Պատերնալիզմ

«Բացարձակ ազատությունը սահմանափակման բացակայությունն է, պատասխանատվությունը՝ սահամանափակում, հետևապես՝ կատարյալ ազատ անհատը պատասխանատու է ինքն իր առջև»:

Հենրի Բրուքս Ադամս

Պատերնալիզմ. Անձնական ազատությու՞ն, թե՞ միջամտություն հօգուտ սեփական բարօրության

Պատերնալիզմ (հայրախնամություն) երևույթը նոր չէ, դրա վերաբերյալ հարցերը ծագում են անձնական և հասարակական կյանքի շատ տարբեր ոլորտներում։ Ընդհանուր առմամբ այն ներառում է երկու մրցակցային պահանջներ՝ անհատական ազատություն և սոցիալական վերահսկողություն, և շատ հաճախ առաջացնում է հակասական ընկալումներ՝ մեծամասամբ որակվելով որպես բացասական երևույթ։ Այն հարցեր է բարձրացնում այն մասին, թե ինչպես պետք է անհատները թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ զուտ անձնական միջավարում վերաբերվեն միմյանց։ Ո՞րն է փոխզիջումը, եթե այդպիսին կա, ուրիշների բարօրության նկատմամբ մտահոգության և նրանց՝ սեփական որոշումներ կայացնելու իրավունքի նկատմամբ հարգանքի միջև։ Հիմնական հարցերից մեկը, որը բանավեճերի և քննարկումների տեղիք է տալիս, այն է, թե որոնք են  այն սահմանները, որոնց շրջանակներում ժողովրդավարական պետությունը կարող է օրինականորեն միջամտել անհատի կամ խմբի ազատությանը։

Պատերնալիզմի սահմանումը և տեսական ընկալումները

Պատերնալիզմ եզրույթը կիրառության մեջ է մտել 19-րդ դարի վերջին՝  իբրև ենթադրյալ քննադատություն անձնական ազատության և ինքավարության անօտարելի արժեքների դեմ, որոնք ընդգծվել են 1785 թվականին Իմանուիլ Կանտի և 1859 թվականին Ջոն Ստյուարտ Միլի աշխատություններում։ Եզրույթի ստուգաբանությունը արմատավորված է լատիներեն «pater» (հայր) բառի մեջ, որով այն առաջին հերթին արտացոլում է հոր և երեխաների միջև հարաբերությունները։ Առավել հստակ՝ պատերնալիզմը վերաբերում է այն գործողություններին և միջամտություններին,  որոնցով ծնողները սահմանափակում են իրենց երեխաների ազատությունը կամ կայացնում որոշումներ իրենց երեխաների փոխարեն՝ վերջիններիս բարօրության համար։ Միևնույն ժամանակ պատերնալիզմը արտահայտում է հայրախնամ մշակույթների սոցիալական աստիճանակարգումները, որոնցում հայրերը կամ ընտանիքի գլուխները ընկալվում էին որպես հեղինակավոր կերպարներ, որոնք պատասխանատու էին իրենց ենթակաների կամ իրենցից կախում ունեցողների բարօրության համար։ Նմանապես, պետական մակարդակում կառավարությունները շատ հաճախ իրականացնում են այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է մարդկանց վարքագծի փոփոխությանը՝ հանուն իրենց իսկ բարօրության։ Սակայն այս ամենը դեռևս բավարար չէ երևույթը պատերնալիզմ որակելու համար։

1972 թվականի իր հոդվածում Ջերալդ Դորքինը պատերնալիզմը սահմանում է որպես «պետության կամ անհատի միջամտություն այլ անձի գործերին՝ վերջինիս կամքին հակառակ՝ սահմանափակելով սուբյեկտի ազատությունը, որը պաշտպանվում կամ շահադրդվում է այն պնդմամբ, որ  անձի համար, որի գործերին միջամտում են, ավելի լավ կլինի կամ վերջինս պաշտպանված կլինի վնասներից»։ Այս սահմանումը թույլ է տալիս առանձնացնել երեք կարևոր բաղադրիչ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ գործողությունը կարելի է որակել պատերնալիստական։ Այսպիսով, այն պետք է՝

  • սահմանափակի սուբյեկտի ազատությունը,
  • իրականացվի առանց սուբյեկտի համաձայնության,
  • իրականացվի ի շահ կամ բարօրություն սուբյեկտի։

Այլ կերպ ասած` մենք ցուցաբերում ենք պատերնալիզմ, երբ միջամտում ենք, որպեսզի նպաստենք կամ պաշտպանենք այն անձի բարօրությունը, ով չի ցանկանում նման պաշտպանություն կամ օգնություն։ Ինչպես հայտարարել է Քելլ Գրիլը` «Պատերնալիզմի նորմատիվային կորիզը հակամարտությունն է, մի կողմից՝ ազատության և ինքնավարության հարգանքի, մյուս կողմից՝ բարօրության պաշտպանության և խթանման միջև»։ Դորքինը, վերլուծելով Միլլի գաղափարները, հանգեց երկու կարևոր սկզբունքի․ առաջին՝ անձի ազատության սահմանափակման համար բավարար  հիմնավորում է ինքնապաշտպանությունը կամ  ուրիշներին պատճառվող վնասի կանխումը, և երկրորդ՝ անհատի սեփական բարօրությունն ապահովելը երբեք բավարար հիմնավորում չէ հասարակության կամ նրա առանձին անդամների կողմից հարկադրանքի կիրառման համար։ Ըստ էության՝ պատերնալիզմի վերաբերյալ հակասական մոտեցումների և քննադատության հիմնաքարը  հենց այս երկրորդ պնդման մեջ է։ Ինչպես նշել է Ֆեյնբերգը` հասարակությունների մեծամասնությունը փորձում է ողջամիտ հավասարակշռություն գտնել ծայրահեղ պատերնալիզմի և դրա բացարձակ մերժման միջև։ Առաջինը մեծացնում է մեծահասակների ինֆանտիլիզմը, իսկ երկրորդն անվավեր է դարձնում հարկադրանքի հնարավորությունը՝ որպես բարիքի հասնելու գործիք: Այնուամենայնիվ, այնքան էլ հեշտ չէ գտնել պետության կողմից պատերնալիստական միջամտության մաքուր օրինակներ, քանի որ յուրաքանչյուր օրենսդրական ակտ արդարացվում է մի քանի պատճառներով։ Դորքինը պատերնալիստական է համարում հետևյալ միջամտությունները՝ 

  • օրենքներ, որոնք պահանջում են մոտոցիկլետ վարողներին վարելիս անվտանգության սաղավարտներ կրել,
  • օրենքներ, որոնք արգելում են անձանց լողալ հասարակական լողափում, երբ թիկնապահները հերթապահություն չեն իրականացնում, 
  • օրենքներ, որոնք ինքնասպանությունը քրեական հանցագործություն են որակում,  
  • օրենքներ, որոնք կարգավորում են որոշակի դեղերի օգտագործումը, որոնք կարող են վնասակար հետևանքներ ունենալ , բայց չեն հանգեցնում հակասոցիալական վարքի, 
  • օրենքներ, որոնք պահանջում են լիցենզիա՝ որոշակի մասնագիտությամբ զբաղվելու համար և ենթադրում են տուգանք կամ բանտարկություն և այլն։
Պատերնալիզմի տեսակները

Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են պատերնալիզմի տարբեր տեսակներ` հիմնված ազատության և ինքնավարության սահմանափակման պայմանների և արդարացումների վրա։ Դրանք են՝ կոշտ և փափուկ, լայն և նեղ, ուժեղ և թույլ, մաքուր և ոչ մաքուր, ինչպես նաև բարոյական, բարօրության և իրավական։ 

Փափուկ և կոշտ։ Անհանգստանալով առաջին հերթին մարդու անվտանգությամբ և բարօրությամբ՝ կոշտ պատերնալիզմի կողմնակիցը կթույլատրեր սահմանափակումներ ինքնասպանության կամ որևէ լուրջ անձնական վնասի կանխման նպատակով, անգամ եթե տվյալ անձը լիովին գիտակցում է իր գործողությունները և դրանց հետևանքները։ Փափուկ պատերնալիզմը իր հերթին ենթադրում է, որ միակ պայմանը, որի ներքո արդարացված է պատերնալիզմը, այն է, երբ անհրաժեշտ է որոշել՝ արդյոք տվյալ անձը, որի գործողություններին միջամտում են, գործում է կամավոր և գիտակից։ Այստեղ կարելի է հիշատակել Միլի հայտնի օրինակը մի մարդու մասին, ով պատրաստվում էր անցնել վնասված կամրջով։ Եթե մենք չկարողանայինք հաղորդել նրան վտանգի մասին (նա խոսում է միայն ճապոներեն), փափուկ պատերնալիզմի կողնակիցը բռնի կերպով կարգելեր նրան անցնել կամուրջը, որպեսզի պարզի՝ արդյոք նա իրազեկված է վտանգի մասին։ Եթե նա գիտի և այնուամենայնիվ ցանկանում է անցնել կամուրջը կամ, ենթադրենք, ուզում է ինքնասպանություն գործել, ապա փափուկ պատերնալիզմը ենթադրում է, որ նրան պետք է թույլատրել վարվել այնպես, ինչպես կամենում է: Կոշտ պատերնալիզմի դեպքում թույլատրելի է խոչընդոտել, որ նա անցնի կամուրջը, նույնիսկ եթե նա գիտի վտանգի մասին: Այս դեպքում մենք իրավունք ունենք կանխել կամավոր ինքնասպանությունը: 

Թույլ և ուժեղ։ Թույլ պատերնալիզմը, փափուկ պետերնալիզմի նմանությամբ,  ենթադրում է, որ օրինական է հարկադրական միջոցների կիրառումը անձի նկատմամբ՝ միջամտելով այն միջոցներին, որոնք մարդիկ ընտրում են իրենց նպատակներին հասնելու համար։ Այսինքն, եթե մարդիկ իրապես նախընտրում են անվտանգությունը հարմարավետությունից, հետևապես պետք է հարկադրված լինեն հանձն առնելու միջոցներ՝ իրենց իսկ պաշտպանության համար, ուստի ընդունելի է հարկադրել նրանց կրել ամրագոտիներ։ 

Ուժեղ պատերնալիզմը ենթադրում է, որ մարդիկ կարող են սխալվել, շփոթվել կամ իռացիոնալ նպատակներ ունենալ, և օրինական է միջամտել և կանխել նրանց՝ հասնելու այդ նպատակներին, սակայն ոչ այն դեպքում, երբ մարդը գիտակցում է իր ընտրությունը և դրա հետևանքները։ Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ մենք կարող ենք միջամտել փաստերի վերաբերյալ ունեցած սխալ պատկերացումներում, սակայն ոչ՝ արժեքների։

Լայն և նեղ։ Լայն պատերնալիզմը ենթադրում է պատերնալիստական գործողություն ցանկացած աղբյուրի կողմից՝ ներառյալ մասնավոր հաստատություններ, ընտանիք և անհատներ, որոնք սահմանափակում կամ վերահսկում են անձի գործողությունները, մինչդեռ նեղ պատերնալիզմը վերաբերում է միայն պետության կողմից իրականացվող հարկադրանքին, այսինքն ՝ լեգիտիմ հարկադրանքի կիրառմանը:

Մաքուր և ոչ մաքուր։ Մաքուր պատերնալիզմը ենթադրում է մարդկանց գործողությունների սահմանափակում,  ովքեր կարող են վնասվել իրենց իսկ վարքից, մինչդեռ ոչ մաքուր պատերնալիզմը ենթադրում է երրորդ անձանց գործողությունների սահմանափակում՝ պաշտպանելու հնարավոր զոհերին։ Ենթադրենք` մենք կանխում ենք մարդկանց ծխախոտ արտադրելը, քանի որ կարծում ենք, որ դրանք վնասակար են սպառողների համար: Խումբը, որը փորձում ենք պաշտպանել, սպառողների խումբն է, ոչ թե արտադրողների (ովքեր գուցե ընդհանրապես չեն ծխում): Արտադրողի գործունեությանը միջամտելու մեր պատճառն այն է, որ նա վնաս է հասցնում ուրիշներին:  Այնուամենայնիվ, գլխավոր հիմնավորումը պատերնալիստական է, քանի որ սպառողը համաձայնում է (ենթադրելով, որ համապատասխան տեղեկատվությունը իրեն հասանելի է) վնասի փաստին: Մաքուր պատերնալիզմի պայմաններում պաշտպանված դասը նույնական է այն դասին, որի գործողություններին միջամտում են, օրինակ՝ թույլ չտալ լողորդներին լողալ, երբ փրկարարները ներկա չեն: 

Բարոյական և բարօրության։ Բարոյական պատերնալիզմը տարբերվում է բարօրության պատերնալիզմից՝ մարդու համար նախատեսված բարիքի տեսակից կախված։ Բարոյական բարիքի խթանման համար կիրառված հարկադրանքի միջոցները ևս տարբերվում են մյուսներից, ինչպիսիք են՝ մեքենաների արագության սահմանափակումները, դպրոցական երեխաների համար տրվող պատվաստումները և մի շարք  միջոցներ, որոնք նախատեսված են քաղաքացիների ընդհանուր բարեկեցության խթանման համար: Կարելի է ասել, որ բարոյական պատերնալիզմը ուղղված է մարդու բարոյական կերպարի բարելավմանը, նույնիսկ եթե նրա նյութական բարեկեցությունը արդյունքում չբարելավվի։ 

Իրավական պատերնալիզմ։ Օրենքի գործածումը մարդկանց նկատմամբ՝ հանուն իրենց շահերի որոշակի գործողություններ պահանջելու կամ դրանք սահմանափակելու նպատակով, հայտնի է որպես իրավական պատերնալիզմ։ Ջերեմի Բենթհամը կատարել է օրենքների իմաստային դասակագում՝ օրենքներ, որոնք միտված են  պաշտպանելու մարդկանց ուրիշների պատճառած վնասներից, որոնք միտված են պաշտպանելու մարդկանց իրենց իսկ վնաս պատճառելուց և մարդկանցից պահանջում են օգնել ուրիշներին: Բենթհամը լեգիտիմ համարեց միայն առաջին դասի օրենքները՝ հիմնվելով Միլի՝ վնասի սկզբունքի վրա: 

Պատերնալիզմի բարոյական նկատառումները 

Պատերնալիզմի կենտրոնական բարոյական խնդիրը մարդու ազատության և ինքնավարության սահմանափակման լեգիտիմության խնդիրն է իրավահավասար  հասարակությունում, որտեղ բոլոր անհատները, շնորհիվ իրենց մարդկային հատկանիշների, օգտվում են հարգանքից, ազատությունից և ինքնավարությունից։ Հետևելով Կանտին և Միլին՝ այս բարոյական դրույթը բխում է այն մտայնությունից, որ մարդիկ իրենք իրենցով ամենալավն են որոշում և հետևում նրան, ինչը ելնում է իրենց շահերից։ Պատերնալիզմի վերաբերյալ առարկությունները բացարձակ բացասական են կանտյան հայացքներում։ Մերժել չափահաս մարդու սեփական որոշումներ կայացնելու իրավունքը` նշանակում է դիտարկել նրան  պարզապես միջոց կամ գործիք իր իսկ բարիքի համար, այլ ոչ թե որպես նպատակ՝ ինքն իրենով: Կարելի է ասել, որ ինչ-որ կերպ հակապատերնալիզմը արդեն իսկ ներառված է կանտյան դատողություններում` պատերնալիստական միջամտության հիմնական գործիքների՝ ստի և ուժի նկատմամբ բարոյական արգելքով:

Միլը իր հերթին առանձնացնում է պատերնալիզմ երեխաների և մեծահասակների նկատմամբ․ առաջին դեպքում բարոյական կանխավարկածը գործում է հօգուտ պատերնալիզմի, իսկ երկրորդ դեպքում այն արգելում է պատերնալիզմը։ Ինչն է արդարացնում մեզ, երբ մենք միջամտում ենք երեխաների գործողություններին։ Այն փաստը, որ նրանց մոտ  դեռևս բացակայում են որոշ էմոցիոնալ և ճանաչողական կարողություններ, որոնք թույլ են տալիս կայացնել ռացիոնալ որոշումներ։ Այստեղ ընդգծվում է դեպի ապագան կողմնորոշված համաձայնությունը․ այն, ինչը երեխան կողջունի ապագայում, այլ ոչ թե տվյալ պահին։ 

Որոշակի հանգամանքներում անհատի համար ռացիոնալ է համաձայնել, որ ուրիշները ստիպեն վերջինիս վարվել որևէ կերպ, ինչը այդ գործողության պահին ցանկալի չի թվա նրան։ Այս ամենի դասական օրինակը կարելի է գտնել Ոդիասականում, երբ Ոդիսևսը հրամայում է իր մարդկանց կապել իրեն կայմին և մերժել ազատ արձակման հետագա բոլոր հրամանները, քանի որ նա գիտեր Սիրենների կարողությունը, որոնք կախարդում իրենց երգերով։ Սակայն նման դեպքերը, որտեղ կա իրական համաձայնություն այն անձի կողմից, ում ազատությունը սահմանափակվում է, Դորքինը չի համարում պատերնալիստական։

Այսպիսով՝ բարոյական ենթատեքստում պատերնալիզմի նկատմամբ բացասական կանխակալությունը հիմնավորվում է նրանով, որ այն հերքում է անհատների լիակատար մարդկայնությունը՝ արհամարհելով նրանց կարողությունը՝  գործելու իրենց իսկ շահերից։ Ուստի պատերնալիզմը պաշտպանող բարոյական փաստարկները պետք է ունենան հիմնավոր պատճառներ, որոնք կարդարացնեն ազատության և ինքնավարության սահմանափակումները։

Արդարացված պատերնալիզմ

Պատերնալիզմի շուրջ դիսկուրսները ուսումնասիրելիս հանգում ենք մի կարևոր խնդրի՝ ինչպիսի հանգամանքներում է արդարացված պատերնալիստական գործողությունը։ Պատերնալիզմի նորմատիվ դատողությունները վերլուծելիս Դորքինը դիտարկեց երկու հնարավոր նորմատիվ տարբերակ՝ 

  1. երբեք չի թույլատրվում սահմանափակել այլոց ազատությունը՝ փորձելով նրանց համար անել բարի գործ՝ հակառակ իրենց կամքի,
  2. դա հնարավոր է անել միայն որոշակի հանգամանքների դեպքում։

Առաջին տարբերակը հաճախ հիմնավորվում է կանտյան դատողություններով։ Երկրորդ տարբերակը կարող է հիմնավորվել տեսական տարբեր հիմունքներով։ Այսպես, արդյունքաբանները կարող են պնդել, որ արված բարիքը կարող է գերազանցել ինքնավարության կորստի պատճառած վնասը: Մեկ այլ պնդում է այն, որ անհատական ​​ինքնավարությունը կարող է պաշտպանվել երկարաժամկետ հեռանկարում՝ սահմանափակելով  կարճաժամկետ հեռանկարը, ինչպես, օրինակ, Միլի փաստարկը ինքնակամ ստրկության պայամանգիր կնքելու դեմ։

Բարոյական պայմանագրայինները կարող են արդարացնել պատերնալիզմը այն հիմնավորմամբ, որ համապատասխան գիտելիքի և շարժառիթների առկայության դեպքում, որոշակի պայմաններում գիտակից մարդը կհամաձայնի, որ միջամտեն իր գործողություններին։ Ըստ էության՝ սա այն է, ինչը Ֆեյնբերգը անվանել է «փափուկ պատերնալիզմ»: 

Ըստ Ռոբերտ Գուդինի՝ երբ մարդիկ իրենց դատողություններում թույլ են տալիս փաստական սխալներ, և այդպիսով նրանց մակերևութային նախապատվությունները (օրինակ՝ ծխելը կամ խաղամոլությունը՝ չնայած սահմանափակ եկամուտին) խարխլում են նրանց խորը նախապատվությունները (ողջ լինել, չլինել հիվանդ կամ աղքատ), այդ ժամանակ կարող է արդարացվել նրանց մակերևութային նախապատվությունների վերակողմնորոշումը «համապատասխան նախապատվությունների» օգտին։ Բացի դրանից՝ մարդիկ կարող են գիտակցել իրենց իրական շահը, սակայն  կատարել հակառակ կամ հակասական ընտրություն իրենց «նախընտրած նախապատվություններից» դուրս, ինչը Բիլ Նյուն նկարագրում է «կամքի թուլության» տեսանկյունից։ Ինչպես նշում է Գուդինը` «Օգնելով նրանց իրականացնել իրենց նախընտրած նախապատվությունները` մենք միայն հարգում ենք  մարդկանց սեփական առաջնահերթությունները` ըստ այդմ արդարացնելով պետության միջամտությունը»։ Օրինակ՝ ծխող  մարդը գուցե ցանկանա թողնել ծխելը, սակայն մեծ դժվարություններ զգա։ Եթե պետական քաղաքականությունը օգնում է մարդկանց իրականացնել իրենց նախասիրությունները, ապա նման քաղաքականությունը չի կարելի անվանել պատերնալիստական՝ բարոյապես չարդարացված իմաստով։

Պատերնալիզմը երբեմն արդարացվում է վնասը կանխելու հիմքերով։ Միլի՝ վնասի սկզբունքը, այնուամենայնիվ, արդարացնում է միջամտությունը միայն այն դեպքերում, եթե դա վնաս կպատճառի ուրիշներին, սակայն այն արգելում է միջամտությունը՝ կանխելու ինքնավնասումը կամ գիտակցված վնասը։

Ընդհանրացնելով պատերնալիզմի վերաբերյալ պատկերացումները՝ կարող ենք փաստել, որ պատերնալիզմի քննադատության հիմնական առանցքը շոշափվում է հետևյալ մտայնություններում՝

  • անհատը ազատ է անելու այն, ինչ ցանկանում է, քանի դեռ դա չի վնասում ուրիշներին,
  • ոչ ոք ավելի լավ չգիտի, թե մյուսի համար որն է լավ, քան հենց ինքը անհատը,
  • գիտակից չափահաս մարդկանց հետ չպետք է վերաբերվել ինչպես երեխաների։

Իրենց հերթին պատերնալիզմի արդարացման կողմնակիցները հիմնվում են հետևյալ դատողությունների վրա՝

  • մարդիկ հաճախ ունենում են իռացիոնալ պատկերացումներ և ունակ են կայացնելու սխալ որոշումներ, որոնք չեն համապատասխանում օբյեկտիվ բարիքին,
  • կարճաժամկետ հարկադրանքը կարող է նպաստել երկարաժամկետ բարիքին,
  • պատերնալիզմը կարող է լինել ավելի արդյունավետ։
Պատերնալիզմի ժամանակակից ընկալումները․ լիբերալ պատերնալիզմ

Վերջին տարիներին ի հայտ է եկել մտքի նոր, ազդեցիկ ուղղություն՝ պատերնալիստական միջամտությունների վերաբերյալ։ Այն հայտնի է որպես «Նոր պատերնալիզմ» կամ «Ազատական պատերնալիզմ»: Այս ուղղությունն ազդվել է վարքաբանական գիտություններում իրականացված հետազոտություններից, որոնք վերաբերում են մարդու ճանաչողական և զգայական կարողությունների թերի և սահմանափվակած լինելուն: Առաջին տեսաբանները, ովքեր շեշտադրեցին այդ եզրահանգումները սոցիալական քաղաքականության մշակման համար, Կաս Սանշտեյնը և Ռիչարդ Թալերն էին (Nudgers): Նրանք պնդում էին, որ քանի որ մարդիկ հակված են վատ որոշումներ կայացնելու, ուստի նրանք պետք է ուղղորդվեն իրենց իսկ ուզած նպատակների ուղղությամբ, իսկ նրանց ընտրությունը պետք է կազմակերպվի այնպես, որ նրանք ավելի մեծ հավանականությամբ անեն այն, ինչը կհանգեցնի իրենց նպատակի իրականացմանը։ Նրանք բնութագրեցին ուղղորդումը որպես «ընտրության ճարտարապետություն», որը տարբեր ուղիների ձևավորում է, որի արդյունքում մարդկանց վարքագիծը փոփոխվում է կանխատեսելի եղանակով` առանց որևէ տարբերակի արգելման կամ նրանց տնտեսական խթանիչը էապես փոխելու։ Ի տարբերություն պատերնալիզմի՝ ուղղորդումը վերաբերում է միջոցներին, ոչ թե նպատակներին։ Այն պարզապես փոխում է ընտրության նկատմամբ պատկերացումն այնպես, որ մարդիկ ավելի շատ հավանականություն ունենան ընտրելու այնպիսի տարբերակներ, որոնք իրենց համար ամենալավն են: 

Հարց է առաջանում՝ ինչու է տեսակետը իր ներդրողների կողմից որակվում որպես ազատական պատերնալիզմ: Լիբերալիզմն ու պատերնալիզմը առաջին հայացքից թվում են անհամատեղելի և նույնիսկ իրարամերժ տեսություններ։ Սակայն, կարող ենք ասել, որ ուղղորդումը ազատական է, քանի որ այն պահպանում է ընտրության ազատությունը: Ոչ մի ընտրություն չի վերացվում կամ ավելի բարդացվում, ոչ ոք հարկադրված չէ: Ընտրության շարքը մնում է նույնը: Ի հավելում դրան՝ նրանց տեսակետը պատերնալիստական է, քանի որ այն ձգտում է խթանել ուղղորդվող անհատի օգուտը: Այսպիսով՝ լիբերալ պատերնալիզմը վերաիմաստավորում և մերձեցնում է այս երկու հայեցակարգերի սկզբունքային դրույթները։

Ընդհանուր առմամբ ազատական ​​պատերնալիզմը կարող ենք սահմանել որպես միջամտությունների շարք, որի նպատակն է հաղթահարել անհատի ճանաչողական անխուսափելի կողմնակալությունները և որոշում կայացնելու թերությունները՝ դրանք օգտագործելով այնպես, որ ազդեն նրա որոշումների վրա՝ ուղղորդելով նրան դեպի այն ընտրությունները, որոնք անհատը ինքն իրենով կկայացներ իդեալական պայմաններում։ Դիտարկենք ուղղորդման տարածված օրինակներից մի քանիսը.

  • Ուսանողների գիտակցության վրա ազդելու նպատակով, որպեսզի վերջիններս ընտրեն ավելի առողջ սնունդ ճաշարան այցելելիս, ճաշացանկում առողջ սնունդը տեղադված է աչքի մակարդակում, իսկ ոչ առողջ սնունդը աչքի մակարդակից վերև կամ ներքև։
  • Հաշվի առնելով, որ շատ աշխատակիցներ հաճախ չեն գրանցվում (հրաժարվում են մասնակցել) կենսաթոշակային ծրագրերում, գործատուները սահմանում են լռելյայն գրանցում նման ծրագրերում՝ թույլ տալով աշխատակիցներին հեշտորեն հրաժարվել։
  • Սրճարաններում փոքր ափսեների օգտագործումը կրճատում է սպառվող սննդի քանակը։

Այս ամենի հետ ուղղորդումը  առաջ է բերում մի շարք խնդրահարույց հարցեր։ Դրանցից մեկն այն է, թե ուղղորդված մարդն ինչ գիտի ուղղորդման մասին, արդյոք ուղղորդումը թափանցիկ է, և անհատը տեղյակ է դրա  և վեջինիս շարժառիթների մասին։ Ուղղորդման վերաբերյալ հաջորդ առարկումը կապված է որոշակի մեխանիզմի հետ, որի միջոցով իրականանում է ուղղորդման նպատակը։ Դիտարկենք սրճարանի օրինակը․ առողջ սնունդն աչքի մակարդակի վրա դնելու պատճառն այն է, որ կա նման միտում ընտրելու այն, ինչն աչքի մակարդակի վրա է: Քանի որ սննդի դիրքավորումը ռացիոնալ հիմք չէ ընտրության համար, ուղղորդողները օգտագործում են այս ոչ ռացիոնալ միտումը, որպեսզի ընտրվի առողջ սնունդ։ Այս դեպքում մենք ունենում ենք ինչպես թափանցիկության պակաս, այնպես էլ ոչ ռացիոնալ միտումների օգտագործում։ Ոմանք պնդում են, որ մեր ոչ ռացիոնալ միտումներից օգտվելը, նույնիսկ բարի նպատակների համար, ցանկալի չէ: 

Քանի որ ուղղորդումները սահմանվում են հարկադրանքը բացառելու նպատակով, և դրանք սովորաբար ուղղակի խաբեության դեպքեր չեն (ի տարբերություն թափանցիկության բացակայության), ուստի հաճախ  ուղղորդումը քննադատելու նպատակով օգտագործվում է մանիպուլյացիայի գաղափարը: Սակայն այստեղ ևս կա խնդիր․ մանիպուլյացիան ինքնին ամորֆ և չհստակեցված հասկացություն է: Տարածված տարաձայնություններ կան այն մասին, թե որ տեսակի ազդեցություններն են մանիպուլյատիվ, և որ պայմաններում են դրանք սխալ:

Այսպիսով՝ պատերնալիզմի հիմնական էությունը արմատավորված է մարդու անձնական ազատության և ինքնավարության հաշվին՝ վերջինիս բարօրության  խթանման գաղափարի մեջ։ Այս կապակցությամբ երևույթը շատ հաճախ որակվում է որպես բացասական՝ հատկապես բարոյական նկատառումներից ելնելով, և հիմնական խնդիրը, որը շարունակվում է քննարկվել նաև այսօր, այն է, թե ինչպիսի հանգամանքներում է հնարավոր արդարացնել պատերնալիզմը, որի իրականացման գործիքակազմը հաճախ ընդգրկում է խաբեությունը և հարկադրանքը։ Ներկայումս ավելի ու ավելի լայն տարածում է ստանում լիբերալ պատերնալիզմը, որն, ըստ էության, դիտարկում է երկու իրարամերժ տեսակետներ՝ միավորելով դրանց հիմնարար սկզբունքները։ Այն տալիս է ընտրելու ազատություն և գործում է հօգուտ անձի բարօրության։ Սակայն այս տեսությունը ևս ունի իր խոցելի կողմերը։

Գրականություն

  1. Bellefleur, O. and Keeling, M. (2018). How Can We (and Why Should We) Analyze the Ethics of Paternalistic Policies in Public Health? Montréal, Québec: National Collaborating Centre for Healthy Public Policy,-http://www.ncchpp.ca/docs/2018_Eth_Paternalisme_En.pdf
  2. Dworkin, G. “Paternalism” , The Monist, Vol. 56, No. 1, Philosophy and Public Policy, 1972, pp. 64-84 https://www.jstor.org/stable/27902250?read-now=1&seq=1#page_scan_tab_contents
  3. Dworkin, G. “Paternalism”, The Stanford Encyclopedia of Philosophy (Fall 2019 Edition), Edward N. Zalta (ed.), https://plato.stanford.edu/archives/fall2019/entries/paternalism 
  4. Grill, K.. “Normative and Non-normative Concepts: Paternalism and Libertarian Paternalism”, 2013,-https://philarchive.org/archive/GRINANv1
  5. Kleinig, J. “John Stuart Mill and Voluntary Slavery Contracts”, “Politics”, 1983 18(2), pp. 76-83,-https://www.researchgate.net/publication/233103387_John_Stuart_Mill_and_voluntary_slave_contracts
  6. Lindsay J. Thompson, “Paternalism”, Encyclopedia of Governance, 2007, https://www.britannica.com/topic/paternalism
  7. Mill, J. S. “On Liberty”, David Bromwich and George Kateb (ed.), Yale University Press, 2003
  8. Richard H. Thaler & Cass R. Sunstein, “Libertarian Paternalism Is Not an Oxymoron” (University of Chicago Public Law & Legal Theory Working Paper No. 43, 2003), https://chicagounbound.uchicago.edu/cgi/viewcontent.cgi?article=1184&context=public_law_and_legal_theory
  9. Thomas C. Leonard, Robert S. Goldfarb & Steven M. Suranovic, “New on Paternalism and Public Policy”, Economics and Philosophy, 16 (2000) 323 ” 331, Cambridge University Press,-http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.409.1879&rep=rep1&type=pdf
  10. Thomas, M. and Buckmaster, L. “Paternalism in social policy when is it justifiable?”, 2010 https://www.aph.gov.au/About_Parliament/Parliamentary_Departments/Parliamentary_Library/pubs/rp/rp1011/11rp08#_Toc280187804


Հեղինակ՝ Տաթև Ղազարյան (Tatev Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև հեղինակի մյուս նյութերը