Ինչպես քաղաքացիական տեխնոլոգիաները կարող են նպաստել համավարակի կանխարգելմանը
Թայվանի գրանցած նախնական հաջողությունները օրինակ են ամբողջ աշխարհի համար
Նոր կորոնավիրուսի տարածումը և դրա հետևանքով ի հայտ եկած COVID-19 համավարակը հասարակական և կառավարական համակարգերի ստուգման հզոր թեստ ապահովեցին: Աշխարհի երկու առաջատար ուժերից և ոչ մեկի` ո՛չ Չինաստանի, և ո՛չ էլ ԱՄՆ-ի արձագանքն առանձնապես օրինակելի չի եղել: Չինաստանում բարձրացած քաղաքական հերքման նախնական ալիքը թույլ տվեց վիրուսին շաբաթներ շարունակ տարածվել սկզբում երկրի ներսում, իսկ հետո` արդեն ամբողջ աշխարհում, ինչից հետո միայն արդյունավետ կերպով կիրառվեցին հարկադրանքի միջոցներ (բացի այդ, Չինաստանն ավելի պատրաստված պետք է լիներ` հաշվի առնելով այն փաստը, որ սա պատմության մեջ առաջին դեպքը չէ, երբ Չինաստանում վիրուսը վարակակիր կենդանիներից փոխանցվում է մարդկանց): Միացյալ Նահանգներում ևս բարձրացել էր քաղաքական հերքման ալիք նախքան սոցիալական հեռավորության նորմերի ընդունումը, թեպետ պետությունն այժմ նույնպես լիովին պատրաստ չէ համարժեք գործողություններ ձեռնարկել այսպիսի արտակարգ իրավիճակում` հանրային առողջապահության ոլորտում ներդրումների պակասի պատճառով:
Բյուրոկրատական և անգամ տեխնոֆոբ Եվրոպական միության արձագանքն էլ ավելի անհաջող է եղել. չնայած Իտալիան հեռու է համաճարակի բռնկման էպիկենտրոնից` մեկ շնչին բաժին ընկնող տվյալներով այնտեղ գրանցված դեպքերի թիվը չորս անգամ գերազանցում է Չինաստանի տվյալներին, իսկ իր կարգապահությամբ հայտնի Գերմանիայի ցուցանիշներն արդեն հավասարվել են Չինաստանի գրանցած ցուցանիշների կեսին: Աշխարհի մյուս երկրներում, ինչպես, օրինակ, տեղեկատվական մանիպուլյացիա իրականացնող Իրանում, վիճակն էլ ավելի վատթար է:
Այնուամենայնիվ, իրենց վատագույնս դրսևորած պետությունների վրա կենտրոնանալու փոխարեն այս պահին ավելի օգտակար կլինի հասկանալ, թե որ պետությունն է լավագույն կերպով արձագանքել իրավիճակին. դա Թայվանն է: Չնայած նրան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն համարում է Չինաստանի մի մաս, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում թեստավորման գործընթացը շատ ավելի լայնածավալ կերպով է իրականացվել, քան Միացյալ Նահանգներում (այսինքն` վարակման դեպքերի իրական թվերն ավելի քիչ են քողարկվել), Թայվանի գրանցած ցուցանիշները կազմում են Միացյալ Նահանգների ցուցանիշների մեկ հինգերորդը միայն և բոլորի կողմից հիացմունքի արժանացած Սինգապուրի ցուցանիշների մեկ տասներորդից էլ պակաս: Վարակման դեպքերը դեռ կարող են կրկին ավելանալ` հաշվի առնելով վարակի համաշխարհային տարածումը, ինչն աշխարհի տարբեր երկրներից ժամանող այցելուներին դարձնում է վիրուսի պոտենցիալ տարածողներ: Բայց, այնուամենայնիվ, Թայվանի գրանցած նախնական հաջողությունների պատմությամբ արժե կիսվել ոչ միայն այն պատճառով, որ այն սովորեցնում է, թե ինչպես կարելի է կանխարգելել ներկայիս համավարակը, այլ նաև այն պատճառով, որ դրանից կարելի է ավելի լայն գիտելիքներ քաղել տեխնոլոգիաների և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ:
Թայվանի հաջողությունները հիմնված են տեխնոլոգիաների, ակտիվիզմի և քաղաքացիական մասնակցության համատեղ հիմքի վրա: Իր աչքի չզարնող, բայց տեխնոլոգիապես առաջադեմ ժողովրդավարական համակարգով, թեպետև գտնվելով նեղուցի մյուս կողմում բազմած գերտերության ստվերում, Թայվանը վերջին տարիներին ձևավորել է աշխարհի ամենադինամիկ քաղաքական մշակույթներից մեկը` տեխնոլոգիաներն ուղղելով ոչ թե ի վնաս, այլ հօգուտ ժողովրդավարության: Քաղաքացիական տեխնոլոգիաների այս մշակույթը դարձավ պետության ամենահզոր զենքը կորոնավիրուսի դեմ:
Տեխնոլոգիաները` հօգուտ ժողովրդավարության
Թայվանի` տեխնոլոգիաներով զինված քաղաքացիական մշակույթի արժեքն ակնհայտ դարձավ ներկայիս ճգնաժամային իրավիճակում: Տեղեկության տարածման «ներքևից վերև» եղանակը, պետություն-մասնավոր գործընկերությունը, «հաքտիվիզմը» (ակտիվիզմ, որը ենթադրում է որևէ երևույթի հաստատման արդյունավետ մեթոդների մշակում հապճեպ եղանակով` իբրև պետական ծառայություն) և մասնակցային կոլեկտիվ գործելակերպը երկրի հաջողության առանցքային կետերն են եղել կորոնավիրուսի դեմ կիրառվող փոխհամաձայնողական և թափանցիկ միջոցների համաձայնեցման գործում: Ստենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի վերջերս հրապարակած հաշվետվության մեջ գրանցված են 124 հատուկ միջոցառումներ, որոնք Թայվանը իրականացրել է զարմանալի արագությամբ: Այս միջոցառումներից շատերը պետական սեկտորն իրականացրել է համայնքային նախաձեռնությունների, հաքաթոների (hackathon) և «vTaiwan» թվային ժողովրդավարության հարթակի քննարկումների շնորհիվ, որոնց մասնակցում է երկրի բնակչության գրեթե կեսը (վերոնշյալ հարթակը հնարավորություն է տալիս լայնամասշտաբ հաքտիվիզմ և հանրային քննարկումներ իրականացնել, ինչպես նաև ընդլայնել նախաձեռնությունների մասշտաբները` կազմակերպված և բացառապես փոխհամաձայնողական եղանակով): Ներգրավվածների ապակենտրոնացված համայնքն օգտագործում էր այնպիսի հարթակներ, ինչպիսիք են «Slack»-ը և «HackMD»-ն, առավել հաջողված ծրագրերի կատարելագործման համար: Մեր վերլուծությունն ինքնին մեծամասամբ հիմնված է այդ հարթակներում տեղադրված բաց հարցազրույցների վրա` քաղաքացիական հաքերների «g0v» համայնքի ղեկավարների հետ:
Ամենահայտնի և հաջողված օրինակներից է «Face Mask Map»-ը, որը ստեղծվել է «gՕv»-ի գործընկեր ձեռնարկատերերից մեկի նախաձեռնությամբ` համագործակցության արդյունքում: Որպեսզի մարդիկ, խուճապի մատնվելով, մեծ քանակությամբ դիմակներ չգնեն, ինչը տեղի էր ունեցել 2003 թ. SARS համաճարակի ժամանակ և խոչընդոտել Թայվանի գործողությունները, կառավարությունն ազգային կարգավորիչ ծրագիր մշակեց, որի համաձայն` բոլոր քաղաքացիներն ամեն շաբաթ երկուական դիմակներ պետք է ստանային: Կանխատեսելով, որ այսպիսի ազգային ծրագիրը բավարար չէր լինի դեղատների մոտ մարդկանց կուտակումները կանխելու համար, կառավարությունը (իր հեղինակավոր Թվային տեխնոլոգիաների նախարարության միջոցով) ստեղծեց կիրառական ծրագրավորման ինթերֆեյս (API), որը ռեալ ժամանակում ճշգրիտ տվյալներ էր տրամադրում հանրությանը կոնկրետ վայրում դիմակների առկայության վերաբերյալ:
Թվային տեխնոլոգիաների նախարար Օդրի Թենգն այնուհետև թվային չատում սկսեց անձամբ աշխատել ձեռնարկատերերի և «g0v»-ի հաքտիվիստների հետ` կարճ ժամկետներում տարատեսակ քարտեզներ ու հավելվածներ թողարկելու նպատակով: Այդ թվային գործիքները ցույց էին տալիս, թե որտեղից կարելի է դիմակներ ձեռք բերել, բայց սա դեռ ամենը չէր: Քաղաքացիները կարող էին վերաբաշխել իրենց հասանելիքը` միջժամանակային առևտրի (intertemporal trade) և նվիրատվությունների միջոցով` օգնելով առավել կարիքավորներին, ինչն էլ կանխեց սև շուկայի առաջացումը: Սակայն ինչպես հաճախ պատահում է հաքերային աշխարհում, սկզբնական շահագործումը ձախողվեց, քանի որ հավելվածը գերծանրաբեռնված էր գործարկման առաջին իսկ ժամերի ընթացքում ստացված հարյուր հազարավոր հարցումների պատճառով, սակայն գործադրված ջանքերն իզուր չէին: Հանրային լայն հետաքրքրությունը ստիպեց կառավարությանը տրամադրել անհրաժեշտ համակարգչային ռեսուրսներն ու թողունակությունը, որոնք հնարավորություն կտային ստանալ հավելվածի այնպիսի տարբերակ, որը կծառայեր ամբողջ բնակչությանը: Արդյունքում ոչ միայն հեշտացավ դիմակների բաժանման գործընթացը, այլև նվազեց խուճապն ու մարդկանց մոտ արթնացավ համատարած, բայցև արդարացված հպարտության զգացում:
Հաջորդ օրինակը մի հարթակ է, որն օգնում է հանրությանը համատեղ աշխատել վարակման հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ: Այս հարթակում (որը նույպես մշակվել է մի խումբ ձեռնարկատերերի, թվային տեխնոլոգիաների նախարարության և «g0v» շարժման համագործակցության արդյունքում) աշխատանքներ իրականացնելու շարժառիթ մասնակիորեն հանդիսացել է ուղևորների ժամանումը զբոսանավից, որի վրա վարակման հավանականությունը բարձր է եղել: Մարդիկ օգտագործում էին այս հարթակը, որպեսզի կամավոր կերպով ռեալ ժամանակում հայտնեին իրենց ախտանիշների մասին` օգտվելով տարատեսակ միջոցներից (օրինակ` թեժ գծից կամ սմարթֆոններից), իսկ այդ տեղեկությունն արագ կերպով ստուգվում և համակարգվում էր: Արդյունքներն այնուհետև կցվում էին համայնքի կողմից ստեղծված այլ հավելվածներին, որոնք օգտատերերին թույլ էին տալիս ներբեռնել իրենց սմարթֆոնի տեղորոշման պատմությունը և տեսնել իրենց` վարակված լինելու հավանականությունը: Սա խելամիտ նախագիծ էր, որը խրախուսում էր պրոակտիվ գործելակերպը: Այն օգտատերերը, որոնց վարակված լինելու հավանականությունը բարձր էր, սահմանափակում էին իրենց հետագա շփումները` մյուսներին պաշտպանելու նպատակով:
Հիմնական սկզբունքը ոչ թե վերևից ներքև վերահսկողությունն էր, այլ՝ փոխադարձ հարգանքն ու համագործակցությունը: Գաղտնիությունը լիովին ապահովված էր, և առանձին անհատների գործողությունները տեսանելի չէին որևէ մեկին: Այս մոտեցումն ապահովեց հասարակական համաձայնեցվածության ապշեցուցիչ մակարդակ, ինչն էլ կանխեց վարակի տարածումը: Եվ չնայած բաց, մասնակցային համակարգ լինելուն`այս հարթակը չի խթանել ապատեղեկության տարածումը կամ խուճապի առաջացումը: Ներկայացված պատմություններն առանց ավելորդ մանրամասների ստուգվում էին վստահելիության չափանիշների համաձայն, իսկ թրոլները հեռացվում էին. այս կերպ կարելի էր խուսափել այն դիսֆունկցիաներից, որոնք քայքայում են կոմերցիոն սոցիալական մեդիան ճգնաժամային շրջանում: Տեղեկության այսպիսի հասանելիությունը կտրուկ նվազեցրեց այն կորուստները, որոնք կհասցվեին տնտեսությանը, եթե մարդիկ մեկուսացվեին սոցիալական հեռավորության համընդհանուր ծայրահեղ նորմերին համապատասխան: Փոխարենը մարդիկ կկարողանային խուսափել վտանգ ներկայացնող տեղանքներից կամ ախտահանել դրանք, իսկ այդ տեղանքներ այցելածները` ինքնամեկուսանալ:
Սրանք ընդամենը երկու օրինակներ էին: Համայնքի ստեղծած տասնյակ հավելվածներն օգնեցին թուլացնել կառավարության իրականացրած միջոցառումների սաստկությունը և միևնույն ժամանակ հիմք հանդիսացան համավարակի դեմ պայքարի լավագույն մոդելի ձևավորմանը` ամբողջ աշխարհի մասշտաբով: Դրանք թույլ տվեցին Թայվանին խուսափել անհամաձայնեցվածությունից, պաշարների ու թեստերի անհամաչափ բաշխումից, ինչը տեղի ունեցավ ԱՄՆ-ում և Եվրոպայում, բացի այդ` չկիրառվեց Չինաստանի կենտրոնացված ծրագրի կիսագաղտնի, հիերարխիկ մոտեցումը: Առողջապահական ճգնաժամի պայմաններում իրենց գործողությունները բացառապես թափանցիկ դարձնելով (Թվային տեխնոլոգիաների նախարար Թենգն իր բոլոր խորհրդակցությունները հեռարձակում է ուղիղ եթերով)` Թայվանը շահեց հանրային վստահությունը: Կառավարության առջև ծառացած մարտահրավերների մասին բացեիբաց խոսելով, այլ ոչ թե անխոցելիության տպավորություն ստեղծելով` պետությունը խրախուսեց մի շարք ապակենտրոնացված ուժերի` իրենց ներդրումն ունենալու լուծումների որոնման և պաշտոնական տեղեկության ընդլայնման գործում: Իսկ թիրախավորելով վտանգ ներկայացնող կոնկրետ տեղանքները և գործունեության ոլորտները, որոնք հայտնի էին դարձել համայնքի հավաքագրած տվյալների շնորհիվ, հնարավոր դարձավ արձագանքել անմիջապես` առանց տնտեսական կյանքը պարալիզացնելու, քաղաքական պառակտում առաջացնելու կամ վախի մթնոլորտ ստեղծելու։
Մասնակցության ուժը
Ինչու՞ Թայվանը հաջողության հասավ այնտեղ, որտեղ մյուսները ձախողվեցին: Ճիշտ է, դեռ չափազանց վաղ է հայտարարել, թե որևէ մեկը հաղթահարել կամ լիովին ընկալել է այս դեռևս զարգացող ճգնաժամը, բայց ակնհայտ է, որ համավարակի վաղ փուլերում Թայվանի ցուցաբերած մոտեցումը շատ ավելի արդյունավետ է եղել, քան Չինաստանինը, այլ ասիական և եվրոպական երկրներինը կամ Միացյալ Նահանգներինը:
Տեսականորեն Չինաստանն ու Միացյալ Նահանգները, որոնք արդյունաբերության փորձագետ, ծագումով Թայվանից Քայ Ֆու Լին անվանել է «արհեստական բանականության գերտերություններ (“AI superpowers”), բարդ, արագ փոփոխվող խնդիրներ լուծելու ավելի լայն հնարավորություններ պետք է ունենային` հաշվի առնելով, որ նրանք ունեն լավագույն համակարգիչները, որոնցով գործարկվում են արհեստական բանականության ամենաբարդ ծրագրերը: Բայց արի ու տես, որ փոքր Թայվանը գերազանցեց նրանց երկուսին էլ` շեշտը դնելով ոչ միայն մեքենայական ուսուցման վրա, այլև` սոցիալական ներգրավվածության վրա հիմնված համաձայնեցվածության։
Հնարավոր է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների արհեստական բանականության զարգացվածությունն իրականում խոչընդոտ է դարձել այդ պետությունների համար: Երկու երկրներն էլ արհեստական բանականության ապագայի տեխնոկրատական, վերևից ներքև կառավարվող տեսլական ունեն, որի փոքր «թվային» ընտրախավը` մի քանի տեխնոկենտրոններում կենտրոնացած և բնակչության մնացած մասի մտահոգություններին անհաղորդ, թվային գործիքներ է ստեղծում բնակչության այդ մնացած մասի համար: Եվ թեպետ մի դեպքում ընտրախավի կենտրոնը Կոմունիստական կուսակցությունն է, իսկ մյուս դեպքում` Արևմտյան ափի (West Coast) տեխնոկենտրոնները, տրամաբանությունը նույնն է:
Այս տիպի տեխնոկրատիաների խնդիրներից մեկն այն է, որ, չնայած նրանք արդյունավետ կերպով մշակում և տարածում են տեղեկությունը, անհեռատես են դառնում համատեքստի և դրդապատճառների հարցում: Թե՛ Չինաստանի, և թե՛ Միացյալ Նահանգների տեխնոլոգիական ընտրախավերը սկզբում դժկամությամբ ընդունեցին, որ բժշկության պես հեռու ոլորտի խնդիրները կարող են այդքան կարևոր լինել: Անգամ երբ խնդիրը հայտնվեց նրանց ռադարների էկրաններին, ընտրախավերի նեղ բնույթը նրանց թույլ չէր տալիս տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում` իրենց գործունեության նեղ շրջանակից դուրս:
Ամենավառ օրինակը չինացի բժիշկ Լի Վենլիանգի դեպքն է, որը վիրուսի վտանգավորությունը ճիշտ գնահատած առաջին մարդկանցից մեկն էր: Սկզբում ոստիկանությունը հանդիմանում էր բժշկին, իսկ մահվանից հետո նրան դասեցին ազգի նահատակների շարքին: Ընտրախավերի անհեռատեսությունն ակնառու է նաև Միացյալ Նահանգներում, մասնավորապես` Alphabet հոլդինգին պատկանող Verily կազմակերպության թողարկած COVID-19 ախտորոշող հավելվածի անհաջող դեպքում: Սկզբում դրա հնարավորությունները գերագնահատվում էին, իսկ այժմ այն կորցրել է մեծամասնության վստահությունը տվյալներ կորզելու պատճառով, բացի այդ` պարզվում է, որ այն գործում է միայն Սան Ֆրանցիսկոյի նեղուցի շրջանում:
Ի հակադրություն այս ամենի` Թայվանի գործողությունները, որոնք հենվում էին թվային տեխնոլոգիաների լայնամասշտաբ ներգրավվածության և համայնքի կողմից համապատասխան թվային գործիքների մշակման վրա, արագ էին, դիպուկ և ժողովրդավարական: Թվային զարգացման ոլորտին քաղաքացիական մասնակցությունը խրախուսելով` Թայվանը շրջանցեց թե՛ տեխնոկրատիան, և թե՛ տեխնոֆոբիան` չկորցնելով հանրային վստահությունն ու ապահովելով երկկողմանի տեղեկատվահոսքը ճգնաժամի պայմաններում:
Թայվանի մոդելը
Թայվանի հաջողությունն ունեցել է մի քանի նախադեպ: Դրանցից մեկը գրանցվել է Միացյալ Նահանգներում, երբ 1941 թ.` Փըրլ Հարբորի վրա տեղի ունեցած հարձակումից հետո, արագ մոբիլիզացիա կատարվեց: Պետությունը հիմնովին փոխեց իր քաղաքականությունը և գերազանցեց ավելի կենտրոնացված Գերմանիային, Ճապոնիային, իսկ ավելի ուշ` նաև Սովետական միությանը` շնորհիվ արդյունաբերական և տեխնոլոգիական նորարությունների, որոնք կատարվել էին կառավարության ու հանրության համատեղ ջանքերով: Թե՛ այդ ժամանակաշրջանի ԱՄՆ-ի, և թե՛ ներկայիս Թայվանի հաջողության գրավականը մեկն է. հանրության շրջանում արթնացնել համատարած ցանկություն` լինելու թշնամու դեմ զենքերի ստեղծողը, այլ ոչ թե միայն սպառողը` անկախ նրանից, թե թշնամին մեկ այլ պետության բանակն է, թե մահացու վիրուս: Ճգնաժամային իրավիճակում այս պարզ ճշմարտությունը չգիտակցելով` պետություններն անտեսում են իրենց ամենաարժեքավոր ռեսուրսը:
Թայվանը դրսևորել է միևնույն որակները նաև այլ մարտահրավերնի հետ առերեսվելիս: Օրինակ` այնտեղ տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունները կարելի է համարել թվային ապատեղեկատվության նկատմամբ ժողովրդավարության տարած ամենափայլուն հաղթանակն աշխարհում: Բախվելով աշխարհի մասշտաբով ամենամեծ ապատեղեկատվական հոսքին (որը հիմնականում գալիս էր Չինաստանից)` Թայվանը գործի դրեց հանրության կողմից ստեղծված և ղեկավարվող հարթակները, որոնք նախատեսված էին կամավորական հիմունքներով տեղեկության տարածման համար, և դրանք օգտագործեց` կեղծ հայտարարությունների ստուգման և հերքման համար: Ընտրություններին ընդառաջ քաղաքացիները նաև համատեղ ջանքերով մշակեցին և կարճ ժամկետներում շահագործման հանձնեցին մեդիագրագիտության նոր ծրագիր: Պեկինի հովանավորությունը վայելող պոպուլիստ թեկնածուն 20 տոկոսի տարբերությամբ պարտվեց ընտրություններում:
Թայվանը նմանատիպ հաջողություններ է գրանցել նաև բազմաթիվ այլ ասպարեզներում. ապահովել է գաղտնիությունը և միևնույն ժամանակ թույլ տվել հանրությանը «տվյալների բազաներ» ստեղծել` այսպիսով հավասարակշռություն պահպանելով երկու բևեռների միջև, համապատասխանել էկոլոգիական բարձրագույն ստանդարտներին և նվազեցրել արտանետումների քանակը, պաշտպանել «գիգ տնտեսության» («gig economy») աշխատողների շահերը` առանց նորարարական թվային տեխնոլոգիաների զարգացումը խոչընդոտելու, և խրախուսել քաղաքացիական մասնակցությունը ստեղծագործական աշխատանքներում և ընտրական գործընթացներում:
Թայվանի նոր ձևավորվող մոդելի ներուժը չի սահմանափակվում ներկայիս ճգնաժամային իրավիճակով։ Տեխնոլոգիական զարգացման մասին բանավեճերի կենտրոնում սովորաբար միջազգային հեղինակության համար պայքարող երկու առաջատար հակառակորդներն են` Չինաստանի տեխնոկրատական-հեղինակազոր պետական վերահսկողությունն ընդդեմ Միացյալ Նահանգների կորպորատիվ-կապիտալիստական մոտեցման: Թայվանն առաջարկում է երրորդ տարբերակ, որն իր գաղափարախոսությամբ կգրավի ժողովրդավարական հասարակությունների, այդ թվում` Միացյալ Նահանգների ուշադրությունը: Ձախերը դրական կգնահատեն այն հանգամանքը, որ «g0v» քաղաքացիական հաքերների շարժումը ձևավորվել է «Արևածաղիկների շարժման» հետ համագործակցությունից. վերջինս Թայվանի արձագանքն էր «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» (Occupy Wall Street) շարժմանը (ի տարբերություն «Գրավի՛ր…»-ին` «g0v»-ը ի վերջո «Արևածաղիկների շարժմանն» ապահովեց այն գործիքներով, որոնք անհրաժեշտ էին Թվային տեխնոլոգիաների նախարարությունում իրենց ինստիտուցիոնալ դիրքերն ապահովելու համար): Միևնույն ժամանակ ցույց տալով, թե ինչպես աչքի չզարնող, երիտասարդ և անկազմակերպ ժողովրդավարական համակարգը կարող է բարգավաճել Պեկինի աճող հեղինակազորության (ավտորիտարության) ստվերում, Թայվանը տրամադրում է մի օրինակ, որը պետք է որ գրավի Չինաստանի աջական բազեների ուշադրությունը:
Թայվանն այլընտրանք է առաջարկում և՛ Չինաստանի «վերևից ներքև» իրականացող պետական վերահսկողությանը, և՛ գովազդով առաջնորդվող արևմտյան տեխնոհսկաներին: Այն օգտագործում է տեխնոլոգիաները որպես ժողովրդավարական ստեղծարարության գործիք (ի տարբերություն Եվրոպայի, որը կենտրոնանում է միայն պետական վերահսկողության վնասակար հետևանքները սահմանափակելու վրա): Եվ այս կերպ Թայվանը ձևավորել է մի մոդել, որը ոչ միայն մեծ հույսեր է ներշնչում կորոնավիրուսի դեմ ներկայիս պայքարում, այլ նաև լուսավորում տեխնոլոգիաների` մեզ սպառնացող մռայլ ապագայի պատկերը:
Թարգմանիչ՝ Լուիզա Մխիթարյան (Luiza Mkhitaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: