Տասը պատճառ, որոնք այսօրվա կիբերներին դարձնում են վաղվա աշխարհի առաջնորդները
Ամբողջ աշխարհում նորարարության, փոխկախվածության և փոփոխությունների աննախադեպ մակարդակները պահանջում են ուժեղ և բարոյական առաջնորդություն: Այս հեռանկարային, բայց միևնույն ժամանակ անկայուն պայմաններում առաջնորդության բացակայությունը իրական սպառնալիք է դառնում գլոբալ կայունության և բարգավաճման համար: Արդյո՞ք կարող ենք ոչ ավանդական աղբյուրների միջոցով գտնել ղեկավարման այն տեսակը, որն անհրաժեշտ է մեր ժամանակների ներուժը և մարտահրավերները հաղթահարելու համար:
Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները զարգացնում են առաջնորդության բազում հատկություններ, որոնք անհրաժեշտ են ավելի լայն գլոբալ համատեքստում: Հաշվի առնելով թվային էվոլյուցիայի արագությունը և դրա ազդեցությունը գլոբալ տրանսֆորմացիայի վրա՝ նոր ձևավորվող կիբեր առաջնորդները ամենահավանական թեկնածուներից են, որոնք կարող են լրացնել գլոբալ ղեկավարման բացը:
Ինչո՞ւ է ենթադրվում, որ կիբեր առաջնորդները կլինեն աշխարհի հաջորդ առաջնորդները
Պատասխանատու կիբեր առաջնորդները տիրապետում են գլոբալ ղեկավարման համար անհրաժեշտ անցումային հիմնական կարողություններին, ներառյալ հետևյալները.
1․ Ընդարձակ գիտելիքներ և հմտությունների լայն հիմք
Կիբերանվտանգության ոլորտում ուժեղ առաջնորդության համար անհրաժեշտ են տարատեսակ հմտություններ և գիտելիքների մեծ բազա: Կիբերանվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան ղեկավարները պետք է հասկանան ոչ միայն իրենց ձեռնարկության ներքին գործունեությունը` ակտիվները, գործընթացները, բիզնես նպատակները, ռիսկերի կառավարման ռազմավարությունը, այլև արտաքին գործոնները՝ ներառյալ երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային համակարգերն ու համաշխարհային իրադարձությունները: Այս ամենը կարող է ուղղակի, անուղղակի կամ խթանող ազդեցություն ունենալ իրենց կազմակերպության կիբերանվտանգության դրության վրա:
Սա, ի լրումն այն մեծ թվով մասնագիտական հմտությունների, որոնցում նրանք դրսևորել են իրենց մասնագիտացումը՝ սկսած տվյալների վրա հիմնված վերլուծությունից մինչև մարդկանց կառավարում: Բացի այդ գլոբալ մակարդակում առաջնորդության համար շատ կարևոր են լայն ու տարատեսակ գիտելիքներ, հմտություններ և ռազմավարական լծակներ կիրառելու ունակությունը:
2․ Կանխատեսելու ունակություն
Կիբերանվտանգության բնույթը ստեղծում է հեռանկարային, կանխատեսող մտածելակերպ ունեցող առաջնորդներ և բաց է նոր միտումների ու տեխնոլոգիաների համար: Տեխնոլոգիական փոփոխությունների, տեմպերի արագացման և հասարակության փոխկապակցվածության պայմաններում կարճաժամկետ ռիսկերի ու հնարավորությունների հմուտ կառավարումը կենսական նշանակություն ունի կիբերանվտանգության ապահովման և ուժեղ դիրքի պահպանման համար ոչ միայն պաշտպանություն շորթումների որոշակի տարբերակից, այլև երրորդ կողմի՝ վաճառողների կառավարման առաջադեմ մեթոդների ներդրումից:
Կիբերանվտանգության կայուն ղեկավարումը նաև պահանջում է կանխատեսել ավելի մեծ զարգացումների հնարավոր ազդեցությունը, ինչպիսիք են արհեստական բանականությունը, քվանտային հաշվարկը կամ տվյալների տեղայնացման օրենքների միջև աճող հակասությունները, ինչպես նաև անսպասելի և հանկարծակի փոփոխությունները՝ ռազմավարական ընկերության լուծարումը, բնական աղետները կամ գլոբալ կիբերհարձակման տարածումը:
3․ Փորձաքննելու խորաթափանցություն
Կիբեր ոլորտում գիտելիքն ու ընկալումը կարևոր են, բայց ղեկավարելու համար միայն դրանք բավարար չեն: Կարևոր է նաև տեղին և գործուն տեղեկատվությունը երկրորդականից տարբերելու ունակությունը: Համաշխարհային բեմի առաջնորդների նման կիբեր առաջնորդները անընդհատ ստանում են մեծ քանակությամբ բազմազան տեղեկատվություն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աղբյուրներից:
Նրանք պետք է ունենան ճկուն մտածելակերպ՝ իրական տեղեկատվությունը անճիշտ կամ նույնիսկ կեղծ տեղեկատվությունից տարբերակելու համար, ինչն ամուր հիմք է որոշումների կայացման համար: Հաջողված ղեկավարումը ինչպես կիբեր տարածքում, այնպես էլ համաշխարհային մակարդակում պետք է լինի արագ, որ ընկալվի շարունակական տեղեկատվության ենթատեքստը՝ հստակ տարբերակելով արժեքավորը կողմնակիից, իրականը՝ կեղծից, հրատապը՝ անհրատապից և բարձր ազդեցություն ունեցողը՝ ցածրից:
4․ Խաչվող ռազմավարական խնդիրները բացահայտելու կարողություն
Կիբեր առաջնորդները պետք է լինեն խորաթափանց ընդհանուր թեմաները պարզելու և հսկայական քանակությամբ տեղեկատվության մեջ կարևոր հարցերն ու բացթողումները հետևելու հարցում: Օրինակ՝ կիբեր առաջնորդը, հիմնվելով բազմաթիվ տարրերի՝ վիճակագրության, զեկույցների, ճեպազրույցների և քննարկումների վրա, պետք է կարողանա գնահատել և ղեկավարել կազմակերպության անվտանգությունը: Գնահատելով այդ ամենը՝ նրանք պետք է կառուցեն և շարունակաբար հարմարեցնեն իրենց ռազմավարությունը կազմակերպության անվտանգության պահպանման և բարելավման համար, ինչը չափվում է բազմաթիվ վեկտորների միջոցով: Այնուամենայնիվ, իրենց անմիջական նպատակներից այն կողմ, կիբեր առաջնորդները պետք է արտացոլեն ավելի ընդարձակ թեմաներ՝ հիմնվելով առկա փաստերի և տվյալների վրա, որոնք կարող են հիմք դառնալ ռազմավարական եզրակացությունների և առաջարկների հետագա առաջընթացի համար՝ մատնանշելով խնդիրները: Օրինակ՝ արդյո՞ք կիբերանվտանգության վրա ազդող խնդիրները, ինչպիսին է ակտիվների վատ կառավարումը, մատնանշում են կառավարման ավելի լայն թերություններ՝ կապված ռազմավարական, ձեռնարկատիրական ոլորտների բարելավման հետ, և արդյո՞ք կազմակերպության երրորդ կողմի անվտանգության պահանջները ավելի հատկանշական խնդիրներ են, որոնք կապված են շուկայի ղեկավարման հետ:
Արդյունավետ, որակյալ և արագաշարժ կիբերանվտանգությունը պահանջում է յուրատեսակ համառ հետաքրքրասիրություն և մտածողություն՝ ավելի ընդարձակ թեմաների և ռազմավարության համատեքստում տեղեկատվությունը գնահատելու համար:
5․ Ճգնաժամային կառավարում
Կիբեր առաջնորդները ճգնաժամի պայմաններում պետք է գործեն արդյունավետ, պատասխանատու, վճռական և արագ: Կիբեր դեպքերը տարբերվում են մասշտաբով ու բնույթով և կարող են ի հայտ գալ ցանկացած պահի: Անկախ նրանից, թե որքան ընդարձակ է եղել ճգնաժամի մեղմացմանը նախապատրաստվելը, միշտ էլ անհայտություններ լինում են: Ճգնաժամի կառավարումը, որպես կանոն, պահանջում է հավասարակշռել մրցակցային շահերը, ապավինել թերի և փոփոխական տեղեկատվությանը և (չնայած շարունակվող վնասներին ու քայքայմանը) պատասխան միջոցներ ձեռնարկել:
Կիբեր ճգնաժամի պայմաններում, առավել հաճախ ժամանակի և այլ գործոնների հսկայական ճնշումների ներքո, կիբեր առաջնորդները պետք է կարողանան արագ գնահատել տեղեկատվությունը՝ հիմնվելով դրա աղբյուրի, հուսալիության, ճշգրտության և համապատասխանության վրա, նույնականացնել և գնահատել գործողությունների այլընտրանքային (հավանականորեն ոչ սովորական) ուղղությունները և կայացնել անաչառ, օպտիմալ որոշումներ, որոնք չեն ազդում անհատական կամ հատվածավորված շահերի վրա:
6․ Ձայնի էթիկա և ազնվություն
Կիբեր տարածքի բարդությունն ու ընդարձակությունը մարտահրավերներ են նետում առաջնորդներին՝ բազմազան և աննախադեպ էթիկական երկընտրանքներով, որոնք կարող են թողնել խիստ շոշափելի և աստիճանաբար աճող ֆիզիկական հետևանքներ: Բացի այդ՝ կիբերանվտանգության խնդիրների զգայուն բնույթը նշանակում է, որ այս տարածքի որոշումները հաճախ հիմնված են դասակարգված, գաղտնի կամ մասնավոր տեղեկատվության վրա, որը չի կարող լայնորեն տարածված լինել:
Պատասխանատու կիբեր ղեկավարները պետք է ունենան ամուր, ներքին կողմնացույց և համարձակություն դժվար, գուցե նաև հանրային աջակցություն չստացող որոշումներ կայացնելու համար:
Պահանջվում է նաև ուժեղ բնավորություն, որը կհետևի էթիկական վարքագծին` ի դեմս կարճաժամկետ հեղինակության վնասի (կա՛մ անհատին, կա՛մ կազմակերպությանը) և այլ շահագրգիռ կողմերի պատասխան գործողություններին: Ավելին, կիբեր ղեկավարները պետք է ունենան փորձ և դատողություն` փակուղային իրավիճակներում դժվար որոշումներ կայացնելու համար, որտեղ գաղտնիության պահանջները կարող են սահմանափակել մենթորների և արտաքին հանրույթների հետ լիարժեք խորհրդակցելու կարողությունը, հատկապես քննադատական որոշումներ կայացնելիս:
7․ Մանրամասների և մեծ պատկերի հավասարակշռում
Կազմակերպություններն աստիճանաբար կիբերանվտանգությունը ընդունում են որպես իրենց կառուցվածքում առանձին և հստակ գործառույթ՝ պահանջելով ինչպես ամբողջ դրույքով աշխատող մարդկանց, այնպես էլ հստակ նշանակված, հաշվետու և ավագ գործադիր: Կիբերանվտանգությունը, այնուամենայնիվ, իր բնույթով կապված է լայն պարտականությունների և շոշափելի կետերի հետ (օր.՝ ֆինանսներ, գործառնություններ, իրավունք, մարդկային ռեսուրսներ, ապահովագրություն, ֆիզիկական անվտանգություն և վաճառողի կառավարում), որը չի սահմանափակվում միայն կիբերների հետ կապված հատուկ կամ «ավանդական» գործառույթներով, ինչպիսիք են միայն տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս հնարավոր անսահմանափակ պորտֆելի մեջ արդյունավետ կիբեր ղեկավարները պետք է կարողանան տարբերակել այն ոլորտները, որոնցում նրանք պետք է ունենան միայն մակերեսային իրազեկվածություն, զարգացնեն բազային գիտելիքների մակարդակը կամ խորապես ուսումնասիրեն բոլոր նրբություններն ու բարդությունները:
Գիտելիքների այս մակարդակները արդյունավետորեն տարբերակելու համար առաջնորդները պետք է հմտորեն կարողանան ստանալ ճիշտ տեղեկատվություն և հասկանան, թե ինչպես պետք է փոխգործակցեն համապատասխան թե՛ արտաքին, թե՛ ներքին թիմերի հետ: Քանի որ կիբեր առաջնորդները չեն կարող փորձագիտորեն մոտենալ իրենց պարտականությունների ներքո գտնվող հնարավոր բոլոր հարցերի լայն շրջանակներին, պետք է մշտապես հարմարեցնեն հարաբերությունները և կատարելագործեն իրենց կարողությունները՝ յուրաքանչյուր գործի մանրամասները մոտեցնելով կամ հեռացնելով մինչև մեծ պատկերի ստացումը:
8․ Հանձնարարելու կարողություն
Կիբեր առաջնորդները չեն կարող միայնակ հասնել իրենց նպատակներին: Նրանք պետք է իմանան ինչպես հանձնարարել հատուկ առաջադրանքներ և որոշ դեպքերում իշխանություն ունենալ ավելի մեծ նպատակների հասնելու և թիմի աճն ու զարգացումը խթանելու համար: Կիբեր առաջնորդները, ինչպես նաև աշխարհի առաջնորդները, պետք է իմանան ինչպես իրավացիորեն սահմանել և բաշխել թիմի պարտականություններն ու հաշվետվողականությունը հավասար կերպով, ինչպես նաև գնահատեն թիմի նպատակներն ու արդյունքները:
9․ Համաձայնության ձևավորում և որոշումների կայացում
Կիբերանվտանգության լիդերները պարբերաբար աշխատում են բարդ իրավիճակներում` ներգրավելով մի շարք ոլորտների տարբեր տեսակի մասնագետներ, ինչպիսիք են՝ օրենքը, մարքեթինգը, հաղորդակցությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները: Կազմակերպության կամ էկոհամակարգի շրջանակներում կիբերանվտանգությունը չի կարող լուծվել մեկ դերակատարի կողմից. բոլոր սուբյեկտները պետք է ներգրավված լինեն: Արդյունավետ կիբեր ղեկավարները պետք է կարողանան հարմարվել և ձևափոխել իրենց լեզուն ու մոտեցումը տարբեր լսարանների և ռեգիստրների հետ, որպեսզի հեշտացնեն բարդ և դժվարին իրավիճակների ընդհանուր ընկալումը և գործողությունների հատուկ ոլորտների շուրջ հասնեն համաձայնության:
Համաշխարհային առաջնորդների նման, ովքեր պետք է հաղորդակցվեն տարբեր խմբերի հետ, կիբեր առաջնորդները ևս պետք է ճանաչեն այն իրավիճակները, երբ հատուկ պայմանները կամ ամբողջ պատմությունը կարող են շփոթության կամ տարաձայնությունների առաջացման պատճառ լինել: Նրանք տարբեր շահագրգիռ կողմերի մոտ պետք է հանդես գան որպես թարգմանիչներ, որպեսզի պայմաններ ստեղծեն ավելի որակյալ և արդյունավետ որոշումներ կայացնելու համար: Այս համատեքստում կիբեր առաջնորդները պետք է նաև համոզման և բանակցությունների կողմնակից լինեն, հատկապես հաճախ փոփոխվող միջավայրում (օրինակ՝ ճգնաժամի կառավարման դեպքում): Հաջողակ կիբեր ղեկավարները պետք է հաճախակի ստեղծեն, զարգացնեն և լայնորեն կիրառեն այդ թարգմանչական և բանակցային հմտությունները, որոնք հիմնարար են նաև համաշխարհային ասպարեզում առաջնորդության համար:
10․ Աշխատուժի առավելագույն օգտագործում
Կիբեր առաջնորդները պետք է տեղյակ լինեն արագ և էքսպոնենցիալ կերպով փոփոխվող տեխնոլոգիական լանդշաֆտի մասին, ինչն իր հետ բերում է և՛ զգալի հնարավորություններ, և՛ սպառնալիքներ: Աշխատուժ վարձելիս պետք է առաջնահերթությունը տան բարձր որակավորում ունեցողներին, կատարելագործեն տաղանդավոր մասնագետներին և նպաստեն վերապատրաստման արդյունավետությանը: Լավագույն տաղանդներին գտնելու և պահպանելու համար կիբեր առաջնորդները պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որն ուղղված կլինի ավելի արդյունավետ, բազմազան և ներառական աշխատանքային միջավայրի ստեղծմանը, այդ թվում` հաշվետվության և թափանցիկության վրա հիմնված արժանիքների գնահատման և պարգևատրման համակարգերի կիրառմանը:
Այլ կերպ ասած՝ արդյունավետ կիբեր ղեկավարումը պահանջում է նորովի կենտրոնացում՝ շեշտը դնելով ժողովրդավարության, բազմազանության և կիբերանվտանգության միջավայրում ներգրավվածության վրա: Նույն կերպ, լավագույն թիմերին ներգրավելու և պահպանելու համար աշխարհի առաջնորդները պետք է գնահատեն տաղանդավոր մասնագետների տարբեր խմբերին՝ հիմնվելով բազմաբնույթ հմտությունների վրա (և՛ տեխնիկական, և՛ մարդկային)՝ անցում կատարելով ավանդական կարիերայի ուղիներից դեպի հստակ սահմանված մասնագիտություններ, ինչպես նաև պետք է ստեղծեն արժանիքների գնահատման վրա հիմնված մեխանիզմներ, որպեսզի զարգացնեն և խթանեն բարձրակարգ աշխատուժի պոտենցիալը:
Այսօրվա կիբեր առաջնորդները լավ պատրաստված են ոչ միայն գլոբալ մասշտաբով առաջնորդելու, ծայրաստիճան բարդ իրավիճակներ ղեկավարելու և տեխնոլոգիայի ու մարդկանց առումով ավելի կայուն և անվտանգ հասարակություն ստեղծելու գործընթացի մեջ կոշտ և փափուկ հմտությունները օգտագործելու համար, այլև նրանք կարող են լինել անհրաժեշտ ոգեշնչման աղբյուր այն մասին, թե ինչպես կարող է և պետք է լինի նոր աշխարհի առաջնորդությունը:
Թարգմանիչ՝ Մարիամ Խաչատրյան (Mariam Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: