Կորոնավիրուսը կարող է վերափոխել համաշխարհային կարգը. Չինաստանը մանևրում է միջազգային առաջնորդության համար, մինչդեռ Միացյալ Նահանգները հապաղում է
Այսօր, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ մեկուսանում են ամբողջ աշխարհում, նոր կորոնավիրուսը իսկապես դարձել է համաշխարհային իրադարձություն: Եվ մինչ նրա աշխարհաքաղաքական հետևանքները առողջության և անվտանգության հարցերի նկատմամբ երկրորդական կհամարվեն, այդ հետևանքները կարող են երկարաժամկետ հեռանկարում նույնքան ազդու լինել, հատկապես երբ խոսքը ԱՄՆ-ի գլոբալ դիրքի մասին է: Համաշխարհային կարգերը սկզբում աստիճանաբար, հետո՝ միանգամից փոխվելու միտում ունեն: 1956 թվականին Սուեզում անխոհեմ միջամտությունը մերկացրեց բրիտանական իշխանության քայքայումը և նշանավորեց Միացյալ Թագավորության՝ որպես համաշխարհային տերության ավարտը: Այսօր ԱՄՆ քաղաքական գործիչները պետք է ընդունեն, որ եթե Միացյալ Նահանգները ճիշտ չարձագանքի իրավիճակին, ապա կորոնավիրուսային համաճարակը կարող է նշանավորվել որպես նոր «Սուեզ»:
Այժմ, բացի Վաշինգտոնի կուրացած աջակիցներից, բոլորի համար պարզ է, որ Վաշինգտոնը ձախողել է իր առաջին արձագանքը: Գլխավոր հաստատությունների, սկսած Սպիտակ տնից և Ներքին անվտանգության վարչությունից մինչև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ, սխալները խարխլել են վստահությունը ԱՄՆ կառավարության կարողությունների և ունակությունների նկատմամբ: Նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային հայտարարությունները՝ թե՛ ուղերձները Օվալաձև գրասենյակում, թե՛ վաղ առավոտյան թվիթները, հիմնականում ծառայել են խառնաշփոթություն սերմանելու և անորոշություններ տարածելու համար: Ակնհայտ է, որ պետական և մասնավոր հատվածները վատ են պատրաստված թեստավորման և արագ արձագանքման համար անհրաժեշտ միջոցների արտադրությունը ապահովելու համար: Եվ միջազգայնորեն, համաճարակը ուժեղացրեց Թրամփի միայնակ շարժվելու բնազդները և ցույց տվեց, թե որքան անպատրաստ է Վաշինգտոնը մարտահրավերների գլոբալ արձագանքը առաջնորդելու համար:
Միացյալ Նահանգների՝ որպես համաշխարհային առաջնորդի կարգավիճակը վերջին յոթ տասնամյակների ընթացքում կառուցվել է ոչ միայն հարստության և հզորության, այլ նաև նույնքան կարևոր լեգիտիմության հիման վրա, որը բխում է Միացյալ Նահանգների ներքին կառավարումից, համաշխարհային հանրային բարիքների տրամադրումից, և ճգնաժամերին համընդհանուր արձագանք նախապատրաստելու և համակարգելու ունակությունից ու պատրաստակամությունից: Կորոնավիրուսի համաճարակը փորձում է ԱՄՆ ղեկավարության բոլոր երեք տարրերը: Մինչ այժմ Վաշինգտոնը ձախողել է քննությունը:
Մինչ Վաշինգտոնը հապաղում է, Պեկինը արագորեն և խելամտորեն օգտվում է ԱՄՆ-ի սխալների արդյունքում առաջացած բացից՝ լցնելով վակուումը՝ նպատակադրվելով համաճարակային արձագանքման հարցում համաշխարհային առաջնորդ դառնալ: Այն աշխատում է սեփական համակարգը գովազդելու, այլ երկրներին նյութական օգնություն ցուցաբերելու և, նույնիսկ, այլ կառավարություններին կազմակերպելու ուղղությամբ: Չինաստանի այդ քայլի հանդգնությունը դժվար է գերագնահատել: Ի վերջո, Պեկինի սեփական սխալները, մանավանդ սկզբում բռնկման ծանրությունն ու տարածումը ծածկելու ջանքերն օգնեցին ստեղծել այս ճգնաժամը, որից այժմ տառապում է աշխարհի մեծ մասը: Այնուամենայնիվ, Պեկինը հասկանում է, որ ընկալումը, թե ինքը դիտվում է որպես առաջնորդող, և Վաշինգտոնը դիտվում է որպես առաջնորդելու անկարող կամ չցանկացող, կարող է հիմնովին փոխել Միացյալ Նահանգների դիրքը գլոբալ քաղաքականության մեջ և քսանմեկերորդ դարի առաջնորդության մրցույթում:
Սխալներ արվեցին
Կորոնավիրուսի բռնկումից անմիջապես հետո, որն այժմ առաջացնում է COVID-19 կոչված հիվանդությունը, Չինաստանի ղեկավարների բացթողումները թուլացնում են երկրի համաշխարհային դիրքերը: Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականի նոյեմբերին Ուհան քաղաքում, բայց պաշտոնյաները ամիսներ շարունակ այդ մասին չեն հայտարարել և, նույնիսկ, պատժել են այն բժիշկներին, ովքեր առաջին անգամ հայտնել են այդ մասին՝ վատնելով թանկարժեք ժամանակ և առնվազն հինգ շաբաթով հետաձգելով այն միջոցների իրականացումը, որոնք կկրթեին հանրությանը, կդադարեցնեին մարդկանց տեղաշարժը և համատարած թեստավորման հնարավորություն կտային: Նույնիսկ ճգնաժամի ամբողջ մասշտաբով ի հայտ գալուց հետո Պեկինը խստորեն վերահսկում էր տեղեկատվությունը, չէր ընդունում ԱՄՆ Վարակների կանխարգելման և կառավարման կենտրոնի (CDC) օգնությունը, սահմանափակել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության մուտքը Ուհան, թերհաշվում էր վարակված դեպքերի ու մահերի քանակը և բազմիցս փոխում նոր COVID-19 դեպքերի գրանցման չափանիշները` գուցե և փորձելով դեպքերի պաշտոնական թիվը դիտավորյալ մանիպուլյացիայի ենթարկել:
Հունվար-փետրվար ամիսներին, երբ ճգնաժամը վատթարանում էր, ոմանք ենթադրում էին, որ կորոնավիրուսը կարող է նույնիսկ խախտել Չինաստանի Կոմունիստական կուսակցության իշխանության հիմքերը: Այն անվանում էին Չինաստանի «Չեռնոբիլ», իսկ կառավարության կողմից լռեցված ինֆորմանտ բժիշկ Լի Վենլիանգը, որի մոտ հետագայում COVID-19-ի բարդությունները առաջացան, նմանեցվում էր Թիանանմեն հրապարակի «տանկ մարդուն»:
Մինչդեռ մարտի սկզբին Չինաստանը իրեն հաղթանակած էր համարում: Զանգվածային մեկուսացումը, ճանապարհորդության դադարեցումը և առօրյա կյանքի մեծ մասի ամբողջական կաթվածահարությունը բարձր էին գնահատվում իրենց արդյունավետության շնորհիվ: Պաշտոնական վիճակագրությունը, որպես այդպիսին, հաղորդել է, որ օրական նոր դեպքերի քանակը մարտի կեսերին հաշվվում են միանիշ թվերով՝ ի տարբերություն փետրվարի սկզբին արձանագրված օրական հարյուրավոր դեպքերի: Ի զարմանս շատերի՝ Չինաստանի առաջնորդ Սի Ձինփինը, ով համաճարակի բռնկման առաջին շաբաթներին զարմանալիորեն աննկատ էր, սկսեց հայտնվել համաճարակի դեմ պայքարի կենտրոնում: Այս ամիս նա անձամբ այցելել է Ուհան:
Չնայած, որ Չինաստանում կյանքը դեռ պետք է կարգավորվի (և չնայած Չինաստանի վիճակագրության ճշգրտության վերաբերյալ շարունակվող թերահավատությանը), Պեկինը աշխատում է հաջողությունների այս վաղ նշաններից հյուսել ավելի մեծ պատմություն աշխարհի մնացած երկրներին պատմելու համար, որտեղ Չինաստանը ներկայացվում է որպես գալիք գլոբալ վերականգնման գործընթացի հիմնական դերակատարը` միաժամանակ մոռացության մատնելով ճգնաժամի ավելի վաղ շրջանում համաճարակի վերահսկման հարցում իր կատարած սխալները:
Պեկինը աշխատում է հաջողությունների այս վաղ նշաններից հյուսել ավելի մեծ պատմություն աշխարհի մնացած երկրներին պատմելու համար:
Այս պատմության կարևոր մասն է Պեկինի ենթադրյալ հաջողությունը վիրուսի դեմ պայքարում: Քարոզչական հոդվածների, թվիթների և հանրային հաղորդագրությունների կայուն հոսքը բազմաթիվ լեզուներով թմբկահարում է Չինաստանի նվաճումները և կարևորում նրա ներքին կառավարման մոդելի արդյունավետությունը: «Չինաստանի հատուկ ուժը, արդյունավետությունը և արագությունը այս պայքարում լայնորեն գնահատվել են»,-հայտարարեց արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը: Նա նաև հավելեց, որ Չինաստանը «նոր չափանիշ է սահմանել համաճարակի դեմ գլոբալ ջանքերի համար»: Կենտրոնական իշխանությունները պետական մարմիններում սերտ տեղեկատվական հսկողություն և կարգապահություն են սահմանել` հակասական պատմությունները բացառելու համար:
Այս հաղորդագրություններին օգնում է վիրուսի դեմ պայքարի ջանքերի բացահայտ հակադիր պատկերը Արևմուտքում, մասնավորապես Միացյալ Նահանգներում. Վաշինգտոնին չհաջողվեց համարժեք թվով թեստեր արտադրել, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները մեկ շնչի հաշվով համեմատաբար քիչ մարդկանց է ստուգել, կամ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ կառավարության համաճարակային արձագանքման ենթակառուցվածքների շարունակական կաթվածահարում: Պեկինը օգտագործում է ԱՄՆ-ում տիրող խառնաշփոթ իրավիճակը և իր պետական լրատվամիջոցների ու դիվանագետների միջոցով պարբերաբար հիշեցնում է համաշխարհային լսարանին իր ձեռնարկած միջոցառումների առավելության մասին և քննադատում՝ «Վաշինգտոնում, այսպես կոչված, քաղաքական էլիտայի… անպատասխանատվությունն ու անգործությունը», ինչպես իր խմբագրականում բնութագրում է պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Չինացի պաշտոնյաները և պետական ԶԼՄ-ները Չինաստանի մեղքը համաշխարհային համաճարակի տարածման գործում նվազեցնելու համար նույնիսկ պնդել են, որ կորոնավիրուսը իրականում չի առաջացել Չինաստանից՝ չնայած, որ ապացույցների գերակշիռ մեծամասնությունը փաստում է հակառակը: Այս ջանքերը նմանվում են ռուսական ոճի ծայրահեղ ապատեղեկատվական արշավի, երբ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը և տասնյակից ավելի դիվանագետներ տարածում են չհիմնավորված հոդվածներ, որոնք մեղադրում են ԱՄՆ զինված ուժերին` Ուհան քաղաքում կորոնավիրուսի տարածման մեջ: Այս գործողությունները, զուգորդվելով Չինաստանի կողմից ամերիկյան երեք առաջատար թերթերի լրագրողների աննախադեպ զանգվածային վտարման հետ, վնասում են Չինաստանի՝ աշխարհը առաջնորդելու հավակնություններին:
Չինաստանը տալիս է, աշխարհը՝ վերցնում
Սին հասկանում է, որ համաշխարհային բարիքի տրամադրումը կարող է ամրացնել հզորացող տերության առաջնորդության մենաշնորհը: Նա վերջին տարիներին փորձում է Չինաստանի արտաքին քաղաքականության ապարատը մղել «համաշխարհային կառավարման» բարեփոխումները առաջնորդելուն, իսկ կորոնավիրուսը հնարավորություն է ընձեռնում այդ տեսությունը կիրառելու համար: Օրինակը Չինաստանի ավելի ու ավելի շատ գովազդվող նյութական աջակցությունն է՝ ներառյալ դիմակներ, հակագազեր, օդափոխիչներ և դեղորայք: Ճգնաժամի սկզբում Չինաստանն այդ ապրանքները մեծ քանակությամբ ձեռք բերեց և որպես օգնություն ստացավ, իսկ հիմա հայտնվել է այդ ապրանքները մատակարարողի դերում:
Երբ ոչ մի եվրոպական երկիր չարձագանքեց Իտալիայի՝ բժշկական սարքավորումների և պաշտպանական արտահագուստի հրատապ խնդրանքին, Չինաստանը հրապարակայնորեն պարտավորվեց ուղարկել հազար օդափոխիչ, երկու միլիոն դիմակ, հարյուր հազար հակագազ, քսան հազար պաշտպանական արտահագուստ և հիսուն հազար թեստ: Չինաստանը նաև ուղարկել է բժշկական թիմեր և երկու հարյուր հիսուն հազար դիմակ Իրանին ու բժշկական պարագաներ Սերբիային, որի նախագահը պախարակեց եվրոպական համախմբվածությունը՝ որակելով այն «հեքիաթ» և հայտարարելով, որ «միակ երկիրը, որը կարող է օգնել մեզ, Չինաստանն է»: Ալիբաբայի համահիմնադիր Ջեկ Ման խոստացել է ուղարկել մեծ քանակությամբ թեստերի փաթեթներ և դիմակներ Միացյալ Նահանգներին, ինչպես նաև՝ քսան հազար թեստի փաթեթ և հարյուր հազար դիմակ Աֆրիկայի հիսունչորս պետություններից յուրաքանչյուրին:
Պեկինի նյութական օժանդակության առավելությունն ամրապնդվում է այն պարզ փաստով, որ աշխարհը կորոնավիրուսի դեմ պայքարում կախված է Չինաստանում արտադրված ապրանքներից: Այն արդեն վիրաբուժական դիմակների խոշոր արտադրողն էր. այժմ, պատերազմական ժամանակների նման, արդյունաբերական մոբիլիզացիայի միջոցով նա մեծացրել է դիմակների արտադրությունը ավելի քան տասնապատիկ՝ հնարավորություն ստանալով դրանք աշխարհին տրամադրելու համար: Չինաստանը նաև արտադրում է N95 հակագազերի մոտավորապես կեսը, որոնք շատ կարևոր են առողջապահական ոլորտի աշխատողներին պաշտպանելու համար (նա ստիպել է արտասահմանյան գործարաններին Չինաստանի իրենց արտադրանքը ուղղակիորեն վաճառել կառավարությանը՝ նրան տալով արտաքին քաղաքական մեկ այլ գործիք՝ բժշկական սարքավորումների տեսքով): Մինչդեռ հակաբիոտիկները վճռորոշ են COVID-19-ից առաջացող երկրորդային վարակների դեմ պայքարում, իսկ Չինաստանը արտադրում է դրանց պատրաստման համար ակտիվ դեղագործական բաղադրիչների ճնշող մեծամասնությունը:
Պեկինի նյութական օժանդակության առավելությունն ամրապնդվում է այն պարզ փաստով, որ աշխարհը կորոնավիրուսի դեմ պայքարում կախված է Չինաստանում արտադրված ապրանքներից:
Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները չունի իր պահանջները բավարարելու և մատակարարելու կարողություն, առավել ևս ճգնաժամային այլ գոտիներին օգնություն տրամադրելու հնարավորոթյուն: Պատկերը մռայլ է: ԱՄՆ ազգային ռազմավարական պաշարները, երկրի համար կարևորագույն բժշկական պարագաների պահուստը, համաճարակի դեմ պայքարի համար հավանաբար ունեն անհրաժեշտ դիմակների և հակագազերի միայն մեկ տոկոսը և օդափոխիչների գուցե տասը տոկոսը: Մնացածը պետք է լրացվի Չինաստանից ներմուծմամբ կամ արագորեն աճող ներքին արտադրության հաշվին: Նմանապես, ԱՄՆ-ի հակաբիոտիկների շուկայում Չինաստանի բաժնեմասը կազմում է ավելի քան 95 տոկոս, և բաղադրիչների մեծ մասը չի արտադրվում երկրի ներսում: Չնայած Վաշինգտոնը ճգնաժամի սկզբում օգնություն էր առաջարկում Չինաստանին և այլ երկրներին, այժմ օգնությունը նվազեցրել է, քանի որ աճում են սեփական կարիքները։ Ի հակադրություն ԱՄՆ-ի՝ Պեկինը օգնություն է առաջարկում հենց այն ժամանակ, երբ համաշխարհային կարիքը ամենամեծն է:
Ճգնաժամային արձագանքը, սակայն, չի վերաբերում միայն նյութական ապրանքներին: 2014-2015թթ. էբոլայի ճգնաժամի ընթացքում Միացյալ Նահանգները հիվանդության տարածման դեմ պայքարելու համար միավորեց և ղեկավարեց տասնյակ երկրների կոալիցիա: Թրամփի վարչակազմը մինչ օրս մերժել է կորոնավիրուսին դիմագրավելու համար նմանատիպ առաջնորդության փորձը: Նույնիսկ բացակայում է դաշնակիցների հետ համագործակցությունը: Օրինակ, Վաշինգտոնը նույնիսկ իր եվրոպական դաշնակիցներին նախապես չի ծանուցել Եվրոպայից դեպի ԱՄՆ ճանապարհորդության արգելքի ընդունման մասին:
Չինաստանը, ընդհակառակը, ձեռնարկել է ազդեցիկ դիվանագիտական արշավ` հավաքելով տասնյակ երկրների և հարյուրավոր պաշտոնյաների` (մեծամասամբ տեսակոնֆերանսների միջոցով) համաճարակի և հիվանդության դեմ պայքարի սեփական փորձի մասին տեղեկատվություն տարածելու համար: Նմանատիպ հանդիպումներ հիմնականում իրականացվում են տարածաշրջանային մակարդակով կամ տարածաշրջանային մարմինների միջոցով: Դրանք ներառում են զանգեր կենտրոնական և արևելաեվրոպական պետությունների հետ «17+1» ձևաչափով՝ Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության, Խաղաղ օվկիանոսի տասը կղզի-պետությունների, ինչպես նաև Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի այլ խմբավորումների հետ: Չինաստանը մեծ աշխատանք է տանում նման նախաձեռնությունները հանրայնացնելու ուղղությամբ: Իր օտարերկրյա լսարանին ուղղված քարոզչության օրգանների առաջին էջերին հայտնված գրեթե յուրաքանչյուր պատմություն գովազդում է տարբեր երկրներին ապրանքներով և տեղեկատվությամբ օգնելու Չինաստանի ջանքերը՝ միաժամանակ ընդգծելով Պեկինի մոտեցման գերակայությունը:
Ինչպես առաջնորդել
Համաշխարհային առաջնորդության հարցում Չինաստանի գլխավոր առավելությունը, կորոնավիրուսի լույսի ներքո և, ոչ միայն, ԱՄՆ-ի քաղաքականության անկարողությունն ու քաղաքականության ներքին ուղղվածությունն է:
Հետևաբար Չինաստանի ձգտումների վերջնական հաջողությունը հավասարապես կախված կլինի և՛ Վաշինգտոնում, և՛ Պեկինում տեղի ունեցող իրադարձություններից: Ներկայիս ճգնաժամի պայմաններում Վաշինգտոնը դեռ կարող է փոխել իրավիճակը, եթե ապացուցի, որ ի վիճակի է կատարել առաջնորդից ակնկալվող պարտականությունները. լուծում տալ ներքին խնդիրներին, մատակարարել գլոբալ հանրային բարիքներ և համակարգել կորոնավիրուսի դեմ գլոբալ արձագանքը:
Այդ առաջադրանքներից առաջինը՝ հիվանդության տարածման դադարեցումը և ԱՄՆ-ում խոցելի բնակչության պաշտպանությունը, առավել հրատապ և հիմնականում ներքին կառավարման հարց է, այլ ոչ թե՝ աշխարհաքաղաքականության: Միևնույն ժամանակ այդ խնդրի լուծումը Վաշինգտոնի համար աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա` կախված նրանից, թե որքանով այն կվերականգնի կամ չի վերականգնի վստահությունն ԱՄՆ արձագանքման կարողության նկատմամբ: Օրինակ, եթե դաշնային կառավարությունը անհապաղ սատարի և սուբսիդավորի դիմակների, հակագազերի և օդափոխիչների ներքին արտադրության ընդլայնումը, (քայլ, որը համապատասխանում է այս համաճարակի պատերազմանման հրատապությանը) և՛ կփրկի բազմաթիվ ամերիկացիների կյանքեր, և՛ կօգնի ուրիշներին ամբողջ աշխարհում` նվազեցնելով համաշխարհային մատակարարումների սակավությունը:
Չնայած ԱՄՆ-ն ներկայումս ի վիճակի չէ բավարարել համաճարակի հրատապ նյութական պահանջները, նրա շարունակական գլոբալ գերակայությունը կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում կարող է վճռորոշ լինել ճգնաժամի իրական լուծման՝ այսինքն պատվաստանյութի հայտնաբերման համար: ԱՄՆ կառավարությունը կարող է օգնել՝ խթանելով ԱՄՆ լաբորատորիաներին և ընկերություններին բժշկական «Մանհեթնի նախագիծ» նախաձեռնելու, մշակելու, կլինիկական փորձարկումներ անցկացնելու և պատվաստանյութի զանգվածային արտադրություն կազմակերպելու համար: Քանի որ այդ ջանքերը ծախսատար են և պահանջում են բավականին մեծ նախնական ներդրումներ, կառավարության առատաձեռն ֆինանսավորումը և պատվաստանյութերի հաջող արտադրության համար պարգևավճարները կարող են վճռորոշ լինել: Եվ հարկ է նշել, որ, չնայած Վաշինգտոնի անփութությանը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական և կրոնական կազմակերպությունները, համալսարանները և ընկերությունները գործելուց առաջ չեն սպասում դաշնային կառավարության նախաձեռնությանը: ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ընկերությունները և հետազոտողներն, արդեն իսկ առաջադիմում են պատվաստանյութի ստեղծման հարցում, թեև լավագույն դեպքում որոշ ժամանակ կպահանջվի, մինչև համատարած օգտագործման համար որևէ պատվաստանյութ պատրաստ կլինի:
Այնուամենայնիվ, նույնիսկ կենտրոնանալով երկրի ներսում գործադրվող ջանքերի վրա, Վաշինգտոնը պարզապես չի կարող անտեսել համակարգված գլոբալ արձագանքի անհրաժեշտությունը: Միայն ուժեղ առաջնորդությունը կարող է լուծել գլոբալ համակարգման խնդիրները՝ կապված ճանապարհորդության սահմանափակումների, տեղեկատվության փոխանակման և ճգնաժամային ապրանքների հոսքի հետ: Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ հաջողությամբ ապահովել է այդպիսի առաջնորդությունը և պետք է անպայմանորեն կրկին ստանձնի այդ դերը:
Այդ առաջնորդությունը նաև կպահանջի արդյունավետ համագործակցել Չինաստանի հետ, այլ ոչ թե հյուծվել ընկալումների պատերազմով, թե ով է ավելի ճիշտ արձագանքել: Կորոնավիրուսի ծագման շեշտադրումը, ինչպես նաև Պեկինի հետ ակն ընդ ական հռետորաբանական փոխանակումների մեջ ներգրավվումը որևէ օգուտ չունի, հատկապես, երբ արդեն լայնորեն հայտնի է վիրուսի ծագումը: Երբ չինացի պաշտոնյաները մեղադրում են ԱՄՆ զինված ուժերին վիրուսի տարածման մեջ և քննադատում ԱՄՆ-ի ջանքերը, Վաշինգտոնը պետք է անհրաժեշտության դեպքում պատասխանի, բայց, ընդհանուր առմամբ, պետք է դիմանա իր կորոնավիրուսային հաղորդագրությունների կենտրոնում Չինաստանին տեղադրելու գայթակղությանը: Մարտահրավերներին դիմագրավող երկրներից շատերը ավելի շուտ կնախընտրեին հրապարակային հաղորդագրություն, որը շեշտում է համընդհանուր գլոբալ մարտահրավերի լրջությունը և առաջ ընթանալու հնարավոր ուղիները (ներառյալ կորոնավիրուսային արձագանքման հաջող օրինակները ժողովրդավարական հասարակություններում, ինչպիսիք են Թայվանն ու Հարավային Կորեան): Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Պեկինը շատ բան կարող են անել՝ ի նպաստ աշխարհի. պատվաստանյութերի հետազոտության և կլինիկական փորձարկումների, ինչպես նաև ֆինանսական խթանիչների համակարգում, տեղեկատվության փոխանակում, համագործակցություն արդյունաբերական մոբիլիզացիայի հարցում (օրինակ, կրիտիկական հակագազերի բաղադրիչների կամ օդափոխիչ մասերի արտադրության համար նախատեսված մեքենաների դեպքում), և մյուս երկրներին համատեղ օգնության առաջարկում:
Ի վերջո, կորոնավիրուսը կարող է ծառայել նույնիսկ որպես սթափեցման կոչ` խթանելով առաջընթացը ԱՄՆ-ի և Չինաստանի համագործակցությունը պահանջող այլ գլոբալ մարտահրավերների հարցում, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը: Նման քայլը չպետք է դիտվի և չի դիտվի որպես զիջում չինական հզորությանը: Փոխարենը ինչ-որ ձևով կնպաստի ԱՄՆ առաջնորդության ապագայի նկատմամբ հավատի վերականգնմանը: Ներկայիս ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև այսօրվա աշխարհաքաղաքականության մեջ ընդհանրապես, Միացյալ Նահանգները կարող է հաջողության հասնել ճիշտ գործելաոճով:
Հղումներ
Թարգմանիչ` Գևորգ Գասպարյան (Gevorg Gasparyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: