Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության անգլերենի խմբագիր Մարինե Մարգարյանի հետ:

Ինչպե՞ս դարձաք «Ինլայթ» հասարակական կազմակերպության անդամ։ Որտեղի՞ց եք իմացել «Ինլայթ»-ի մասին։ Ի՞նչն է այստեղ առաջին հայացքից Ձեզ գրավել:

«Ինլայթ» հասարակական կազմակերպության մասին տեղեկացել եմ համացանցի` Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Երբ տեսա անգլերենի խմբագրի հայտարարությունը, կարդացի մի քանի հոդված, որպեսզի ծանոթանամ «Ինլայթ»-ի հետաքրքրությունների շրջանակին, բայց ինձ տպավորեց «Ինլայթ»-ի կարգախոսը՝ «համարձակվի՛ր մտածել»:

Ի՞նչ է Ձեզ տալիս «Ինլայթ»-ում կամավորությունը։ Ի՞նչ առանձնահատկություն ունի վերջինս որպես հասարակական կազմակերպություն:

Առհասարակ կամավորական աշխատանքն օգնում է հայացք գցել սեփական գիտելիքներին ու հմտություններին: Այն կարելի է համեմատել սոցիալական հայելու հետ, որտեղ արտացոլվում են թե՛ թերություններդ, թե՛ առավելություններդ: «Ինլայթ»-ն ինձ համար առանձնանում է իր` մտածելու, ստեղծագործելու բացարձակ ազատություն տալու հնարավորությամբ:

Ի՞նչ եք սովորել «ինլայթցիներից»։

Դեռ առաջին օրից, անգամ ինձ չճանաչելով, «ինլայթցիները» պատրաստակամ են եղել խորհուրդներ տալ, օգնել ու կիսվել իրենց փորձով: Թիմային աշխատանքի այս առողջ ոգին թերևս ամենակարևորն էր, որ սովորեցի այստեղ:

Ո՞րն է «Ինլայթ»-ի կարգախոսը և ինչպե՞ս կմեկնաբանեք այն։

Ինչպես արդեն նշեցի` «Ինլայթ»-ի «համարձակվի՛ր մտածել» ձևակերպմամբ կարգախոսն ինձ շատ է տպավորել: Այն անկեղծորեն ասում է, որ այստեղ մենք ունենք մտածելու ազատություն, և այն, ինչ մեզ պետք է, համարձակությունն է:

Եթե հանդիպեք մի մարդու, ով ոչինչ չգիտի «Ինլայթ»-ի մասին, որո՞նք կլինեն այն երեք բառերը, որ կնկարագրեն կազմակերպությունը:

Նորարություն, առաջընթաց, ինքնադրսևորում. ի դեպ, այս բառերի շնորհիվ արդեն մի քանիսը միացել են «Ինլայթ»-ին:

Եվ վերջում ի՞նչ կասեք այն կամավորներին, ովքեր նոր են սկսում «Ինլայթ»-ում իրենց գործունեությունը:

Փորձե՛ք այնպես կարգավորել ձեր ժամանակը, որպեսզի կարողանաք օգտվել «Ինլայթ»-ի ընձեռած բոլոր հնարավորություններից: Վերջին շրջանում այս խորհուրդը սկսել եմ հիշեցնել նաև ինքս ինձ: 😉 


Հարցազրույցը վարեց Ինգա Շիրակյանը