Նախաբանի փոխարեն կամ ճգնաժամի պատճառները
ԽՍՀՄ անկումից ի վեր` ողջ աշխարհում և հետխորհրդային տարածաշրջանում սկսվեցին գործընթացներ, որոնք ունեցան դարակազմիկ նշանակություն արդի քաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների վրա՝ չշրջանցելով նաև Ուկրաինան.
- ԱՄՆ-ի քաղաքական կշռի և դերի բացարձակացում: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն՝ որպես միակ գերտերություն, իր տնտեսական, ռազմական ու քաղաքական պոտենցիալով չուներ և առայժմ չունի մրցակից, դեռ ավելին՝ բազմաթիվ ոլորտներում այն միայնակ տիրապետում է ավելի շատ ռեսուրսների, քան Մեծ ութնյակի մյուս բոլոր երկրները միասին: Իր դաշնակիցների հետ միասին (ՆԱՏՕ, ԵՄ, Ճապոնիա և այլն) ԱՄՆ-ին է պատկանում համաշխարհային տնտեսության, արտադրանքի, սպառման, առևտրի, գիտամշակութային և կրթական ոլորտների, միջազգային ինստիտուտներում որոշումների կայացման քվոտայի և ռազմական ծախսերի ու ռեսուրսների «որոշիչ բաժինը»: Հենց այս համատեքստում էլ Ռուսաստանը, փաստորեն, զրկվել է իր ազդեցությունից ինչպես իր նախկին դաշնակիցների ու «վասալների» (Հարավային Ամերիկայի, Ասիայի ու Աֆրիկայի երկրներ), այնպես էլ՝ բուն Վարշավյան համաձայնագրի երկրների նկատմամբ: Փոխարենը սկսվեց այդ երկրների մեծամասնության՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ստեղծված միջազգային միություններին և գործիքակազմներին անդամակցության գործընթաց, որն ընթանում էր լայն հասարակական աջակցութամբ: Վերոնշյալ գործընթացի արդի փուլում ռուսական ազդեցության գոտուց մեկը մյուսի հետևից դուրս են գալիս արդեն հետխորհրդային հանրապետությունները, ինչը տեղի է ունենում ինչպես արտասահմանյան ազդեցության, այնպես էլ հասարակական պահանջի հետևանքով:
- Ներկայումս գոյություն ունեցող գրեթե բոլոր միջազգային ինստիուտները և համակարգերը անցան կամ հենց ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի և դաշնակիցների միակողմանի ազդեցության տակ:
- Սկսվեց ինքնիշխանություն ձեռք բերած նախկին խորհրդային հանրապետությունների պետականաշինության գործընթաց: Նախկին խորհրդային հանրապետություններից շատերի համար սա ոչ միայն դեմոկրատական պետականության կառուցման առաջին փորձն էր, այլև առաջին պատմական դրվագը, երբ վերջիններիս դոմինանտ ժողովուրդները հանդես էին գալիս իբրև տիտղոսակիր միավորներ: Որոշ ժողովուրդներ իրենց պատմության ընթացքում առաջին անգամ էին ձեռք բերում միաժամանակ անկախ, ինքնիշխան և տվյալ էթնիկական խմբի բնակության տարածքների մեծամասնությունը ընդգրկող միասնական պետականություն (օրինակ՝ Ադրբեջանը, Ղազախստանը): Դրանցից մեկն է նաև Ուկրաինան:
Ուկրաինա. պատմական ակնարկ
Ուկրաինայում և հարակից տարածքներում մարդկությունը բնակություն է հաստատել դեռևս քարի դարում: Արդեն մ. թ. ա. 6-րդ դարից սկսած՝ Սև ծովի հյուսիսարևելյան ափին հիմնվեցին և նշանակալի առաջընթաց ապրեցին Հին Հունաստանի, Հին Հռոմի և ապա Բյուզանդական կայսրության գաղութները, իսկ սկսած մ. թ. 7–րդ դարից՝ Արևելյան Ուկրաինայի տարածքը դարձավ Հին Մեծ Բուլղարիայի կենտրոնը։ Դարավերջին բուլղարական ցեղերի մեծ մասը գաղթեց տարբեր ուղղություններով, ինչի արդյունքում հողերի մեծ մասն անցավ խազարներին։ 8-րդ դարում Լադոգայի և Նովգորոդի շրջաններից աստիճանաբար տարածվելով դեպի հարավ՝ ռուսները այս տարածքները խլում են խազարներից ու բյուզանդացիներից և 880-ականներին գրավելով Կիևը՝ հիմնում Կիևյան Ռուսիան։ 10-11-րդ դարերում այն դառնում է Եվրոպայի խոշորագույն և ամենահզոր պետություններից մեկը՝ հետագայում ձևավորելով ուկրաինացի և ռուս ժողովուրդների ազգային ինքնագիտակցության հիմքը։ Վլադիմիր Մոնոմախի (1113–1125) և նրա որդի Մստիսլավի (1125–1132) օրոք Կիևյան Ռուսիան մասնատվեց առանձին իշխանությունների։ 11-12-րդ դարերում քոչվոր թուրքական ցեղերի կողմից մշտական հարձակումները հանգեցրին սլավոնական ժողովուրդների զանգվածային տեղափոխման դեպի հյուսիս՝ ավելի անվտանգ անտառային շրջաններ։ 13-րդ դարի մոնղոլական ներխուժման հետևանքով Կիևյան Ռուսիան դատարկվեց, իսկ 1240 թ. Կիևն ամբողջովին ավիրվեց։ 14-րդ դարի կեսերին Լեհաստանի Կազիմիր III թագավորը իրեն հպատակեցրեց Գալիցիա-Վոլինիայի շրջանը, իսկ Կիևը իր շրջակայքով Իրպեն գետի ճակատամարտից հետո դարձավ Գեդեմինասի՝ Լիտվայի մեծ դքսության տարածք։ Հետագայում Լիտվայի և Լեհաստանի միջև գնում էր անընդհատ մրցակցություն այստեղ գերիշխանության հասնելու համար, որն ավարտվեց Լեհաստանի հաղթանակով։ Լեհականացմանն ուղղված ճնշման ներքո բարձր խավի ներկայացուցիչները կրոնափոխ եղան, դարձան կաթոլիկ և ձուլվեցին: Այդպիսով՝ հասարակ մարդիկ, զրկվելով իրենց ազգակից պաշտպաններից՝ հանձին կրոնակից ազնվականության, շրջվեցին դեպի կազակները, որոնք շարունակում էին մնալ ուղղափառ։ Արդյուքնում Ուկրաինան մի քանի տարի ցնցեցին հզոր շարժումները, որոնցից հատկապես նշանավոր էր Խմելնիցկու ապստամբությունը(1648—1654): Ապստամբները պարտության վտանգի ներքո ընդունեցին ռուսահպատակություն, և ապստամբությունը վերաճեց ռուս-լեհական պատերազմի, որն ընթանում էր փոփոխակի հաջողություններով: Սա մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ Դնեպրից արևմուտք բնակվող հատվածն ուներ լեհական կողմնորուշում, իսկ արևելքը՝ ռուսական: Հենց այս բաժանումն էլ ի վերջո հաստատվեց 1667թ. Անդրուսովյան պայմանագրով: Ռուսաստանը և Ռեչ-Պոսպոլիտան Դնեպրի երկայնքով բաժանեցին Ուկրաինան: Սրան հաջորդեցին օսմանական, պրուսական, շվեդական, թաթարական, ավստրիական պատերազմներն ու ներխուժումները, որոնց ընթացքում Ռուսական կայսրությունը անընդհատ ամրապնդում և ուժեղացնում էր իր դիրքերը: Սակայն ավելի ուշ Ռուսական կայսրության անկման ու կրկնակի հեղափոխությունների արդյունքում 1918 թ.-ի հունվարի 22-ին տեղական կենտրոնական խորհրդի որոշմամբ՝ Ուկրաինան առաջին անգամ ստացավ անկախություն: Սակայն շուտով Կարմիր բանակը գրավում է երկիրը։ 1919 թ.-ի հունվարի 14-ին ստեղծվում է Ուկրաինական ԽՍՀ-ն։ Չնայած այսօր հնչեցվող բազմաթիվ մեղադրանքներին՝ խորհրդային տարիներին Ուկրաինան ունեցավ զգալի տարածքային ձեռքբերումներ (Խորհրդա-գերմանական գաղտնի հավելված)՝ անցնելով արդյունաբերականացաման, ահռելի ծավալների հասնող շինարարության և գիտության ու մշակույթի շեշտակի վերելքի ճանապարհով: Ռադայի՝ 1991թ. օգոստոսի 24-ի որոշմամբ, ապա դեկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքներով՝ Ուկրաինան հռչակվեց անկախ պետություն: 1991թ. դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ դադարեց գոյություն ունենալուց, սակայն դրա միջուկային արսենալի մի մասը շարունակում էր մնալ Ուկրաինայում: 1994թ. դեկտեմբերի 5-ին Բուդապեշտում կնքվում է համաձայանգիր, համաձայն որի՝ միջուկային մարտագլխիկները դուրս էին բերվում Ուկրաինայի տարածքից, ինչի դիմաց ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ստանձնում էին Ուկրաինայի անկախության, միասնականության ու տարածքային ամջողջականության միջազգային երաշխավորությունը:
Ուկրաինական ճգնաժամի 3 մակարդակները
Ուկրաինական ճգնաժամը, ինչպես ցանկացած միջազգային կոնֆլիկտ, կարելի է բաժանել երեք մակարդակների՝ հայտարարություններով ու հրապարակային դիրքորոշումներով արտահայտվող մակերես, գործողություններով ու նպատակներով արտահայտվող միջնամաս և օբյեկտիվ ու խորքային պատճառներով արտահայտվող հիմք:
- Հրապարակային
Ուկրաինական իշխանությունները կարծում են, որ երկրի տնտեսական զարգացումն ու կայունությունը վտանգված են, իսկ Ուկրաինայի՝ Վիլնյուսյան գագաթնաժողովին սպասվելիք ԽՀԱԱՊ-ին միացումը՝ անհնարին: Ռուսաստանը հայտարարում է սեփական շուկան պաշտպանելու նպատակով Ուկրաինայի հետ հարաբերությունների վերանայման հնարավորության մասին: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ուկրաինական ժողովրդի հետ ցանկացած որոշման պարագայում:
- Շահերի բախում (նպատակների ու գործողությունների հակադրում)
Ուկրաինայում բախվեցին երկու հիմնական ճամբարների՝ մի կողմից՝ չինովնիկական և ոստիկանական համակարգի լիակատար աջակցությամբ իշխանական ավազակախմբերի ու քրեաօլիգարխիկ շերտի, մյուս կողմից՝ հասարակական ակտիվի, լիբերալների, ազգայնականների, խոշոր, մանր և միջին բիզնեսի, մտավորականության, հոգևորականության, արևմտյան և կենտրոնական մարզերի, մայրաքաղաքի բնակչության շահերը: Շահերի բախումը տեղի ունեցավ բավականին պարզ պատճառներով. օլիգարխա-իշխանական թևը ցանկանում էր պահպանել իր դիրքերը և երկրում ստեղծված ավազակապետության համակարգը՝ այս ամենի վերարտադրությունը և ապահովությունը կապելով Ռուսաստանի հետ, իսկ հասարակական մյուս շերտերը տոգորված էին մրցակցային, արդար և օրինական երկիր ունենալու տեսլականով:
- Քաղաքակրթական (հիմնարար)
Ինչպես արդեն նշվեց, ուկրաինացիները, ԽՍՀՄ փլուզումից հետո ձեռք բերելով անկախություն, առաջին անգամ դարձան տիտղոսակիր ժողովուրդ, իսկ Ուկրաինա կոչվող պետությունը իր արդի աշխարհագրական ընկալմամբ առաջին անգամ հայտնվեց աշխարհի քաղաքական քարտեզին: Ուկրաինացիների՝ որպես էթնիկական խմբավորման ինքնընկալման ձևավորումը սկզբնավորվում է 18-19-րդ դարերում՝ կապված մտավոր-մշակութային վերելքի և մտավորականության ձևավորման հետ (Տարաս Շևչենկո, Իվան Ֆրանկո և այլք): Թեև ժողովրդակազմողական գործընթացները ցայսօր ավարտված չեն, այնուամենայնիվ ՈւԺՀ-ի և Բանդերայի տարիներին դրանք մուտք գործեցին որակապես նոր փուլ: Այս անցումային փուլը զգալիորեն բարդանում է՝ կապված Ուկրաինայի աշխարհագրական դիրքի հետ: Բանն այն է, որ Ուկրաինան գտնվում է երկու «գերքաղաքակրթությունների» սահմանագծին, դեռ ավելին՝ այդ սահմանագիծը անցնում է հենց երկրի միջով: Եթե հայ իրականության մեջ ևս առկա են «արևելցիներ» և «արևմտականներ», որոնք բնակվում են խառը և չշերտավորված, ապա Ուկրաինայում դրանք հստակորեն սահմանազատված և անգամ անտագոնիստացված են, ինչը Ուկրաինան դարձնում է պայթյունավտանգ և ոչ միասնական: Այս ամենը պարարտ հող էր նախապատրաստում քաղաքացիական պատերազմի համար:
Մայդան
2013 թվականի նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարության ղեկավար Մ. Ազարովը հայտարարեց, որ Ուկրաինան տնտեսական պատճառներով չի կարող ստորագրել ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրն ու ասոցացման պայմանագիրը. փոխարենը որոշում էր կայացվել ընդունել Ռուսաստանի առաջարկած նոր վարկային ծրագիրը: Սրան ի պատասխան՝ գրեթե միանգամից ժողովուրդը սկսեց հավաքվել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների հրապարկներում՝ պահանջելով վերանայել այդ որոշումը: Հաշված օրերի ընթացքում շարժման գլուխն անցան երեք կուսակցությունների ղեկավարներ՝ Արսենի Յացենյուկը (Բատկովշինա), Վիտալի Կլիչկոն (УДАР) և Օլեգ Տյագնիբոկը (Ազատություն): Սկզբնական փուլում շարժումը ուներ խաղաղ բնույթ, սակայն Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովից և 2014 թվականի հունվարի 16-ին ընդունված օրենքներից (մասայական անկարգություններին մասնակցության համար պատասխանատվության խստացում) հետո բողոքները թևակոխեցին էսկալացիոն փուլ՝ վերածվելով իշխանափոխություն պահանջող շարժման: Հունվարի 19-ին Կիևում հավաքված հանրահավաքը հայտարարվեց համազգային ժողով, ինչին հետևեց հանրային շինությունների գրավումը: Ի պատասխան սրան՝ իշխանությունը գնաց որոշ զիջումների. անվավեր ճանաչվեցին հունվարի 16-ի օրենքները, հռչակվեց համաներում, կառավարությունը հրաժարական տվեց: Սրան հաջորդեցին նոր պահանջներ, որոնցից էր նախագահա-պառլամենտական կառավարման ձևից անցում պառլամենտա-նախագահականի: Փետրվարի 15-16-ին դիտվեցին որոշակի լիցքաթափում և իրավիճակի մեղմացում, սակայն արդեն փետրվարի 17-ին «Աջ սեկտոր» ծայրահեղական խմբավորումը, որի դերը սկսեց անշեղորեն աճել, հայտարարեց բոլոր ընդդիմադիր ուժային կառույցների մոբիլիզացիա: Փետրվարի 18-20-ը տեղի ունեցան մասսայական ընդհարումներ, երկու կողմերից էլ արձանագրվեցին մարտական զենքերի օգտագործման բազմաթիվ դեպքեր: Պաշտոնական տվյալներով՝ ընդհարումների արդյունքում զոհվեց 77 մարդ: Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ հատկապես Արևմտյան Ուկրաինայում, որտեղ տեղի ունեցավ մեծ քանակությամբ մարտական զենքերի ու զինամթերքի զավթում: Ռադայի որոշմամբ՝ փետրվարի 20-ին Կիևի փողոցներից հետ կանչվեցին բոլոր իրավապահները, իսկ մեկ օր անց՝ փետրվարի 21-ին, արևմտյան երկրների լրջագույն ճնշման ներքո Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիևի կենտրոնից հեռացրեց «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները:
Նույն օրը՝ փետրվարի 21-22-ի գիշերը, ԵՄ և Ռուսաստանի ներկայացուցիչների միջամտությամբ տեղի ունեցավ նախագահ–ընդդիմության առաջնորդներ հանդիպումը, որի ընթացքում որոշվեց.
- Անմիջապես անցնել 2004 թվականի սահմանադրությանը և պառլամենտա-նախագահական կառավարման ձևին,
- Անցկացնել ԱԺ և նախագահական արտահերթ ընտրություններ՝ ոչ ուշ, քան 2014 թ. դեկտեմբերը,
- Ներքին զորքերն ու հատուկ ջոկատայիններին չվերադարձնել Կիև,
- 24 ժամվա ընթացքում վերադարձնել անօրինականորեն զավթված ողջ զենքը:
Հանդիպումից մի քանի ժամ անց Ռադան հաստատեց այս փոփոխությունները, ինչպես նաև օրենք ընդունեց, որը թույլ կտար բանտից ազատ արձակել Յուլիա Տիմոշենկոյին: Սակայն երբ ընդդիմության առաջնորդները տեղյակ պահեցին «համազգային ժողովին» ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, նրանք արժանացան սուլոցների և անհամաձայնության: Օգտվելով ստեղծված անիշխանությունից և քաղաքի փաստացի անպաշտպանությունից (բոլոր պետական ուժային ծառայությունները դուրս էին բերվել Կիևից)՝ աջերի առաջնորդ Յարոշը իր վրա է վերցնում ընդդիմության ուժային կառույցների հրամանատարությունը՝ առաջ քաշելով Յանուկովիչի հրաժարականին վերաբերող ուլտիմատիվ պայմանը: Սկսվում է կառավարական թաղամասի և իշխանական շինությունների գրավումը: Միևնույն ժամանակ փետրվարի 21 լույս 22-ի գիշերը Յանուկովիչը լքում է քաղաքը: Առավոտյան տեղի է ունենում Ռադայի նիստ, որը ոչ իրավական ձևակերպմամբ նախագահին փաստացի իմպիչմենտի է ենթարկում. իշխանական թևի պատգամավորները նիստին ներկա չէին: Ժամեր անց հայտնվում է Յանուկովիչի հեռուսաուղերձը, որտեղ վերջինս չի ընդունում իր հրաժարականը՝ տեղի ունեցածը հայտարարելով պետական հեղաշրջում: Իր հերթին Ռադան մայիսի 25-ին նշանակում է արտահերթ նախագահական ընտրություններ: Փետրվարի 22-ի երեկոյան հայտնի է դառնում, որ Խարկովում տեղի է ունեցել իշխող խմբակցության պատգամավորների և իշանությանը սատարող ուժերի հավաք: Փետրվարի 23-ին Ռադայի խոսնակ Տուրչինովը նշանակվում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Փետվարի 24-ին ներքին գործերի նախարար Ավակովը հայտարարում է, որ նախկին նախագահ Յանուկովիչի դեմ քրեական գործ է հարցուցվել՝ կապված մասսայական սպանությունների դեպքերի հետ. Յանուկովիչի դեմ հայտարարվում է հետախուզում: Փետվարի 27-ի դրությամբ Կիևի նոր իշխանությունները ճանաչվել էին ԱՄՆ-ի և ԵՄ երկրների կողմից՝ միևնույն ժամանակ չարժանանալով Ռուսաստանի կողմից ճանաչման: Յացենյուկը նշանակվում է վարչապետ և ձևավորում անցումային կառավարություն:
Փետվարի 27-28-ին պարզ է դառնում, որ Յանուկովիչը հեռացել է Ռուսաստան, որտեղ էլ վերջինս հանդես է գալիս հայտարարությամբ, համաձայն որի՝ նա իրեն համարում էր Ուկրաինայի օրինական նախագահ, ինչպես նաև չէր համաձայնում երկրում տեղի ունեցած «անօրինական» փոխոխություններին, որոնք, ըստ իրեն, կայացվել էին ԱՄՆ-ի միջամտությամբ: Մինչդեռ Կիևի նոր իշխանությունները արագորեն իրենց իշխանությունը հաստատեցին Ուկրաինայի բոլոր շրջաններում՝ բացառությամբ Ղրիմի, որտեղ արդեն սկսվել էր անկախացման գործընթացը: Միաժամանակ ցույցեր սկսվեցին նաև Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում:
Օգտագործված գրականության ցանկ
- http://www.archives.gov.ua/
- http://ria.ru/
- http://rt.com/
- http://www.foreignaffairs.com/
- http://www.kyivpost.com/
- http://www.themoscowtimes.com/
- http://russia.tv/
- http://edition.cnn.com/
- http://www.foxnews.com/
- http://www.forbes.com/
- https://www.wikipedia.org/
- http://www.britannica.com/
- http://www.euronews.com/
- http://rulers.narod.ru/
- http://www.historytoday.com/
- Грушевский М.,. Иллюстрированная история Украины, Киев, 1995.
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև