Ինչպե՞ս բարելավել կանանց առաջխաղացման ծրագրերը
«Կանանց հզորացումը» գենդերային հավասարության նախաձեռնությունների ընդհանուր նպատակներից մեկն է: Բայց իրականում ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, թե հզորացնում ենք կանանց:
Ռութգերսի բիզնես դպրոցում գտնվող CWIB կողմից իրականացված վերջին հետազոտությունը էական տարբերություններ է հայտնաբերել տղամարդկանց և կանանց իշխանության փորձառությունների միջև: Այս հետազոտությունը, որն իրականացվել է Քոլին Տոլանի, Ալեքսանդր Վան Զանտի և Թերի Կուցբերգի կողմից, շարունակական ուսումնասիրության մի մաս է՝ ավելի լավ հասկանալու իշխանության գենդերային ընկալումները: Հետազոտությունն ընգրկում էր ավելի քան 300 մասնակցի․ արդյունքում պարզվեց, որ տղամարդիկ հիմնականում իշխանությունը ասոցացնում են վերահսկողության հետ, մինչդեռ կանայք ասում են, որ իշխանությունն ավելի հաճախ կապված է ազատության հետ:
Սա կարևոր է, քանի որ կանանց կորպորապտիվ առաջխաղացման շատ ծրագրեր կենտրոնացած են իշխանությունը փոխանցելու կամ կանանց՝ նախապես սահմանված հմտությունների ուսուցման վրա, որը նպատակաուղղված է նրանց ավելի շատ վերահսկողություն տալու իրենց կարիերայում։ Որդեգրելով այս մոտեցումը՝ ընկերությունները կարող են ակամա արմատավորել կոնֆորմիզմի մշակույթը՝ խնդրելով կանանց փոխել իրենց ով լինելը հաջողության հասնելու համար: Սա ստիպում է շատ կանանց, հատկապես տարեցներին, կաշկանդվածության զգացում ունենալ, քանի որ ուժեղ առաջնորդները պետք է ունենան ակնկալիքներ սահմանելու, այլ ոչ լոկ դրանք բավարարելու ունակություն։
Իշխանությունը տիրապետողներից դրա կարիքն ունեցողներին փոխանցելու կամ հզոր համարվելու ավանդական գաղափարները ճնշելու վրա կենտրոնանալու փոխարեն՝ ընկերությունները պետք է ավելի շատ հետաքրքրվածություն դրսևորեն, ավելի շատ հարցեր տան և վերակողմնորոշեն իրենց ջանքերն այն բաների շուրջ, որոնք իրականում ստիպում են կանանց իսկապես հզոր զգալ:
Ինչու են հզորացման ավանդական ջանքերը ձախողվում
Երբ ընկերությունները քննարկում են կանանց հզորացումը, այն հաճախ ընկալվում է որպես հիերարխիկ, միահավասար, ոչ փոխշահավետ մի բան։ Ղեկավարներն ու որոշում կայացնողները մնում են դրա իրավարարները՝ փոխանցելով իշխանությունը ընտրված խմբերից իրենց կազմակերպությունների կանանց: Սա անելու համար ընկերությունները հաճախ ապավինում են առաջխաղացման ծրագրերի՝ դիմելով որոշ միջամտությունների, ներառյալ.
- Բացերի լրացում։ Կանանց հատուկ հմտություններ սովորեցնելը, հատկապես այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են բանակցությունները և ներկայացումը, որպեսզի նրանք ավելի «լուրջ» տպավորություն թողնեն։
- Վստահության բարձրացումը։ Փորձագետի ներգրավում, որը կօգնի կին աշխատակիցներին լինել ավելի ինքնավստահ և «ավելի հզոր երևալ», ինչպես շրջապատող տղամարդիկ են։
- Ստվերի էֆեկտը։ Կանանց իշխանություն շնորհել՝ նրանց տրամադրելով (սովորաբար արական սեռի) հովանավորներ, որոնք կկիսեն նրանց իշխանությունը:
- Նվերների զամբյուղի մոտեցում։ Մի շարք ռեսուրսների տրամադրում այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են սթրեսը և հոգեկան առողջությունը, ինչը ենթադրում է, որ կանանց ռեսուրսների հասանելիության բարելավումը նրանց տղամարկանց հավասար իշխանություն կտա:
Բայց մեր տվյալները ցույց են տալիս, որ այս ջանքերը, որքան էլ լավ նպատակադրված լինեն, չեն վերածվում իրական կամ զգալի ուժի կանանց շրջանում: Կանանց հզորացումն ու առաջխաղացումը պահանջում են ավելին, քան ինքնավստահության հաստատման ուսումնական ծրագրերը, թարմացված ցուցակները կամ արդյունավետության դատարկ ցուցանիշներն են, քանի որ այս ռազմավարությունները չեն անդրադառնում պատկանելության, թաքնված խոչընդոտների կամ հնացած մշակույթի ավելի խորը խնդիրներին:
