Սովորելու և սովորեցնելու մասին

 «Մենք չպետք է մրցենք արհեստական բանականության հետ, փոխարենը պետք է զարգացնենք մարդկային եզակի բանականությունը և հմտությունները»։ 

-Ջեք Մա (Alibaba-ի հիմնադիր)

Դրվագ դասախոսի և ուսանողի խոսակցությունից

-Դու ձախողակ ես, նման գնահատականներով ինչպիսի՞ ապագա է քեզ սպասվում։ {Շատերն են լսում այս խոսքերը դպրոցական և համալսարանական տարիներին իրենց ուսուցիչներից և դասախոսներից։}

-Մի’ ասեք ինձ ձախողակ։ Ձախորդությունը վերաբերում է իրադարձությանը, ոչ թե անձին։ Ինչպիսի ապագա՞: Բայց դուք չեք նախապատրաստում մեզ ապագային։ Ապագայում շատ մասնագիտություններ ավտոմատացվելու են։ Եվ, որպեսզի մարդիկ հաջողությունների հասնեն, պետք է լինեն հետաքրքրասեր, նորարար և ճկուն՝ փոփոխություններին ադապտացվելու համար։ Իսկ դպրոցներում այսօր դա չեն սովորեցնում, փոխարենը սովորեցնում են անընդհատ ինֆորմացիա կրկնել և թեստեր հանձնել։ 

Մեր օրերում ամենակարևոր հմտությունը, շատ գործարարների կարծիքով, ստեղծարարությունն է։ Շատ շուտով աշխատանքի ընդունվելու համար բավարար չի լինի շատ բան իմանալը կամ փաստերը անգիր սովորելը։ Մենք ունենք Google և Siri այս ամենի համար: 

Ապագայում մարդիկ աշխատանքի են ընդունվելու, որովհետև գիտեն ինչ անել իրենց գիտելիքներով, կարողանում են արդյունավետ լուծել իրական, կարևոր խնդիրները և ոչ թե որ հետևում են ուղեցույցների, հրահանգների կամ թեստում ճիշտ տարբերակն են կարողանում գտնել։ Պետք է դադարել նման ձևով գիտելիքներ մեզ տալ, որովհետև մենք չենք կարող կատարել ռոբոտացված աշխատանքները ավելի լավ, քան իրենք՝ ռոբոտները։ 

Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման ասել է․ «Մենք չպետք է մրցենք արհեստական բանականության հետ, փոխարենը պետք է զարգացնենք մարդկային եզակի բանականությունը և հմտությունները»։ Թոփ գործատուներ, ինչպիսիք Google-ն ու Tesla-ն են, չեն կարևորում գնահատականները։

Եթե դուք այսօր մեզ սովորեցնեք այնպես, ինչպես նախկինում, դուք կկորցնեք ապագայի մարդկանց։ Դուք` ուսուչիցներդ, ամենակարևոր աշխատանքն եք կատարում աշխարհում․ դուք ստեղծում և պահպանում եք անհատների։ Եթե մտածում եք մեր ապագայի մասին, ինչպես հաճախ նշում եք, անկեղծորեն հարցրեք ինքներդ ձեզ՝ «ինչպես եմ ես աշակերտներին պատրաստում ապագային, որը դեռ չի եկել»։ Հիշե’ք, պատասխանը թեստում չէ, այլ ուղեղում և սրտում։

Գիտե՞ք` ինչն է կարևոր երեխայի հաջողությունների համար: Ընտանիքը։ Մենք կարիք ունենք, որ ընդունեք մեզ այնպիսին, ինչպիսին կանք։ Ամենալավ զգացումն է զգալ, որ քո ընտանիքը հասկանում և սատարում է քեզ։

 Խալիլ Ջիբրանն այս մասին գրել է․

«Ձեր երե­խա­նե­րը ձեր երեխաները չեն: Նրանք Կյան­քի և Կյանքի հանդեպ կա­րո­տի որ­դիներն ու դուստ­րերն են: Նրանք գա­լիս են ձեր շնոր­հիվ, բայց ոչ ձե­զա­նից: Ու թեև նրանք ձեզ հետ են, նրանք ձեզ չեն պատ­կա­նում: Դուք կա­րող եք նրանց տալ ձեր սե­րը, բայց ոչ ձեր մտ­քե­րը: Քան­զի նրանք իրենց մտ­քերն ու­նեն: Դուք կա­րող եք օթևան տալ նրանց մար­մին­նե­րին, բայց ոչ հո­գի­նե­րին: Քան­զի նրանց հո­գի­նե­րը վաղ­վա օր­վա տանն են բնակ­վում, որ­տեղ դուք չեք կա­րող լի­նել նույ­նիսկ երա­զում:»

Մեզ պետք է ձեր սերը՝ մեր սեփական երազանքներին հասնելու համար:

Մենք խոսում ենք ապագայից, բայց ապագան ներկայում է, և այն ստեղծում ենք մենք բոլորս։ Եվ եթե ցանկանում ենք ինչ-որ բան փոխել, պետք է բոլորս փոխվենք։


Պատրաստեց Լիլիթ Մնացականյանը (Lilit Mnatsakanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: