Պաշարների կուտակման հոգեբանական հիմքերը

Պաշարների կուտակումը կորոնավիրուսի հետևանքով. հոգեբանը իրական պատճառների մասին

Այն երկրների բնակիչները, որտեղ մոլեգնում է SARS-CoV-2-ը, սուպերմարկետներում սպառում են հականեխիչները, դիմակները, զուգարանի թուղթն ու մակարոնեղենը: Ի՞նչն է կանգնած այս խուճապային գնումների ետևում. DW-ի հարցազրույցը հոգեբանի հետ: 

Կորոնավիրուս SARS-CoV-2-ի հետ բախված Եվրոպայի և Ասիայի բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են սուպերմարկետներում սպառում հիգիենայի պարագաները, կենցաղային քիմիական արտադրանքներն ու պիտանելիության  երկար ժամկետ ունեցող սնունդը: Այսպիսի գնումների հոգեբանության մասին DW-ն խոսեց բիզնես-դպրոցի կազմակերպչական վարքագծի և Սինգապուրի INSEAD հետազոտական ինստիտուտի ամբիոնի դոցենտ Էնդրյու Յեփի հետ:  

Ինչու՞ են մարդիկ կատարում այսպես կոչված խուճապային գնումներ:

Կորոնավիրուսը անտեսանելի թշնամի է: Իսկ երբ չես տեսնում թշնամուդ, կորցնում ես վերահսկման զգացողությունը: Այսպիսի իրավիճակում փորձում ես ինչ-որ բան անել, որպեսզի փոխհատուցես այդ կորուստը և վերականգնես վերահսկողությունը:  Որոշակի իրերի գնումը դա անելու միջոցներից մեկն է:

Այսինքն, եթե ես հենց հիմա գնամ սուպերմարկետ և ինչ-որ մի բան գնեմ, դա ինձ կօգնի ավելի քի՞չ վախենալ կորոնավիրուսից: 

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ երբ կորցնում ես սուբյեկտիվ վերահսկման զգացողությունը, սկսում ես իրեր գնել, որպեսզի լուծես այն խնդիրները, որոնք հանգեցրել են սկզբնական վերահսկման կորստին: Այլ բառերով` երբ դու տագնապի մեջ ես վիրուսի պատճառով, սկսում ես սպառել ապրանքները, որոնք պոտենցիալ կերպով կարող են կանխարգելել վարակը կամ քեզ շրջապատող վայրերը դարձնել ավելի մաքուր: Արդյունքում մարդիկ գնում են դիմակներ, ձեռքերի հականեխիչներ, գրասենյակում, տանը և այլ վայրերում մաքրության պահպանման համար լվացող միջոցներ:

Այսինքն կարևո՞ր չէ`այդ մեթոդները արդյունավետ են, թե ոչ: Գնելով ինչ-որ բան` ուղղակի քեզ ավելի լավ և ավելի պաշտպանվա՞ծ ես զգում: 

Հենց այդպես:

Եթե մարդկանց համար այդքան կարևոր է վերահսկման զգացողությունը` հատկապես վախի մթնոլորտի պայմաններում, ինչպե՞ս նրանց օգնել վերադարձնել այդ զգացողությունը: 

Նախևառաջ մարդը պետք է ստանա ինֆորմացիա: Անհրաժեշտ է մարդկանց բացատրել` ինչ է կատարվում, ինչ վիրուս է այն, ինչպես է փոխանցվում, ինչ անել վարակման կասկածի դեպքում: Բայց ես խորհուրդ չէի տա շատ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում, քանի որ սոցցանցերը էխո-խցիկներ են (փակ համակարգ, որի շրջանակներում որոշակի մտքեր ուժեղանում են դրանց կրկնության ճանապարհով): Մեծ քանակությամբ խուճապային գնումների պատճառներից մեկն այն է, որ մարդիկ տեսնում են նկարներ և տեսանյութեր, թե ինչպես են մյուսները սպառում զուգարանի թուղթը և այլ ապրանքներ, իսկ դարակները դատարկվում են: Դա հանգեցնում է ամբողջ աշխարհում խուճապային գնումների բազմաթիվ դեպքերի: Մենք չենք նկատել նմանատիպ պահվածք ատիպիկ SARS պնևմանիայի համաճարակի ժամանակ (2002-2003թթ.), որը նման վիրուսային ինֆեկցիա էր և կրում էր նմանատիպ համաճարակային բնույթ: Այդ ժամանակ խուճապային գնումներն ավելի քիչ էին, քանի որ մարդկանց ձեռքում չկար այդ էխո-խցիկը:

Բնօրինակի հեղինակ՝ DW


Թարգմանիչ՝ Լուիզա Բաղրամյան (Luiza Baghramyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: