«Ինլայթը» ներկայացնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված հարցազրույցների շարք:
Հարցազրույց խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի հետ
Պարոն Համբարձումյան, խաչքարագործությամբ սկսել եք զբաղվել 27-28 տարեկանում: Մինչ այդ ինչո՞վ էիք զբաղվում, ինչպե՞ս որոշեցիք խաչքարագործությամբ զբաղվել:
Ես խաչքարագործությունը չեմ համարում մասնագիտություն, որովհետև խաչքար պատրաստելու ցանկություն ամեն հայի հոգու մեջ կա: Շատ քիչ մարդիկ կան,որ քանդակագործ են, նկարիչ են… պարտադիր չէ ունենալ հատուկ մասնագիտություն` խաչքար պատրաստելու համար, որովհետև մեր երեխաները պտուտակիչը սրում են, խաչեր են փորում պատերի վրա: Համենայն դեպս, մեր ժամանակ այդպես էր: Չկար մի երեխա, որ չուզենար քարի վրա խաչ փորել: Մեր ժողովրդի մեջ, կարծես, ի վերուստ Աստված դրել է խաչ փորելու ցանկություն: Խաչքարը կարծես Աստծո կնիքը լինի Հայաստան հողի վրա` որպես առաջին քրիստոնյա ժողովրդի: Իմ կարծիքով խաչքարը մեր պատկերացումներից բարձր է կանգնած, որովհետև մարդը երբեմն չի կարողանում քահանային խոստովանել մեղքերը, բայց խաչքարի առաջ կարողանում է, թաքուն պատմում է խաչքարին իր գործած մեղքերի մասին կամ առողջություն է խնդրում: Երբեմն գնում են և խաչքարի մոտ զոհաբերություն են անում, բժշկություն են խնդրում կամ գործերի հաջողություն, մեղքերի թողություն: Շատ հետաքրքիր, հոգևոր արժեք է: Պարզ է, գործիքները, մոտեցումը քանդակագործի հմտությունն է: Ես դա նմանացնում եմ պատարագի ընթացքում լսվող նոտաներին և երաժշտությանը. դա սիմֆոնիա չէ, աղոթք է` երաժշտության միջոցով: Նույն կերպ խաչքարագործությունն աղոթք է` քանդակի միջոցով:
Ինձ մոտ տպավորություն է, որ կարծես անհիշելի ժամանակներից ես զբաղվում եմ խաչքարագործությամբ (ծիծաղում է, ավ. հատ.): Մութ ու ցուրտ տարիներին մարդիկ վաճառում էին փչացած հեռախոսի լսափող, կողպեք, ծռված մեխ և այլ իրեր: Այդ օրերին բակի երեխաներով հավաքվեցինք ու սկսեցինք խաչ քանդակել: Մասնագիտությամբ ես հագուստի մոդելավորող եմ, բայց խաչքարագործությամբ եմ զբաղվում:
Ես փորձեցի դպրոց հիմնել խաչքարագործության, բայց հետո հասկացա, որ անհնար է. այն որևէ շրջանակների մեջ չի հավաքվում, կանոնների չի ենթարկվում:
Շատ երեխաներ մոտեցան ինձ, կամաց-կամաց մաղվեցին, մնացին հատիկներ: Խաչքարը ես երբեմն նմանեցնում եմ բժշկի, որովհետև առողջություն են խնդրում իրենից, երբեմն դատավոր է դառնում, գնում, ասում են` ինձ սխալ են դատել, դու դատիր ինձ, Տե՛ր Աստված: Խաչքարը և´ հոգեբան է, և´ քահանա, և´ զինվոր:
Ի՞նչ է Ձեզ համար խաչքարագործի աշխատանքը, ի՞նչ է տալիս Ձեզ այն, ինչու՞ եք ձբաղվում այս գործով:
Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ ոչ թե ես եմ իրեն պատրաստում, այլ ինքն է ինձ պատրաստում (ծիծաղում է, ավ. հատ.), որովհետև խաչքար պատրաստելով՝ դու էլ ես տաշվում, դու ինքդ ես մաշվում, ինքդ ես սկսում հասկանալ հոգևոր արժեքները:
Երբեմն այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես ցանկություն կա ինչ-որ բան ասելու:
Մեր հին խաչքարերը կարծես սերմի հատիկ լինեին, բայց հետո սերմը պատռվեց, շրջանակը, կճեպը պայթեց և ներսից դուրս եկավ: Մեր խաչքարագործները կարծես ասելիք ունեն խաչի միջոցով: Այն ժամանակ էլ կար խոսքը, բայց շատ «կանոնիկ» էր, ինչպես օրինակ, կրոնը և հավատը: Կրոնը «կանոնիկ» է, իսկ հավատքի մեջ ժայթքում կա խոսքի, ասելիքի, որը գուցե, բնորոշ է մեր օրերին: Խաչքարով, կարծես, խոսվում է հայ ժողովրդի բնույթի և բնավորության մասին, իսկ ընդանհրապես հոգևոր արժեքների մասին խոսելիս պետք է զգույշ լինել, որպեսզի ակնածանքը չկորչի:
Ի սկբանե աշխատել եք Արամի”Կողբացի փողոցների խաչմերուկի մոտ գտնվող արհեստանոցու՞մ: Անցորդները հավանաբար ուշադիր դիտում են, թե ինչպես եք աշխատում: Ի՞նչ արձագանքներ եք ստանում, որևէ հետաքրքիր դեպք հիշու՞մ եք:
Շատ դեպքեր են եղել, ծանր տարիներից մինչև մեր օրեր… Այդտեղով այնքան մարդիկ են անցել, կանգնել, զրուցել: Հիշողությունները շատ”շա՜տ են: Մի անգամ՝ ծանր տարիներին, մի հայտնի մարդ հարձակվեց, ասում էր` ի՞նչ եք անում, ասացի` բայց ի՞նչ եմ անում: Ասաց` չգիտեք, որ աշխարհի վերջն է, ասացի` ո՞նց աշխարհի վերջն է… Խոսեցինք ու պարզվեց, որ եհովայի վկաների խելքին էր ընկել և այդ ծանր օրերը, կարծում էր, Արմագեդոնն է, աշխատել պետք չէ և այլն: Հետո մենք զրույցի բռնվեցինք, և վերջում նա ասաց` ի՜նչ լավ է, որ այստեղով անցա, իսկապես շեղվել էի: Ասում էի` վերջ չկա. մեզ է թվում, թե վերջն է: Ինչպես ասում են` մահից հետո նոր կյանք: Հետո մուրճի ձայնը այնքան կյանք էր լցնում այդ օրերին, երբ մեքենա չկար, ձայն չկար: Քանդակի մուրճի ձայնը աղմկոտ չէ, գեղեցիկ ձայն է, ռիթմ կա մի փոքր և այդ օրերին հաճելի էր:
Շատերը գալիս կանգնում և երկար ժամանակ նայում էին: Այդ հատվածում աշխատում էի 1990 թվականից սկսած, իսկ հիմա Պաշտպանության նախարարությունում եմ աշխատում:
Վարպետ, ինչպե՞ս են ծնվում էսքիզները. չէ որ ոչ մի խաչքար նման չէ մյուսին:
Ձեռագիր կա, բնավորություն կա… Հիմա նստած եմ, դիմացս Արարատ սարն է, բայց ամեն մեկը մի բան է խորհում նայելիս: Նույնը այստեղ է:
Ամեն մեկը իր խառնվածքն ու բնավորությունն է դնում աշխատանքի մեջ: Ես, օրինակ, իմ իմացած վարպետներին ձեռագրով ճանաչում եմ, միանգամից հասկանում եմ, որ սա այս մարդու աշխատանքն է, որովհետև բնավորությունը դնում են գործի մեջ:
Մի խաչքար քանդակելու համար որքա՞ն ժամանակ է պահանջվում:
Կախված է ծավալից, բարդությունից, տրամադրությունոց: Անցյալ տարի մի նուռ քանդակեցինք թուր-խաչով: Միայն նուռը 15 տոննա էր կշռում, շատ մեծ գործ էր, և բանակը մեզ տանկ տրամադրեց` այդ նուռը տեղափոխելու համար: Հիմա այն ՊՆ”ում է տեղադրված: Այդ հսկա աշխատանքը մեկ ամիս էլ չտևեց, շատ մարդիկ մասնակցություն ունեցան աշխատանքին: Սփյուռքից մարդիկ երբ անցնում էին, հարցնում էին` ի՞նչ է սա, վարպետ, ասում էի` կուզե՞ք աշխատել վրան, ասում էին` այո՛: Եվ այսպես շատերը մասնակցեցին աշխատանքին: Դա ավելի շատ կոմպոզիցիա էր, քան խաչքար. նուռն էր, թուր-խաչերն էին, Արցախը և Հայաստանը ուս-ուսի տված: Նուռը հայ ժողովուրդն էր` մեր լավով, վատով, հանճարով…
Հիմա մի աշխատանք եմ անում, շատ ծավալուն գործ է: Կոչվում է «Արևամանուկ»: Մանուկ է` արևը գրկած, երկրագունդն էլ կլինիկական մահի մեջ է, հասարակածի տեղում էլեկտասրտագրություն է: Մինչև մարդն իր հոգու մեջ երեխա չունենա, այս աշխարհը չի վերականգնվի: Մանուկն արդարության, անկեղծության խորհրդանիշ է: Հենց այդ մանուկը, որին արևը չի այրում, պիտի փրկի աշխարհը: Մոտավորապես 7 մետր է կոմպոզիցիան, հսկայածավալ աշխատանք է պահանջվում, բայց մի քիչ դանդաղ է առաջ գնում: Հուսով եմ` այս տարի կավարտենք:
Սահմանապահ խաչքարերեր են տեղադրված զորամասերի մոտ: Կմանրամասնեք` ի՞նչ են սահմանապահ խաչքարերը, ինչու՞ են դրանք տեղակայված զորամասերի մոտ:
Կան մարդիկ, ովքեր կարծում են, թե քրիստոներությունը, խաչը խեղճ ու կրակ մարդկանց համար են: Նրանք չեն պատկերացնում քրիստոնեության ուժը, չեն պատկերացնում, որ բարին է ուժեղը: Սովետական միության տարիներին աթեիստները ծաղրում էին քրիստոնեությունը, հավատը, դեմ էին Աստծուն: Քրիստոնեությունը, խաչքարերի մասին պատկերացումները խեղաթյուրված էր մարդկանց մատուցվում: Խաչքարերը հաճախ ներկայացվում էին որպես մահարձաններ: Կապեցին մահվան հետ, իբր գերեզմանաքար է և մարդկանց մոտ տպավորություն էր, որ խաչքարը լացուկոծի, սգի համար է: Ես փորձում էի ցույց տալ, որ քրիստոնեությունը ուժեղ և բարի մարդկանց համար է: Շատ հաճախ մարդիկ քրիստոնյա չեն դառնում, որովհետև շահեկան չէ, վախենում են կամ քծնող են, փողամոլ և այլն: Այսինքն՝ ուժը այլ բաների մեջ են տեսնում:
Ես ուզում էի ցույց տալ, որ թուր վերցնողը թրով կընկնի, ինչպես գրված է Ավետարանում, սուր վերցնողը սրով կընկնի: Ուզում էի ոգևորող, քաջալերող մի բան անել զինվորների համար, որովհետև սահմանին մայրը, հայրը, հորեղբայրը… իր հետ չեն, ինքն է և իր Աստվածը:
Երկար տարիներ առիթ եղավ զոհված ազատամարտիկների ծնողների հետ շփվելու: Մի տեսակ խեղճացած էին նրանք, չէին գիտակցում, որ հերոսի ծնողներ են, հպարտ չէին քայլում: Պատկերացնու՞մ եք` հայրենիքի համար զոհված հերոսի ծնողը լինի խեղճ ու կրակ: Ես ավագ ընկեր ունեի` Գևորգ Համբարձումյանը, որ զոհվեց: Խաչքարի հետ աշխատելու տեխնիկան իրենից եմ սովորել, լուսահոգի տղամարդ էր: Գաղափարը իրենն էր, նա մի անգամ օգտագործեց, իսկ հետո զոհվեց Ղարաբաղում: Սերմը, այսինքն, իրենն էր: Ես իմ լավագույն մտքերը, գործերը չեմ համարում անձնական. անձնական ճշմարտություններ չկան: Ճշմարտությունները անանձնական են լինում, աստվածային: Երբ Նարեկացին գրում էի, չէր գրում սրբանալու համար, այլ գրում էր օգնելու, հուշելու համար: Մենք նրան սրբացրինք: Վեհ մտքերը օգտագործում են որպես գեղեցիկ խոսքեր, բայց դրանք պետք չէ անգիր անել: Այդ մտքերը հուշում են, որ ճիշտ քայլես, որ գնաս դեպի լույսը, չմոլորվես: Ես, օրինակ, որովէ մեկի անձնական իրը չեմ կարող սիրել, որովհետև ճշմարտությունը բոլորին է պատկանում: Այն, կարծես, մոռացված և կորսված մի բան է: Եթե մի բան վերցնում, սեփականացնում ես, եթե մի բան բռնում ես, դա արդեն կորցում ես, որովհետև ամեն ինչ շարժման մեջ է ապրում: Եվ հետո, դոգմաներ չկան, այսօրվա ճիշտը կարող է սխալ լինել վաղվա համար: Հերոսները ժամանակի մեջ են հերոս, այդ պահին: Եթե դու ճիշտ պահին հերոսություն ես անում, մեկ ուրիշը դա անի մի քանի օր անց, գուցե, ծիծաղելի թվա: Ամեն ինչ կախված է պահից:
Սկզբունքայի՞ն է խաչ”թուր մասնիկի առկայությունը խաչքարի վրա:
Երբ սկսել էի այդ գործը, մտածում էի` փոխանակ ավտոմատ շատացնենք, տանկ շատացնենք, քար ենք տանում:
Բայց մի անգամ զորամասերից մեկից մի զինվոր զանգեց, ասաց` վարպետ, բա մեր թուր-խաչը ե՞րբ ես բերելու: Պահանջ դարձավ: Ես միշտ ասում էի` ամենամեծ հուշակոթողը դուք եք, սա քար է, մենք ենք ուժ տալիս քարերին և սրբացնում: Եթե մենք նրան չսրբացնենք, նա կմնա որպես քար: Ես չեմ սիրում կուռքեր, պաշտամունքներ, ես սիրում եմ հավատալ կյանքով: Խաչքարն ինձ համար կուռք չէ, կենդանի օրգանիզմ է: Այն չի կարող մարդուց թանկ լինել, ամենաթանկ արժեքը մարդն է, նրա հոգին: Երբ մարդ երեսը դարձնում է դեպի Աստված, այնքա՜ն է սիրունանում: Իհարկե, ոչ ոք չգիտի, թե դա որ կողմն է (ծիծաղում է, ավ. հատ.), բայց պետք է կարողանանք գտնել այն մեր հոգու մեջ: Ամենաճշմարիտ Աստվածը այն Աստվածն է, որ ապրում է անհատի հոգու մեջ: Ես այդ Աստծուն եմ սիրում: Չի կարող եկեղեցի չլինել, որովհետև պետությունը զուտ հավատով չի կարող կառավարել ժողովրդին, պիտի օրենքներ ստեղծել:
Կա Աստծու ժողովուրդ, ես այդպես եմ հասկանում, որոնք նման են իրար: Եթե աչքի անցկացնենք Տոնինո Գուերրայի հարցազրույցները, կթվա, թե հայ է խոսում: Ես փոքր ժամանակ մտածում էի, թե Շեքսպիրը հայ է. այնքան հարազատ էր: Թումանյանը չէր գրում միայն հայերի համար, ամբողջ աշխարհն է կարդում նրա ստեղծագործությունները: Կան հայեր, ովքեր ասում են, թե խաչքարը մեռելի քար է, բայց գալիս է մի ֆրանսիացի և այնքան է հավանում ու սիրում այդ քարը, որ իրենն է դառնում: Ի վերջո, մենք էլ ենք ինչ-որ մեկին պատկանում, որ անուն չունի (ծիծաղում է, ավ.հատ): Արարիչ ենք ասում, որպեսզի հասկանալի լինի:
Իսկ ի՞նչ նշանակություն ունեն խաչքարի վրա քանդակված պատկերները, զարդանախշերը: Դրանք սիմվոլնե՞ր են, և ինչպե՞ս են ընտրվում:
Դա արդեն կապված է գիտության հետ: Իմ պատկերացմամբ դա մուսայի պես մի բան է: Ամեն ինչ չես կարող բացատրել:
Ես ամենամեծ խորհուրդը դնում եմ գեղեցկության, համաչափության, ներդաշնակության մեջ: Ինչպե՞ս է քաոսը վերածվում երաժշտության, աղմուկը` ռիթմի: Նույն ձևով էլ զարդանախշերը:
Կան որոշակի կանոններ, որոնք պահպանել է պետք, բայց կարող ես նաև խախտել, իսկ դրա համար ուժդ պիտի պատի: Գոյություն ուներ գծի վարպետություն, ֆորմայի զգացողություն, բայց եկան էն իմպրեսիոնիստները և ասացին` ի՞նչ գծի վարպետություն, ի՞նչ կուլտուրա: Իրենց ձևով ասացին իրենց ասելիքը: Այսինքն՝ կան կանոններ, որոնք կարող են խախտվել, բայց միևնույն ժամանակ մնալ ներդաշնակության մեջ:
Պարոն Համբարդձումյան, ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր առաջին քայլերն են անում խաչքարագործության մեջ:
Եթե խորհուրդ չտաս, մեծ խորհուրդ տված կլինես: Երբեմն շատ կարևոր է խորհուրդ չտալը, որովհետև այսօր բոլորը խորհուրդ են տալիս: Այսօր բոլորը խելոք են, խելացի են, բարի են, և մտածում ես` տեսնես ո՞վ է աշխարհի անխելքը: Երբեմն ցանկություն է առաջանում հանդիպել անխելք մարդու և զրուցել, օրն այդ մարդու հետ անցկացնել: Ես, օրինակ, հոգնել եմ արդեն այդ խելացիներից, խորհուրդ տվողներից:
Սովորեցնելը մեկ այլ բան է, բաներ կան, որ պիտի փոխանցես, ասես: Խորհուրդ չտալն է դժվար:
Հարցազրույցը վարեց՝ Աննա Մանուկյանը © Բոլոր իրավունքները պաշտպանված են: