«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը կազմակերպության 4(12)-ամյակի առթիվ հրատարակության է պատրաստել XX դարի նշանավոր գերմանացի քաղաքական տեսաբան, իրավագետ, փիլիսոփա Կարլ Շմիթի «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» ռադիոէսսեի ռուսերենից հայերեն թարգմանությունը:

Հրատարակչության մեջ ներառված են նաև Կարլ Շմիթի և Էռնստ Յունգերի նամակագրության որոշ նմուշներ, ինչպես նաև հրատարակիչ Գերդ Գիսլերի վերջաբանը:


«Մի խոսքով՝ ես կարծում եմ, որ պետք է վերընթերցել Շմիթին, ինչպես և Հայդեգերին»:
-Ժակ Դերիդա

1954 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ինը տարի անց, Կարլ Շմիթը գրեց ռադիոէսսե, որը բազմիցս վերահրատարակվել է «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» անվանմամբ: Այս «Զրույցը» մինչ օրս Կարլ Շմիթի ամենաազդեցիկ գործերի շարքին է դասվում:

Տեքստը, որը գրված է փայլուն լակոնիկ ոճով, հորինված զրույցի տեսքով է կառուցված: Նրա թեման ժամանակակից իշխանությունն է՝ վարչական միջոցների և մեթոդների պայմանների տեսանկյունից: Շմիթն իշխանությունը սահմանում էր որպես «սոցիալական միահյուսվածք» և «ինքնուրույն մեծություն»:

Յուրաքանչյուր տիրակալ, ըստ Կարլ Շմիթի, ստիպված է հիմնվել «զեկույցների և տեղեկատվության վրա և կախված է իր խորհրդատուներից: Օրեցօր և ժամ առ ժամ նրա վրա բարդվում են բազմաթիվ փաստեր և հաղորդագրություններ, առաջարկություններ և ենթադրություններ: Ճշմարտության և ստի, իրականության և հավանականության այս անվերջ’ փոթորկվող ծովից նույնիսկ ամենախելացի և ամենահզոր մարդը առավելագույնը մի քանի կաթիլ կարող է վերցնել»:

Շմիթի մտածողությունը պտտվում էր իշխանության, ուժի և օրենքի կիրառման հարցերի շուրջ: Նրա լայնածավալ ստեղծագործական կյանքի վրա լուրջ ազդեցություն են թողել պետության և իրավունքի հարցերով զբաղվող քաղաքական այնպիսի փիլիսոփաներ և մտածողներ, ինչպիսիք են Հոբսը, Մակիավելլին, Ռուսոն, Դոնոսո Կորտեսը, Սորելը և Պարետոն: «Զրույցը» Շմիթի գործերի մեջ նշանավոր դիրք է զբաղեցնում շնորհիվ իր շարունակական ազդեցության:

Կարլ Շմիթը (1888-1985) գերմանացի ամենաազդեցիկ իրավաբաններից մեկն էր, XX դարի պետական և միջազգային իրավունքի գիտակ և քաղաքական փիլիսոփա:


Թարգմանությունը՝ Մերի Բաբայանի
Խմբագրությունը՝ Գայանե Խաչատրյանի
Գրաֆիկական ձևավորումը՝ Լիլիթ Խաչատրյանի
Սրբագրությունը՝ Նունե Մաթևոսյանի


Հրատարակության թվանշային տարբերակը ներբեռնեք հղմամբ՝
Կարլ Շմիթ «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ»

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ © Բոլոր իրավունքները պաշտպանված են: