Իսայա Բեռլինի ուղերձը 21-րդ դարին
26 տարի առաջ՝ 1994 թվականի նոյեմբերի 25-ին, Իսայա Բեռլինը ստացավ Տորոնտոյի համալսարանի իրավագիտության դոկտորի վաստակավոր կոչումը: Նա պատրաստել էր իր տեսակետն ուրվագծող հետևյալ ակնարկը (ինչպես նա էր դա կոչել իր ընկերոջն ուղղված նամակում), որը պետք է իր անունից արարողության ժամանակ կարդացվեր:
«Ամենալավ ժամանակներն էին, ամենավատ ժամանակներն էին»,-այս խոսքերով է Չարլզ Դիքենսը սկսել իր «Պատմություն 2 քաղաքների մասին» հայտնի վեպը: Բայց, ցավոք, այսպես չենք կարող ասել մեր սարսափելի դարի մասին: Հազարամյակներ շարունակ մարդիկ ոչնչացրել են միմյանց, բայց Աթթիլայի, Չինգիզ խանի, Նապոլեոնի (ովքեր մեզ ծանոթացրին պատերազմներում զանգվածային սպանություններին) արարքները և, նույնիսկ, հայկական կոտորածները կորցնում են իրենց կարևորությունը ռուսական հեղափոխության ու դրա հետևանքների առաջ. հալածանքները, խոշտանգումները, սպանությունները, որոնց համար կարող ենք մեղադրել Լենինին, Ստալինին, Հիտլերին, Մաոյին, Պոլ Պոտին, և դրանց մասին տեղեկությունների կանոնավոր կեղծումը, որ տարիներ շարունակ խոչընդոտում էր այս սարսափելի դեպքերի մասին տեղեկացվածությանը, զուգահեռներ չունեին պատմության մեջ: Դրանք ոչ թե բնական աղետներ էին, այլ կանխելի մարդկային հանցագործություններ, և ինչ էլ որ պատմական դետերմինիզմին հավատացողները ասեն, դրանք կարող էին կանխվել:
Ես առանձնահատուկ զգացմունքով եմ խոսում, քանի որ շատ ծեր մարդ եմ և, գրեթե, մի ամբողջ դար եմ ապրել: Իմ կյանքը եղել է խաղաղ ու անվտանգ և ես մի փոքր ամաչում եմ դրա համար՝ հաշվի առնելով, թե ինչ է պատահել այլ մարդկանց հետ: Պատմաբան չեմ և ուրեմն լիազորված չեմ խոսելու այս սարսափելի դեպքերի հետևանքների մասին: Թերևս, կարող եմ փորձել:
Իմ կարծիքով դրանք, ինչպես Սպինոզան էր կոչում, սովորական մարդկային բացասական զգացումների՝ վախի, ագահության, ցեղերի միջև ատելությունների, խանդի, իշխանության տենչի պատճառով չէին առաջացել, չնայած, իհարկե, սրանք էլ իրենց սև գործն են արել: Մեր ժամանակներում դրանք առաջացել են գաղափարների պատճառով կամ, ավելի ճիշտ կլինի ասել, մի որոշակի գաղափարի պատճառով: Տարօրինակ է, որ Կարլ Մարքսը, ով թերագնահատում էր գաղափարների դերը՝ օբյեկտիվ հասարակական և տնտեսական գործոնների հետ համեմատած, իր գրություններով քսաներորդ դարի վերափոխման պատճառ էր դարձել, ընդ որում՝ թե՛ այն ուղղությամբ, որն ինքն էր ցանկանում, թե՛ դրա փոխազդեցությամբ՝ հակառակ ուղղությամբ։ Իր հայտնի գրքերից մեկում գերմանացի պոետ Հայնրիխ Հայնեն ասել է. «Չպետք է թերագնահատենք իր ուսումնասիրության առջև նստած հանգիստ փիլիսոփային»: Եթե Կանտը չհայտարարեր իր՝ աստվածաբանությունը թողնելու մասին, Ռոբեսպիերը գուցե չկտրեր Ֆրանսիայի թագավորի գլուխը:
Նա կանխատեսել էր, որ գերմանացի փիլիսոփաներ Ֆիխտեի, Շելինգի և գերմանական ազգայնականության հիմնադիրների զինված աշակերտները մի օր ոչնչացման մոլեռանդ ցանկությամբ կկործանեին Արևմտյան Եվրոպայի հրաշալի հուշակոթողները, որի առաջ ֆրանսիական հեղափոխությունը չնչին բան կթվար: Սա հնարավոր է անարդար լիներ գերմանացի մետաֆիզիկոսների հանդեպ, սակայն Հայնեի գլխավոր գաղափարը ինձ համար ընդունելի է թվում. նացիստական գաղափարախոսության հիմքերն իրենց այլասերված ձևով իսկապես կարելի է գտնել գերմանական հակալուսավորչական մտքի մեջ: Կան մարդիկ, ովքեր հանգիստ խղճով կսպանեն ու կխեղեն այն բոլոր մարդկանց խոսքերի ու գրածների ազդեցության տակ, ովքեր վստահ են, որ գիտեն, թե կարող են կատարելության հասնել:
Թույլ տվեք բացատրել: Եթե իսկապես համոզված եք, որ մարդկային բոլոր խնդիրների համար կա ինչ-որ լուծում, և որ մեկը կարող է պատկերացնել կատարյալ հասարակություն, որին մարդիկ կկարողանան հասնել, եթե միայն այն ձեռք բերելու համար անեն ամեն անհրաժեշտ բան, ապա դուք և ձեր համախոհները հնարավոր է՝ մտածեք, որ ցանկացած գնով կհասնեք նման դրախտի դարպասներին: «Միայն հիմարներն ու չարամիտները կհակառակվեն, հենց որ նրանց առջև հայտնվեն որոշակի պարզ ճշմարտություններ: Հակառակվողներին պետք է համոզել, չհամոզվելու դեպքում նրանց զսպելու համար պետք է օրենքներ ընդունել: Եթե դա էլ չաշխատի, ապա պետք է հարկադրանք օգտագործել, եթե կարիք կա, պետք է անխուսափելիորեն բռնության դիմել, անհրաժեշտության դեպքում ահաբեկչություն, կոտորած անել»։ Լենինը հավատում էր այս տեսակետին Կարլ Մարքսի «Քաղաքատնտեսական քննադատություն» գիրքը կարդալուց հետո և մշտապես սովորեցնում էր, որ եթե իր առաջարկած ձևով արդար, խաղաղ, երջանիկ, ազատ, առաքինի հասարակություն կարող էր ստեղծվել, ապա նպատակին հասնելը կարդարացներ ցանկացած, բառիս բուն իմաստով ցանկացած միջոց, որ անհրաժեշտ կլիներ օգտագործել:
Դրա հիմքում ընկած խորքային համոզմունքն այն է, որ մարդկային կյանքի գլխավոր խնդիրները, լինեն անձնական, թե հասարակական, ունեն մեկ ճշմարիտ լուծում, որ կարելի է գտնել։ Դա կարող է ու պետք է իրագործվի, և այն մարդիկ, ովքեր գտել են դա, այն առաջնորդներն են, որոնց ասածը բոլորի համար օրենք է: Այն միտքը, որ բոլոր իրական խնդիրների համար կարող է լինել միայն մեկ ճիշտ լուծում, շատ հնացած փիլիսոփայական գաղափար է: Մեծանուն աթենացի փիլիսոփաները, հրեաները և քրիստոնյաները, վերածննդի ու Լուի XIV-ի կառավարման ժամանակաշրջանի մտածողները, 18-րդ դարի ֆրանսիացի արմատական բարեփոխողները, 19-րդ դարի հեղափոխականները, ինչքան էլ տարբերվեին իրարից առաջարկած լուծումով կամ այն գտնելու եղանակի առաջարկներով (սրա շուրջ արյունահեղ պատերազմներ են մղվել), համոզված էին, որ գիտեն լուծումը, և որ միայն մարդկային չարիքն ու հիմարությունը կարող են խանգարել դրա կյանքի կոչմանը:
Սա այն գաղափարն է, որի մասին ես խոսեցի և ուզում եմ ասել, որ այն սխալ է: Ոչ միայն այն պատճառով, որ հասարակական կարծիքի տարբեր ուսմունքների կողմից տրված լուծումները տարբերվում են, և որ դրանցից ոչ մեկը ոչ միայն խելամիտ միջոցներով չի կարող ապացուցվել, այլև առկա ավելի լուրջ պատճառով: Մարդկանց մեծամասնությունը բազմաթիվ երկրներում և տարբեր ժամանակաշրջաններում ապրել է գլխավոր արժեքներով, և այս արժեքները, լինելով գրեթե լիովին համընդհանուր, ոչ միշտ են ներդաշնակ եղել: Մի մասը ներդաշնակ է, իսկ մյուս մասը՝ ոչ: Մարդիկ միշտ էլ ձգտել են հասնել ազատության, անվտանգության, հավասարության, երջանկության, արդարության, իմացության: Բայց կատարյալ ազատությունը համատեղելի չէ կատարյալ հավասարության հետ. եթե մարդիկ ամբողջովին ազատ լինեին, ապա գայլերը նույնպես ազատ կլինեին գառներին ուտելու հարցում: Կատարյալ հավասարությունը մարդկանց ազատությունների սահմանափակում է նշանակում, որպեսզի ամենաընդունակներն ու ամենատաղանդավորները չգերազանցեն այն մարդկանց, ովքեր անխուսափելի պարտություն կկրեին, եթե մրցման մեջ լինեին: Անվտանգությունը և, իհարկե, անկախությունը չեն կարող պահպանվել, եթե առկա է դրանք տապալելու ազատությունը: Անշուշտ, ոչ բոլորն են ձգտում ունենալ անվտանգություն կամ խաղաղություն, հակառակ դեպքում ճակատամարտերում կամ վտանգավոր մարզաձևերում ոմանք փառքի չէին ձգտի:
Արդարությունը միշտ էլ եղել է մարդու իդեալը, բայց այն ամբողջովին համատեղելի չէ ողորմածության հետ: Ստեղծարար երևակայությունն ու ինքնաբերականությունը, հիանալի լինելով հանդերձ, չեն կարող ամբողջապես համաձայնեցվել պլանավորման, կազմակերպման, ուշադիր ու խելամիտ հաշվարկներ կատարելու պահանջի հետ: Իմացությունը՝ ճշմարտության հետապնդումը, որը նպատակներից ամենավեհն է, չի կարող ամբողջապես համաձայնեցվել մարդկանց ուզած երջանկության կամ անկախության հետ, քանի որ, եթե նույնիսկ ես իմանամ, որ տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, դրա իմանալը ինձ ո՛չ ավելի երջանիկ, ո՛չ էլ ավելի ազատ կդարձնի: Ես միշտ պետք է ընտրություն կատարեմ խաղաղության ու ուրախության կամ իմացության ու երանելի անտեղյակության միջև և այլն:
Ուրեմն, ի՞նչ պետք է արվի, որ այս կամ այն արժեքներից մեկին հետևող երբեմն մոլի հաղթողները զսպվեն, քանի որ նրանցից ամեն մեկը հակված է ոտնակոխ անել մնացածներին, ինչպես որ 20-րդ դարի մեծն բռնապետներն են ոտնահարել կյանքը, ազատությունը, միլիոնավոր մարդկանց իրավունքները միայն այն պատճառով, որ նրանց աչքերը սևեռված էին վերջնական պայծառ ապագայի վրա՞:
Դժվար թե որևէ կտրուկ լուծում կարողանամ ներկայացնել: Եթե միայն այս հիմնական մարդկային արժեքները, որոնցով մենք ապրում ենք, հետապնդվեն, ապա փոխզիջումների, պայմանավորվածությունների պետք է գնանք, եթե ուզում ենք վատագույն զարգացումներ տեղի չունենան: Շատ ազատություն՝ շատ հավասարության դիմաց, շատ ինքնարտահայտում՝ շատ անվտանգության դիմաց, շատ արդարություն՝ շատ կարեկցանքի դիմաց: Իմ ասածն այն է, որ որոշ արժեքներ համընկնում են. մարդկանց կողմից հետապնդվող նպատակները ծնվում են մեր ընդհանուր տեսակների շնորհիվ, բայց դրանց հետապնդումը պետք է ինչ-որ չափով վերահսկվի: Կրկնում եմ՝ ասելով, որ ո՛չ ազատության ու երջանկության հետապնդումը, ո՛չ էլ ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը չեն կարող ամբողջապես համատեղելի լինել:
Այսպիսով, մենք պետք է կշռադատենք, բանակցենք, փոխզիջման գնանք և կանխենք կյանքի մի ձևի բախումը իր մրցակիցների կողմից: Ես շատ լավ գիտեմ, որ սա դրոշակ չէ, որով իդեալիստ և խանդավառ երիտասարդ տղաներն ու աղջիկները հնարավոր է՝ ցանկանան երթի դուրս գալ. այն թվում է չափազանց ձանձրալի, ոչ խելամիտ, քաղքենի, և այն չի ներառում առատ հույզեր: Բայց հավատացեք ինձ, ոչ մեկ չի կարող ունենալ այն ամենը, ինչ ինքն է ցանկանում ոչ միայն գործնական, այլև տեսական առումով: Սրա հերքումը, միակ ու համակողմանի իդեալի որոնումը անփոփոխ կերպով հանգեցնում են հարկադրանքին, քանի որ այն միակ ու ճշմարիտ բանն է մարդկության համար: Եվ հետո, այն հանգեցնում է կործանման. արյունոտ ձվերը ջարդվում են, բայց ձվածեղը չի երևում, միայն անսահման քանակությամբ ձվեր կան, մարդկային կյանքեր կան, որ պատրաստ են «կոտրվելու»: Եվ վերջում անզուսպ իդեալիստները մոռանում են ձվածեղի գոյության մասին և պարզապես շարունակում են կոտրել ձվերը:
Ուրախ եմ նշել, որ իմ երկար կյանքի վերջում սրա ինչ-որ իրագործման նշույլ է սկսում երևալ: Բանականությունն ու հանդուրժողականությունը, որոնք բավական հազվադեպ են մարդկային պատմության մեջ, արհամարհված չեն: Չնայած ամեն ինչին՝ մոլի, արմատական ազգայնականության ժամանակակից ամենամեծ պատուհասին՝ ազատ ժողովրդավարությունը տարածվում է: Հզոր բռնապետությունները կործանման եզրին են կամ էլ կլինեն. նույնիսկ Չինաստանում շատ հեռու չէ այդ օրը: Ուրախ եմ և վստահ եմ, որ դուք, ում հետ խոսում եմ, կտեսնեք 21-րդ դարը, որը մարդկության համար հաստատապես կարող է միայն ավելի լավ ժամանակաշրջան լինել, քան իմ զարհուրելի դարն է եղել: Շնորհավորում եմ ձեզ, որ լավ բախտ եք ունենալու: Զղջում եմ, որ չեմ տեսնի ավելի պայծառ ապագա, որը, համոզված եմ, գալու է: Այսքան մռայլություն սփռելուց հետո ուրախ եմ խոսքս ավարտել լավատեսական նոտայով: Իսկապես լավ պատճառներ կան մտածելու, որ այն արդարացված է»:
Թարմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: