Զանգվածային (մասսայական) մշակույթը հասարակության լայն հատվածներին հետաքրքրող թեմաներով ստեղծված մշակույթն է: Վերջինիս բովանդակությունը պայմանավորված է հասարակության պահանջներով և նախասիրություններով: Զանգվածային մշակույթը դրսևորվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երաժշտությունը, լրատվությունը, նկարչությունը, գրականությունը և այլն: Մեր վերլուծության առարկան՝ բեսթսելլերը, հենց մասսայական մշակույթի ակներև դրսևորում է:
Բեսթսելլեր տերմինը, որ ծագում է անգլերեն best-լավագույն և seller-վաճառել բառերից, նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ «ամենաշատ վաճառք ունեցող»: Որևէ արտադրանք, լինի դա գիրք, համակարգչային խաղ, երաժշտական ալբոմ թե մեկ այլ բան, կարող է համարվել բեսթսելլեր, եթե այն իր վաճառքի քանակով գլխավորում է տվյալ բնագավառում վաճառված այլ արտադրանքների ցուցակը կամ գոնե գտնվում է այդ ցուցակի երեք հորիզոնականներից մեկում: Անդրադառնանք կոնկրետ գրքային բեսթսելլերներին: Գիրքը, որպեսզի հայտնվի բեսթսելլերների ցուցակում, պետք է ոչ միայն տպագիր տարբերակով մեծ վաճառք ունենա, այլև պետք է վաճառքի ցուցանիշները չկաղեն նաև էլեկտրոնային հարթակում: Բացի այս, արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադայում, գիրքը բեսթսելլեր դառնալու իր ճանապարհին պետք է մեծ պահանջարկ ունենա նաև գրադարաններում: Այս երեք հարթակների ընդհանուր ցուցանիշների հիման վրա էլ նշված երկրներում թողարկում են բեսթսելլերների ցուցակները: Այդ ցուցակները թողարկում են տարբեր շաբաթաթերթեր, ամսագրեր, լրագրեր: Ամերիկայում, օրինակ, ամենահայտնի թերթերը, որ ունեն իրենց սեփական բեսթսելլեր-էջը, Publishers Weekly, USA Today, New York Times և Washington Post-ն են: Հետաքրքիր է, որ հեղինակները, որոնց գործերը կարող են հաճախ հայտնվել բեսթսելլերների ցուցակի առաջին երեք հորիզոնականներում, ևս կարող են ստանալ բեսթսելլեր-հեղինակ «կոչումը»: Ուշագրավ է, որ բեսթսելլերների մասին պատմող «Վիքիպեդիա» ինֆորմացիոն կայքի եռալեզու (անգլերեն, ռուսերեն, հայերեն) նյութերում էլ շեշտված է, որ «Բեսթսելլեր տերմինը վաճառքի հստակ չափ և ստեղծագործության որակ չի սահմանում, այն ուղղակի վկայում է մեծ հանրաճանաչության մասին, ինչպես օրինակ՝ բլոկբաստեր տերմինը ֆիլմարտադրությունում, և հիթ տերմինը, որն օգտագործվում է շատ հայտնի երաժշտական ստեղծագործության բնութագրման համար»: Ինչպես նշեցինք, բեսթսելլերների ցուցակը հրապարակվում է որոշակի ժամանակահատվածի հիման վրա: Հետևապես բեսթսելլեր-ցուցակները ոչ միայն սոսկ վաճառքի հիման վրա տրվող հորիզոնականներ են, այլև դրանք ցույց են տալիս այս կամ այն գրքի պահանջարկը, հեղինակի հանրաճանաչությունը և որևէ գեղարվեստական ժանրի նախընտրելիությունը ընթերցողների կողմից այլ ժանրերի հանդեպ: Սրանով հանդերձ հենց բեսթսելլերները հանրության կողմից սխալ են ընկալվում: Եվ ընդհանրապես այստեղ խախտված է ժողովրդական այն խոսքի կշիռը, որ ոչ միշտ է «քանակը որակի ցուցիչ»: Հենց միայն վաճառքի քանակը կարող է ազդել ընթերցողի հոգեբանության վրա. յուրաքանչյուրի մոտ էլ կառաջանա այն հարցը՝ եթե տվյալ ստեղծագործությունը այդքան մեծ քանակով վաճառվում է, գուցե և իսկապես հենց այնպես չի հայտնվել առաջատար հորիզոնականներում: Նման մտածողությունը սուբյեկտիվ, բայց և արդարացված է: Այստեղ գործում է անհատի` հասարակության մաս լինելու հոգեբանական գործոնը ևս: Ավելի հաճախ, փորձելով հետևել ժամանակի տենդենցներին, գրքասերները կարող են ընկնել բեսթսելլեր կոչվող ճահճի մեջ, որտեղ գրական-գեղարվեստական որակին հակադրվում է նյութական շահը, բարձր գաղափարներին հաճախ փոխարինելու են գալիս էժանագին էրոտիկ պատումները, հետաքրքիր դիպաշարերը փոխարինվում են ֆիլմի պրիմիտիվ սցենար հիշեցնող բովանդակությամբ ևն: Ավելի հաճախ գրքերն այսօր բեսթսելլերներ են դառնում ոչ իրենց գեղարվեստական արժանիքների հիման վրա: Որակը իր համար միշտ էլ փառքի ճանապարհ հարթում է. դա են փաստում գրական բոլոր ուսումնասիրություններն ու ողջ աշխարհի գրականության պատմությունը: Սակայն այսօր ավելի հաճախ տեսնում ենք պատմական այս ճշմարտության խեղաթյուրումը: Գիրքը հայտնի ու պահանջված դարձնելու համար հեղինակից բացի (երբեմն նրանից ավելի շատ) աշխատում են գրական գործակալներ, խմբագիրներ, գրախոսներ, PR մասնագետներ, մարքեթոլոգներ ևն: Անժխտելի է, որ հեղինակները մեծ մասամբ գիրքը գրում են նյութական շահույթի հեռահար նպատակով, սակայն երբեմն այդ նպատակը դառնում է գերիշխող այնքան, որ որոշ հեղինակներ ավելի շատ ժամանակ և միջոցներ են վատնում անգամ դեռ չգրված գիրքը գովազդելու, քան իրենց աշխատանքի արդյունավետության ու որակի վրա: Իզուր չէ, որ գրաքննադատները այդպես սուր են իրենց դիրքորոշումներում և այդքան կտրուկ իրենց կարծիքն արտահայտելիս: Այսօր համաշխարհային գրականության մակարդակով վերցրած՝ բոլոր երկրներում էլ գրական քննադատները համամիտ են այն հարցի շուրջ, որ մեծ թվով վաճառքը դեռ չի նշանակում, որ այդ գրքերը հետագայում կյանք կունենան. դրանք ժամանակի ընթացքում կդառնան կահույքի մի մաս և ոչ ավելին: (Սակայն այս ամենին զուգահեռ պետք է շեշտել նաև, որ ոչ բոլոր բեսթսելլերներն են անորակ. դրանց մի մասն իսկապես արժանի է գրականության մեջ ապրելուն, սակայն մեր հիմնական խնդիրն է նշել, թե ինչպիսի քաղաքականության արդյունքում է կարելի անգամ ամենավատ գիրքը դարձնել բեսթսելլեր):
Ուշադրության է արժանի և այն իրողությունը, որ այսօր ստեղծագործող հեղինակները իրենց գրքերը գրում են որոշակի «գրական քաղաքականությամբ»: Առավել հաճախ նրանք նախքան իրենց գործերը գրելը ուսումնասիրում են թիրախային որոշակի խմբեր, որոնց հետաքրքրությունների վրա էլ դնում են շեշտն իրենց ստեղծագործություններում: Իհարկե բնական է, որ այս երևույթը չէր կարող խուսափել գրաքննադատների աչքերից. օրինակ՝ Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում մի քանի շաբաթ շարունակ վաճառքի առաջատար դարձած Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» եռագրությունը հաճախ կոպիտ, բայց և դիպուկ անվանվում է «պորնոգրաֆիա տնային տնտեսուհիների համար», որն արդեն իսկ մատնանշում է գրքի թիրախային խումբը և սա դեռ հաշվի չառնելով գրքի յուրահատուկ էրոտիկ բնույթը և այդպիսի էրոտիկ «ճաշակ» ունեցող անհատների թիրախայնությունը: Հետաքրքիր է, որ գրեթե բոլորը, ովքեր անորակ արտադրանք են ներկայացնում հասարակության դատին, քննադատություններից պաշտպանվում են արտադրանքի պահանջարկ ունենալով: Սակայն նման բեսթսելլերների մեծաքանակ վաճառքը իր հետևից կարող է թողնել ժանրային «վարակ», ինչը և նկատելի եղավ վերը նշված եռագրության առաջին գիրքը լույս տեսնելուց հետո: Այս գրքի նմանողությամբ սկսեցին լույս տեսնել մի շարք խայտառակ նմանակումներ, որոնք շարունակում են իրենց դիրքերը պահպանել շուկայում (Մարիա Անդերսոն «Հնազանդության 50 երանգները», «50 արգելված երազանքներ», «Խավարի 50 երանգները», Սոֆի Մորգան «Հնազանդվողի օրագիրը», Էվա Հանսեն «Ցավի գույնը» վիպաշար (մինչ այժմ լույս է տեսել 6 գիրք՝ «Ցավի գույնը: Կարմիր», «Ցավի գույնը: Սև», «Ցավի գույնը: Սպիտակ», «Ցավի գույնը: Թավիշ», «Ցավի գույնը: Մետաքս», «Ցավի գույնը: Լատեքս») և այլն): Սրանց դեմ գուցե և ոչինչ չասեինք, եթե սրանք Էրիկա Ջեյմսի եռագրության ուղղակի նմանակումը չլինեին:
Հեղինակների «գրական քաղաքականությունը» իր մեջ ներառում է նաև ոճի պարզությունը: Անգամ ամենախոր ու ամենախորքային հարցերը ժամանակակից բեսթսելլերների մեջ քննության են առնվում մակերեսայնորեն, ինչը թույլ է տալիս խուսափել մտային ժանգը քայքայելու դաժան և դժվար գործից: Գաղտնիք չէ, որ նախորդ դարերի գրականությունը աչքի է ընկնում իր մտային հագեցվածությամբ, խորքային քննություններով, հոգեբանական ամենանուրբ պարզաբանումներով, որն էլ հենց գրքի մեջ գրավում է ընթերցողին: Սակայն փոխվեց դարը, փոխվեցին և մտային գրականության վերաբերյալ մարդկանց պատկերացումը, կարծիքն ու դիրքորոշումը: Հեշտացվել են դիպաշարերը, հեղինակները միտումնավոր խուսափում են հոգեբանական նուրբ քննություններից, ձեռնպահ են մնում համամարդկային հարցեր քննարկելու` նախորդ դարերում հաստատված միտումից, և այս ամենը արվում է միայն մի նպատակով, և դա ամենևին էլ ընթերցանությունը կաթվածահար վիճակից հանելը չէ, ո՛չ, այս ամենն արվում է միայն հեշտ ճանապարհներով հնարավորինս մեծ շահույթ ունենալու նպատակով: Հենց այսպիսի գրքերն էլ հաճախ դառնում են բեսթսելլերներ՝ թելադրելով նոր որակ և նոր խոսք գրականության զարգացման ճանապարհին:
Այսպիսով, որպեսզի գիրքը դառնա բեսթսելլեր պետք է. 1) թեման լինի պահանջված, 2) շարադրանքի որակը՝ միջինից բարձր 3) լեզուն՝ պարզ, և իհարկե 4) ունենա ինչ-որ սեփական հաղթական խաղաքարտ, որով կտարբերվի մյուս՝ նույն ժանրի գործերից:
Բեսթսելլերները, ինչպես նշեցինք, շահութաբեր են: Որպեսզի մեր այս միտքը չլինի ուղղակի խոսք՝ ասված օդում, կարևոր ենք համարում բերել 21-րդ դարում բեսթսելլեր դարձած մի քանի գրքերի շահույթի թվային ցուցանիշները (սակայն այստեղ այդ թվերը բերելով մենք չենք փորձում վարկաբեկել բոլոր գրքերը. ստորև բերված գրքերից որոշներն իսկապես արժանի են բեսթսելլեր կոչվելուն):
- Ջոան Ռոուլինգ ” «Հարրի Փոթեր» վիպաշար (7 գիրք), վիպաշարի միայն առաջին գիրքը՝ «Հարրի Փոթեր և փիլիսոփայական քարը», վաճառվել է 450 մլն օրինակով, իսկ ընդհանուր 7 գրքերը հեղինակին բերել են մոտավորապես 13 մլրդ դոլլար:
- Է. Լ. Ջեյմս- «Մոխրագույնի 50 երանգները» եռագրություն, 2012 թ.-ին Amazon.com-ը հայտարարեց, որ իր էլեկտրոնային հարթակում եռագրության առաջին հատորի վաճառքը գերազանցել է Հարրի Փոթերի մասին վիպաշարի վաճառքին: Շահույթի մասին կոնկրետ թվեր հեղինակը հրաժարվում է նշել, սակայն համեմատության մեջ առնելով Հարրի Փոթերի ցուցանիշները վերջինիս հետ՝ ամեն ինչ պարզ է դառնում:
- Ստեֆանի Մայեր- «Մթնշաղ» վիպաշարը վաճառվել է մոտավորապես 120 մլն օրինակով: Նշվում է միայն, որ առաջին գրքի համար հեղինակի հոնորարը կազմել է 750,000 դոլլար: Սակայն առաջին գրքի հաջողությունից հետո կարելի է ենթադրել, որ վաճառքի կտրուկ աճի հետ աճել է նաև նրա հոնորարը, մանավանդ որ 2011 թ.-ի դրությամբ Forbes ամսագիրը ամենաշատ վճարվող գրողների ցուցակում Մայերին տեղաբաշխել է 5-րդ հորիզոնականում:
- Դեն Բրաուն- «Դա Վինչիի կոդը» գիրքը, որ հանդիսանում է հեղինակի մյուս՝ «Հրեշտակներ և սատանաներ» գրքի շարունակությունը, ավելի մեծ հաջողություն ունեցավ քան առաջին գիրքը՝ վաճառվելով ընդհանուր առմամբ շուրջ 81 մլն օրինակով:
- Սյուզան Քոլինզ- «Քաղցած խաղեր» եռագրության վաճառքի չափերը պատկերացնելու համար բավական է միայն նշել, որ եռագրության առաջին երկու մասերը շուրջ երկու տարի գտնվել են բեսթսելլերների առաջին երեք հորիզոնականներից մեկում:
Հետաքրքիր փաստ է այն, որ երեխաներին և պատանիներին հասցեագրված գրքերի համար New York Times ամսագիրը առանձնացրել է հատուկ բեսթսելլեր-բաժին՝ Children's Books: Սրա համար պատճառ է հանդիսացել հենց Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը, քանի որ այն իր լույսընծայումից հետո մեկ տարի շարունակ հաղթող էր ճանաչվում բեսթսելլերների երեք հորիզոնականներում էլ: Ամսագիրը, ստեղծելով առանձին բաժին, փորձել է խուսափել գրքի առաջ բերած մոնոպոլիայից:
Սակայն բեսթսելլերների շահութաբերությունը, հօգուտ հեղինակի, չի սահմանափակվում միայն գրքի վաճառքով: Վաճառքի լավ ցուցանիշներ դրսևորելու դեպքում ամենահայտնի ֆիլմարտադրող ընկերությունները ուղղակի «դուրս են գալիս իրենց կաշվից» գրքի հիման վրա ֆիլմ նկարելու հեղինակային իրավունքները ձեռք բերելու համար: Սկսած դեռևս 2000-ական թվականների սկզբից չկա գրեթե այնպիսի մի բեսթսելլեր, որի հիման վրա ֆիլմ կամ հեռուստասերիալ չի նկարահանվել: Սրանից ևս ոչ պակաս հոնորարներ են ստանում գրքերի հեղինակները (օրինակ՝ վերը թվարկված բոլոր գրքերի հիման վրա ֆիլմ կամ ֆիլմաշար է նկարահանվել): Ահա ևս մի փաստ, որի համաձայն բեսթսելլեր գրելը ոչ այնքան որակի հարց է, որքան քանակի ու շահույթի:
Բեսթսելլերները իրենց տեսակով մի քանի խմբերի են բաժանվում: Ամենամեծ խմբաբաժանումը թերևս ֆանտաստիկ և ոչ գեղարվեստական (գիտական, կենսագրական ևն) բաժանումներն են: Վերը արդեն նշեցինք, որ առանձին երիտասարդական խումբ իր կողմից ստեղծեց Նյու Յորք Թայմսը: Բեսթսելլերները տարբերակվում են նաև ըստ կազմի: Որքան էլ զարմանալի չլինի, կազմը ևս ազդում է վաճառքի ցուցանիշների վրա: Նախ այստեղ ևս որոշակի գրական քաղաքականություն են ցուցաբերում գրական գործակալները և PR մասնագետները: Գիրքը, որպեսզի առաջին իսկ հայացքից գրավի ընթերցողին, պետք է ունենա մաքսիմալ «հմայիչ» կազմ: Սա հնարավորություն է տալիս գովազդել գիրքը և մարդկանց համար այն դարձնել ակնահաճո, ինչը մեծապես խթանում է գրքի վաճառքը: Մյուս կողմից կազմի հետ կապված տարբերակվում են բեսթսելլերների երկու խումբ՝ փափուկ և կոշտ կազմով: Որպես կանոն սկզբում հրատարակվում է կոշտ կազմով գիրքը, որն ավելի թանկ է: Եթե այն արդարացնում է վաճառքի ցուցանիշները, ապա մեկ տարվա ընթացքում լույս է տեսնում գրքի փափուկ կազմով տարբերակը, որն ավելի էժան է ու ավելի հասանելի լայն մասսաների համար:
Այսպիսով՝ տեսնում ենք, որ այսօր գիրքը բեսթսելլեր դառնում է ավելի հաճախ նուրբ քաղաքական քայլերի հաջորդականությամբ, ինչի արդյունքում գրքի գեղարվեստական արժեքների կարևորությունը մղվում են հետին պլան: Սակայն սա չի կարելի ասել բոլոր բեսթսելլերների համար: Այսօր ևս ստեղծվում են գրքեր, որոնք կարող են ապրել դարերով, սակայն դատել, թե որ գիրքը ապագայում կյանք կունենա կամ ոչ, չի կարող դատել ոչ ոք: Այս առումով միակ արդար դատավորը եղել և մնում է ժամանակը:
Հայալեզու բեսթսելլեր-գրքերը
Վերջին տարիներին Հայաստանում ևս «Արմենպրես»-ի կողմից հրապարակվում է շաբաթվա բեսթսելլերների լավագույն տասնյակը: Իհարկե հայ իրականության մեջ միլիոնավոր կամ թեկուզ հազարավոր օրինակներով վաճառքի մասին խոսք լինել անգամ չի կարող: Մեզ մոտ թերևս շաբաթվա բեսթսելլերների ցուցակում հայտնվելու համար բավական է ունենալ 10-50 օրինակ-վաճառք: «Արմենպրեսը» իր «Երևանյան բեսթսելլեր» ցուցակի մեջ գրքերը ներառելու համար համագործակցում է Երևանի յոթ խոշոր գրախանութների հետ՝ «Նոր գիրք», «Նոյան տապան», «Հայ գիրք», «Բյուրոկրատ», «Բուքինիստ», «Արտ Բրիջ» և «Զանգակ»: Ցուցակի մեջ չեն ներառվում մանագիտական կամ տեղեկատվական գրքերը, այսինքն նրանք, որոնց արտասահմանում տալիս են ոչ գեղարվեստական բեսթսելլեր անվանումը:
10.06.2016-ի դրությամբ Երևանյան բեսթսելլերների ցուցակն, օրինակ, գլխավորում է Լևոն Անանյանի «Նամակ թուրք գրողին» գիրքը 17 օրինակի վաճառքով: Համապատասխանաբար հաջորդ հորիզոնականներն են զբաղեցրել Գուրգեն Եղիազարյանը («Գայլի հանգույց գործողությունը», 14), Ժան Պոլ Սարտր («Սրտխառնոցը», 8), Խալեդ Հոսեյնին («Եվ արձագանքեցին լեռները», 7), Մարիո Վարգաս Լյոսան («Պանտալեոնը և այցելուների ջոկատը», 7), Սպենսեր Ջոնսոնը («Ո՞ւր է իմ պանիրը», 7), Ջոն Գրինը («Մեղավոր են աստղերը», 6), Գաբրիել Գարսիա Մարկեսը («Սերը ժանտախտի օրերին», 6), Մարկ Արենը («Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր», 6) և Պաուլո Կոելյոն («Ալքիմիկոսը», 6):
Բեսթսելլերների նկատմամբ հետաքրքիր մոտեցում են ցուցաբերում հայ թարգմանիչները: Արտասահմանում իրենց վաճառքը մեծապես ապահոված գրքերը այսօր քանի որ ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում նաև հայ գրքասերների շրջանում, նրանք թարգմանում են հայերեն: Սա, իհարկե, եթե մի կողմ թողնենք շահավետությունը, նաև խրախուսելի քայլ է: Այսպես հայ երիտասարդները, ովքեր գիրքը չեն կարդում բնօրինակով կամ գոնե ռուսերեն թարգմանությամբ, հնարավորություն են ստանում դա անել իրենց մայրենի լեզվով: Այդ առումով հետաքրքրական է հատկապես մի քանի արտասահմանյան բեսթսելլերների թարգմանությունը, ինչպես օրինակ՝ Դեն Բրաունի «Ինֆեռնոն», Ջոն Գրինի «Մեղավոր են աստղերը», Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» և «11 րոպեն», Յանուշ Վիշնևսկու «Գրանդը», Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» (նախատեսվում է մյուս մասերի թարգմանությունը և հրատարակումը ևս) և այլն:
Հեղինակ՝ Արման Վերանյան (Arman Veranyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: