Անցումային տնտեսությունների և զարգացող երկրների հակահամաճարակային քաղաքականությունը 

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը նման չէ մյուսներին: Այն դրդեց անցումային տնտեսություններին և զարգացող երկրներին յուրահատուկ պատասխան միջոցառումների իրականացմանը ինչպես ծավալային, այնպես էլ մասշտաբային առումով։

Չնայած նրանց տարբերություններին և, որոշ դեպքերում, ռեսուրսների սահմանափակությանը` այս մեծ խմբի մեջ մտնող անցումային տնտեսությամբ և ցածր եկամուտներով երկրները հասել են ավելի լայն ծառայությունների մատուցման առողջապահությունում և ցույց են տվել աննախադեպ աջակցություն տնային տնտեսություններին, ընկերություններին և ֆինանսական շուկաներին: Քաղաքականության մեջ մանևրելու սահմանափակ տարածության պատճառով պատասխան միջոցառումներն ավելի քիչ մասշտաբային էին, քան զարգացած  երկրներում, բայց այդ պետություններից մի քանիսը նույնիսկ կարողացան օգնել այլ երկրների:

Բոլորովին նոր աշխարհ

Համաշխարհային տնտեսության վրա COVID-19 համաճարակի կործանարար ազդեցությամբ անցումային տնտեսությամբ և զարգացող երկրներում տնտեսական ակտիվության մակարդակը նվազեց այնպիսի տեմպերով, որը չի նկատվել առնվազն վերջին 50 տարվա ընթացքում: Մի քանի երկրներ զգում են առևտրի և կապիտալի հոսքերի կտրուկ անկում, ինչպես նաև նավթի և այլ բորսայական ապրանքների գների աննախադեպ անկման ազդեցությունը: Տեղի ունեցավ անկախ վարկառուների վարկանիշի լայնածավալ անկում:

ԱՄՀ քաղաքականության միջոցառումների ինդիկատորների համակարգում ամփոփ ներկայացվել են COVID-19 համավարակին ի պատասխան ձեռնարկված քաղաքականության հիմնական միջոցառումները, և այդ պատասխան միջոցառումների շրջանակներում նկատվել են մի քանի ընդհանուր ուղղություններ։

Հարկաբյուջետային քաղաքականությունը կյանքի և բարեկեցության փրկության համար

Հարկաբյուջետային քաղաքականությունը առաջնային դեր է խաղացել անցումային տնտեսությամբ երկրների և զարգացող երկրների քաղաքականության պատասխան միջոցառումներում։ Երկրների այս խմբում առողջապահական ճգնաժամը առաջացնում է առողջապահական համակարգում մասշտաբային ծախսերի անհրաժեշտություն՝ չնայած ծախսերի այդ աճը աննշան է թվում ընդհանուր տնտեսությանը սատարելու համար անհրաժեշտ ռեսուրսների հանդեպ։ Այս երկրներում վարկեր, երաշխիքներ և հարկային արձակուրդներ են նախատեսված կորպորացիաների և ՓՄՁ-ների համար, իսկ խոցելի տնային տնտեսություններին աջակցություն է ցուցաբերվում գործազրկության նպաստի ավելացման և կոմունալ ծառայությունների գնի սուբսիդավորման հաշվին:

Այս նոր միջոցառումների ֆինանսավորումը իրականացվել  է տարբեր աղբյուրների միջոցով՝ ներառյալ վարկեր, բուֆերային պաշարների ծախսում, միջոցների վերաբաշխում առկա բյուջեի շրջանակներում և բազմակողմ աջակցություն։

Որոշ երկրներ ճգնաժամի մեջ մտան խոցելի վիճակում՝ արդեն իսկ ունենալով դանդաղ աճ, պարտքերի մեծ մակարդակ և սահմանափակ բյուջետային տարածություն, որը կարող էր օգտագործվել առողջապահական համակարգին և թուլացող տնտեսությանը աջակցելու համար:

Ըստ ԱՄՀ-ի պարտքի կայունության գնահատման չափանիշների՝ ցածր եկամուտ ունեցող բոլոր երկրների մոտ կեսը դեռ ճգնաժամից առաջ համարվում էր կրիտիկական իրավիճակի մեջ գտնվող՝ կապված պարտքի հետ, կամ ուներ նման իրավիճակի առաջացման բարձր ռիսկ: Մասամբ այդ սահմանափակումների հետևանքով ընդհանուր դիսկրետ հարկաբյուջետային միջոցառումները, շոկին ի պատասխան, փոքր էին (բայց, ամեն դեպքում, նշանակալի չափերի) և՛ անցումային տնտեսությամբ երկրներում, և՛ ցածր եկամուտ ունեցող երկրներում, և դրանցում լրացուցիչ ծախսերի ու հարկերի կրճատումները համապատասխանաբար կազմում էին ՀՆԱ-ի 2,8 և 1,4 տոկոսը՝ համեմատած զարգացած երկրներում ՀՆԱ-ի 8,6 տոկոսի:

Դրամավարկային աջակցությունը և ֆինանսական հատվածի աջակցությունը. խարիսխ կայունության համար

Անցումային տնտեսությամբ և զարգացող երկրների կենտրոնական բանկերը մեղմացրին ցնցումների ազդեցությունը վարկային պայմանների վրա` իջեցնելով քաղաքականության տոկոսադրույքը և ներարկելով իրացվելիություն: Ի տարբերություն նախորդ դրվագների, երբ ճնշում կար դեպի կապիտալի արտահոսքը, այդ թվում՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբնական փուլում, զարգացող երկրներից շատերը իջեցրին քաղաքականության տոկոսադրույքները (շատ դեպքերում 50 բազային կետով կամ ավելին), այլ ոչ թե բարձրացրին դրանք: Սա կարող է վերագրվել ինֆլյացիոն ճնշումների իջեցմանը և, ընդհանուր առմամբ, ավելի վստահելի դրամավարկային քաղաքականության շրջանակներին:

Ինչպես զարգացած շատ երկրներ, անցումային տնտեսություն ունեցող որոշ երկրներ գրեթե չունեն տոկոսադրույքներն իջեցնելու հետագա հնարավորություն և ստեղծված հանգամանքներին ի պատասխան՝ օգտագործում են «դրամավարկային քաղաքականության ոչ ավանդական միջոցառումներ», ինչպիսին է պետական ​​և կորպորատիվ պարտատոմսերի գնումը։

Որպեսզի համավարակի ընթացքում տնտեսություններին ավելի զգալի աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ընձեռվի բանկերին, թուլացվեցին նորմատիվ սահմանափակումները, այդ թվում՝ կապված իրացվելիության և վարկերի դասակարգման հետ։

Բացի այդ՝ որոշ երկրներում, ներառյալ Չինաստանը և Կոլումբիան, մեղմվել են առանձին մակրոպրուդենցիալ միջոցառումներ` վարկավորման և փոխառության սահմանափակումներ՝ ներդրված վարկի չափից ավելի մեծ աճի և ֆինանսական ոլորտում համակարգային ռիսկերի կուտակման զսպման համար, ինչը կարող է առաջանալ տնտեսական բարենպաստ պայմաններում: Ներկայումս այս մեղմացումը կարող է նպաստել ֆիզիկական անձանց և տնտեսության առավել տուժած հատվածներին վարկի տրամադրմանը:

Ճկունության պահպանում

Ի պատասխան միջոցների արտահոսքի նկատմամբ ճնշման և ռիսկի շրջանցման ավելացմանը` արձանագրվել է անցումային տնտեսությունների և զարգացող երկրների փոխարժեքի նվազում, որի համար գործում են ճկուն փոխանակային ռեժիմներ, որոշ դեպքերում` ավելի քան 25 տոկոսով:

Բազմաթիվ երկրներ օգտագործել են իրենց բուֆերային պահուստները, որպեսզի փոխհատուցեն այդ ճնշման որոշ մասը` ինտերվենցիաներ կատարելով արժութային շուկայում և ծախսելով իրենց միջազգային պահուստները: Մի քանի երկրներ թուլացրին կապիտալի ներհոսքի նկատմամբ գործող սահմանափակումները, մինչդեռ կապիտալի արտահոսքը զսպելու միջոցներին դիմելը շատ սահմանափակ էր:

Թվային տեխնոլոգիաների օգտագործում՝ միջոց խոցելիների պաշտպանության համար

Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բոլիվիան և Ինդոնեզիան, թվային տեխնոլոգիաներն օգտագործվում են տնային տնտեսությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների հանկարծակի տնտեսական դժվարություններին դիմակայելու, ինչպես նաև հիվանդության տարածումը սահմանափակելու համար՝ կանխելով կանխիկ վճարումների օգտագործումը: Այլ երկրներում, ինչպիսիք են Կոլումբիան և Քենիան, ապահովում է թվային (ինտերնետի հասանելիության սահմանափակումները թուլացնելու հաշվին) և ֆինանսական ծառայությունների (բջջային փող և էլեկտրոնային վճարման վճարներ) մատչելի հասանելիություն: Զամբիայում փոքր ֆերմերներին սուբսիդիաները տրամադրվում են թվային պլատֆորմի միջոցով:

«Թվային լուծումները հնարավորություն տվեցին օգնություն հատկացնել խոցելիներին և բարձրացնել ավանդական մակրոտնտեսական քաղաքականության արդյունավետությունը»։

Մատակարարման խափանումների կարգավորում

Քանի որ համավարակը և երկարատև ինքնամեկուսացումը հարվածել են համաշխարհային մատակարարման ցանցին, շատ երկրներ ձեռնարկել են միջոցառումներ՝ ապահովելու սննդի անվտանգությունը և բժշկական պարագաների անխափան հասանելիությունը, հիմնականում ժամանակավոր հիմունքներով: Օրինակ՝ մի շարք երկրներում ներդրվել են գների վերահսկման միջոցառումներ, և ընդունվել են նորմատիվ ակտեր, որոնք արգելում են հիմնական սննդամթերքի և բժշկական պարագաների գների մանիպուլյացիան: Մի քանի երկրներում ներմուծման սահմանափակումները թուլացվել են: Ցավոք, որոշ դեպքերում սահմանափակումներ էին դրվել սննդի և դեղագործական արտադրանքի արտահանման վրա:

Միջազգային համերաշխություն. օգնել երկրներին մեծ արդյունքների ձեռքբերման մեջ

Ի պատասխան COVID-19-ի առաջացրած ցնցումների՝ գործի դրվեց և ամրապնդվեց համաշխարհային ֆինանսական անվտանգության համակարգը: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ստեղծեց նոր փոխանակման գծեր մի շարք խոշոր զարգացող երկրների և անցումային տնտեսություն ունեցող երկրների կենտրոնական բանկերի հետ։

G20-ի գլխավորությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ կազմակերպությունների կողմից պարտքի մորատորիումի նախաձեռնությունը և ֆինանսական աջակցությունը օգնում են զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներին հաղթահարել դժվարությունները: ԱՄՀ-ն օպերատիվ անհապաղ օգնություն է ցուցաբերել ավելի քան 60 երկրի: Բացի այդ՝ իրացվելի միջոցների պահանջարկի աճի հետ ԱՄՀ-ն վերջերս ստեղծեց կարճաժամկետ իրացվելիության աջակցության նոր գիծ (SLL)՝ ի պատասխան COVID-19-ի  միջոցառումների շրջանակներում իր վարկավորման գործիքները ընդլայնելու համար: Բացի այդ՝ զարգացած տնտեսությամբ երկրների կենտրոնական բանկերի կողմից իրացվելիության լայնածավալ ապահովումը, չնայած այն հիմնականում ուղղված էր ներքին ֆինանսական պայմանների բարելավմանը, միևնույն ժամանակ մեղմացրեց ճնշումը զարգացող երկրների և անցումային տնտեսությամբ երկրների վրա:

Միևնույն ժամանակ, զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներն օգնում են նաև միմյանց և կարիքավոր մյուս երկրներին: Մասնավորապես, տարածաշրջանային զարգացման բանկերը աջակցություն են ցուցաբերում մասնավոր հատվածի ձեռնարկություններին, առևտրի ֆինանսավորմանը և հեշտացնում են բժշկական պարագաների անխափան հասանելիությունը: Երկկողմ աջակցության օրինակներից են Ալբանիան, որը բժիշկների խումբ է ուղարկել Իտալիա, և Վիետնամը, որը բժշկական պարագաներ է նվիրել հարևան երկրներին, ինչպես նաև՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրներին:

Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրները շատ տուժեցին COVID-19-ից և շուկայի արձագանքից, որը հրահրվեց այս ցնցումից: ԱՄՀ-ի քաղաքականության ցուցանիշների համակարգի շրջանակներում իրականացվող վերլուծությունը ցույց է տալիս քաղաքականության արձագանքների բացառիկությունը՝ ամրապնդվելով նորարարությամբ և միջազգային համագործակցությամբ: Այս աննախադեպ և արագ զարգացող իրավիճակում երկրները կարող են օգտվել այլ համադրելի երկրների փորձից, և ԱՄՀ-ն պարտավորվում է հավաքել և տարածել լավագույն փորձը և այդ տվյալները ներառել սեփական վերլուծության մեջ, որպեսզի շարունակի աջակցություն ցուցաբերել իր անդամ երկրներին։


Թարգմանիչ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: