Հարցազրույց. Էմմա Միքայելյան

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության հայերենի խմբագիր Էմմա Միքայելյանի հետ:

Ինչպե՞ս եք իմացել «Ինլայթ»-ի մասին։

«Ինլայթ»-ի սոցմեդիային, մասնավորապես ֆեյսբուքյան էջին հետևում էի նախքան կամավորությունը. հետաքրքրությամբ կարդում էի էջում տեղադրված մշակութային բովանդակությամբ հոդվածները, թարգմանությունները։ Հետո հայտարարությամբ կարդացի, որ հետազոտական կենտրոնը փնտրում է խմբագիրների։ Այդ գործում ինձ քաջալերեց լրագրող ընկերուհիս, ում կյանքում, ըստ իր խոսքերի (այս պահին՝ նաև իմ), «Ինլայթ»-ի անդամ դառնալը մասնագիտական ոլորտում մեծ և ամենաուժեղ սկիզբն է եղել։

Ինչո՞ւ հենց խմբագիր։

Մասնագիտությամբ բանասեր եմ։ Տեքստեր խմբագրելու սերը սկսվեց երկրորդ կուրսից. անցնում էինք առարկա, որը կոչվում էր «Տեքստի խմբագրում և ստեղծագործական մոտեցում»։ «Հում» տեքստերը ենթարկում էինք ուղղագրական, կետադրական, ձևաբանական, շարահյուսական ու ոճական փոփոխությունների։ Այդ ամենն իրականում ինձ շատ էր գրավում, հետո ձևավորվեց առանձնահատուկ սեր տեքստերի խմբագրման նկատմամբ՝ ուղղել, փոխել, առաջարկել նոր տարբերակներ։

Ո՞րն է խմբագրի առաջնային խնդիրը։

Խմբագրի առջև բազում խնդիրներ են դրված։ Առաջնայինը թերևս հայերենին գերազանց տիրապետելն է։ Սակայն այս դեպքում կուզեի նշել նաև այն խնդիրները, որոնք առկա են հեղինակ-խմբագիր, թարգմանիչ-խմբագիր կոնտեքստում։ Յուրաքանչյուր հեղինակ, թարգմանիչ ունի գրավոր խոսքի կառուցման ուրույն ոճը, և խմբագրելիս այն պետք է պահպանել։

Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նյութերը:

Նյութերը բաշխվում են՝ ըստ աշխատանքի ժամանակացույցի։ Իրականում երբ ես խմբագրում եմ տեքստը, փորձում եմ վերացարկվել բովանդակային որոշ հարցերից՝ հետաքրքիր-անհետաքրքիր, գիտական-մշակութային։ Բայց իհարկե կխոստովանեմ, որ ինձ համար ավելի հաճելի է խմբագրել մշակութային բովանդակությամբ տեքստեր, թեպետ դա չի խանգարում տնտեսական կամ քաղաքական բովանդակությամբ նյութերի՝ նույնքան ոգևորությամբ խմբագրելուն։

Որո՞նք են Ձեր աշխատանքի հիմնական դժվարությունները։

Դժվարությունները սկզբում էին՝ հիմնականում տեխնիկական, որոնք հարթվեցին։ Իսկ ինչ վերաբերում է խմբագրելու ընթացքում, օրինակ, կետադրական զուգաձևությունների, բովանդակային որոշակի ուղղումների, կասկածելի դեպքերի հանդիպելուն, ապա դրանք միանգամայն կարող են լուծվել՝ գլխավոր կամ բաժնի մյուս խմբագիրների մասնագիտական խորհուրդներով։

Ի՞նչ եք ակնկալում հեղինակից։

Հեղինակից ակնկալում եմ թարգմանած, վերլուծած նյութը վերանայել մի քանի անգամ, ուշադիր լինել հղումներն ավելացնելիս, և սրբագրված տեքստին ծանոթանալուց հետո կապ հաստատել խմբագրի հետ, առաջարկել նոր տարբերակներ համաձայն լինել-չլինելու դեպքում։

Ի՞նչ է տալիս «Ինլայթ»-ը կամավորին առհասարակ և ի՞նչ է տվել Ձեզ։

«Ինլայթ»-ը ինձ՝ որպես նոր ձևավորվող խմբագրի, տվեց մասնագիտական աճ, բացի այդ խմբագրելով տարաբնույթ հոդվածներ՝ տեղեկության լայն դաշտ, ինչպես նաև նոր ընկերներ և հաճելի պահեր։ Ինլայթյան մեծ ձեռքբերում է «Վիքիմեդիա Հայաստան»֊ի հետ համագործակցելը, և ասեմ, որ ինձ համար հաճելի էր փոքր քայլերով թարգմանել կամ խմբագրել հոդվածներ Վիքիպեդիայում, իսկ այժմ լավ տիրապետում եմ նաև Վիքիպեդիայի խմբագրական գործիքներին։

Ըստ Ձեզ` ի՞նչ հատկանիշներ են հարկավոր «Ինլայթ»-ի անդամ դառնալու համար։

Պատրաստվածություն, պատասխանատվություն, նրբանկատություն մարդու նկատմամբ և դրական միտվածություն աշխարհի հանդեպ։

Ունե՞ք «Ինլայթ»-ի 4-ամյակի հետ կապված նոր կարգախոսի տարբերակներ։

Նոր կարգախոսը՝ «Սովորիր, որ փոխես», վերաբերում է ոչ միայն «Ինլայթ»-ի տարբեր ոլորտների մասնագիտական աճին, այլև առհասարակ ամեն ինչին. սովորում ենք, որ փոխենք մեզ, մեզ՝ տվյալ ոլորտում, մեզ՝ մարդկային հարաբերություններում, մեզ՝ շրջապատի և աշխարհի փոխհարաբերություններում։


Հարցազրույցը վարեց Ինգա Շիրակյանը