Բանախոսություն «Գրավոր աղբյուրների ուսումնասիրության մեթոդաբանություն և գործիքակազմ» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում:

Հուլիսի 1-ին վերլուծական պրակտիկայի շրջանակներում տեղի ունեցավ «Ինլայթ»-ի նախագահ, վերլուծաբան, մասնագիտությամբ պատմաբան Աննա Խաչյանի «Գրավոր աղբյուրների ուսումնասիրության մեթոդաբանություն և գործիքակազմ. էսսե գրելու հմտություններ» թեմայով բանախոսությունը։

Մասնակիցները, մինչև բուն թեմային անցնելը, նախ պատմեցին էսսե գրելու իրենց փորձառության մասին, ներկայացրին քննադատական մտածողության մասին ունեցած նախնական գիտելիքները։ Այնուհետև նրանք փորձեցին սահմանել, թե ի՞նչ է աղբյուրը։ Բանախոսի հետ հարցուպատասխանի և որոշ օրինակներ քննարկելու արդյունքում առանձնացրին աղբյուրների տեսակները՝ գրավոր, բանավոր և ոչ գրավոր, ոչ բանավոր աղբյուրներ, առաջնային և երկրորդական (միջնորդավորված) աղբյուրներ։

Խոսվեց նաև աղբյուրագիտություն գիտակարգի և տարբեր տեսությունների հետ նրա առնչությունների մասին (պոզիտիվիզմ, նորկանտականություն, մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ և այլն)։ Եթե պոզիտիվիստները աղբյուրի գոյության համար կարևորում էին գրավոր ու բանավոր փաստերի առկայությունը, ապա պոստմոդեռնիստները տեքստ էին համարում ամեն ինչ, այդ թվում՝ տեքստի բացակայությունը։ 

Բանախոսը մասնակիցների հետ կատարեց նաև գրավոր աղբյուրների ուսումնասիրության փորձ: Առաջին աղբյուրը նկար էր, որտեղ ոչ ուղղակիորեն պատկերված էր Կուբայի ճգնաժամը: Մասնակիցները դա կռահեցին պատկերի առանձին բաղադրիչները վերլուծելու և համադրելու միջոցով: Երկրորդը աղբյուրը «Սպիտակ մարդու բեռը» վերնագրված ծաղրանկարն էր, որի բովանդակությունն ու ասելիքը նույնպես պարզ դարձավ առանձին բաղադրիչները վերլուծելու և համադրելու արդյունքում (նկարում պատկերված մարդկանց հագուստի գույները, նկարում առկա բառերը և այլն):

Բանախոսը խոսեց նաև գրավոր աղբյուրների վերլուծության 4 հիմնական բաղադրատարրերի մասին՝ ծագում (ո՞վ է գրել, ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞ գրվել, որո՞նք են հեղինակի մոտիվները, արդյո՞ք արժանահավատ է և ինչու՞), համատեքստ (ե՞րբ և որտե՞ղ է գրվել, ի՞նչ էր տեղի ունենում այդ ժամանակ), բովանդակություն (ո՞րն է հեղինակի տեսակետը, ի՞նչ վկայություններ, փաստեր է օգտագործում, ո՞րն է թիրախային լսարանը, ի՞նչ լեզու է օգտագործում հեղինակը) և համեմատություն (ի՞նչ են ասում այլ աղբյուրները, արդյո՞ք տեսակետները համընկնում են, ո՞ր աղբյուրն է առավել արժանահավատ)։ Տեսողական աղբյուրների, մասնավորապես ծաղրանկարի վերլուծության համար անհրաժեշտ է՝ գիտելիք տվյալ շրջանի իրադարձությունների մասին (context), բուն ծաղրանկարի ուսումնասիրություն (content) և ծաղրանկարի ուղերձի (message) ընկալում, մեկնաբանություն (comment):

Մանասկիցները կատարեցին նաև 1938 թ. մարտի 13-ին Հիտլերի կողմից Ավստրայի բռնակցման համար համաձայնություն հայցող հանրաքվեի քվեաթերթի վերլուծությունը։ Նրանք քննարկեցին քվեաթերթի առանձին բաղադրիչները (գույն, չափս և այլն)՝ ուղղորդող բովանդակության տեսանկյունից:

Հանդիպման մյուս մասում բանախոսը խոսեց քննադատական մտածողության մասին, որը համարվում է մտածողության բարձրակարգ ձև, իսկ քննադատական մտածողություն ունենալը՝ իրականությունը խորությամբ, բազմակողմանիորեն հասկանալու և գնահատելու կարողություն։ Թեման հատկապես հնչեղություն է ստացել Միացյալ Նահանգներում մշակված «21-րդ դարի կրթական կոմպետենցիաները» նախաձեռնության շրջանակներում։

Քննարկվեցին քննադատական մտածողության բաղկացուցիչները, խոչընդոտները և այն հաջորդական հարցերը, որոնք նպաստում են խնդրի մասին քննադատաբար մտածելուն։ Բանախոսը նշեց, որ քննադատական մտածողության համար շատ կարևոր է կարծիքի, համոզմունքի, փաստի և գիտելիքի տարբերակումը, մեկնաբանեց դրանցից յուրաքանչյուրի էությունը։ Նա խոսեց նաև գրավոր խոսքը զարգացնելու, ճիշտ հարցարդումներ անել կարողանալու կարևորության մասին։

Հանդիպման մյուս մասում բանախոսն անդրադարձավ արդեն էսսե գրելու հմտություններին, մասնավորապես էսսեների երկու տեսակներին՝ պատճառի էսսե և դիրքորոշում արտահայտող կամ տեսակետի էսսե։

Բանախոսը ներկայացրեց էսսեների կառուցվածքները ու դրա բաղադրիչներից յուրաքանչյուրի բովանդակությունը։ Վերջում նա պատասխանեց մասնակիցների հարցերին, առաձին օրինակների շուրջ ծավալվեցին քննարկումներ: Մասնակիցները հանձնարարություն ստացան գրել էսսե՝ «Արդյո՞ք աշխարհը դառնում է առավել ապահով» թեմայով: 

Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը


Աննա Խաչյանի հեղինակած վերլուծություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: