Ուոլ Սթրիթը հորդորում է թրեյդերներին վերադառնալ գրասենյակ

Ագահությունն ու վախը բախվում են. Ուոլ Սթրիթը հորդորում է թրեյդերներին վերադառնալ գրասենյակ

Ապրիլի 2-ին՝ մահացու պանդեմիայի ընթացքում, երբ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել էր 1 միլիոնի, «JPMorgan Chase & Co.» ղեկավարներն էլեկտրոնային փոստով ուղարկեցին Նյու Յորքի առևտրային հարթակների անձնակազմին վերաբերող իրենց վերջին պլանները:

Վաճառքի բաժնի աշխատակիցներից մեկը նկատեց, որ գործընկերներից մեկի անունն այդ ցուցակում չկա և հարցրեց, թե որտեղ է: «Կորոնա Թաուն, ԱՄՆ»,-պատասխանեց տղամարդը: Այնուհետև բանկի վարկային առևտրի գործադիր տնօրեններից մեկը՝ Նիկոլաս Ադրագնան, հավելեց. «Վաճառքի հարթակը կլինի գրասենյակում, եթե, իհարկե, որևէ մեկը չունենա առողջական խնդիր՝ հաստատված բժշկի ստորագրությամբ»:

Ավելի քան 100 աշխատակցի անուն ներառված էր Բլումբերգի կողմից նկատված հաղորդագրությունների շղթայում, ու ոմանք դրանից սարսափահար էին: Դա տեղի ունեցավ Մադիսոնի պողոտայում՝ «JP Morgan» կենտրոնական գրասենյակում, Covid-19-ի բռնկումից կարճ ժամանակ անց, որի ընթացքում միևնույն առևտրային հարկում գտնված առնվազն 16 մարդ թեստի դրական արդյունք էին ունեցել: Որոշ աշխատակիցներ դժգոհում էին, որ միջին և վերին օղակների ղեկավարներից հակասական հաղորդագրություններ են ստանում գրասենյակներ գալու մասին, որտեղ միլիարդավոր դոլարների շահույթի հարցեր են առաջ քաշվում, մինչդեռ աշխատակիցները նախընտրում են հետևել պետական ​​պաշտոնյաների խորհուրդներին և մնալ տանը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ յուրաքանչյուր ոք, ով նախընտրում է գրասենյակ չգալ, պարտավոր չէ անել դա,-ասում է «JP Morgan» խոսնակ Բրայան Մարկիոնին:-Մենք մեր քաղաքականության մեջ երբևէ չենք ունեցել բժշկի գրություն ներկայացնելու պահանջ կամ խնդրանք»:

Այս լարվածությունը չի սահմանափակվում միայն «JP Morgan»-ով: Մինչ «Wall Street»-ի ընկերությունների աշխատակիցների մեծամասնությանը առաջարկում էին աշխատել հեռավար, տանը գտնվող մի շարք թրեյդերներ և բանկիրներ (նրանցից մի քանիսը վերջերս էին վարակվել) ասում էին, որ իրենք զանգեր և հաղորդագրություններ են ստանում մենեջերներից, որոնք շտապեցնում են աշխատանքի վերադառնալ:

Փոքր և խոշոր ձեռնարկությունները փորձում են տեղում բավարար թվով անձնակազմ ապահովել արագ առևտուր իրականացնելու համար: Սա խնդրի լուծման ֆինանսական հատվածի տարբերակն է, որը տարածում է գտել Միացյալ Նահանգներում, և որտեղ «հիմնական» աշխատողները պետք է ընտրություն կատարեն աշխատանքը պահելու և իրենց կյանքը վտանգելու միջև:

Առևտրային ջրհեղեղ

Ներդրումային որոշ բանկեր հրապարակավ հայտարարել են, թե որքանով են ի վիճակի աշխատողներին թույլ տալ հեռավար աշխատելու, իսկ «Goldman Sachs Group Inc.»-ը վերջերս հայտարարեց, որ յուրաքանչյուր 50 աշխատողից միայն մեկն է տեղում: Քանի դեռ շուկան տատանվում է, վաճառքի բաժինների մեծ մասը գերարագ գրասենյակային տերմինալներում (high-speed office terminals) լրացուցիչ աշխատողներ է պահանջում, որպեսզի դիմակայի  հաճախորդների պատվերների հոսքին: «Bank of «America Corp.»-ը պնդում է, որ իր աշխատասենյակում վաճառքի 20 աշխատակցից միայն մեկն է տեղում, «JP Morgan»-ում՝ հինգ աշխատակցից մեկը:

Այն ժամանակ, երբ «JP Morgan» պարտատոմսերի առևտրի ղեկավարները նամակագրության միջոցով միմյանց հետ հաղորդակցվում էին, բանկի համաշխարհային ֆոնդային առևտրի ղեկավար Ջեյսոն Սիփելն իր ենթակաների հետ խորհրդակցական զանգ անցկացրեց: Նա ասաց, որ վաճառքի բաժնի գործունեությունը հեռակա աշխատանքի դեպքում այդքան էլ արդյունավետ չէ, սակայն փորձում են հարգել մարդկանց անվտանգությունը:

Այնուամենայնիվ, Ուոլ Սթրիթում տիրող իրավիճակը հակադրվում է գանձապահների և զանգերի կենտրոնի աշխատակիցների վրա ազդող ճնշումներին, որոնցով ստիպում են վերջիններիս ներգրավվել հաճախորդների բանկային գործառնություններում՝ անտեսելով նրանց քիչ գումար վաստակելու փաստը: Ֆինանսական հատվածի սահմաններից դուրս իրավիճակն ավելի բարդ է. ընդամենը երկու շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստ ստանալու համար մոտ 10 միլիոն մարդ է դիմել, իսկ «Amazon.com Inc.»-ի նման ընկերությունների աշխատակիցները դժգոհում են անվտանգության պայմաններից:

Վաղուց հայտնի է, որ թրեյդերներն աշխատում են՝ անտեսելով հիվանդությունները, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ վերաբերմունքը փոխվել է, քանի որ լրատվական միջոցները ցույց են տվել Նյու Յորքի հիվանդանոցների մոտ գտնվող սառնարանային բեռնատարների և Կենտրոնական զբոսայգում գտնվող բժշկական վրանների կադրերը, ինչպես նաև առողջապահության պատասխանատուներին, որոնք մարդկանց խնդրում են մնալ տանը:

Նյու Յորքի խոշոր բրոքերային ընկերության վաճառքի մենեջերներից մեկն ասաց, որ ցանկանում է լինել վերջին աշխատողը, որը կմնա գրասենյակում: Սակայն անցյալ ամիս՝ տուն գնալուց առաջ, նա աշխատանքի վայրում վարակվեց վիրուսով՝ արդյունքում ունենալով ուժեղ հազ։ Նյու Յորքի սահմաններից դուրս նա աշխատել է առանձին և արթուն է մնացել է մինչև երեկոյան 1-ը: Վերջերս նա թեստավորվեց, սակայն ապրիլի սկզբի դրությամբ դեռևս չի ստացել թեստի արդյունքները:

Անցյալ ամիս BGC գործընկերների, «Կանտոր Ֆիցջերալդ»-ի դուստր ձեռնարկության աշխատակիցներն ստացան «կարևոր» մակագրությամբ գրություն, որտեղ նշված էր, որ պետական ոչ մի ​​հրաման աշխատանքի ներկայանալ  չի արգելում: «Մենք մնում ենք բաց,-ասվում է գրառման մեջ: Գրասենյակներ գնալը և հասարակական տրանսպորտից օգտվելը թույլատրվում են մեր գրասենյակ և մեր տարածք ժամանելու համար»: BGC որոշ աշխատակիցներ առանձին բողոքել են, որ իրենց վրա ճնշում են գործադրում կենտրոն գալու համար՝ չնայած նրան, որ մյուս գրառումները հնարավորություն էին տալիս տնից աշխատելու: BGC խոսնակը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել այս իրավիճակը:

Այնուամենայնիվ, ընկերության հիվանդացած երկու աշխատակիցներն էին, որ բողոքներ չունեին: Նրանցից մեկը ողջունելի համարեց, որ իրենց հիվանդանալուց հետո ղեկավարությունն իր ամբողջ բաժնին տուն ուղարկեց, իսկ մյուսն ասաց, որ ինքը շարունակել է աշխատել մեկուսացման մեջ, մինչև որ իր ախտանշանները չսրվեցին, և ղեկավարները բավական ժամանակ տվեցին ապաքինվելու համար:

Հիմնական անձնակազմ

Աշխատավայրում վիրուսի տարածումը կանխարգելելու համար խոշոր բանկերի մեծամասնությունը ներկայացրեց նմանատիպ ռազմավարություններ. նրանք աշխատանքային հիմնական խմբեր են ուղարկում թրեյդինգային հարթակներ և այսպես կոչված աղետների վերականգնման վայրեր, իսկ մնացած աշխատողներին ուղարկում են տուն: Մի քանի օր անց, սակայն, գրասենյակային դիլերներն սկսեցին բողոքել, որ գործընկերները շարունակաբար հավաքվում են իրենց շուրջ: Ոմանք էլ ասում էին, որ շաբաթներ շարունակ սպասել են, որ տեխնիկական աշխատակիցները ֆիզիկապես առանձնացնեն մասնագիտացված տերմինալների շարքերը:

Լոնդոնում «JP Morgan» թրեյդերներից մեկն ասաց, որ սկզբում նրան ուղարկել են ընկերության՝ Թեմզայի երկայնքով ձգվող 19-րդ դարի շինության նկուղ, որտեղ տասնյակ գործընկերներ նյարդայնացած աշխատում էին կողք կողքի: Պայմանները բարելավվեցին, երբ գրասենյակի աշխատակիցներին թույլ տրվեց հեռանալ: Նա հավելեց, որ իրեն ասվել է, թե տնից աշխատելու համար բժշկի գրություն է անհրաժեշտ:

Աշխատակիցներից մեկը նշում է, որ «Natixis SA»-ի Նյու Յորքի գրասենյակում նյարդերը տեղի տվեցին այն բանից հետո, երբ ֆրանսիական բանկը թրեյդերներ ուղարկեց քաղաքից դուրս գտնվող, չափազանց փոքր տարածք ունեցող վերականգնողական կայան, ուր սոցիալական հեռավորությունն անհնար էր պահպանել: Ընկերությունը հետագայում չեղարկեց ծրագիրը և մարդկանց տուն ուղարկեց․ աշխատակիցները կարևոր նամակ ստացան ղեկավար կազմից. «Հույժ գաղտնի. Covid-19-ով վարակված աշխատակիցների ցուցակ»:

Ուղարկված հավելվածը բացած աշխատողները հասկացել են, որ դա համապատասխանության բաժնի կողմից հակաֆիշինգային թեստ է, որը նրանք ձախողել են: Շատերը բարկացած էին։

««Natixis»-ը կտրականապես մերժում է ցանկացած ենթադրություն այն մասին, որ դա իր աշխատողներին վտանգի է ենթարկում»,-ասում է Փարիզում «Natixis»-ի խոսնակ Դանիել Ուիլսոնը՝ հավելելով, որ Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում բոլոր ներդրումային բանկերում աշխատակիցները մարտի կեսերից ի վեր աշխատում են տնից: «Մենք ԱՄՆ-ում, ինչպես ցանկացած այլ վայրում, խիստ միջոցներ ենք ձեռնարկել՝ պաշտպանելով մեր աշխատակիցների առողջությունը և օգնելով դանդաղեցնել վիրուսի տարածումը»:

«Բոլորդ միացե՛ք»

Շուկայական տատանումները կարող են հանգեցնել բանկերի հսկայական շահույթի և կորուստների առաջացման, և գործադիր տնօրենների մեծամասնությունը համաձայն է, որ ճգնաժամը ավելի հեշտ է ղեկավարել առևտրային հարթակներից, որտեղ շփումն ավելի արագ է, իսկ հաղորդակցությունը՝ ավելի դյուրին:

Մարտի 26-ին՝ Նյու Յորքում պետական մեկուսացման չորրորդ օրը, «JP Morgan»-ից Ադրագնան նամակ ուղարկեց իր ենթականերին: Ըստ Ադրագնայի՝ բանկի համաշխարհային շուկաների ղեկավար Տրոյ Ռորբոն «դեռ ցանկանում է բոլորին հետ բերել գրասենյակ»:

Ներդրումային վարկանիշ ունեցող վարկավորման շուկայում նոր ռեկորդ է սահմանվել, քանի որ ամերիկյան ընկերությունները ձգտում են թողարկել միլիարդավոր դոլարներ արժեցող պարտատոմսեր՝ ֆինանսական միջոցների հավաքագրմանը նպաստելու համար: Այդ օրը Ադրագնայի թիմը վաճառեց ավելի քան 3 միլիարդ դոլար արժողությամբ պարտատոմսեր, ինչն անհնար կլիներ, եթե նրանք աշխատեին տնից:

«Հաշվի առնելով բաժնետոմսերի վաճառքի ծավալը՝ մենք իսկապես կարող ենք աշխատավայրում մեկուսանալ և այնտեղ հիանալի աշխատանք ապահովել մեր աշխատակիցների համար,-գրում է Ադրագնան: Եկեք գրոհենք և օգտագործենք սա որպես տարբերակման հնարավորություն ինչպես ներսից, այնպես էլ դրսից: ԳՆԱՑԻ՛ՆՔ»:

«JP Morgan» խոսնակը չհամաձայնեց այն մտքին, որ Ռորբոն կխրախուսի որևէ մեկին գրասենյակ գալ՝ ասելով, որ շուկայի ղեկավարն իր հերթական կոչերով կրկնում է, թե յուրաքանչյուր ոք, ով հարմար չի զգում մուտք գործել գրասենյակ, պարտավոր էլ չէ։

Ֆինանսական հատվածի այլ տեղերում միջին մակարդակի ղեկավարները դժկամությամբ են համոզում աշխատողներին, որ իրենց ներկայությունն անհրաժեշտ էր, որպեսզի վերահսկողական ճնշումների ներքո ավելի ուշադիր մշտադիտարկվեն թրեյդերների գործարքները: Դեռ պարզ չէ, թե որ վերահսկողներն են նման պահանջ ներկայացրել:

Ըստ պաշտոնյաների՝ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) և Ֆինանսական արդյունաբերության կարգավորող մարմինը (Finra) վերջին շաբաթների ընթացքում աշխատակիցների թիվը բարձրացնելու համար բանկերի վրա ճնշում չեն գործադրել: Անցյալ ամիս հրապարակված հայտարարության մեջ «Finra»-ն ասում էր, որ մարդիկ պետք է հեռավար աշխատեն, ինչն ընկերություններին թույլ կտա ստեղծել համակարգեր, որոնք «ողջամիտ» վերահսկողություն կիրականացնեն:

Տնից աշխատելը տարատեսակ ակնարկների հիմք դարձավ բանկիրների և թրեյդերների համար: Նրանցից ոմանք տեխնիկական դժվարությունների պատճառով ծանր վիճակում էին և մտահոգված՝ ընտանիքում աշխատելու անհարմարությունից: Մինչդեռ մյուսները սիրում էին ժամանակ անցկացնել սիրելիների հետ կամ այլ պատճառներ էին գտնում տնից աշխատելու համար:

«Գոլդման Սաքս»-ի ավագ թրեյդերներից մեկն ասում է՝ այս ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություններ գրել է յոգայի գնդակին նստած կամ տեղում հրում վարժություններ է կատարել լոգարանում: Ըստ նրա՝ գրասենյակ վերադառնալուց հետո ինքը կկարոտի համաժողովի ընթացքում ֆիզիկական վարժություններ կատարելուն:


Թարգմանիչ՝ Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: