Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության Գերմաներենի թարգմանչուհի Արմենուհի Եղիազարյանի հետ
Ինչպե՞ս դարձաք «Ինլայթ» հասարակական կազմակերպության անդամ։ Որտեղի՞ց եք իմացել «Ինլայթ»-ի մասին։ Ի՞նչն է այստեղ առաջին հայացքից Ձեզ գրավել:
«Ինլայթ»-ին միացել եմ 6 ամիս առաջ։ Առաջին մասնագիտությամբ թարգմանիչ եմ, և երբ համացանցից տեղեկացա, որ «Ինլայթ»-ին անհրաժեշտ են թարգմանիչներ, հաճույքով դիմեցի և մուտք գործեցի «Ինլայթ»-ի մեծ ընտանիք։ Այս հարթակում տեղ գտած հոդվածները շատ բազմազան են ու հետաքրքիր, և անպայման կգտնես քեզ հետաքրքրող թեմա։
Ի՞նչ է Ձեզ տալիս «Ինլայթ»-ում կամավորությունը։ Ի՞նչ առանձնահատկություն ունի վերջինս որպես հասարակական կազմակերպություն:
Կամավորության շրջանակներում հնարավորություն եմ ստանում օտարալեզու հոդվածները հասանելի դարձնելու հայ ընթերցողներին, իսկ մեր արտասահմանցի ընթերցողներին` որոշ չափով ներկայացնելու Հայաստանի քաղաքական անցուդարձը։
Ի՞նչ խնդիրների եք հանդիպել սկզբնական շրջանում, ինչպիսի՞ն է կապը «Ինլայթ»-ի մյուս անդամների հետ։ Արդյո՞ք աշխատանքի ընթացքում բախվում եք խոչընդոտների:
Քանի որ ես Հայաստանում չեմ գտնվում, ինձ համար մի փոքր բարդ է «Ինլայթ»-ի առօրյայում ամբողջապես ներգրավված լինելը։ Սակայն փորձում եմ կապի մեջ մնալ հեռահար միջոցներով։
Եթե հանդիպեք մի մարդու, ով ոչինչ չգիտի «Ինլայթ»-ի մասին, որո՞նք կլինեն այն երեք բառերը, որ կնկարագրեն կազմակերպությունը:
Գունավոր, հետաքրքիր, վերլուծական։
Ինչի՞ մասին էր Ձեր թարգմանած վերջին նյութը։
Իմ կատարած վերջին թարգմանությունը 1968թ․ տեղի ունեցած ուսանողական շարժման առաջնորդներից մեկի՝ Ռուդի Դուշկըյի հարցազրույցն է Ժակ Ռուպնիկի հետ։
Ի՞նչ խորհուրդ կտաք «Ինլայթ»-ում պրակտիկա անցնող թարգմանիչներին։
«Ինլայթ»-ը պատրաստակամ է օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նոր բան սովորել ու ինքնազարգանալ։ Այն տրամադրում է ռեսուրսների ահռելի ծավալ, մնում է միայն հասցնել ու կարդալ։ Փորձեք օգտագործել ընձեռված բոլոր հնարավորություններն ու վայելեք։
Այժմ Հայաստանում երիտասարդները նոր լեզուներ սովորելու մեծ ձգտում ունեն։ Ըստ Ձեզ` ի՞նչ առավելություններ է լեզուն տալիս մարդուն։
Մի շատ հայտնի խոսք կա․ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Եվ իրոք դա այդպես է։ Ամեն անգամ նոր լեզու սովորելիս կարծես քո մեջ մի նոր «ես» է ծնվում։ Լեզուները փոխելիս փոխվում են նաև քո մտածելակերպը, հոգեվիճակը, հոգեպես հայտնվում ես տվյալ լեզվի մշակույթում։ Դառնում ես ավելի հանդուրժող, սկսում ես ավելի լավ հասկանալ մարդկանց։ Քո առջև բացվում է անսահման ինֆորմացիայից օգտվելու հնարավորություն։ Դու կարողանում ես ֆիլմերը, սերիալները նայել, իսկ գրքերը կարդալ իրենց լեզվով, և շատերն ինձ հետ համակարծիք կլինեն, որ դրանից հաճելի ու հոգին շոյող երևույթ չկա։ Մի խոսքով` օտար լեզու սովորելուց վնաս չկա 😉
Ո՞րն է «Ինլայթ»-ի կարգախոսը և ինչպե՞ս կմեկնաբանեք այն։
«Ինլայթ»-ի կարգախոսն է՝ «համարձակվի՛ր մտածել» (dare to think)։ Սա մի կողմից պարզ, բայց և մյուս կողմից բավականին խորը և մտածելու տեղիք տվող կարգախոս է։ Անհրաժեշտ է պարզապես մտածել, գաղափարներ ձևավորել և այնուհետև ձգտել այդ գաղափարների իրագործմանը։ Պետք է վստահել սեփական ուժերին, զինվել համբերությամբ, և ցանկացած միտք ու գաղափար, որ կա քո գլխում երազանքից կվերածվի իրականության։
Հարցազրույցը վարեց Ինգա Շիրակյանը