«Թեզ գրելու ուղեցույց, որն ուղեցույց է նաև կյանքի համար»

«Ինչպես գրել թեզ» աշխատության մեջ Ումբերտո Էկոն ուսանողներին պատմում է շարունակական հետազոտություն կատարելու վարպետության և պարգևների մասին։ Լուսանկարի հեղինակ` Մարտին Ֆրանկ

Ումբերտո Էկոյի «Ինչպես գրել թեզ» աշխատությունը իտալական գրապահարաններում առաջին անգամ հայտնվեց 1977 թվականին։ Կենսախինդ փիլիսոփա և վիպասան Էկոն, ով ավելի հայտնի էր նշանագիտության վերաբերյալ իր աշխատություններով, այս աշխատանքը գրելու համար ուներ գործնական պատճառներ։ Իտալիայում մինչև 1999 թ․ յուրաքանչյուր ուսանողից պահանջվում էր գրել բակալավրի ավարտական հետազոտական թեզ։ Թեզի պատրաստման հետ կապված իր մտքերը ի մի բերելը իրեն կազատեր ամեն տարի ուսանողների համար միևնույն խորհուրդները կրկնելու անպատեհությունից։ «Ինչպես գրել թեզ» գիրքն իր տպագրման օրվանից ի վեր Իտալիայում ունեցել է 23 հրատարակություն և թագմանվել է առնվազն 70 լեզուներով։ Գրքի առաջին անգլերեն տարբերակը հասանելի է այսօր Մոնգեյթ Ֆարինայի և Ջեֆ Ֆարինայի համատեղ թարգմանությամբ։

Մենք անգլախոս աշխարհում 37 տարի գոյատևել ենք առանց «Ինչպե՞ս գրել թեզ» աշխատության։ Ինչու՞ մտահոգվել այդ մասին հիմա։ Ի վերջո, Էկոն թեզի ստեղծման իր այս ձեռնարկը գրել է խոսքի տարածման և համացանցի ի հայտ գալուց առաջ։ Այնտեղ կան երկար հատվածներ՝ նվիրված հետաքրքրաշարժ տեխնոլոգիաներին, ինչպիսիք են նշումների թերթիկները, հասցեների գրքույկները, ստույգ  ռազմավարություններն առ այն, թե ինչպես հաղթահարել տեղական գրադարանների սահմանափակումները։ Բայց գրքին վերաբերող մշտական բողոքն այն է, որ աշխատությունը շատ քիչ է համապատասխանում բակալավրի աստիճանի պահանջներին, և որ այն կարող է հետաքրքրել միայն նրան, ով էլեկտրոնային նամակից երկար որևէ բան գրելու կարիք չունի։ Փոխարենը, բանն այն է, որ Էկոյի խանդավառ և հաճախ զվարճալի թվացող գրքում թեզը ներկայացված է որպես ինքնաիրացման կախարդական գործընթաց, աշխարհի հետ զգույշ և հետաքրքիր մի կապվածություն, որը չպետք է ավարտվի, երբ դեռ քո վաղ քսանամյակում ես։ «Ձեր թեզը նման է ձեր առաջին սիրուն․ դժվար է լինելու մոռանալ նրան»,-կանխագուշակում է Էկոն։ Էկոն էնտուզիազմով փորձում է ցույց տալ, որ, տիրապետելով հին թեզերի պահանջներին ու արձանագրություններին, մենք մեզ պատրաստում ենք արտաքին աշխարհի՝ այն է՝ գաղափարների, փիլիսոփայությունների և բանավեճերի աշխարհի համար։

Էկոն իր գործունեությամբ մեծ ցանկություն է ունեցել ակադեմիական ոչ սովորական երևույթների մասին պատմել ընթերցողների լայն շրջանակի։ Նա գրել է գիրք գրականության տեսության մասին («Վարդի անունը»), գիրք՝ երեխաների համար, որը պատմում է իրենց ճակատագիրը որպես պատերազմական մեքենաներ գիտակցաբար մերժող ատոմների մասին(«Ռումբն ու գեներալը»)։

«Ինչպես գրել թեզ» աշխատությունը ծնվել է յուրաքանչյուր ուսանողին գրելու գործընթացի նկատմամբ մեծ սեր և ակնածանք հաղորդելու, ինչպես նաև ճշգրիտ և բովանդակալից գրվածք ստեղծելու հմտություններ փոխանցելու մեծ ցանկությունից։ «Ավելի արդար հասարակությունը»,-գրում է Էկոն գրքի սկզբում,-«կլիներ այն հասարակությունը, որտեղ իրական ձգտումներ ունեցող յուրաքանչյուր անձ աջակցություն կստանար պետության կողմից՝ անկախ իր ծագումից կամ ունեցած ռեսուրսներից։ Մեր հասարակությունն այնքան էլ այս տրամաբանությամբ չի գործում։ Սովորաբար առկա լավագույն ուսումնական ծրագրերի շահառուները արտոնյալ ուսանողներն են, ովքեր նախաձեռնում են և հետո հեշտորեն սահում թեզ գրելու գործընթացում»։ 

Էկոն պատմում է ուսանողներին շարունակական հետազոտություն կատարելու վարպետության ու դրա պարգևների մասին, ուրվագծումներ կատարելու նրբությունների, հետազոտության ընթացքում կատարած նշումները դասակարգելու տարբեր համակարգերի և, վերջապես, այն մասին, թե ինչ է հարկավոր անել, եթե կարծում եք, որ Էկոյի կողմից իբրև առաջին սեր սահմանվող թեզի վերաբերյալ այս բոլոր քայլերը ձեզնից առաջ մեկն արդեն կատարել է։ Նախագծի կենտրոնն ու ծայրամասը դասավորելու, ինչպես նաև յուրօրինակության ու հեղինակային ձեռագրի վերաբերյալ փիլիսոփայական մոտեցումների բազմաթիվ ռազմավարություններ կան։ «Աշխատեք ժամանակակից հեղինակի հետ այնպես, ասես նա հին շրջանի հեղինակ է, իսկ հին մեկի հետ՝ ասես ժամանակակցի։ Դուք ավելի շատ կզվարճանաք և ավելի լավ թեզ կգրեք»,-իմաստուն խորհուրդ է տալիս Էկոն։ Որոշ այլ առաջարկներ ժամանակակից ուսանողին կարող են թվալ ժամանակավրեպ, ինչպես, օրինակ, այն միտքը, որ հասցեների գրքույկ կարելի է օգտագործել աղբյուրները գրանցելու համար։

Բայց կան նաև հնաոճ մոտեցումներ, որոնք ավելի օգտակար կարող են լինել, քան երբևէ։ Էկոն խորհուրդ է տալիս օգտագործել, օրինակ, ինդեքս քարտերի համակարգ դասակարգումներ կատարելու համար, որը հնարավորություն կտա ուսումնասիրելու նախագծի հնարավոր հետագիծը։ Նմանօրինակ առաջարկները «Ինչպես գրել թեզ» աշխատությունը դարձնում են հրահանգների մի ձեռնարկ, որը մարդուն կօգնի գտնել կենտրոնը տեղեկատվությամբ գերբեռնված այս դարաշրջանում։ 

Դիտարկենք Էկոյի զգուշավորությունը՝ կապված «պատճենահանման ալիբիի» հետ․ «Ուսանողը պատճենում է հարյուրավոր էջեր ու դրանք տանում տուն, և այն ձեռքի աշխատանքը, որը անում է պատճենահանելիս, նրա մոտ առաջ է բերում այն տպավորությունը, թե ինքը տիրապետում է նյութին։ Այսինքն` ֆոտոպատճենների առկայությունն  ազատում է ուսանողներին նյութն իրապես կարդալուց։ Կուտակումների նկատմամբ  համաչափությունը պահելու անկարողությունը, տեղեկատվության նկատմամբ նեոկապիտալիստական վերաբերմունքը բնորոշ է շատերիս»։ Այժմ մեզնից շատերը տառապում են սրա արագացված տարբերակով, քանզի մենք անխնա կերպով նշում ենք տարբեր հղումներ կամ պահպանում ենք հոդվածներ «Instapaper»-ում՝ գոհ լինելով, որ հավաքել ենք տեղեկատվության այս ողջ պաշարը, թեև վստահ չենք, որ երբևէ ետ կգնանք և իրականում կզբաղվենք դրանցով։ (Էկոյի՝ ոչ լիովին օգտակար լուծումն այս խնդրին հետևյալն է․ կարդալ ամեն բան որքան հնարավոր է շուտ)։

Սակայն Էկոյի գրքում ամենից գրավիչն այն է՝ ինչպես է նա ներկայացնում ազնիվ, մտավոր ջանքերի արդյունքում ձևավորված համայնքը, որը ազատ, ժողովրդավար քննարկումների ոգով խոսակցությունների միջոցով, մուտք է գործում  որոշակի տարածության և ժամանակի մեջ՝ անկախ տարիքից կամ աստիճանակարգից։

Նա զգուշացնում է ուսանողներին, որպեսզի վերջիններս նարցիզմի ազդեցությամբ չհայտնվեն աբսուրդային իրավիճակներում․ դուք «խաբված հանճար» չեք պարզապես այն պատճառով, որ ձեզնից առաջ ուրիշ մեկը արդեն հանդիպել է հետազոտությանը վերաբերող միևնույն հարցերին։ Էկոն գրում է․ «Դուք պետք է հաղթահարեք ամաչկոտությունն ու զրույց սկսեք գրադարանավարի հետ, քանի որ  նա կարող է ձեզ տալ վստահելի խորհուրդ, որը կխնայի ձեր ժամանակը։ Պետք է նկատի ունենաք, որ գրադարանավարը (եթե չափից շատ հոգնած կամ նյարդային չէ) երջանիկ է, եթե հնարավորություն ունի ի ցույց դնելու իր հրաշալի հիշողությունն ու գիտելիքների մեծ պաշարը և իր գրադարանի հարստությունը, հատկապես, երբ այն փոքր է։ Որքան գրադարանը մեկուսի և անտեսված է, այնքան գրադարանավարը համակված  է չգնահատվածությունից առաջ եկած տխրությամբ»։

Էկոն անդրադառնում է այնպիսի փորձերի և անհանգստությունների՝ սկսած ղեկավար գտնելուց («Ինչպես խուսափել գիտական ղեկավարի կողմից շահագործվելուց») մինչև անինքնավստահության  դեմ մղած  պայքարը, որոնց անկասկած բախվել է թեկուզ մեկ անգամ թեզ գրած անձնավորությունը։ Ի վերջո այս գործընթացն ու պայքարն է, որ թեզը դարձնում է անառարկելի փորձառություն։ 

Երբ այն ամենը, ինչ սովորել էիք քոլեջում, արդեն անցյալում է, պատահաբար  վերցնելով մի հին տետր, հետաքրքրվում եք, թե ինչով էիք զբաղված այդ ողջ ընթացքում, քանզի ոչինչ չեք հիշում պոստմոդեռնիզմին վերաբերող ավարտական տարվա սեմինարից։ Թեզն է, որ մնայուն է և ապահովում է մի ժամանակ յուրացված գիտական հիմքերի առկայությունը, որոնք շարունակաբար ավելի հաստատուն են դառնում, և տասանամյակներ անց վերածվում, ասենք,  Վիլիամ Ֆոլկների ուշ շրջանի գործերի կամ «Հոթելինգի էֆեկտի», որոնց մասին մենք տարբեր քննարկումներ ենք ունենում բարի սեղանի մոտ։ (Ամբողջական պարզաբանում․ ես կասկածում եմ, որ երկրագնդի վրա որևէ մեկը կարող է մրցակցել ինձ հետ Ջոն Տրավոլտայի «Սպիտակ մարդու բեռը» ֆիլմի քննարկումներում՝ Բերկլիում անցկացրած այն հրաշալի գարնան շնորհիվ, որը ես նվիրեցի ռասսաների մասին սարսափելի ֆիլմերի ուսումնասիրությանը)։

Գիտնական Ֆրանչեսկո Էրսփամերը Էկոյի գրքի վերաբերյալ իր գրած նախաբանում պնդում է, որ «Ինչպես գրել թեզ» աշխատությունը շարունակում է մեծ արձագանք ունենալ ընթերցողների կողմից, քանի որ դիպչում է  մարդկային բուն էությանը։ Իհարկե, որոշակի հիմքեր կան հավատալու, որ ներկայիս մարդկության ճգնաժամը մասամբ պայմանավորված է նրանով, որ մենք  բավականաչափ չենք բացատրում և արդարացնում ինքներս մեզ։ Մինչ  քննադատները շարունակում են խստորեն քննադատել քոլեջների անհիմն բարձր վարձերը և խոսել քոլեջների անօգտակարության մասին, իսկ մենք ապրում ենք  մի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր գործողություն, որի կատարումը մեզնից խլում է հինգ րոպեից ավել ժամանակ, թվում է «երկարատև», լիովին հասկանալի է, որ քսանամյա զվարթ տարիքում թեզ գրելը կարող է թվալ ժամանակի վատնում կամ արտառոց զվարճալի և նույնիսկ եսասիրական զբաղմունք։

Եվ, քանի որ բարձրագույն կրթությունը ուղղորդվում է սպառման և վաճառքի հմտությունների տրամաբանությամբ, անձնական հաճույքի համար գիտությամբ զբաղվելը  կարող է տարօրինակ թվալ։ Նույնիսկ ուսումնարանական բյուրոկրատիայի տեսանկյունից թեզը օգտակար է որպես գնահատաման ուրույն եղանակ, ուսանողական նվաճումների չափանիշ, որը ընթեռնելի և գնահատելի է։ Միևնույն ժամանակ այն հիանալի հիշեցում է ծնողների համար, որ իրենց շրջանավարտ երեխան սովորել և որևէ բանի է հասել։ 

Բայց «Ինչպես գրել թեզ»-ը ի վերջո շատ ավելին է, քան ուսանողների նկատմամբ ուսումնարանի անշտապ հետապնդումը։ Գրելու և հետազոտություն կատարելու ձեռնարկները, ինչպիսիք են «Ոճի տարրերը», «Հետազոտական հմտությունները», և Թուրաբիանը առաջարկում են լավագույն հեռանկարը, որ կարող ենք ունենալ։ Դրանք ճշգրիտ են և սպառիչ, լի են արձանագրություններով և չափորոշիչներով, որոնք կարող են թվալ հավակնոտ և նույնիսկ տարօրինակ։ Էկոն կպնդեր, որ այս կանոնների ընդունումը,  թույլ է տալիս միջին վիճակագրական անձին մուտք գործել փաստարկների և քննարկումների իսկական տիեզերք։ Հետևաբար «Ինչպես գրել թեզը» միայն այն մասին չէ, թե ինչպես բավարարել կրթական տվյալ աստիճան ստանալու պահանջները։ Այն ավելին է։ Գիրքը պատմում է անհնար թվացող նախագծի վրա ջանք թափելու մասին՝ համեստորեն հաշվի առնելով այն փաստը, որ յուրաքանչյուր ոք կարող է մեզ որևէ բան սովորեցնել։ Այն մոդելավորում է ինքնազարգացման մի ուղի և առաջ բերում հավատ առ այն, որ ներքին ձայնդ քեզ չի խաբում։ 

Հետազոտական աշխատանքը յուրատիպ ներդրում է, որի վերադարձն անորոշ է և պայմանավորված է այն հանգամանքով, որ կյանքի վրա նրա ունեցած ազդեցությունը տեսանելի է դառնում միայն հետագայում։ Միգուցե վերջին անգամն է, երբ ձեր ամենաանմիտ գաղափարներներին  լուրջ են վերաբերվելու։ Յուրաքանչյուր ոք արժանի է այս զգացողությունն ապրելու։ Սա հատկապես ճիշտ է, երբ հաշվի ենք առնում բազմաթիվ ուսումնարանների՝ համեմատաբար ցածր թիվ կազմող իգական սեռի ներկայացուցիչների, առաջին սերնդի ուսանողների, փոքրամասնության ներկայացուցիչ ուսանողների դեպքերը, որոնց թեզերը ֆակուլտատիվ էին։ Այս ուսանողների համար հավելյալ դժվարություն էր ներկայացնում այն փաստը, որ  պետք է իրենց նկատմամբ լուրջ վերաբերմունք ձևավորեին, որպեսզի խնդրեին անծանոթ և գործնականում իրենց ուղղորդող մեկին խորհրդատվության համար։ 

Արժե մտածել այն մասին, ինչն Էկոն հիշատակում է որպես «արդար հասարակություն»։ Մենք նույնիսկ կարող ենք մտածել թեզի մասին, ինչպես Էկոն է ներկայացնում՝ որպես բաց մտածողողության, հոգատարության, խստապահանջության, հաճույքի մի ամբողջություն, որով պետք է սկսվի մեր ամեն առավոտը։ Խոսքը որևէ մեկին անյպիսի մի խնդիր հանձնարարելու մասին է, որը թվում է մեծ ու անհնարին։ Իսկ վերջում չեք հիշելու թեզը գրելու վերջին անքուն գիշերների, ձեր անհարմար կատակի, որը կսևացնի երախտագիտության էջը, որը երբևէ կարդալու են ընդամենը 4 հոգի, և ոչ էլ ձեր ղեկավարի հետ ունեցած անհաջող ավարտական լուսանկարի մասին։ Միայն կարող է հիշվել այն զգացությունը, որը կունենաք գերատեսչություններից մեկում ձեր թեզը ինչ-որ մեկին հանձնելու ու ամառային միջօրեին  դեպի հնարավոր ապահոված կյանք քայլելու պահին։ Ահա դա դժվար կլինի մոռանալ։

Բնօրինակի հեղինակ՝ Hua Hsu, The New Yorker


Թարգմանիչ՝ Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: