողովի մասին օրենքը դիտավորյալ 25 տարի հետաձգում են: Ասում են, որ կընդունեն այն, երբ նոր Սահմանադրության անհրաժեշտություն կլինի: Սակայն դա ճիշտ չէ: Եկե՛ք մեկը մյուսի հետ չկապենք: Հնարավոր է, որ նրանք վախենում են՝ երբ այդ օրենքը հայտնվի, ապա միանգամից նոր Սահմանադրություն ընդունելու ցանկություն կլինի: Սակայն դա անհեթեթություն է: Ընդունել օրենք՝ չի նշանակում միանգամից կիրառել այն: Չէ՞ որ մեզ մոտ ռազմական դրության մասին սահմանադրական օրենք կա: Եվ մենք ուրախանում ենք, որ այն ընդունելու կարիք այժմ չկա: Բայց այն, այնուամենայնիվ, գոյություն ունի:
Թարգմանիչ՝ Անահիտ Ասատրյան (Anahit Asatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: