Բարեգործության գործառնման հակասականության հիմնահարցերը

Բարեգործությունն այնքան հին երևույթ է, որքան մարդկության պատմությունը։ Զարմանալիորեն դրան վերաբերող գիտական շատ աշխատություններ չկան։ Այնուամենայնիվ, բարեգործության ֆենոմենի շուրջ ծավալվել է մի մեծ բանավեճ, որի նպատակն է պատասխանել հարցին՝ դա իրականում բարի՞ գործ է, թե՞ բացասական հետևանքներն այդուհանդերձ գերակշռում են։

Այս հարցին պատասխանելու համար նախ սահմանենք բարեգործությունը: Բարեգործությունը կազմակերպությունների և առանձին անհատների կողմից կարիքավոր մարդկանց կամ խմբերին անհատույց ու անշահախնդիր օգնության տրամադրումն է։ [3] Չնայած որ հնում այս գործունեությունը չի կոչվել հենց բարեգործություն` երևույթը դրսևորվել է գթասրտության, հովանավորության կամ աջակցության տեսքով։

Բարեգործություն հանուն բարերարի

Դեռ կվակուիտլյան հնդկացիների [12] ցեղում առկա էր փոթլաթչ կոչվող ավանդական արարողակարգը, որի ժամանակ անդամները միմյանց նվերներ էին մատուցում, և որքան թանկարժեք էր նվերը, այնքան բարձրանում էր նվիրատուի կարգավիճակը։ [10] Այն մարդը, ով նվերին նույն կերպ չէր պատասխանում, համարվում էր անարգված։ Նշանակում է` միմյանց նվերներ տալը դառնում է սոցիալական կարգավիճակի հաստատման և սոցիալական շերտավորման գործիք։

Մենք համոզվա՞ծ ենք, որ այսօր հաճախ այս կերպ չենք վարվում, և մեր ունեցվածքը չենք օգտագործում՝ որպես մյուսների վրա ազդեցություն ունենալու միջոց։ Նվեր կամ օգնություն ստացողները, երբեմն պարտավորվածության զգացողությունից դրդված, պատրաստ են կատարելու իրենց ‹‹բարերարի›› խնդրանքը։ Եթե անգամ մեր նպատակները բացառապես բարի են, արդյո՞ք օգնություն ստացողները չեն պիտակավորվում որպես կարիքավորներ, ընդունում այդ պիտակը, սպասում հաջորդ օգնության ձեռքին և կախվածություն ձեռք բերում դրանից։ Մյուս կողմից՝ խոշոր բարեգործական կազմակերպությունները տնտեսական ռեսուրսների (սոցիալական օգնություն և այլն) հաշվին փորձում են ձեռք բերել իշխանություն՝ հակակշիռ դառնալով պետությանը։ Տրամադրելով մարդկանց սոցիալական ապահովության պայմաններ, ձեռք բերելով մեծ թվով անհատների վստահություն՝ դրանք լուրջ մարտահրավեր են նետում պետությանը, քանի որ դաշտում հայտնվում է նոր հեղինակություն՝ ի դեմս բարեգործական կազմակերպությունների, որին մարդիկ փոխանցում են իրենց գումարները կարիքավորներին օգնելու համար։ [5] Վտանգի աճին զուգընթաց՝ իշխանությունները փորձում են ազատվել բարեգործական կազմակերպություններից, սակայն, ընդհանուր առմամբ, ստեղծվում է մի վերահսկողության համակարգ (այս երկու կողմերի գոյությունն է սահմանում անուղղակի փոխադարձ վերահսկողություն միմյանց նկատմամբ), որը պահպանում է իր հավասարակշռությունը մի կողմից պետական իշխանության մարմինների, մյուս կողմից՝ հասարակական կազմակերպությունների սեկտորի գործունեության նկատմամբ, որի մասն են կազմում բարեգործական կազմակերպությունները։

Հոլբախը մատնացույց էր անում բարեգործության և իշխանության միջև կապը, հատկապես եկեղեցու իշխանության, որը սերմանում է գթասրտություն և դրանից շահույթներ ստանում։ Սա մի գործընթաց էր, որի միջոցով եկեղեցին հավաքում էր աղքատ մարդկանց հանգանակությունները, վերաբաշխում կատարում՝ դրանով իշխանություն ձեռք բերելով նրանց նկատմամբ։ Փաստենք նաև, որ բարեգործության և իշխանության միջև կապը մատնանշվում էր, օրինակ՝ 1793 թ.-ի Ֆրանսիական հեղափոխական օրենքով, որը բացառում էր բարեգործական գործունեությունը, նաև Սովետական Միության՝ 1929 թ.-ից գործող` բարեգործությունն արգելող օրենքով, որի միջոցով տոտալիտար պետությունը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել բաշխող գործառույթները և դրանով մեծացնել սեփական իշխանությունը և այլն։

Բարեգործությունը մեկ այլ տեսանկյունից դիտարկելու ժամանակ աչքից չի կարող վրիպել դրա սոցիալական լարվածության մեղմացման ֆունկցիան։ Հաճախ բարեգործությունը ոչ այնքան բարի գործ կատարելու ցանկություն է, որքան բարձր խավի կողմից իրականացվող սոցիալական ցնցումները, շարժումները կանխելու միջոց։ [1] Նրանք բնակչության շրջանում դժգոհությունները մեղմելու համար կատարում են տնտեսական ռեսուրսների ոչ մասշտաբային վերաբաշխում։ Իհարկե, վերջինս չի լուծում մարդկանց սոցիալական խնդիրները, քանի որ բավարարվում են հասարակության միայն փոքր մասի պահանջմունքները՝ այն էլ շատ հաճախ դրանց աննշան մասը, սակայն առժամանակ հանդարտեցնում է դժգոհությունները։ Բազում տեսաբանների կարծիքով՝ հենց սա է բարեգործության հիմնական դրդապատճառը։ Տեսաբաններից Պիտեր Ֆրումկին առանձնացնում էր բարեգործության ֆունկցիաները՝ ելնելով դոնորների (բարերարների) մոտիվացիաներից, ովքեր բարեգործությունն օգտագործում են ոչ միայն սոցիալական լարվածության թուլացման, սոցիալական տրանսֆորմացիաներից խուսափելու նպատակով, այլև սոցիալական կապեր հաստատելու համար։ Սա հիմնականում ընդունված է էլիտայի շրջանում, երբ բարեգործական ակցիաների, նախագծերի, միջոցառումների ժամանակ ձեռք են բերվում նոր էլիտար ցանցեր, որոնք տվյալ խավի մարդկանցից բաղկացած միավորումներ են՝ նախատեսված բարեգործության վերաբերյալ քննարկումներ կատարելու համար, և կարող են օգտակար լինել ինչպես բիզնեսում, այնպես էլ քաղաքականության մեջ։ Այսպիսով, բարեգործությունը դառնում է օգտակար գործիք սոցիալական բարձր կարգավիճակի կերտման համար։ Սա նաև լավ գործիք է իմիջի բարելավման համար, ինչպես օրինակ՝ բիզնեսմեն Լեոնարդ Շտերնի դեպքում, ով 30 մլն դոլար նվիրաբերեց Նյու Յորքի համալսարանին, որպեսզի դրա Բիզնես բաժինը վերանվանվեր իր անունով։ [8]

Հասարակական կարծիքի վրա ազդելու մեկ այլ օրինակ կարող է ծառայել Ֆիլիպ Մորիս ծխախոտի արտադրման ընկերության հսկայական բարեգործական գործունեությունը․ այն մեծ ռեսուրսներ է ներդնում մարդկանց կյանքը բարելավելու գործի մեջ՝ միաժամանակ արտադրելով նրանց առողջությանը վնասակար ապրանք և բարերարի իմիջի շնորհիվ ապահովում մեծ սպառում։ Այստեղ ծագում է մեկ այլ բանավեճի առարկա՝ այն, թե որքանով կարելի է բիզնեսմենների կատարած բարեգործությունը համարել բարի գործ, եթե նվիրաբերվում են հսկայական գումարներ՝ իրենց իմիջի հաշվին էլ ավելի մեծերը ստանալու նպատակով։ Բերենք մեկ այլ օրինակ. բջջային օպերատոր կազմակերպությունն իրականացնում է բարեգործություն։ Օպերատորի ծառայություններից օգտվում են հասարակության բոլոր շերտերը, սակայն եկամտի մի մասն ուղղվում է հենց սոցիալապես անապահովներին։ Մյուս կողմից՝ այս փաստի լուսաբանումը բջջային օպերատորին ապահովում է ավելի մեծ քանակությամբ բաժանորդներով, որն էլ իր հերթին բերում է ավելի շատ եկամուտ, և գործընթացը կրկնվում է։ Այսինքն՝ տեղի է ունենում ռեսուրսների վերաբաշխում, և շահում են երկուստեք՝ աղքատներն ու առևտրային կազմակերպությունները։ Իրենց հերթին խոշոր կազմակերպություններն օգնում են մարդկանց ոչ միայն շահույթի մեծացման, այլև նոր և որակյալ կադրեր գրավելու նպատակով։ Առևտրային կազմակերպությունները հոգում են նաև իրենց աշխատակիցների բարեկեցության, առողջության, օրվա կազմակերպման խնդիրները։ Այդ պատճառով այն, ինչ իրականացնում են առևտրային կազմակերպությունները, հաճախ դիտարկվում է որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն։ Հավելենք նաև, որ առևտրային կազմակերպությունները բարեգործությունը կիրառում են ինչպես բարի համբավի ձեռքբերման, այնպես էլ՝ հասարակական կարծիքի ձևավորման նպատակով։ Ստացվում է՝ գոյություն ունի մի իրականություն, որտեղ գործում է ոչ այնքան բարեգործություն հանուն կարիքավորների, որքան բարեգործություն հանուն բարերարների բանաձևը։

Բարեգործություն հանուն կարիքավորի

Երևույթն ուսումնասիրելը հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից, այն է բարեգործության ինստիտուցիոնալացման, որով զարգացած երկրներում ստեղծվում են բարեգործության կանոնակարգման նորանոր օրենքներ ու ընթացակարգեր։ Ինստիտուցիոնալացումը ենթադրում է յուրաքանչյուր հասարակությանը համապատասխանող սոցիալական նորմերի և սպասումների համակարգի, ֆորմալ-իրավական հիմքի առկայություն։ Քանի որ սոցիալական ինստիտուտները հասարակական պատվերի արդյունք են, նշանակում է՝ ստեղծվել է հասարակական պահանջ առ բարեգործությունը։ [11] Այս պահանջը հիմնականում ձևավորվում է այն ժամանակ, երբ պետությունը չի կարողանում ամբողջությամբ իրականացնել իր գործառույթները։ Սա շատ հաճախ տեղի է ունենում ծանր սոցիալ-քաղաքական, մշակութային պայմանների, բնական աղետների ժամանակ, երբ առաջանում է արագ կոորդինացման կարիք։ Ինչպես օրինակ՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ, որոնք մարդասիրական օգնություն էին տրամադրում տուժածներին։ Իսկ մի՞թե պետության՝ սոցիալական քաղաքականության ոլորտում գործունեության բացթողումերի արդյունքում անապահով վիճակում հայտնված մարդիկ նույնպես տուժածներ չեն։ Եվ չէ՞ որ սոցիալական արդարությունն ինքնին հարաբերական երևույթ է, և նրանք, ովքեր դարձել են աութսայդերներ, այդպիսին են դարձել ոչ միայն իրենց, այլև մեծամասամբ համակարգի անկատարության պատճառով, այն համակարգի, որում նույն սոցիալական արդարություն հաստատող պետական մարմինները գործնականում հավասար պայմաններ չեն ստեղծել հասարակության բոլոր շերտերի ինտեգրման և զարգացման համար։ Հենց այստեղ ձևավորվում է բարեգործական կազմակերպությունների նկատմամբ հասարակական պահանջ, ինչը հանգեցնում է բարեգործության ինստիտուցիոնալացմանը։ Այս նոր պայմաններում ենթադրվում է, որ ինստիտուցիոնալ` ավելի բարձր մակարդակի գործունեությունը կդառնա առավել համակարգված, հասցեական և արդյունավետ։

Հարկ է նկատել, որ կյանքի ցածր որակ ունեցող երկրներում բարեգործության ինստիտուտի գործունեությունն ուղղված է հասարակության վերարտադրմանը, ինչը ենթադրում է, որ բարեգործական ծրագրերն ուղղված են հասարակության տարրական պահանջմունքների բավարարմանը, որը իրականացվում է մարդասիրական օգնության տրամադրման միջոցով (սնունդ, անհրաժեշտ պարագաներ, կացարան), իսկ զարգացած երկրներում, որտեղ պետությունը կարողանում է լուծել սոցիալական ապահովության խնդիրները, բարեգործությունն ուղղվում է սոցիալական փոփոխությունների իրականացմանը, որը հետապնդում է հանրային քաղաքականության բարելավման, կրթական մակարդակի բարձրացման նպատակ և այլն։ Այնինչ, հենց սոցիալապես անապահով հասարակությունն առաջնային ունի սոցիալական փոփոխությունների իրականացման կարիք։

Բարեգործությունը դրականի և բացասականի խաչմերուկում

Եթե վերադառնանք բարեգործության «բարի» և «չար» էության դիլեմմային, ապա պետք է նշենք, որ բարեգործություն կատարելը բխում է մարդու էությունից, և անգամ սոցիալական ամենաբարեկեցիկ պայմաններում այն չի վերանալու։ Սա հետևանք է այն բանի, որ մարդիկ սիրում են լինել բարի և բարեգործության միջոցով ցույց տալ իրենց մարդասիրությունը ոչ միայն «նշանակալի ուրիշներին», այլև հենց իրենց։ [2] Սա յուրատեսակ նույնականացման պահանջմունք է մի հասարակությունում, որտեղ մարդասիրությունը համարվում է գերագույն արժեք։ Ուրեմն՝ մաքուր կերպով մարդասիրական արժեքներ գուցե և իրականում գոյություն չունեն, սակայն բարեգործություն իրականացնելու մշակույթը և դրա վերաբերյալ պատկերացումները կարող են լինել կառուցողական (բարեգործությունը տանում է հասարակության ինքնօգնությանը. մարդիկ կարողանում են ինքնուրույն հոգալ սեփական կարիքները), որոշ դեպքերում՝ ապակառուցողական (մարդիկ հայտնվում են օգնությունից կախվածության մեջ)։

Արևմտյան գրականության մեջ ձևավորվել է գիտական բարեգործություն հասկացությունը, որը տեղի է ունենում «բարեկիրթ մեթոդների» օգնությամբ։ Սա իրենից ենթադրում է կարիքավորների դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրություն և յուրաքանչյուր դեպքին համապատասխան լուծման մշակում, որն ուղղված կլինի ոչ թե խնդրի կարճաժամկետ լուծմանը, այլ դրա պատճառների վերացմանը երկարաժամկետ տարբերակով։ [7] Անգլիայում բարեգործության կազմակերպման հանրույթի խորհրդի քարտուղար Լոկկի խոսքով՝ «այն բարեգործությունը, որը չի օգնում ոտքի կանգնել, չարիք է»։ Այսինքն՝ բարեգործությունը պետք է հնարավորություն տա ստացողին ճանաչելու սեփական ուժերը։ Ըստ նրա՝ ֆիլանտրոպիայի (համակարգված և ուղղորդված բարեգործություն) վերջնական նպատակը անձի և իր ընտանիքի ամբողջական անկախության ապահովումը և առողջ սոցիալական անձի ձևավորումն է։

Վերոնշյալը փաստում է, որ բարեգործության ինստիտուտը համապատասխան գործառնման պարագայում կարող է դառնալ սոցիալական փոփոխություններ իրականացնող ագենտ։ [9] Բացի այդ՝ ֆիլանտրոպիկ գործունեությունը հասարակությունում կատարում է նաև բարոյական դաստիարակության գործառույթ։ Հավելենք, որ բարեգործության մշակույթի ներմուծումը կարող է դառնալ համեմատաբար կայուն հիմք ընկերային հասարակություն ստեղծելու համար։ Հետևաբար անհրաժեշտ է գտնել այն սկզբունքները, որոնց հիման վրա կկազմակերպվի այս ինստիտուտի գործունեությունը։ Որպես լուծման տարբերակ՝ նախ և առաջ օրենքով պետք է սահմանվի, թե ինչ ենք հասկանում՝ բարեգործություն ասելով։ Իր հերթին բարեգործության մասին հայեցակարգի մշակումն էլ պետք է հստակորեն արտահայտի այն քաղաքականությունը, որը պետությունը որդեգրել է համաչափ սոցիալական զարգացման ապահովման համար, ինչը կդառնա ուղեցույց բարեգործություն իրականացնող կազմակերպությունների համար։ Նոր հայեցակարգը հնարավորինս կբացառի սոցիալական կախվածություն առաջացնող ծրագրերը, ինչը ենթադրում է, որ բարեգործությունը պետք է ուղղվի ոչ թե նյութական բարիքների ուղղակի տրամադրմանը, այլ այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն հավասար հնարավորությունների առկայությանը, հասարակությունում մարդկանց ազատ գործունեությանը, և որ ամենակարևորն է, ինքնօգնությանը։ Ստացվում է՝ բարեգործությունը պետք է աստիճանաբար վերացնի անապահով խավին պարբերաբար մթերքով, հագուստով, դրամով ապահովումը և աշխատի ծառայությունների տրամադրման, հմտությունների ուսուցման, աշխատատեղերի ստեղծման, առաջնորդության խթանման և կյանքի պայմանների բարելավման հիմնահարցերով։ [6] Ենթադրվում է, որ այս տեսակի բարեգործության շրջանակներում նվիրաբերումներ կիրականացնի ոչ միայն հարուստ խավը, այլև ամբողջ հասարակությունը, և բարեգործությունը, ռեսուրսների սովորական վերաբաշխման գործառույթից զատ, կխթանի հասարակության մասնակցությունը սոցիալ-քաղաքական գործընթացներին:

Եզրակացություն

Այսպիսով, բարեգործության շարժառիթները բխում են մարդու բնույթից ու հասարակական արժեքներից, որը ներառում է նաև բարերարների՝ բարեգործության միջոցով իրականացող նպատակների իրագործումը, այն պետք է բխի նաև շահառուների շահերից։ Բարեգործությունը կարող է լինել ինչպես բարեփոխումների իրականացման հզոր գործիք՝ համապատասխան կոորդինացման և ընկալումների համակարգի ձևավորման պարագայում, այնպես էլ՝ սոցիալական կախվածության, անաշխատունակության և աղքատի հոգեբանության ձևավորման պատճառ։ Բարեգործությունը միշտ այնքան բարի չէ, որքան մենք ենք այն պատկերացնում, և գուցե մեր «բարի» գործերը վնասում են մեզ շրջապատող մարդկանց՝ օգնելու փոխարեն անուղղակիորեն զրկելով նրանց աշխատելու, զարգանալու և ազատ ապրելու հնարավորությունից: Ուստի գլխավորը բարեգործության գրագետ, էթիկական և տվյալ հասարակության արժեքա-նորմատիվային համակարգին համապատասխանող մշակույթի ու գործառնման մեխանիզների ներդրումն է հասարակության մեջ, որը կարող է հանգեցնել սոցիալական դրական տեղաշարժերի, որը հնարավոր է պետական մակարդակում օրենքի շրջանակներում բարեգործության միասնական հայեցակարգի ստեղծման և կիրառման միջոցով։


Օգտագործած գրականության ցանկ

  1. Антонович, Ирина Владимировна, Благотворительность как социокультурное явление, Барнаул, 2003
  2. Бергер П., Лукман Т. Социальное конструирование реальности: Трактат по социологии знания, М.: Медиум, 1995
  3. Российская социологическая энциклопедия/ Под общей редакцией академика РАН Г.В.Осипова, 1998
  4. Штомпка П. Социология социальных изменений, Изд․  М., Директ-Медиа, 2007
  5. Boulding K., Notes on a theory of philanthropy, New York, National Bureau of Economic Research, 1962
  6. Collins Ch., Garner P., Rogers P., Robin Hood Was Right: A Guide to Giving Your Money for Social Change, W. W. Norton & Company; Hardcover Edition With Paperback edition, 2001
  7. Ellwood A., Sociology and Charity: The 1899 Lectures, University of Nebraska, 1899
  8. Frumkin P., Strategic Giving: The Art and Science of Philanthropy, University of Chicago Press, Chicago, 2006
  9. Kail A., Lumley T., Theory of change: The beginning of making a difference, New Philanthropy Capital, 2012
  10. Martin Gorsky, Patterns of Philanthropy: Charity and Society in Nineteenth-century Bristol, Royal Historical Society 1999
  11. Parsons T., On Institutions and Social Evolution, The University of Chicago Press, Chicago and London, 1985
  12. http://what-when- how.com/native-americans/kwakiutl- native-americans- of-the- northwest-coast/


Հեղինակ՝ Մարթա Մամյան (Marta Mamyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են