Ավելին, երբ ընկերություններն իրականացնում են հմտությունների ձևավորման ուսումնական ծրագրեր, նրանք սովորաբար ելնում են առաջնորդության ավանդական, հաճախ ավելի տղամարդկային արխետիպերից: Սա կարող է վնաս պատճառել՝ ամրապնդելով այն թյուր կարծիքը, որ կանայք պետք է նմանվեն տղամարդկանց, որպեսզի վերելքի հասնեն, այլ ոչ թե ինքնակատարելագործվեն: Դա նաև հաշվի չի առնում այն կրկնակի կապը, որը պահանջում է կին առաջնորդներին լինել և՛ համակրելի, և՛ պրոֆեսիոնալ, թեև սա չի պարտադրվում տղամարդ առաջնորդներին: Եթե մենք չենք ուզում կանանց տանել ձախողման կամ ինքնակոչության զգացում տալ, պետք է հաշվի առնենք ոչ միայն այն կողմնակալությունները, որոնց նրանք բախվում են, այլև իրենց իսկ պատկերացումներն իշխանության մասին:
Կանանց համար իշխանությունը նշանակում է ազատություն
Մենք հարցում ենք անցկացրել ԱՄՆ-ի 310 կորպորատիվ աշխատողների շրջանում՝ իշխանության մասին նրանց պատկերացումների վերաբերյալ: Երբ մասնակիցներին խնդրեցին սահմանել իշխանությունը, տղամարդիկ և կանայք հիմնականում համաձայնեցին, որ իշխանությունը կապ ունի ազդեցության և վերահսկողության հետ: Բայց երբ նրանց խնդրեցին նկարագրել մի դեպք, երբ իրենք իրենց հզոր են զգացել, կանայք նշեցին մի բան, որը տղամարդիկ չասացին՝ ազատություն։ Հարցման մասնակից կանայք ոչ միայն իրենց պատասխաններում բացահայտորեն արծարծել են ազատությունը՝ որպես ուժի կարևոր ցուցիչ, այլև տղամարդկանցից զգալիորեն հաճախ են ենթադրել, որ ազատությունը կապված է իշխանության հետ:
Այս տարբերությունը ընկալելու ձևերից մեկը մի նախնական հետազոտություն է, որը փաստում է իշխանության երեք ուղղությունների մասին՝ իշխանություն ինչ-որ մեկի վրա, հետ և ինչ-որ բան անելու: Մարդկանց մեծամասնությունը իշխանությունը սահմանում է որպես իշխանություն ինչ-որ մեկի վրա, սակայն մեր հարցման ժամանակ կանանց մեծամասնությունը աշխատանքային ազատությունը ավելի շատ կապում էր երրորդ ուղղության հետ՝ ինչ-որ բան անելու իշխանություն։
Ահա թե ինչ կին մասնակիցներն ասացին մեզ, որ կցանկանային ունենալ աշխատավայրում.
Կոլեկտիվ, ոչ թե միայն մրցակցային ճանապարհներով առաջնորդելու իշխանություն
Երբ նրանց խնդրեցին նկարագրել մի դեպք, երբ իրենց հզոր են զգացել, կանայք նշում էին ընտրության ազատությունը որոշումների կայացման ժամանակ, մինչդեռ տղամարդիկ ավելի հաճախ նկարագրում էին ուրիշներին ղեկավարելու դիրքում լինելը։ Հակառակ այն ակնկալիքներին, որ կանայք կհարմարվեն առաջնորդության մեկ իդեալի, նրանք ասում էին, որ առաջնորդությունը պետք է ներառի «որպես առաջնորդ՝ խմբի համար որոշումներ կայացնելու ազատությունը կամ հարթակ ստեղծի ավելի շատ խմբային որոշումների կայացման համար»: Կանայք նաև չորս անգամ ավելի հաճախ էին նկարագրում ուրիշներին օգնելը՝ որպես իրենց հզոր զգալու պահ, քան տղամարդիկ։ Սա ցույց է տալիս, որ հզորացման ջանքերը պետք է հաշվի առնեն առաջնորդության ոճերի ավելի լայն շրջանակ և ձգտեն զարգացնել կին առաջնորդներին՝ մշակելով նրանց համագործակցության ոճերը: Կանայք պետք է հնարավորություն ունենան առաջնորդելու իրենց ուժեղ կողմերով և իրենց հարմար ուղիներով:
Կյանքի փորձից առաջնորդելու իշխանություն
Մեր կողմից հարցված կանանցից շատերը ենթադրել են, որ իշխանությունը գալիս է աշխատավայրում սեփական եսին հավատարիմ մնալուց։ Մասնակիցներից մեկն ասել է, որ իշխանությունը «ազատություն է լինել այնպիսին, ինչպիսին կաս»: Մյուսները գրում էին իրենց սեփական ձևով առաջնորդելու ցանկության, հարմարվելու ճնշումից ազատվելու և նախապես հաստատված նորմերից և առաջնորդության արխետիպերից հեռանալու մասին: Կյանքի փորձառությունները միշտ չէ, որ արժևորվում են հզորացման ավանդական ծրագրերում, և փոխարենը պահանջվում է դրսևորել հարմարվողականություն, ինչը կարող է կանանց ստիպել զգալ անզոր և ոչ թե հակառակը։ Սա կարող է էլ ավելի մարտահրավերային լինել որոշ խմբերի համար, ինչպիսիք են մաշկի տարբերվող գույն ունեցող կանայք, որ առերեսվում են հարմարվելու հավելյալ ակնկալիքների։
Հավակնությունները և ուղիները վերասահմանելու իշխանություն
Ազատությունն ավելին է, քան ճկունությունը. դա նշանակում է անհատներին հզորացնել՝ կատարելու այնպիսի ընտրություն, որը լավագույնս համապատասխանում է նրանց առաջնորդության ոճին և կյանքի տվյալ կետում ունեցած նպատակներին: Մեր հարցման մասնակից կանայք ենթադրել են, որ իշխանությունը նշանակում է ավելի քիչ սթրես և ավելի շատ ազատություն՝ անելու այնպես, որ ամեն բան ընթանա իրենց ուցածով: Որոշ կանայք խոսել են իրենց կարիերայի երկարաժամկետ ծրագրերի, առաջխաղացման ժամանակացույցի և կառավարչական պարտականությունների ընտրության հարցում ավելի մեծ ազատություն ունենալու ցանկության մասին: Կանայք նաև երեք անգամ ավելի հազվադեպ են «հաղթանակը» բնութագրել որպես իրենց հզոր զգալու պահ, քան տղամարդիկ:
Այս ամենը խոսում է այն մասին, որ կանայք գուցե այլ բաներ են ցանկանում առաջնորդության հետապնդման ճանապարհին։ Վերցնենք մի կին առաջնորդի, որ հաղթանակը համարում է ուժեղ առաջնորդության հակոտնյան, և ձգտում է հեռանալ ոչ փոխշահավետ ջանքերից կամ կենտրոնացած չէ միայն իր կազմակերպության բարձրակետին հասնելու վրա: Այս ուղղությունը գուցե չդիտվի որպես «հզոր» հին հարացույցում: Սակայն հավակնությունները վերասահմանելու ուժը զգալի ուժի կարևոր մասն է, և դրա ճանաչումը կօգնի ընկերություններին բաց չթողնել տաղանդավոր կին առաջնորդներին:
Փոփոխություններ անելու իշխանություն
Մեր հետազոտությունը պարզեց, որ ազատ գործունեություն-իշխանություն կապը, կարծես, հատուկ արձագանք է գտել կանանց շրջանում: Մեր հարցման մասնակից կանայք ոչ թե զուտ ցանկանում են հետևել ներկա ընթացքին՝ հարմարվելով և հարմակերպվելով դրա հետ, այլ ցանկանում են սահմանել այն՝ զարգացնելով իրենց շրջապատող մշակույթները: Նրանք ցանկանում են ազատ գործելու ավելի մեծ հնարավորություններ: Կանայք ասում էին, որ աշխատանքավայրում ազատությունն ու իշխանությունը կապված են փոփոխություններ կատարելու հետ: Մասնակիցներից մեկն ասաց. «Ես ինձ հզոր էի զգում, երբ որոշում կայացրի ընտրել, թե ինչպես պետք է կանոններ սահմանեմ իմ թիմի հետ»: Աշխատակիցներին հզորացնելը նշանակում է նրանց ազատություն տալ՝ վերարժևորելու այն, թե ընկերության մշակույթում ինչն է աշխատում, իսկ ինչը՝ ոչ, և համապատասխան լուծումներ հնչեցնելու ուղիներ տրամադրել:
Այս գաղափարները վերաամրապնդում են այն հայեցակարգը, որ իշխանությունը մարդկանց փոխելու կամ ուղղելու մասին չէ: Մեր հետազոտությունը կանանց համար իշխանության տարբերակների և իրենց ուզած կարիերան կառուցելու կարողության մասին է։ Այն փոփոխություններ կատարելու և իրենց՝ աշխատանքային կյանքում ավելի շատ ներգրավման ուժի մասին է: Այն կանանց վստահելու և անհատական առաջնորդությունը խթանելու մասին է։
Ինչպես կարող են ընկերությունները վերանայել հզորացումը
Եթե ընկերությունները ձգտում են հզորացնել կին առաջնորդներին, նրանք պետք է պատրաստակամ լինեն ընդլայնելու իրենց գաղափարներն իշխանության շուրջ, ինչպես նաև լսելու առանձին կանանց փորձը և դրա հետ կապված հեռանկարները: Ավելի կոնկրետ, նրանք պետք է հասկանան, որ իշխանությունը բազմատարր է և շատ կանանց համար ազատության տրամադրում է:
Այդ նպատակով ընկերությունները պետք է.
- Գնահատեն և հարմարեցնեն իրենց ընթացիկ ծրագրերը՝ որոշելու համար, թե արդյոք կա կողմնակալություն կամ նեղ ենթադրություններ առաջնորդության հմտությունների և առաջնորդության հատկանիշների շուրջ: Փորձե՛ք սրանով ավելի շատ հետաքրքրվել։ Շատ կազմակերպությունների հիմքում թաքնված կողմնակալություններ են առկա, և ներկայիս մոտեցումները կարող են ամրապնդել այն թյուր կարծիքը, որ վերելքի միայն մեկ ճանապարհ կա, և անհատները պետք է դրան հարմարվեն։
- Հարցնեն, թե ընկերության ներսում կանանց ինչ է պետք, ինչ են նրանք ուզում՝ կապված իշխանության հետ, և լսեն, թե ինչ են նրանք ասում: Քանի որ իշխանության մեջ փորձառությունները անհատական են, աշխատակիցներին հարցնելը, թե ինչ է պետք նրանց ավելի հզոր զգալու համար, կարող է ձեզ տալ նոր բացահայտումներ և առաջ շարժվելու ուղիներ:
- Վերակենտրոնացնեն և վերակազմեն ծրագրեր ու մշակույթ՝ տրամադրելու համար այն, ինչ առանձին կանայք ցանկանում են և ինչի կարիք ունեն՝ ազատություն գտնելու և հզոր զգալու համար: Ընկերությունները պետք է սկսեն տեսնել կանանց անհատականությունն ընդունելու և նրանց խրախուսելու արժեքը, որպեսզի նրանք սկսեն առաջնորդել իրենց կյանքի փորձառությունների հիման վրա։
***
Աշխատատեղերը բարգավաճում են, երբ աշխատակիցներն իրենց հզոր են զգում: Բայց եթե ընկերությունները շարունակեն հավերժացնել իշխանության մեկ չափանիշ, վերաբաշխել այն իր ներկայիս տեսքով և ակնկալել, որ կանայք կկրկնօրինակեն հին օրինաչափություններն ու արխետիպերը, ոչինչ երբեք չի փոխվի, և մենք առաջ չենք մղի և չենք հզորացնի կին առաջնորդներին։
Առաջխաղացման ծրագրերի նպատակը պետք է լինի կանանց՝ բարձունքների հասնելը՝ իրենց ուրույն ձևերով առաջնորդելու ազատությամբ, երբ նրանք հասնեն այնտեղ: Ազատության վրա ավելի շատ շեշտադրում անելը կարող է դառնալ հաջողության բանալի՝ իսկապես հզորացնելով կանանց և օգնելով նրանց գիտակցել իրենց ողջ ներուժն ու հզորությունը:
Քոլին Մ․ Տոլանը Ռութգերսի՝ բիզնեսի կանանց կենտրոնի հետդոկտորական գիտաշխատողն է: Նա Թեմփլի համալսարանում հաղորդակցության և մեդիայի դոկտորի կոչում է ստացել: Տոլանի հետազոտական հետաքրքրությունները ներառում են միջանձնային հակամարտությունները, քաղաքացիական խոսույթը և իրավահավասար աշխատանքային միջավայրը:
Դիփա Փուրուշոթամանը Հարվարդի բիզնես դպրոցի գործադիր անդամ է և re.write վերլուծական կենտրոնի հիմնադիր: Նա նաև «The First, The Few, The Only: How Women of Color Can Redefine Power in Corporate America.» աշխատության հեղինակն է։
Լիզա Կապլովիցը Ռութգերսի՝ բիզնեսի կանանց կենտրոնի գործադիր տնօրենն է և Ռութգերս բիզնես դպրոցի ֆինանսական ամբիոնի մասնագիտական պրակտիկայի դոցենտ: Ունի 25 տարվա փորձ որպես ներդրումային բանկիր ու ֆինանսական տնօրեն և պարբերաբար ելույթներ է ունենում է գենդերային հավասարության և բիզնեսում կանանց առաջխաղացման հետ կապված հարցերի մասին: Նրա TEDx-ը՝ «Advancing Women by Redistributing the Housework, One Son at a Time» թեմայով, ընդգծում է տնային պարտականությունների հավասար բաշխման անհրաժեշտությունը:
Թարգմանիչ՝ Սյուզաննա Մելքոնյան (Suzanna Melkonyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։








