Ինչո՞ւ «Մակաբույծները» հաղթեցին Հոլիվուդին

Տունը արևի տակ: Ինչո՞ւ «Մակաբույծները» հաղթեցին Հոլիվուդին

Ահա, կա հրաշալի մինիմալիստիկ առանձնատուն, գրեթե ամբողջությամբ ապակե տարածություն, տուն՝ կազմված լույսից, ինչպես «Մակաբույծները» ֆիլմում: Տուն արևի տակ․ այն հեշտ է պատկերացնել և՛ Հյուսիսային Ամերիկայում, և՛ Եվրոպայում, և՛ Աֆրիկայում, և՛ Ավստրալիայում, և՛ Հարավային Կորեայում՝ ամենուր: Այն համաշխարհային տուն է: Հենց այս տունը օրերս ստացավ բազմաթիվ «Օսկարներ»: Իրականում դրանք ստացավ Pax Americana-ն:

Կորեացի ռեժիսոր Պոնգ Ջուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը, որը անցած տարվա մայիսին ճանաչվել էր Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր, այժմ ստացավ ամենակարևոր «Օսկարները», այդ թվում՝ լավագույն օրիգինալ սցենարի, լավագույն ռեժիսուրայի, լավագույն միջազգային ֆիլմի համար, և, որպես այդպիսին, ճանաչվեց  լավագույն ֆիլմ՝ հաղթելով «Օսկարի» գլխավոր մրցանակը: Նման բան «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ էր տեղի ունենում, մինչ այդ երբևէ օտար լեզվով նկարահանված կինոնկար լավագույնը չէր ճանաչվել: Այս ամենը ուղղակի անհնար էր անգամ պատկերացնելը:

Ընդ որում՝ մրցակցությունը ուժեղ էր: Գլխավոր անվանակարգում հաղթողի հավակնորդներից էին Ջեյմս Մենգոլդի «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի», Թայքա Վայթիթիի «Ջոջո ճագարը», Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք», Նոյ Բաումբակի «Ամուսնական պատմություն», Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր», Սեմ Մենդեսի «1917» ֆիլմերը, որոնցով շատ էին հիանում՝ խոստանալով նրանց ցանկացած մրցանակ, ինչպես նաև Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին»։ Դրանք ոչ միայն վառ և անգլալեզու են, այլև ընգրկուն են հոլիվուդյան դիցաբանությամբ: Սակայն բոլորը զիջեցին «Մակաբույծներին»: Ինչո՞ւ:

«Մակաբույծները» ֆիլմը պատմում է մի աղքատ ընտանիքի մասին, որը ամենատարբեր խորամանկություններով՝ երբեմն բավական պարզամիտ, երբեմն հնարամիտ, դեղձի փոշու օգնությամբ ներթափանցում են հարուստ առանձնատուն և ոչնչացնում տեղի բնակիչների կյանքը: 

Նման սյուժետները քիչ չեն համաշխարհային կինոյում։ Ամենահայտնիներից մեկը Կլոդ Շաբրոլի «Արարողությունն» է՝ նկարահանված 1995թ.՝ ուղիղ քառորդ դար առաջ: Այնտեղ ֆիլմի վերջում անգրաճանաչ սպասուհին և իր դժոխային ընկերուհին գնդակահարում են մտավորական ընտանիքին, որն ապրում էր քաղաքից դուրս գտնվող իրենց տոհմական տանը: «Արարողությունում» կար բավականին ավանդական կոնֆլիկտ՝ ագրեսիվ արյունոտ տգիտությունն ընդդեմ ազնվական մշակութային մեղմության, պատմականորեն պատասխանատու, այնուամենայնիվ, նրա համար, ինչը ճկվել և վերաճել է դարեր շարունակ: 

Պոնգ Ջուն Հոյի մոտ ոչ մի նման բան չկա, սակայն քննադատները, իհարկե, նկատել են այստեղ հիմնը առ «լավ հարուստներ», որոնց ոչնչացնում են «վատ աղքատները»: Դա, սակայն, այդպես չէ: Հարուստներն այստեղ աղքատներից ոչնչով լավը չեն, և, ընդհանուր առմամբ, քիչ են նրանցից տարբերվում: Ովքե՞ր են ֆիլմում մակաբույծները՝ մարդիկ, որոնք ապրում են ուրիշի հաշվին: Մակաբույծներ վստահաբար կարելի է անվանել ինչպես աղքատներին, այնպես էլ հարուստներին, որոնք ապրում են միմյանց հաշվին:

Երկու աշխարհների միջև անանցանելի գիծը, որի մասին նկարահանվել է «Արարողությունը», այստեղ չի նշմարվում, ամեն ինչ ծայրաստիճան շարժական է․ հայտնվելով առանձնատանը՝ աղքատները դառնում են դրա նույնքան անբաժանելի մասը, որքան հարուստները։ Այն կերպարանափոխում է նրանց, վայրը զարդարում է մարդուն, ինչը կինոմատոգրաֆիկ տեսանկյունից շատ արտահայտիչ է արված․ պլաստիկ ինտերիերում կերպարներն իրենք էլ են դառնում պլաստիկ: Կորեական կինոնկարում ոչ թե աղքատներն են առանձնանում հարուստներից, ոչ և ևս մեկ անգամ ոչ, այլ փոքր աղքատ բնակավայրը՝ հարուստ ընդարձակ առանձնատնից, նեղ մութ նկուղը՝ լույսով լցված ապակե տարածությունից: 

Ըստ էության՝ այդ տարածությունն էլ հենց «Մակաբույծների» գլխավոր հերոսն է՝ տունն արևի տակ: 

«Արարողությունում» տունը նույնպես կարևոր է, և մտավորական ընտանիքի գնդակահարումը ամբողջ կենսաձևի գնդակահարումն էր՝ պատմության, որն ընկած է գրքերով լցված և Մոցարտով հնչյունավորված համեստ բարոկկո դղյակի հետևում:  Այնտեղ կարող են ապրել միայն նրանք, ովքեր հաջողակ են եղել սերունդներ շարունակ. հաջողակ են եղել թե՛ նրանց պապը, թե՛ մեծ պապը, և ֆիլմի վերջում բոլոր գործող բնակիչների համար կազմակերպված արարողությունը (այդպես էին կոչվում մահապատիժները Ֆրանսիական հեղափոխության ժամանակ) հատուցումն էր այդ դարավոր բախտավորության համար:

Պոնգ Ջուն Հոյի ֆիլմի մինիմալիստական առանձնատունը չունի պատմություն։ Այն կառուցված է համեմատաբար վերջերս, նույնիսկ երեկ, այն սկզբունքորեն անանուն է, այնտեղ կարող է ապրել ով պատահի, այն ընդհանուր տարածություն է, որն ընդունում է բոլորին և  բաց է բոլորի առջև։ Տուն, որը ոչնչով ծանրաբեռնված չէ, ոչ ոքի առջև մեղավոր չէ և գրավում է բոլորին, բոլորն են ցանկանում հայտնվել այնտեղ, և ոչ ոք չի ուզում այն ոչնչացնել: 

Եվ այսպես՝ ամփոփենք:

Կորեական ֆիլմում չկան աղքատներ և հարուստներ, որոնք լավն են կամ վատը: Այնտեղ կա աղքատ նկուղ, որը սարսափելի է, և  հարուստ տուն, որը հրաշալի է: Սարսափելին աղքատությունն է, այլ ոչ թե մարդիկ: Նրանք, ինչպես և հարկն է, միաժամանակ և՛ հրաշալի են, և՛ սարսափելի։ Այնպես է ստացվել, որ  նրանք այսօր գտնվում են մի վայրում, բայց կարող էին լինել բոլորովին այլ տեղ ու նույնիսկ ինչ-որ մի պահ այնտեղ հայտնվել էին, և կամքը, որը նրանց շարժում է, դուրս է հանում  նրանց աղքատությունից: Հենց այդ կամքն էլ շարժում է սյուժեն, ստեղծում է ֆիլմը, ստիպում է մեզ այն նայել, իսկ ամերիկացի ակադեմիկոսներին՝ «Օսկարներ» տալ: Ակադեմիկոսները ևս մարդիկ են և ենթարկվել են այն կամքին, որ կա «Մակաբույծներում»:

Կամք, կարեկցանք, հերոսների գործակցություն․  առանց դրանց ոչինչ չի լինում: Մակաբույծները մարդկային են, ինչն այսօր կարևորագույն պայման է: Ահա մեր հայրենակից Անդրեյ Զվյագինցևի «Ելենան»՝ նկարահանված «Մակաբույծներից» ութ տարի առաջ՝ նմանատիպ թեմայով, և ծագող նույն Շաբրոլի «Արարողությունից», բայց այնտեղ բոլորը խավարասերներ են, ոչ մեկին չես կարեկցի՝ ինչու նայել, այդքան էլ պարզ չէ:

Կամքն ու կարեկցանքը ներկայումս ավելի կարևոր են, քան առասպելը, անգամ այնպիսի մեյնսթիմը, ինչպիսին Սկորսեզեի մոտ է կամ ճարտարամիտը, ինչպիսին Տարանտինոյինն է: Կամքն ու կարեկցանքը վարում են պարահանդեսը, նամանավանդ, երբ մասնակիցները աղքատ մարդիկ են՝ նվաստացած և վիրավորված: Սևամորթները, հասկանալի է, ունեն առավելություն այնպես, ինչպես և հաշմանդամները, համասեռամոլները և կորեացիները: Կորեացիների ճանապարհը միշտ բաց է:

Մենք՝ ռուսներս, դրանից խորշում ենք, ծիծաղում, մեզ համար այն վայրի է, մենք կողմ ենք հավասարությանը և դեմ՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ դրական: Փոխարենն այն հարմարավետ է ամերիկացի ակադեմիկոսների համար, ինչը նրանց համար նույնպես կարևոր է հոլիվուդյան առասպելից: Իսկ մեզ համար դրա պարտությունը «Օսկարում» թվում է հին ու բարի Ամերիկայի և ամբողջ ամերիկյան աշխարհի պարտությունը։ Իզուր: Ամեն ինչ ճիշտ հակառակն է: 

Ահա կա հրաշալի մինիմալիստական առանձնատուն, գրեթե ամբողջությամբ ապակե տարածություն, տուն՝ կազմված լույսից, ինչպես «Մակաբույծները» ֆիլմում: Տուն արևի տակ: Այն հեշտ է պատկերացնել և՛ Հյուսիսային Ամերիկայում, և՛ Եվրոպայում, և՛ Աֆրիկայում, և՛ Ավստրալիայում, և՛ Հարավային Կորեայում՝ ամենուր: Այն համաշխարհային տուն է, որը խոսում է տարբեր լեզուներով, բնակեցված է մաշկի տարբեր գույն և տարբեր եկամուտներ ունեցող մարդկանցով՝ ամենաաղքատ, ամենախղճուկ, ամենահանդուգն, ամենաթշվառ, ամենահրաշալի․ բոլոր փոքրամասնություններից օժտված են կամքով և կարեկցանքով: Եվ կարեկցանքով, կամքով, գործակցությամբ նրանց բոլորն են վերաբերվում, իսկ ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել: Հենց այս տունն էլ օրերս արժանացավ բազմաթիվ «Օսկարների». իրականում դրանք ստացավ Pax Americana-ն:

Գլխավոր «Օսկարները»՝ տրված հարավկորեական «Մակաբույծներին», որը պատմության մեջ ոչ անգլերենով նկարահանված առաջին լավագույն ֆիլմն է, Pax Americana-ի հաղթանակն է, որը խոստանում է նրան երկար, անվերջ կյանք: Ակադեմիկոսները հայրենասիրորեն հանդես եկան: 

Ինչպես ասված է մի խելացի գրքում՝ «Ամեն ինչ պետք է փոխվի, որպեսզի ամենը մնա նույնը»:


Թարգմանիչ՝ Լուիզա Բաղրամյան (Luiza Baghramyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցնել նաև՝ Ջոկերն արտիստիկորեն ախտորոշում է աշխարհի թերությունները | Սլավոյ Ժիժեկ