Համավարակի հակառակ կողմում

Այսօր COVID-19 պանդեմիայի հետևանքով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ աշխատում են տնից: Շատերը հասցրել են գնահատել նոր կյանքի բացասական և դրական կողմերը: Գնահատում են նաև ընկերությունները. արժե՞ արդյոք գրասենյակը վարձակալելու համար վճարել, եթե կարելի է առանց դրա էլ բավարարվել: ՄԱԿ-ի նորությունների ծառայությունը քննարկել է այս և շատ այլ հարցեր Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետների հետ:

Դեռ համավարակից առաջ խոսվել է այն մասին, որ տեխնոլոգիաները կփոխեն աշխատանքի պայմանները: Օրինակ՝ Դմիտրի Մեդվեդևը՝ ՌԴ նախկին վարչապետը, անցյալ տարի ելույթ ունենալով Աշխատանքի միջազգային կոնֆերանսում, առաջարկեց վերակազմավորել աշխատաժամերը, որպեսզի դրանք դառնան «ավելի լոյալ». ճկուն ժամանակացույցեր, հեռավար ձևաչափեր, անհրաժեշտության դեպքում աշխատակիցների կանչ: Այս մտքի հետ համաձայն էին շատ փորձագետներ, բայց անցումային գործընթացը, ինչպես ենթադրվում էր, պետք է որոշ ժամանակ տևեր:

Ապագան սպասվածից շուտ եկավ: COVID-19-ը մեզ ստիպեց առցանց ռեժիմով կամ հեռախոսով հանդիպումներ անցկացնել, իսկ բազմաթիվ վիրտուալ հարթակները, որոնք այդպիսի հանդիպումների համար են նախատեսված, ստիպված էին արագորեն ընդլայնել իրենց տեխնիկական հնարավորությունները, որպեսզի կարողանային սպասարկել կտրուկ կերպով աճող օգտատերերին: Երեխաները նույնպես սովորում են վիրտուալ և նույն ձևաչափով «հանդիպում» են իրենց ընկերներին:

Տուրիզմի, տրանսպորտի կամ հյուրանոցային բիզնեսով զբաղվողներից ոչ բոլորը կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայրեր:

Մի քանի մեծ ընկերություններ արդեն հայտարարել են, որ չպլանավորված պիլոտային նախագիծը հաջողված էր, և նրանք պատրաստ են աշխատանքի կազմակերպման իրենց մոտեցումը փոխել:

Նախ՝ դա վերաբերում է ոչ բոլորին: Ըստ ԱՄԿ-ի գնահատականի՝ հեռավար կարող են աշխատել բարձր եկամուտ ունեցող երկրների ողջ աշխատուժի միայն 27 տոկոսը: Սա, ի դեպ, չի նշանակում, որ բոլորը կօգտվեն այդ հնարավորությունից: Ինչը, այնուամենայնիվ, մարդկանց բավականին մեծ զանգված է:

Փորձագետները փորձում են հասկանալ՝ ինչպես ընդլայնել այսպիսի փոփոխությունների դրական կողմերը և մեղմացնել բացասական հետևանքները: Նախ լավ նորությունները. «Հեռավար աշխատանքի շնորհիվ մի շարք կազմակերպություններ շարունակեցին գործունեությունը համավարակի պայմաններում՝ միաժամանակ ապահովելով անձնակազմի առողջությունը,-ասում է ԱՄԿ-ի ներկայացուցիչ Սյուզան Հայթերը,-մարդիկ կարող են աշխատել, ստանալ աշխատավարձ և դրա հետ մեկտեղ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Ծնողները կարող են ժամանակ խնայել, որպեսզի օգնեն երեխաներին ուսուցման հարցում և հոգ տանեն տարեց  սերնդի ներկայացուցիչների մասին»:

Սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: ԱՄԿ-ի փորձագետի կարծիքով աշխատանքի և անձնական ժամանակի միջև սահմանը ջնջվել է, այդ պատճառով շատերը սթրեսի են ենթարկվում, ինչը առաջ է բերում տարբեր հոգեբանական խնդիրներ: Մարդիկ ստիպված են երկու կես լինել աշխատանքի և ընտանիքի միջև, երբ բոլոր գործերը միաժամանակ ուշադրություն են պահանջում: Այս իրավիճակից ելք կա:

ԱՄԿ-ում գտնում են, որ աշխատանքի բաժանման սխեման վերանայելով՝ ընկերությունները կարող են ապահովել ավելի ճկուն աշխատանքային գրաֆիկ և դրա հետ մեկտեղ պահպանել աշխատատեղեր: Օրինակ՝ կարելի է կրճատել աշխատանքային շաբաթը,-ասում է Հեյթերը,-իսկ օրվա կեսին՝ ամենալարված ժամանակահատվածում,  աշխատանքային պարտականությունները բաժանել աշխատողների միջև: Դա թույլ կտա խուսափել աշխատանքից ազատվելուց և կօգնի աշխատողներին ավելի ներդաշնակորեն համատեղել աշխատանքային պարտականությունները ընտանեկան կյանքի հետ:

Ավելին՝ տնից աշխատելը կարող է հարմար լինել նրանց համար, ովքեր արդեն հասել են կենսաթոշակային տարիքի, բայց պատրաստ չեն գնալ վաստակած հանգստին: Այսպիսի աշխատողները հաճախ ունեն անգին փորձ և կարող են օգտակար լինել կազմակերպության համար, իսկ աշխատելով հեռավար՝ նրանք հնարավորություն են ստանում օրը դասավորել իրենց հայեցողությամբ: «Այնուամենայնիվ,-զգուշացնում է Հեյտերը,-շատ մարդիկ, այսպիսի ապրելակերպ վարելով, իրենց զգում են մեկուսացման մեջ: Գրասենյակում աշխատելու մեջ կա նաև սոցիալական կողմ. վիրտուալ հանդիպումները չեն փոխարինում այդպիսի մարդկանց անձնական շփումը և թույլ չեն տալիս նրանց զգալ, որ իրենք կոլեկտիվի մաս են»:

Հեռանկարներ զարգացող պետությունների համար 

Երբ ծրագրային ապահովման կամ ֆինանսների ոլորտում աշխատող կազմակերպությունները հասկանան ինչպես ապահովել կապի հաղորդման ուղիները և տվյալների բազաների անվտանգությունը, կարող են հետաքրքրվել զարգացող երկրների բնակիչներին աշխատանքի  վերցնելով: Այդ պետությունները, որպեսզի կարողանան իրենց քաղաքացիների աշխատանքի տեղավորվելու հնարավորությունից օգտվել, պետք է ստեղծեն համապատասխան ենթակառուցվածք:

«Ճիշտ է, այդ գործընթացը որոշ ժամանակ կշարունակվի, իսկ, ահա, զարգացող երկրներում աճող գործազրկությունը արդեն ամենաբացասական ազդեցությունն է թողնում մարդկանց կյանքի վրա»,- ընդգծեց ԱՄԿ ներկայացուցիչը:

Ընդհանուր առմամբ որակյալ աշխատուժը, ինչպես համարում են Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները, կլինի շատ պահանջված և զգալիորեն «կթանկանա», իսկ ահա որոշ մասնագիտությունները, նամանավանդ ցածր վարձատրվողները, կարող են այնքան էլ պահանջված չլինել, ինչպես առաջ: Սա կհանգեցնի գործազրկության աճին:

Հիմա մարդկանց պետք է վերակրթել՝ օգտագործելով նույն թվային հարթակները

«Պատմական հեռանկարում տնտեսական ցնցումները, համաճարակները և պատերազմները ուժեղացնում են անհավասարությունը,- ասում է Սյուզան Հայթերը: Կհանգեցնե՞ն այսօրվա տեկտոնական շարժերը քաղաքական և սոցիալական անկայունության, թե՞ հակառակը՝ թույլ կտան ամրացնել արդարացի հասարակության հիմքերը: Այս հարցը մնում է բաց»:

Մի շարք բիզնեսներ ստիպված կլինեն վերանայել իրենց աշխատանքը 

Միխայլ Պուշկինը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների համար ԱՄԿ Բյուրոյի զբաղվածության հարցերով գլխավոր մասնագետը, հիշեցնում է, որ վիրտուալ հանդիպումները կփոխարինեն մարդկանց և գործուղումները: Ինչ-որ տեղ գնալ պետք չէ, ամեն ինչ կարելի է որոշել տնից: «Կազմակերպությունները միջոցներ կխնայեն, ինչը նշանակում է, որ այդ միջոցները չեն անցնի ավիաընկերություններին, ռեստորաններին և հյուրանոցներին, սա ուժեղ կփոխի լանդշաֆտը և այդ ամենը տեղի կունենա շատ շուտով,-ասում է նա: Մարդկանց պետք է հիմա վերակրթել օգտագործելով հենց նույն թվային հարթակները: Տուրիզմի, տրանսպորտի կամ հյուրանոցային ոլորտի բիզնեսով են զբաղվողներից ոչ բոլորը կարող են վերադառնալ իրենց աշխատավայրեր»:

Դրա հետ մեկտեղ, կրթության ոլորտում, որը հիանալի կերպով «գոյակցում է» թվային տեխնոլոգիաների հետ, ծաղկում է սպասվում: Քիչ պահանջարկ չեն ունենա շինարարական մասնագիտությունները. առաջին հերթին շատ երկրներ կխթանեն տնտեսությունը ենթակառուցվածքների կառուցման նախագծերի միջոցով, երկրորդ՝ շինհրապարակում հեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն և ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ:

Բնօրինակի հեղինակ՝ Новости ООН


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: