Ոսկեղենիկ #5

Ոսկեղենիկ նախաձեռնության հինգերորդ  հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Խմբագիրների բաժնի անդամների կողմից: Նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։

Տեղեկություն բառը, ի տարբերություն  տեղեկատվության, ունի նեղ և մասնավոր իմաստ և համարժեք է информация  բառին: Այն կարող է նշանակել՝

  •  Լուր
  •  Ծանուցում
  • Փաստ

Տեղեկատվություն բառն իր բովանդակությամբ ավելի ընդհանուր, պաշտոնական և գիտական բնույթ ունի: Այն տեղեկությունների համախումբն է, և այն ընդհանուր իմաստով հավաքած տեղեկությունների հաղորդումը։

Հաճախ «հանձին/հանձինս» բառերի նմանությամբ սխալ կիրառություն է ստանում «ի դեմս» ձևը։

Ի դեմս նշանակում է որևէ մեկի անձով, հանձին:

Ի տարբերություն «հանձին/հանձինս» բառերի՝ այս դեպքում կա միայն մեկ ձև՝ «ի դեմս», որը գործածվում է թե՛ եզակի և թե՛ հոգնակի բառերի հետ. օր.՝ ի դեմս տեխնոլոգիայի, ի դեմս տեխնոլոգիաների։

Պատճառն հետևյալն է. թեև գրաբարյան «դէմք» բառի բուն եզակին «դէմ»-ն է, սակայն ավելի գործածական է եղել «դէմք»-ը՝ որպես անեզական բառ (այսինքն՝ եզակի ձև չունեցող, ուստի և՛ եզակի, և՛ հոգնակի իմաստով գործածվող)։

Երկրորդ՝ եթե նույնիսկ բուն եզակին (դէմ) լայն գործածություն ունենար, այս դեպքում այն պիտի լիներ ի դիմի, այլ ո՛չ ի դեմ։ Հետևաբար այն սխալ ձև է: Եվ, բացի այդ, ի դեմս ձևն այսօրվա իմաստով գործածվում էր նաև գրաբարում՝ թե՛ եզակի և թե՛ հոգնակի թվով:

Աղբյուրներ՝ 

https://bit.ly/2VyDfpN

https://bit.ly/3aa4Kes

Երբեմն «վեր դասել» և «գերադասել» բայերի փոխարեն գործածվում է վեր գերադասել սխալ տարբերակը: Վեր և գեր բաղադրիչները երկուսն էլ արտահայտում են նույն իմաստը, ուստի իմաստի ավելորդ կրկնության կարիք չկա:

Բացի այդ՝ թեև այս բայերը գրեթե նույն իմաստն են արտահայտում, ունեն նաև իմաստային որոշակի տարբերություն: Սրանք նախադասության մեջ միշտ չէ, որ կարող են փոխարինվել մեկը մյուսով: Գերադասել բայն առաջին հերթին ունի նախընտրել, իսկ վեր դասել բայը՝ բարձր համարել իմաստը: Թե դրանցից որ մեկն է նպատակահարմար օգտագործել, կախված է նախադասությունից:

Աղբյուր՝ Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան

Ասել բայը հայերենի անկանոն բայերից է և պատկանում է Ե խոնարհման, սակայն ժամանակային որոշ ձևեր կազմելիս այն ենթակրվում է Ա խոնարհման, ինչպես, օրինակ, անցյալ կատարյալում՝ ասացի, ասացիր, ասաց:

Իսկ ինչ վերաբերում է տարածված «ասեցի, ասեցիր, ասեց» բայաձևերին, ապա դրանք բնորոշ են միայն խոսակցական լեզվին և գրական հայերենում, մասնավորապես պաշտոնական խոսքում, անընդունելի են:

Հայերենում տարածված երևույթ է հարանունների շփոթը և սխալ կիրառությունը: Հատկապես վերջին շրջանում դրանց տարածված օրինակներից են «ախտահանել» և «ախտահարել» բառերը, որոնք թեև հակառակ իմաստ ունեցող բառեր են, սակայն հաճախ օգտագործվում են միմյանց փոխարեն: Ախտահանել նշանակում է ախտը՝ հիվանդությունը հանել, վարակազերծել, հականեխել, իսկ ախտահարել նշանակում է հիվանդացնել, վնասել, հիվանդություն հարուցել: Պետք է հիշել, որ ախտահանում են ախտահարվածը: 

Աղբյուրներ՝

Լեզվի կոմիտե

Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևանի պետական համալսարան, 2009

Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «հեռավար» բառը բացատրվում է որպես հեռու քշված, տարված: Մեր օրերում այս բառը հեռ և վար արմատներով վերաիմաստավորվելով՝ ստացել է հեռվից (առցանց) վարող (կրթություն, սպասարկում և այլն) նշանակությունը: 

Հեռահարը ազատ կիրառվում է «հեռավար» բառի փոխարեն՝ դարձյալ հեռվից (առցանց) վարելու նշանակությամբ: Սակայն այս բառի բացատրությունը ևս միանգամայն տարբերվում վերաիմաստավորվածից, քանի որ Հ. Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ում «հեռահար»-ը բացատրվում է որպես ռազմական բառ՝ հեռու խփող, հարվածող և հեռահար հրետանի իմաստներով: 

Աղբյուրներ՝

Է. Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան» 

Հ. Աճառյան «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»


#Ոսկեղենիկ #ՍխալներիՈւղղում #Մայրենի