Պատմաբան Կառլո Գինզբուրգը՝ պատմության ու համաշխարհայնացման մեջ անհատի արժեքի, աշխարհաքաղաքական ավանդույթների մասին
Ի՞նչ կարող էր սովորեցնել մեզ 16-րդ դարի ջրաղացպանը: Ինչպե՞ս է մեկ դեպքի ինտենսիվ ուսումնասիրությունը հանգեցնում համաշխարհայնացմանը: Ինչո՞ւ է աշխարհաքաղաքականությունը ազդում համաշխարհային պատմության մեր ըմբռնմանը: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի իտալական վերածննդի հետազոտությունների պրոֆեսոր, «Պանիրն ու որդերը» ստեղծագործության հեղինակ Կառլո Գինզբուրգը բացատրում է, թե ինչու է պատմությունն ուսումնասիրելու մոտեցումը փոխվում:
Միկրոպատմություն. նախևառաջ՝ անվան նշանակության մասին: Հաճախ այս անվանը վերաբերող թյուրըմբռնումներ կան: Մարդիկ ենթադրում են, որ «միկրո» նախածանցը կապված է թեմայի կամ հետազոտվող առարկաների խորհրդանշական կամ իրական չափերին, օրինակ, ենթադրում են, որ միկրոպատմաբանները մասնավորապես հետաքրքրված են ոչ նշանակալի մարդկանցով, բայց դա այդպես չէ: Իրականում, «միկրո» նախածանցը կապ ունի մանրադիտակի հետ, հետևաբար նաև՝ պատմության վերլուծական մոտեցմանը:
Իմիջիայլոց, ես պատասխանատու եմ եղել գրքերի ժողովածուի համար, որը կոչվում էր «Միկրոստորիե», որի ղեկավարներն էինք ես ու Ջիովաննի Լևին 1970-80-ական թվականների վերջերին: Առաջին վերնագրերից մեկը իմ հեղինակած գրքինն էր՝ Պիերո դելլա Ֆրանչեսկայի (ամենահռչակավոր նկարիչներից մեկը և՛ Իտալիայում, և՛ արևմտյան ավանդույթում) մասին պատմող:
Այսպիսով, այդ դեպքում գաղափարը հանճարեղ նկարչի որոշ նկարների մասին վերլուծական մոտեցում ունենալն էր: Այն, թե ինչ հայտնի դարձավ վերլուծության արդյունքում, վիճահարույց է:
Միկրոպատմությունը միացյալ նախագիծ էր, որը առաջ էր քաշվել 1970-ական թվականների վերջին՝ քիչ թե շատ միևնույն սերնդին պատկանող իտալացի պատմաբաննների խմբի` Ջիովաննի Լևիի, Էդուարդո Գրենդիի, Կառլո Պոնիի և իմ կողմից: Բազմաթիվ խոսակցություններ եղան «Քվադեռնի ստորիչիի» պատմությանը վերաբերող իտալական լրագրի շուրջ. մեզանից յուրաքանչյուրը նախագծին մոտենում էր տարբեր տեսանկյուններրից: Այդպիսով իմ անձնական մոտեցումը միկրոպատմության վերաբերյալ տարբեր է Ջիովաննի Լևիի մոտեցումից, և այդպես շարունակ:
Նախագիծը մեծ ուշադրության արժանացավ տարբեր երկրների կողմից. եղան տարբեր տեսակետներ, որոնք թերևս կարող էին մեկնաբանվել աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այսպիսով, առաջինը հետաքրքրվեցին Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից, հետո, օրինակ, Մեքսիկայից, Հարավային Կորեայից, Իսլանդիայից, Հունգարիայից: Ներկայումս գոյություն ունի միկրոպատմաբանների միջազգային ցանց, որը ղեկավարում են հունգարացի և իսլանդացի պատմաբանները:
Ինչո՞ւ ես ասացի, որ այս ձևակերպումը աշխարհաքաղաքական մեծության է: Իմ պատասխանն այս հարցին հետևյալն է. հնարավոր կլիներ օգտագործել միկրոպատմությունը կործանելու համար հիերարխիայի այն կարգերը, որոնք կապված են քաղաքականության ու պատմական ավանդույթներին: Օրինակ՝ բոլորը կուրորեն հավատում են, որ ֆրանսիական հեղափոխության թեման ենթադրաբար համաշխարհային մեծության է: Հավանաբար, բոլորը հետաքրքրված են դրանով: Բայց ի՞նչ կասեք Իսլանդիայի ձկնորսական մի գյուղի մասին:
Հիերարխիաների հերթական կործանման հետևում կանգնած է մի իմաստալից մեջբերում: Բրոնիսլավ Բալինովսկին հանճարեղ մարդաբան է, ծնվել է Լեհաստանում և հետագայում տեղափոխվել Միացյալ թագավորություն, նա ժամանակակից մարդաբանության հիմնադիրն է: Նա մի անգամ ասել է. «Կարևոր չէ կոնկրետ ցեղը, կարևոր են այն հարցերը, որոնք տրվել են այս կամ այն ցեղին»:
Սա նրա խոսքերի իմ սեփական մեկնաբանությունն է. «Եվ ես կավելացնեմ, որ միկրոպատմության մեջ տեղին է դեպքի ինտենսիվ ուսումնասիրություն կատարելը, որը կհանգեցնի համընդանրացման»:
Այսպիսով, որպես այդպիսին, հատվածի պաշտամունքը չէ, որ կարևոր է: Ես կասեի հատվածը կամ դեպքն է կարևոր, քանի որ այն կարող է հանգեցնել հետագա հարցերի և նույնիսկ՝ ժամանակավոր համընդանրացման:
«Պանիրն ու որդերը» վերնագրով իմ գրած գիրքը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, պարադոքսալ կերպով միկրոպատմության տիպիկ օրինակ է: Ես ասացի «պարադոքսալ կերպով», քանի որ գիրքը տպագրվել է 1976թ.-ին, իսկ միկրոպատմության մասին քննարկումները սկսվել են մի քանի տարի անց՝ 1978-79 թվականներին: Հետադարձ հայացք նետելով` ես կարող եմ իմ սեփական գիրքը դիտարկել՝ որպես ուսումնասիրության օրինակ, որը կարող է համարվել միկրոպատմության տեսականացման առաջատար մաս. ի վերջո, միանգամայն բնական է, որ տեսությունները առաջանում են փաստերից, ավելի ճիշտ կլինի ասել՝ փորձառական հետազոտություններից հետո:
Այսպիսով, այս անգամ ես աշխատել եմ մի մարդու պատմության վրա. նա հյուսիսարևելյան Իտալիայի Ֆրիուլի գյուղում ապրող մի ջրաղացպան էր, ում հռոմեական ինկվիզիցիան 2 անգամ դատի էր տվել, իսկ 16-րդ դարավերջին մահապատժի ենթարկել՝ որպես հերետիկոս: Այս մարդու դեմ դատավարությունները աչքովս ընկան 60-ական թվականների սկզբին: Ես աշխատում էի մի այլ նախագծի վրա, որը նույնպես կապված էր Ֆրիուլիում տեղի ունեցած ինկվիզիցիոն դատավարություններին, որոնք վերաբերում էին կախարդությանը կամ հակակախարդությանը: Նկատեցի Ֆրիուլիում տեղի ունեցած 18-րդ դարի առաջին 1000 ինկվիզիցիոն դատավարությունների մի ձեռագիր ցուցակ: Տեսա 2 դատավարությունների հղում մի մարդու դեմ, ով հավատացել է, որ աշխարհը առաջացել է փտած նյութից:
Ես խորապես հետաքրքրված էի այդ գաղափարով, սակայն այդ պահին չէի կարող ուսումնասիրել դատավարությունները (միայն գտա դրանց մասին մի կարճ նկարագրություն): Բայց ես նշում կատարեցի և հետագայում կարողացա ուսումնասիրել դրանք: 7 տարի անց սկսեցի աշխատել մի նախագծի վրա՝ կենտրոնանալով ջրաղացպանի՝ Մենոքիո մականունով Դոմինիկո Սկանդելլայի վրա: 7 տարի անց ես տպագրեցի գիրքս:
Գիրքը մեծ հաջողություն ունեցավ. թարգմանվել է 26 լեզուներով: Այն իսկապես ամենահաջողված գիրքն է, որ երբևէ գրել եմ: Ես ինքս ինձ հարցրի, թե ինչու գիրքն այսքան արագ արձագանք գտավ: Այս հարցի իմ առաջին պատասխանը կապված է գրքի գլխավոր հերոսի՝ ջրաղացպանի հետ: Նա բացառիկ մարդ էր, և գյուղի բնակիչները նրան համարում էին յուրահատուկ: Իրականում, ինկվիզիտորները հարցնում էին, թե արդյո՞ք նա խելագար է, ու գյուղացիները պատասխանում էին, որ նա խելագար չէ, սակայն շատ տարօրինակ է ու տարօրինակ ելույթներ է ունենում, այսինքն` անհասկանալի բաներ է ասում տարբեր հարցերի շուրջ:
Ուրեմն` առաջինն անհատն է, հետո` փաստաթղթերը: Եվ կարծում եմ՝ այդ փաստաթղթերում 2 թեմա կա, որ ես դրեցի իմ գրքի հիմքում: Դրանք միանգամից կգրավեին յուրաքանչյուր մշակույթում ապրող ցանկացած մարդու: Առաջինը Մենոքիոյի՝ հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների դեմ մարտահրավերն էր, երկրորդը նրա մոտեցումն էր ընթերցանությանը՝ գրավոր և բանավոր մշակույթների փոխազդեցությամբ:
Մենոքիոն գրքեր էր կարդում. ես կարողացել եմ բացահայտել նրա կարդացած գրեթե բոլոր գրքերը: Նա, անշուշտ, ավելի շատ գրքեր էր կարդացել, բայց ես սկզբում ուսումնասիրեցի նրա կարդացած գրքերից՝դատավարությունների ժամանակ մեջբերված հատվածները: Հետո ես հետազոտեցի նրա՝ գրքեր կարդալու ձևը. ցանկը ներառում էր անհայտ գրքույկներ, բայց նաև՝ Բոկաչչոյի հայտնի գիրքը՝ «Դեկամերոնը»:
Մենոքիոյի գիտելիքի մշակութային պաշարը բացառապես բարդ և անսպասելի էր: Նա տպագիր գրքերին վերաբերվում էր գիտելիքի խորը մշակութային պաշարով:
Սա այնպիսի փորձառություն է, որը հնարավոր է ծանոթ լինի տարբեր երկրներում ապրող շատ մարդկանց:
Եթե դեպքը մանրամասն վերլուծենք, վստահելով միկրոպատմական այս մոտեցմանը, բազմաթիվ ընդհանուր խնդիրների առաջ կկանգնենք: Յեյլի համալսարանում դասավանդող իտալացի պատմաբան Ֆրանչեսկա Տրիվելլատոն գրել է մի հոդված (որը հասանելի է համացանցում)՝ հարցնելով, թե արդյոք իտալական միկրոպատմությունը օգտակար է պատմության համաշխարհային մոտեցմանը: Նրա պատասխանը դրական էր: Նրա մանրամասն պատասխանից սկսեցի ձևավորել մեկ ուրիշ փաստարկ իմ «Միկրոպատմություն և համաշխարհային պատմություն» էսսեում, որը տեղ է գտել «Քեմբրիջի համալսարանի համաշխարհային պատմություն» գրքի 6-րդ հատորում:
Այսօր բոլորը խոսում են համաշխարհայնացման մասին: Կարևոր է հիշել, որ սա ոչ թե իրադարձություն է, այլ երկարատև գործընթաց, որը սկիզբ է առել դարեր առաջ: Շատուշատ երկրներ են ներգրավված այս գործընթացում: Օրինակ՝ մեզանից շատերը ներգրավված են տեղեկության մի շարք փոխանակումների մեջ (էլ. փոստի միջոցով և այլն), որի մասին չէինք էլ կարող երևակայել նույնիսկ 20 տարի առաջ: Պատմաբանները պետք է առնչվեն այս իրավիճակին՝ անցյալին նոր հարցեր տալով: Կարծում եմ՝ միկրոպատմությունը կարող է բացառապես օգտակար միջոց լինել, աճող և ընդլայնվող այս աշխարհի հետ հարաբերվելու ժամանակ՝ անցյալին նոր հարցեր տալով:
Մենք ներքաշված ենք տվյալների ցանցում, և խնդիրն այն է, թե ինչպես կարող ենք աշխատել տվյալների այս հսկայական բազայի հետ: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել համացանցը, որ ճիշտ շահագործենք դրա հնարավորությունները: Ես ինքս եմ այս խնդրի առաջ կանգնել և փորձեցի սովորեցնել իմ ուսանողներին «փորփրել» համացանցը և գտնել ինչ-որ բան, որը, բացի մեր հարցերին պատասխանելուց, բարձրացնում է անսպասելի բացահայտումների հիմքին նոր հարցադրումների հնարավորությունը: Համացանցը կարող է օգտագործվել որպես ուսումնասիրության միջոց, իսկ ուսումնասիրությունն անհայտը փնտրելն ու գտնելն է:
Թարգմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: